Պարույր Սևակ


ԻՆՔՍ ԻՆՁ ՀՅՈՒՐ


Սիրում եմ լինել ինքըս իմ հյուրը
Ու հյուրասիրվել համեղ… հուշերով,
Եվ կոչնակներ ունենալ նրանց,
Որոնց անունը ես չեմ մոռանա,
Ինչպես սեփական իմ իսկ անունը,
Բայց նաև նրանց, անունը որոնց
Ես – մի՛ զարմացեք – չեմ հիշում արդեն,
Եվ չի գտնըվի գեթ մի մարդ կյանքում,
Որ կարողանար ինձ հիշեցընել
____Անունը նրանց,-
____Եկան ու չանցան՝
____Մի մազ տանելով,
____Մի մաս պարգևած…

[1959թ.]
ԱՅՆ ԱՌՈՒՆ, ՈՐ ՁԵՐ ԲԱԿՈՎ Է ՀՈՍՈՒՄ
Այն առուն, որ ձեր բակով է հոսում,
Անցնում է անվերջ մեր պատի տակով,
Ողջ օրն աղմըկում, ուրախ վազվըզում,
Տանջում է նրան լուրջ ու կատակով.

Մերթ հրում է նա, մերթ՝ խտուտ բերում 
Ինձ նման հլու-հնազանդ պատին:
Պատը սիրում է, ուստի և՝ ներում 
Այդ չարաճճի խաղերը անթիվ:

Ձեր առուն շատ է երբ երես առնում,
Իրեն մոռացած՝ պատն էլ, ինձ նման,
Ստվերով զգո՜ւյշ ցած է կռանում,
Ուզում է գրկել-համբուրել նրան:

Փախչելիս, դիտմամբ, առուն սայթաքում,
Ընկնում է հանկարծ գիրկը մեր պատի:
Ստվերը պատի իջնում է թաքուն,
Բայց առուն շտապ ելնում է ոտի:

Շիկնանքը պահած իր պաղ հատակում՝
Մի պահ վարանքով նայում է առուն
Եվ ալիքներով... շրը՜խկ,- ապտակում,
Քրքըջո՛ւմ, քեզ պես, փախչո՜ւմ է հեռու...


ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

«Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ»
 Պահածոյացած՝ քո մեջ ես պահում
Արևագալի նշողումը շեկ,
Մեր երդիկների նշուլումը շեղ,
Շինականների խոփի շառայլը հորովելների անկյունադարձին,
Մանգաղի շողքի արծաթ բանվածքը արտի ոսկու մեջ,
Խույրի երթևեկ ցոլափոխանքը ակնաշլացիկ,
Զինվորագրյալ քաջերի զենքի ճառագայթումը արփալույսի տակ,
Ատրուշանների բացխուփ բոցերի մարզանք-մրցումը բոլորանվեր,
Խաչերի ցոլքը ցնորաբերող,
Գրակալներին ծաղկող մոմերի պլպլոցը պաղ,
Եվ փա՛յլը, նաև շառավիղո՜ւմը մեր տխուր-զվարթ ճաճանչող աչքի...

Դու քո մեջ ունես գայիսոնի շեշտ
Եվ գավազանի ուղղաձիգ սլացք,
Սկիհի բոլորք,
Կածանի ոլորք,
Ծամթելի հանգույց
Եվ ճարմանդի կեռ:

Հայոց աշխարհի փափկասուն կանայք
Քո մեջ են թողել նրբությունն իրենց,
Մամիկներն՝ իրենց գորովը ծփուն,
Ռամիկներն՝ իրենց կոպտությունն առողջ,
Ռազմիկներն՝ իրենց կորովը բազկի,
Եվ սեպուհները՝ կանչը մարտական:

Մեր մեհյանների և տաճարների
Խորաններին ես սիրով պարտական
Վեհության համար քո անկողոպուտ,
Որով այլևըս օծված ես այնպես,
Ինչպես սարյակը իր ա՛յն ինքնաքամ օծանելիքով,
Որի գաղտնիքը, ձագուկից բացի, աստծո՜ւն չի հայտնում՝
Նման խուփբերան մեր վարպետներին ու ճարտարներին:
Սրանց հմայակ հմտություններն էլ քո մեջ են խայտում,
Ինչպես ջրերը ստորերկըրյա՝ նստվածքների մեջ:

Վառ Վարդավառի ջրցան կա քո մեջ
Եվ երբեք չանցնող սարսուռ-տամկություն,
Նավասարդական տոնախմբության ցնծում ու հափրանք,
Համբարձման ճախրանք երկնահրավեր,
Եվ ծառազարդի խորունկ խլրտում:
Հաշտից տեղերի հաշտարար խորհուրդ քրիստոսատիպ
Եվ գավիթների խում ու խրախճանք հեթանոսական...

Մեր դյուցազներգակ ու վահագնապաշտ գոռոզ գուսանաց 
Բամբ բամբիռների և թինդ թմբուկի ձայների թվով,
Մեր սիրախռով տաղերգու արանց, կանանց, կուսանաց,
Անհայտ ու հայտնի բույլքի համեմատ,
Հայրեններ կանչող մեր սիրախորով կտրիճ լաճերի,
Եվ եղերամոր լալյաց երգերի միջև տատանվող
Բոլո՜ր անհամար ելևէջներին և անցումներին համապատասխան
Թրթիռներ ունես թավ ու թովչական, թախծոտ ու թավշե:

Մինչ կաքավները թողել են «կղա» և տոտիկ կարմիր՝
Կաքավողների դաշըն ձևերն են քանդակվել քո մեջ,
Նրանց շղարշիկ շորի շրշյունն է, որ քեզ համակել
Ու տոգորել է շշուկ-շշունջի շատությամբ շռայլ,
Նրանց ըզգլխիչ հոտերն են հագել
Նրբերանգներիդ հանդերձը հարուստ,
Նրանց հագուստի հոտերն ըզգլխիչ,
Բայց և բույրերը այն բարձրապահյալ բժժանք-բույսերի,
Որ տիկնանց տիկին Սաթինկան տենչի տերն էին դառնում...

Արտաշիսական հարսանիքներում վերից տեղացող
Դահեկանների հնչում կա քո մեջ
Եվ փոխարինվող չիր ու չամիչի,
Ընկույզ-փշատի բազմաձևություն,
Տանիքներ ճոճող շուրջպար-դարձպարի
Եվ ճապուկ-ճարպիկ լարախաղացի
Գունագեղություն և կշռույթ ու չափ:

Սոխակի սխրանք ունես դու քո մեջ,
Դղիրդ աղացի
Եվ թարմ ալյուրի տաքուկ փափկություն,
Դու քո մեջ ունես նոր դալարիքի
Եվ աղջիկների մեջքի ճարպկություն,
Ճախարակների և սանդերքների ձայներ անշփոթ,
Ծեր գզրարների ու մազմանների երգեցիկ զարկեր՝
Մի արարչական նվագ, որի տակ
Աստծու բեղ-մորուքն իջնում էր ամպից
Ու դառնում գուլպա, թաղիք ու կարպետ...

Եվ ունես քո մեջ Եփրատի ծփում,
Երազ Երասխի,
Վանա-Սևանա տուրևառություն,
Լեռնաղբյուրային մի ջինջ սառնություն,
Որից անցնում է լեղի վարունգի դառնությունն անգամ,
Եվ երկրի երես բարձրացող ջերմուկ,
Որ դրկիցության ելումուտ ունի
Երկրամիջուկյան հրահեղուկի ոլորտների մեջ:

Եվ ունես քո մեջ շամբի երերմունք,
Անսպասելի արարմունք ամպի,
Սոսյաց անտառի սաղարթի սոսափ,
Որի սաստկությամբ կամ հանդարտությամբ
Բախտ էին բանում նախնիները մեր.
-Ամենի՛ բախտը՝ անստո՜ւյգ ու սո՛ւտ, 
Եվ միայն քո՛նը՝ հիրավի՜ պայծառ...

Խորվիրապական տառապանքների թելադըրանքով,
Մարտիրոսների, նահատակների
Ու վկաների տաժանքի հուշմամբ
Եվ մեռելոցի անանց կսկիծի պահանջով ազդու՝
Հոմանիշների մի ամբո՜ղջ վտառ վխտում է քո մեջ,
Գոմշաձագերից սևություն առած,
Եվ անտակություն՝ Մասյաց վիհերից...

Եվ ունես խոսքեր ո՛չ միայն հայցի, այլև հատուցմա՜ն,
Ո՛չ միայն հոժար և անհիշաչար ձեռքի մատուցման,
Այլև հին քենի ու նոր վրեժի դժվարի՜ն խոսքեր,
Որ արջի նման խոր քուն են մտնում,
Բայց և արջի պես զարթնում են մի օր,
Երբ ծայր է առնում եռոցքը արյան՝
Կապկելով հոսքը ելման ջրերի:

Սակայն ավելի հպարտ ես ու շեն
Անխարդախ սիրո և մտերմության,
Բարու, գեղեցկի, հավատարմության,
Խանդաղատանքի և փաղաքշանքի,
Կերտման-կառուցման, ձգտումի-ջանքի,
Երազիկ վաղվա,
Հարաձիգ հուսո
Խոսքերով խորունկ, ցոլացիկ ու պարզ,-
Յուրաքանչյուրից՝ մի ողկո՛ւյզ, մի խո՜ւրձ,
Յուրաքանչյուրից՝ մի երա՜մ, մի պա՜րս:

Դու այսպիսի՛ն ես,
Այսպիսի՜ն ես դու:
Եվ երջանիկ է՝ ով քեզ կարող է կոչել ՄԱՅՐԵՆԻ,
Երանելի է՝ ով քեզանով է խոսում ու դատում...
Դու՝ իմ մայրենի՜,
Այսպիսի՛ն ես դու:
Եվ ես՝ երջանիկս ու երանելիս,
Ե՛ս չեմ, այդ ե՛ս չեմ քեզ տիրապետում:
Դո՛ւ ես, այդ դո՛ւ ես ինձ տիրապետում -
Հավիտյա՜ն և մի՜շտ,
Եվ ա՛յժմ նաև՝
Քեզանով իսկ քե՛զ փառաբանելիս...

ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄՈՆՈՒՄԵՆՏԸ

Այս հինավուրց հայտնի հողում,
Ուր Արարատն է շողշողում,
Երազանքով ու տքնությամբ բույն է հյուսել մի ժողովուրդ,
Որ սիրում է մուրճ ու մանգաղ, խոփ ու բրիչ, բահ ու գրիչ,
Որ հավատի երգ էր հյուսում իր ցավերից ու վշտերից,
Որ կերտում էր, կառուցում էր, համր քարին լեզու տալիս,
Իր հույսերին տալիս էր ձև, իր հավատին՝ ամուր խարիսխ....
Այսպես՝ դարեր նա կառուցեց, կառուցածն իր տեսավ կործան,
Նա մարտնչեց հերոսաբար, ընկավ, նորից վեր բարձրացավ,
Եվ անրջեց իր հողը սուրբ, իր ապագան փրկված տեսնել
Աղետներից, կործանումից ու ձեռքերից դաժան ու սև:
Եվ նա տեսավ: Մեծ Ռուսիայից Հոկտեմբերյան այգը ծագեց,
Ալիքվելով՝ Նոյեմբերին նա այստեղ փայլատակեց:
Հզոր կամքով մեծ Լենինի, Ստալինի ձեռքով պողպատ
Իմ ժողովուրդն արյունաքամ, իմ ժողովուրդն սպիապատ
Վերածնվեց, նորից կերտեց ու կառուցեց՝ հավատացած,
Որ սյուները էլ չեն ջարդվի, կամարները չեն թափվի ցած,
Որ իր բախտի, իր գալիքի լայն կամարը հրաշալի
Խարսխված է եղբայրության սիրաշաղախ սյունաշարին,
Որ կառուցման իր սեգ ոգին ազատված է արդեն հավետ,
Որ խոյանք է նրան տալիս մի հանճարեղ ճարտարապետ,
Մի մարդ , որին պարտական է իր ներկայով և գալիքով....
Եվ ժողովուրդն իմ շինարար , բազմադարյան իր տարիքով
Երեսնամյա ջահելության իր կորովով անհատնելի,
Իր կառուցման ամբողջ ուժով, ճարտարությամբ իր մատների,
Պայծառ՝ նման իր երազին և անխորտակ՝ իր հույսի պես
Հրաշագործեց մի սեգ Քանդակ, մի Մոնումենտ չքնաղ ու վես:
Կառուցում չէ դա հասարակ՝ կերտված քարից ու շաղախից,
Մեր երազն է դարձել սեգ սյուն, մեր հավատը՝ հեղյուս ու խիճ:
Պատվանդան է դարձել նրան այն ամենը բարձր ու վսեմ,
Ինչ ժողովուրդն իմ հինավուրց պահպանել է հոգում լուսե,
Եվ արդ, ահա,երբ փրկվել է իր այսօրը և ապագան,
Մարմնավորել իր հույսերը, երազանքներն անապական,
Իբրև պալատ կամարակապ և սյունաշար գեղաքանդակ
Դարձըրել է սեգ պատվանդան, դրել նրա ոտքերի տակ:
Այդ փառահեղ պատվանդանը չորս վերելքով է բարձրացել.
Ասես նրանք չորս հարկեր չեն, այլ չորս փուլ են կացութաձև,
Որոնց վրա կանգնել է նա՝ Առաջնորդը և հայրը մեր,
Որպես կյանքի խորհրդանիշ, կոմունիզմի համբավաբեր:
Կանգնել է նա պատվանդանին ողջ հասակով, դյուցազնատիպ,
Նա, ում հայր ենք մենք անվանում, իսկ զավակները մեր՝ պապի:
Դեռ երեկ էր՝ նրա կյանքի յոթանասուն անցած տարին
Նշեց համայն հողագնդում ամեն օջախ ու ընտանիք:
Սակայն բոլոր ջահելներից դեռ ջահել է նա մնացել.
Ջահելությունը մարդկային այդ նրա մեջ է մարմնացել:
Գալիք բոլոր սերունդների կորովը կա նրա բազկում,
Ջահելության ուժն ու գինը ամենից լավ նա է զգում:
Կոմունիզմը՝ հողագնդի ջահելություն են անվանում,
Իսկ դռները կոմունիզմի նրա հուժկու ձեռքն է բանում:
Ահա ինչու՝ կանգնած է նա այնպես ջահել ու առնական,
Ազատության մարտիկի պես՝ համազգեստով զինվորական:
Գլխաբաց է: Եվ գլխարկը կարծես նոր է գլխից հանել,
Ողջունել է կարծես հենց նոր կամ ողջույններ է ընդունել:
Եվ գլխարկը ձեռքին է դեռ, դեռ չի ծածկել... ինչպես ծածկի,
Երբ ողջույն են տալիս նրան ոչ թե միայն իմ քաղաքի,
Ոչ թե միայն իմ աշխարհի բոլոր մարդիկ մոտ ու հեռու-
Ջահելները մեր խանդավառ, աղջիկները մեր թռվռուն,
Մեր հայրերը, մայրերը մեր, զավակները մեր սիրասուն:
Ջերմ ողջույն են տալիս նրան բազմագույն ու բազմալեզու
Բոլոր մարդիկ՝ հողագնդի գոտիներից անծայրածիր.
Բոլոր նրանք, որ ցանում են ու մնում են առանց հացի,
Բոլոր նրանք, որ այլևս նավերը չեն բեռնաթափում,
Իմանալով, որ հակերում արթուն մահն է սուտ մրափում.
Բոլոր նրանք՝ որդեկորույս մայրեր տանջված, քույրեր տրտում,
Կորստի ցավն իրենց հոգում, վշտի բեկորն իրենց սրտում.
Բոլոր նրանք, որ զարթնել են , թշնամու դեմ ելել ոտի-
Նեգրը, որի բախտը սև է, ավելի սև, քան իր մորթին,
Բազմաչարչար աֆրիկացին, որ Կոչի տակ խաղաղության
Թանաքոտած իր մատով է դրոշմում իր երազը թանկ.
Կորեացին, որ իր հողը իր արյունով է պաշտպանում,
Սեգ չինացին, որ կռվում է Տիբեթական լեռնաշխարհում
Եվ չինական վիթխարի տան ետնադուռն է ամուր փակում
Նրանց առաջ, որ դոլարով այդ դռներն են անվերջ թակում.
Եգիպտոսը, ուր համրացած սֆինքսներն ու բուրգերն արդեն
Քիչ է մնում առնեն լեզու և օտարին դուրս վռնդեն,
Հին Հելլադան, խեղճ Հելլադան, որտեղ հյուծված ու մերձիմահ
Զնդաններում մորթվող իրենց որդիների կյանքի համար
Հույն մայրերին լոկ մնում է մի վառ հույսով նստել գրել
Արցունքներից շաղված նամակ և ուղարկել նրան՝ Կրեմլ....
Ջերմ ողջույն են հղում նրան Չինաստանից մինչև Հռոմ.
Նորվեգական սառույցներից մինչ սառցապատ Երկիրն Հրո:
Ողջունում են նրան մարդիկ սրտով մաքուր, անապական,
Ողջունում են պատմությունը, ողջունում է ինքն ապագան...
Ահա ինչու գլխաբաց է ու գլխարկն է բռնել ձեռքին,
Կարծես ողջույն է ընդունում և ողջունում է ամենքին:
Կանգնած է նա բարձր ու վսեմ՝ համազգեստով զինվորական
Կանգնած է նա՝ գլուխը բաց, այնպես ջահել ու առնական:
Իսկ նրա շուրջ՝ ծառ ու ծաղիկ, կանաչ անտառ, զբոսարան,
Իսկ նրա շուրջ՝ աղբյուր, առու, իսկ նրա շուրջ՝ գյուղ ու ավան:
Անապատ էր երեկ այստեղ՝ ծածկված դեղին աղվամազով,
Քամու շնչից քաղաք խուժող թանձր փոշով ու ավազով:
...Ուր հասնում է միտքը նրա՝ ընդհատում է ավազն իր չուն,
Եվ սունկի պես՝ նոր ավաններ, քաղաքներ են հանկած աճում
Ահա այնպես, ինչպես հիմա, երբ Երևանը առնացի
Իր բազուկներն է փաթաթում բլուրների պարանոցին՝
Միշտ ձգտելով, տարածվելով դեպի վերև, դեպի հեռուն,
Որ այս Քանդակը բարձրանա մի օր արդեն իր կենտրոնում...
Եվ հայրական գուրգուրանքով նայում է նա Երևանին,
Պալատներին նրա շքեղ և արձանին այն անվանի:
Այնտեղ Լենինն է բարձրանում պատվանդանի վրա քարե,
Տիտանական իր կեցվածքով, լայն ճակատով իր հանճարեղ:
Նայում է նա դեպի այստեղ՝ բարձունքները Քանաքեռի,
Այստեղ է նա կարծես հառել սուր հայացքը իր աչքերի:
Նայում է նա ուղիղ այստեղ այնպես, կարծես ցույց է տալիս
Իր հանճարի ժառանգորդին, քեզ - Առաջնորդ, քեզ - Ստալին,
Մեզ - աշխարհում միակ մարդուն, ում սիրով է նա վստահել
Իր գործը մեծ, իր երկիրը և աշխարհի բախտը ջահել:

XI-XII.1950թ.
ՓՈՂՈՑՆԵՐՆ ԵՆ ԽԱՉՎՈՒՄ ԻՐԱՐ և ՍՐՏԻՍ ՀԵՏ

Փողոցներն են խաչվում իրար և սրտիս հետ,
Փողոցները ծանոթ, և մտերիմ, և պարզ,
Որոնց տապը, փոշին և գաղտնիքն եմ կիսել
Եվ գաղտնիքս եմ տվել նրանց ի պահ:
Փողոցները այս նոր, ծառերը մայթամերձ
Եվ մայթերը իրենք` նրանց շուքի ներքո,
Որտեղ անծանոթին առաջարկել ենք մեզ,
Անձնատուր ենք եղել գեթ հայացքով:
Փողոցները և նոր, և հնօրյա-անցած,
Փողոցները` լցված հրաշքներով, փայլով,
Ուր իրիկվա մթնում սպասեցի երեկ,
Բայց դու չերևացիր քո կիսափակ քայլով:
Իրիկնային մայթում, իրիկնային մթնում
Սպասում եմ նորից քեզ մայթերի վրա,
Որոնում եմ ես քեզ, բայց զուր, քեզ չեմ գտնում
Ուրիշ-օտար կանանց դեմքի վրա,
Որոնք թեկուզ նույնպես հմայում են անձայն
Իրենց անհայտությամբ, օտարությամբ իրենց,
Սակայն նայել նրանց` ինձ թվում է հանցանք.
Եվ սպասում եմ քեզ, ինչպես եռանդ, երեկ…

17.5.1947 թ. 30.7. 1947թ.
Երևան Նավչալու

ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր պոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
 
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով
Մեծանաս դարով, Երևան:
 
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:
 
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզանով արբել,
Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր՝ ձիգ դարերիդ պես:

1968թ.

«ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԸ» ՈՐՈՆՈՂՆԵՐԻՆ

Թյուրքիայի մինիստրների խորհուրդը թույլ է տվել
ամերիկյան «արշավախմբին» Արարատ լեռան վրա
որոնել «Նոյան տապանի մնացորդները»:
(Թերթերից)
Նորից «արշավախումբ»,
Եվ այս անգամ դեպի կատարները Մասսի...
Սակայն ծանոթ է աշխարհը «տուրիստներին» ամերիկյան.
Այդպես, նրանք առած օդանավեր,
Առած տանկ ու ական, 
Կատարների վրա Ոլիմպոսի
Որոնում են նյութեր հին հունական
«Հովվերգության» մասին,
Որոնում են, սակայն...
              Ահավասիկ
Հունաստանը փեղկված երկու մասի,
Ազատության ոգին, մարտիկները նրա
Ապաստանած Գրամոսի
Քարափներին խորունկ ու ժայռերի վրա...
Իտալիայում նրանք, այդ «տուրիստները» նույն՝
Արձանն են «որոնում»
Առասպելի Ռոմոս-Ռոմուլոսի:
Եվ ինչ,
Տոլիատին է վիրավորվում ծանր և մահացու
Ու ժառանգորդները Կրասոսի,-
Ծանոթ առասպելին ճիշտ հակառակ,-
Գայլի նման երկրի, մարդկանց հյութն է ծծում:
 
«Անմեղ տուրիստներին» այդ բարբարոս
Որտեղ դու չես ճարի.
Չինաստան ու Չիլի, Վիետնամ ու Բիրմա
Ճամփորդում են նրանք միշտ նույն ուղեգրով՝
«Ալպյան ցուպի» վրա լպիրշ ռեկլամով
Գրած նույն դեվիզը-
         դոլար,
                   բիզնես,
                             ֆիրմա:
...Մի նոր «տուրիստական արշավախումբ» հիմա,
Եվ այս անգամ դեպի կատարները Մասսի:
Վերստին մարդկային արյունի մեջ
Լողանալու հարմար այս առիթի համար
Անզուսպ խնդությունից բարբարոսի
Համիդն անշուշտ շիրմում շուռ է եկել հիմա...
 
Բայց ոչ: Ոչ, արյունից,
Պատերազմից չէ, որ մենք ուզում ենք խոսել:
Խաղաղությունն է մեր խորհրդանիշն այսօր
Եվ նշանաբանը ապագայի:
Թող որ արհեստական ներվայնությամբ հոսեն
Իրերն ու պակտերը Ատլանտական,
Բայց հողագունդը մեր, գլոբուսը սակայն,
(Որ պատկերանում է անդրօվկիանոսյան քեռիներին
Իբրև ակցիաներով,
         ակտիվներով,
                   ոսկով լեցուն տակառ),
Զարդարվել է այսօր նոր գույներով,
Եվ աղավին ճերմակ,
Կտցին խաղաղության ընձյուղն ու ծիլը նոր,
Սավառնում է հիմա երկրագնդի բոլոր գոտիներով:
Աղավնին այդ ճերմակ, բայց ոչ ելած
Տապանից այն չեղյալ,
Այլ ափերից Օբի և Վոլգայի:
Խաղաղությունն է մեր խորհրդանիշն այսօր
Եվ նշանաբանը ապագայի:
Սակայն եթե փորձեն...
             Այնժամ- Ստալինգրադը վկա-
Կելնենք ոչ միայն մենք՝ երկրագնդի
Միլիարդավոր բանակը հասարակ մարդկանց.
Կելնեն և ծովերը իրենց խոր անդունդից,
Կելնեն օվկիանները
Եվ կջրհեղեղեն դաժանորեն դաժան...
Եվ չի փրկի այնժամ
Անգամ առասպելի Նոյան տապանը ձեզ,
Չի գտնվի այնժամ աշխարհում ոչ մի լեռ,
Որ ապաստանտա իր կատարին
Խարխլված ու փլուզված ձեր տապանին:
Չի ճարվի աշխարհում և ոչ մի լեռ,
Չհիշելով արդեն Արարատին,
Արարատին տանջված, բայց և տոկուն,
Որ Մոմբլանի, Անդի, Վեզուվի հետ
Պահում է ձեզ համար
Վրեժից կարծրացած իր ընդերքում
Հրաբխի վերջին իր ժայթքումները դեռ...

VIII.1949թ.

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ...


...Երեկ ես խորհրդակցեցի Իլյիչի հետ, կարծես թե կենդանի
կանգնել էր նա իմ դեմ և ասում էր. Ինձ համար տհաճ է լինել Ստալինի
կողքին, որն այնքան չարիք պատճառեց պարտիային:
(Դ. Ա. Լազուրկինայի ելույթից ՍՄԿՊ 22-րդ համագումարում):
Օրացուցային ոտանավորի ուխտյալ թշնամի՝
Ես հիմա հանկարծ իմ ձեռքը դեպի գրիչն եմ տանում:
Ըստ օրացույցի աշուն է հիմա,
Բայց գարնանային մի տաքուկ քամի
Իմ լուսամուտի օդանցքն է բանում,
Ու ես լսում եմ մի համատարած-համաերկրային
Անսահման շշուկ.
-Շնորհակալություն:
Շնորհակալություն՝ միշտ սպասելի, բայց անակնկալ
այս օրվա համար,
Այն քառակուսի պատվանդանների անխոս բերանով,
Որոնք այսուհետ չպիտի տնքան
Զույգ սապոգների ծանրության ներքո:
Շնորհակալություն՝ «հայր» բառի կողմից,
Որ յոթ հոլովով խոշտանգվում էր միշտ՝
Մակդիր դառնալով
Մեր արդար, անմեղ բազում հայրերին
Անլուր լլկողի անվանը ծանոթ.
Նաև ապշահար արևի կողմից,
Որ պարտավոր էր դառնալ ածական,
Եվ շքանշան - մի կրծքի վրա,
Ուր մարդկայինը դարձել էր կարծես սառուցյալ բևեռ-
Հալոցք չէր տալիս արևը նույնիսկ:
Շնորհակալություն՝ և մեր հավատից,
Որ վիրավորվեց, խոցվեց տարիներ,
Բայց երբեք, երբեք չմեռավ, ապրեց
Եվ պիտի հավերժ մեզ ապրեցնի:
Շնորհակալություն՝ և լեզվի լեզվից,
Այն տառապյալի,
Որ պիտի լռեր,
Ոչ, և լռելու իրավունք չուներ,
Քանզի «լռելն էլ քննադատության ձև էր» համարվում:
Շնորհակալություն՝ նաև այս բառի
«Շնորհակալության» անունից անգամ,
Որ այսքանից ետ հնչում էր անվերջ՝
Մեր խեղճ շուրթերը միշտ խարանելով...
Շնորհակալություն՝ այն վաղվա համար,
Որ խոստացված չէ, այլ ծրագրված,
Եվ որտեղ պիտի մենք հասնենք՝ արդեն
Մաքրված կեղտից,
Հնի ժանտ աղտից,
Եվ այն արյունից,
Որ սուր նշտարի կարիք չի զգում:
Դանակի նման մաշվում են նաև՝
Ու բթանում են բառերն էլ կյանքում,
Սակայն ոչ երբեք շատ գործածվելուց,
Այլ լոկ անհարկի գործի դրվելուց:
Մեր արյամբ օծված սրտերի վրա,
Որպես մի յուղված հեսանաքարի,
Սրվում է այսօր նրանցից մեկը.
-Շնորհակալություն,
Շնորհակալություն...

X.1961թ.

ԾԱՌԵՐՆ ԵՆ ԲԱՑՎԵԼ, ԲՈՂԲՈՋԵԼ ՆՈՐԻՑ

Ծառերն են բացվել, բողբոջել նորից,
Մայիսն է կրկին իջել ձեր այգում.
Բուրմունք է ելնում տամուկ հողերից,
Ծանոթ խայտանքով սիրտս վարակում:
Գանգուր բաղեղն է աճել վերստին,
Փարվել չափարին ծաղկած ձեր այգու,
Կարոտդ է այդպես փարվել իմ սրտին,
Գաղտնիքդ սակայն... լեզուս է փակում:
Գարո՜ւն: Աշխարհում նորից հիմա նա
Ինչ ունի՝ փռե՜լ, բացել է ինքը: 
Ինչ լա՜վ է գարնան գաղտնիքն իմանալ,
Երբ թաքուն է մեր... սիրո գաղտնիքը:

ԴՈՒ ԵՍ ՄԵՂԱՎՈՐ

Դու ես մեղավոր, որ ես մենակ եմ,
Եվ մենակ, մոլոր թափառում եմ միշտ,
Մեղավոր ես դու, որ մեծ աշխարհում
Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում:
Դու ես մեղավոր, որ արցունքն աչքիս
Գիշեր ու ցերեկ, քնած թե արթուն,
Աղոթում եմ ես, որ սիրուդ նման
Մի ուրիշ սեր ինձ Աստված պարգևի:
Մեղավոր ես դու, որ միշտ այլ մարդկանց
Կողքով անցնում եմ անտարբեր ու քար,
Ու չեմ նկատում ջերմ հայացքներըԱն
Եվ խույս եմ տալիս ամենքի սիրուց:
Դու ես մեղավոր, այո, միայն դու,
Քո սերը սրտիցս ջնջել չի լինում,
Քո աչքերն են ինձ անվերջ հետևում,
Քո ձայնն է անվերջ իմ ականջներում:
Մեղավոր ես դու, որ բարի ու լավ
Շատ աղջիկների վշտացրել եմ ես,
Խոցել եմ անսիրտ ու չեմ ցանկացել
Նրանց հասկանալ, ընդունել նրանց:
Դու ես մեղավոր,որ ում տեսնում եմ
Իսկույն քեզ հետ եմ ես համեմատում,
Ով որ ինձ սիրո խոսքեր է ասում,
Ես քո խոսքերն եմ անընդհատ հիշում:
Մեղավոր ես դու, որ ցերեկն ամբողջ
Ուրիշների հետ է իմ կյանքը անցնում:
Բայց երբ փակում եմ աչքերս հոգնած՝
Դու ես երազում ինձ այցի գալիս:
Դու իմ մեղավոր, դու իմ վաղեմի,
Ի՞նչ ես դու ուզում, ինչու՞ ես պատժում,
Ինչու՞ չես թողնում, որ սիրեմ մեկին,
Ինչու՞ չես ուզում երջանիկ լինեմ:
Ուզու՞մ ես քաղել մեղքդ իմ հանդեպ,
Դուրս ե’կ ուրեմն իմ սրտի միջից,
Օրհնի’ր իմ կյանքը սիրուդ օրհնանքով,
Եվ աղոթիր, որ ես մենակ չմնամ:

ՄԵԶ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԵՆԱԿ ՄՆԱՆՔ

Մեզ ստիպում են, որ խռով մնանք.
-Չպետք է մեկտեղ խաղալ ու խոսել:
Ա՜խ այդ մեծերը... Կռվել են նրանք
Եվ իրար ծանր խոսքեր են ասել:
Չեն խոսում նրանք հենց երեկվանից,
Մեզ էլ են սաստում.- Չպե՛տք է խոսել:
Ա՜խ, ես ի՞նչ ասեմ քո պառավ նանին,
Ա՜խ, ես ի՞նչ ասեմ հորթուկին ձեր սև:
Ամուր չի կապում հորթուկին նանը,
Ու պառավն ինքը քնում է շոգին:
Եվ անմիտ հորթը՝ այդ անպիտանը, 
Գալիս է մտնում մեր ջրած այգին,
Ուտում է նա մեր անմոռուկները,
Վարունգի մատղաշ տնկերն է ոտնում.
-Դառնանա՜ն պիտի մեր վարունգները,-
Խեթում է հայրըս ու տեղ չի գտնում:
Ես չեմ հասկանում հորս մտքերը
Եվ այս մեծերին չեմ սիրում էլ ես.
Լավ չէ՞՝ դառնանան մեր վարունգները,
Քան թե ես ու դու դառնանանք այսպես...

ԱԽ, ԳՈՆԵ ԱՆՓԱԿ

Ախ, գոնե անփակ
         Բերանը փակի,
Որ «Լո՜ւյս է, լույս է»-ն
         Ականջ չծակի:
Այս ծակ-ակտիվը
         Ո՞նց չի հասկանում.
Առանց աքլոր էլ
         Լույսը կծագի:

ԻՄ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԹԵՊԵՏ ՉԵՆ ՀՈՍՈՒՄ

Իմ արցունքները թեպետ չեն հոսում,
Բայց ինքը սիրտըս արցունքով է թաց՝ 
Ինչպես մանկության օրերում անցած,
Երբ լալիս էի ես անարտասուք
Եվ մորըս ասում.
         -«Քաղցա՛ծ եմ, քաղցա՜ծ»...
Բռնում էր մայրս հարցերի ճամփան,
Որ սիրտս շահի իր ունեցածով.
Չի՞ր, չամի՞չ, փշա՞տ, թե՞ տանձ ու խնձոր:
Իսկ ես մտքիս մեջ ունեի մի բան
Եվ մյուսները մերժում էի չոր:
Հարցնում էր էլի իմ մայրը ջահել,
Ու թվարկելիս և ա՛յն էր հիշում,
Ինչ որ ես էի մտքումըս պահել:
Կուզեի, որ նա մեկից կռահեր,-
Եվ այդ էլ էի դառնացած մերժում:
Արցունքով է թաց իմ սիրտը կրկին...
Գիտե՛մ, թե ինչով կհանգստանա.
Աչքերըդ նրան հանել են խելքից,
Նա թունդ է առնում քո տանջող քելքից:
Բայց ինչպե՞ս քո դեմ նա իրեն բանա:
Տեսնում եմ ես քեզ, երբ ոսկեհանդերձ
Քո հագուստներով շորոր ես տալիս,
Երբ սափորն ուսիդ աղբյուր ես գալիս:
Բայց ես քեզ՝ սիրո ծարավով հանդերձ՝
Չտեսնելու եմ վերստին տալիս:
Թե խոստովանեմ՝ գուցե չմերժես,
Բայց ցավալի է, որ միանգամից
Դու չես կռահում և մի անգամ ինձ
Այնպես չե՜ս նայում, չե՜ս ժպտում այնպես,
Որ այսպես լցվա՛ծ, լքվա՜ծ չզգամ ինձ:
ԵՍ ՔԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ...

Ես քեզ սպասում եմ… գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ,

Բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես:


Ես սպասում եմ քեզ.Ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում. ես

գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ

հետ սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ 
քեզ հետ խոսել

եմ ուզում:

Ինձ թվում է, թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ,

թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու:

Գալու ես ասես խոսքերն այն թանկ, որ քո բերանից ես շատ

 եմ լսել, բայց հիմա դրանք իմ հիշողության մեջ աղոտ են

այնպես՝ ինչպես սեղանիս դրված այս մոմը, որը

կենդանության վերջին ճիգերն է գործադրում: Սիրուդ

հուշերն էլ են նման այս մոմին. չեն ուզում մարել, ուզում են

 վառվել, ուզում են լույս տալ իմ սրտին, մտքին, իմ կյանքի ուղուն:


Ես քեզ եմ սպասում… սպասում եմ, որ պատմեմ քեզ այն

ամենն՝ ինչ քեզնից հետո կատարվեց ինձ հետ, իսկ ինձ հետ

 իրոք շատ բան կատարվեց. ես փոթորիկների միջով անցա,

 խեղդվելուց փրկվեցի շատ հաճախ, իսկ հիմա,

Փառք Աստծո, արդեն խաղաղ եմ: Արի, որ պատմեմ առասպելս…


Գիտե՞ս ինչպիսին է հիմա վիճակս՝ ես շատ խաղաղ եմ ու

շատ եմ նման փոթորկից հետո հանդարտված ծովին:


Հանգստանում եմ ես. մի կողմ եմ նետել ճնշող ամեն բան՝

 արձակել եմ բոլոր սանձերը հոգուս, ազատություն եմ տվել

 հույզերիս՝ զգացմունքն է անզուսպ հորդում իմ միջից:


Ես քեզ սպասում եմ… գիտեմ, ուզում ես գալ, բայց էլ չես

 կարող…սակայն միևնույն է՝

Ես քեզ սպասում ե
մ…