Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ԱՆՎԵՐՆԱԳԻՐ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԱՆՎԵՐՆԱԳԻՐ. Показать все сообщения

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


 
Եվ ի՞նչ ենք ախար մենք անում, գիտե՞ք։ 

Կասեք՝ ապրում ենք, 
Այնինչ ես կասեմ, 
Որ մենք նստել ենք մի մե՜ծ կարուսել՝ 
Նույն ուղեծիրով անվերջ պտըտվող 
Այս Երկրի վրա։ 

Եվ դուք դրանից ձեզ վատ չե՞ք զգում։ 

Իսկ ես, ճիշտն ասած. այդ կարուսելից 
Գլխապտույտ եմ ունենում հաճախ... 

20.XII.1959թ.
Թիֆլիս



ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


Գարնան բուրմունքը հիմա
Սար ու ձորերն է բռնել:
-Ինչ-որ բան ես ցանկանում,
Թե ինչ՝ չես էլ հասկանում
Ու չես կարող ըմբռնել:
Կարծես բացել են դռներ,
Ներս առնել չեն ցանկանում:

Գարունն իր պաղ ու տաքուկ
Շունչն է օդում տարածել:
-Ինչ-որ ձայն է քեզ կանչում,
Ձա՛յն, որ դու չես ճանաչում
Ու չես կարող ճանաչել...
Գուցե հենց այդ են կոչել
Անմեկնելի զգացում... 

13.VII.1953թ.
Նավչալու

(«Նույն Ճամփով» շարքից)