Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ԲԱՐԻ ՕՐ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԲԱՐԻ ՕՐ. Показать все сообщения

ԲԱՐԻ ՕՐ


Իմ օրը երեկ աղքատ էր այնքան,
Որքան դրախտի նկարագիրը՝ սուրբ գրքերի մեջ,
Քանի որ լինել նշանակում է մասամբ ունենալ,
Իսկ ինձ թվում էր, թե չկա՜ էլ սեր,
Թե դարձել է նա արդեն սովորույթ...
Եվ երեկ աղքատ ու խեղճ էի ես,
Չար չէի բնավ, բայց աղքատ էի,
Անստվեր էի՝ անապատի պես.
Տա՛լ էի ուզում՝ տալո՛ւ բան չկար: 
Ու ծանր էր մարդկանց «բարի օր» ասել.
Թվում էր, թե ես այդ «բարի օր»-ով
Նրանցից ինչ-որ բան եմ հայցելու,
Որ նրանք պիտի տան չկամությամբ...

Իսկ իմ օրն այսօր այնքան է բարի,
Որ կարելի է հացի տեղ ուտել,
Խաղալիքի տեղ տալ լացող մանկան,
Ծալել՝ իբրև թարմ հրավիրատոմս,
Բաժանել մարդկանց, որ երբ բաց անեն՝
Իրե՛նք ողողվեն ցոլքով բարության:

-Ծանո՜թ-անծանո՜թ մարդիկ, բարի օ՛ր...

Եվ օրն իմ այսօր այնքան է լեցուն,
Որ եթե նույնիսկ ինձ գետին զարկեն՝
Ես կփշրվեմ իբրև... գանձանակ,
Եվ հարստությունն ու կայքը հոգուս
Բարի զնգոցով շա՜ղ կգա չորս կողմ՝
Շփոթեցնելով և ապշեցնելով
Նաև ջարդողի՛ն,
Նո՛ւյնիսկ ջարդողին:

-Բարի օր... և ինձ ջարդողի՜ն անգամ...

Եվ կա կանչ արյա՜ն, որով մեր նախնիք
Դարերի խորքից մեր մեջ են խոսում,
Մեզ հետ են խոսում մե՛ր իսկ բերանով:
Եվ կա բնության անմերժ հրավեր,
Որից ընտանի կենդանին անգամ
Վայրենանում է հանկարծ վերըստին:
Արյան այդ կանչն է հիմա իմ բերանում դառնում
-Բարի օ՜ր,
Եվ քեզ է ահա հասցեագըրվում,
Քե՛զ, իմ սիրելի՜, ում անմեղ մեղքով
Ես աղքատ էի երեկ տակավին,
Ինչպես դրախտը՝ սուրբ գրքերի մեջ,
Իսկ այսօր՝ բարի՛,
Իսկ այսօր՝ լեցո՛ւն... Տոլստոյի՜ չափ:

Թո՛ղ թագավորի այդ բարին այնտեղ,
Ուր դեռևս կա թագավորություն,
Թո՛ղ նույն այս բարին նախագահ դառնա ամեն մի երկրի,
Աշխարհիս բոլոր պետություններին դառնա վարչապետ,
Վառելիք դառնա շարժիչների մեջ,
Դըրոշակ դառնա նավերի համար,
Ու ճակատագիր՝ ամեն մի մարդու...
Մենք էլ մտովին, ճամփորդենք սիրով,
Լինենք ամենուր՝ «բարի օր»-ի պես,
Եվ ամենուր էլ դասեր տանք սիրո՝
Ապացուցելով, որ սերն իսկական
Ընդամենը լոկ փոխում է ձևեր,
Երբեմըն թվում սովորույթ անգամ,
Մինչդեռ իսկապես նա նույնն է մնում
Եվ կյանքի միջով, մեր ձեռքից բռնած,
Ապահովաբար առաջ է տանում,
Որ հրե խոսքով մութը ետ հրենք,
Մեր ուսով մղենք ժամանակն առաջ.
Օրվա ճակատից, որպես հին հուռութք,
Կախենք միևնույն զանգը.
-Բարի օ՜ր...

16,17.II.1964թ.
Երևան