Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ. Показать все сообщения


Նորից չեն սիրում, սիրում են կրկին


 
Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում: 
Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի՜ն... 

Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք) 
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով, 
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում 
Եվ քո գունազարդ քնի փոխարեն 
Անքնություն է փռում սպիտակ. 
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով 
Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին 
Շոյանքի սովոր քո մազերի մեջ 
Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում . 
Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի 
Նմանությունը հեռու – մոտավոր 
ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, 
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, 
Ինչպես լույսերի վետվետումներից 
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում. 

Երբ անձրևներից հողն է ասես թթվում 
Եվ ստիպում է ռունգո էլ զգալ, 
որ մենակ ես դու իբրև մի ... Իգրեկ, 
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին 
Կա մի Իքս ուրիշ ,առանց որի դու 
Խնդիր չե՜ս կազմի,ո՛չ էլ կլուծես ,- 
Մի՛շտ ,ամե՜ն անգամ պաշարում է քեզ 
Նույն զգացումը անճեղք ու անդուռ, 
Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո, 
Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի՜ն, 
Քանզի կա մթին մի կախյալություն 
Ջղի և արյան ,հոգու ու կրէի . 
Քանզի նշանը հանման – գումարման 
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում. 
Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում, 
Բայց բա՛խտը, 
Բա՛խտը, 
Բա՜խտն է մեզ ընտրում ... 

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին 
Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի՜ն ... 




6.11.64
Երևան
 ( «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» շարքից)