Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ԽԻՂՃԸ ԵՎ ԻՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԻՄԱԿԸ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԽԻՂՃԸ ԵՎ ԻՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԻՄԱԿԸ. Показать все сообщения

ԽԻՂՃԸ ԵՎ ԻՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԻՄԱԿԸ


       ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՏԱՐՎԵԼ ՆԱԵՎ ԱՐԹՄՆԻ ԺԱՄԱՆԱԿ

Նա լուռ ներս եկավ և ասաց... աչքով.
-Այդ ես եմ՝ խի՜ղճըդ:

Նա եկավ այնպես, ինչպես գալիս է.
Ոչ թե տան դռնի՛ց, այլ լուսամուտի՜ց:
(Խիղճը երբևէ դռնից չի մտնում):

________ԵՍ

Եկել ես՝ նստիր:
Ամենից հարմար աթոռը իմ տան
Այս Ճռճռանն է:

________ԽԻՂՃՍ

Որովհետև նա իր ճռճռոցով
Հիշել է տալիս, որ դեռևըս կա՞մ:

________ԵՍ

Ո՛չ: Որովհետև նա չի հասկանում,
Թե ի՞նչ բան է այդ «որովհետև»-ը,
Իսկ դու հենց լոկ այդ «որովհետև»-ն ես
Եվ ուրիշ ոչի՛նչ:

(Բաց պատուհանիցս ներս խուժեց Ավտոբուսը՝ Տրամվայի հետ և մի ճչացող Երեխայի ուղեկցությամբ, և իսկույն էլ դուրս թռավ բակին նայող պատշգամբիցս՝ Տրամվայը դեռ թողնելով սենյակիս մեջ, իսկ ճչացող Երեխային՝ պատուհանիս գոգին):

________ԵՍ

Մի քիչ սպասիր,
Որ տրամվայն էլ դուրս թռչի.
Թե չէ քեզ վատ եմ լսում:

________ԽԻՂՃՍ

Իսկ երեխային, շո՜ւտ արա, նե՛րս առ.
Չէ՞ որ այստեղ եմ ե՛ս, հասկանո՞ւմ ես:

________ԵՍ

Երեխաների հարցում, դու գիտե՛ս,
Քո այստեղ լինելն ու չլինելը
Միշտ ավելորդ է եղել ինձ համար:

(Տրամվայն էլ դուրս սողաց պատշգամբիցս, իսկ ճչացող Երեխային տարավ Մայրը, որ դուրս պրծավ Հացի խանութից):

________ԵՍ

Ինձ դու չես թողնում կարգին գործ անեմ:
Ասա՛, իմ վերջը ի՞նչ պիտի լինի:
Եվ ի՞նչ եմ դեռ ես.
Ինչ-որ մի քոսո՜տ վարչության անդամ 
Եվ մինչև անգամ ո՛չ վարչության պետ:

________ԽԻՂՃՍ

Ես մեղավոր չեմ, որ պատուհանըդ
Երկաթե ճաղեր կամ վանդակ չունի,
Ու ես կարող եմ ներս ու դուրս անել:
Երկաթե ճաղերն ու վանդակները
Լինում են, գիտե՛ս, և քնարաձև:
Ճաղե՜ր պատրաստիր,
Եվ... չեմ մտնի ներս.
Օ՜դ չեմ, որ մտնեմ ճաղերի միջով,
Մանավանդ օդն էլ հիմա համարյա
Զրկվել է ինձնից:

(Օդը շրխկոցով բացեց պատուհանիս օդանցքը՝ հիշեցնելով, որ ինքը քնած չէ և որ իր հետախուզությունը հիանալի է աշխատում):

________ԽԻՂՃՍ

Հը՞, տեսա՞ր, չէ՞ որ ես ասում էի,
Որ հարկավոր է ճաղեր պատրաստել:

________ԵՍ

Ի՜նքս եմ պատվերներ ընդունում, ի՜նքըս:
Իսկ դու չես թողնում՝ պատվեր կատարեմ:

(Նորից մի Ավտոբուս ներս ցատկեց և մի քանի վայրկյան կայանելով սենյակումս՝ քուռակի պես զռաց, ուղիղ ականջներիս տակ):

________ԽԻՂՃՍ

Մեքենայական այս հաճախակի այցերը և այս
Մեքենայացված զռոցները քեզ
Մի՞թե ավելի քիչ են խանգարում,
Քան թե ես, այո՞:

________ԵՍ

Ես ժամանակի սերմն ու ծնունդն եմ,
Զավակն օրերի:
Իսկ դու շարունակ քարոզ ես կարդում,
Աստվածաշնչյա՜ն հինավուրց քարոզ:
Եվ քո գրաբար խոսքերից արդեն փոշոտված եմ ես
Եվ որտեղ որ է ցեցոտվեմ պիտի:

________ԽԻՂՃՍ

Բայց ինձ գցել են նույնիսկ շան առջև,
Եվ անգամ շո՜ւնը 
Չի կարողացել ինձ ուտել, հաբա՜:

________ԵՍ

Իսկ մարդիկ, կարծեմ, քեզ ուտում են հեշտ
Եվ լավ էլ մարսում:

________ԽԻՂՃՍ

Բայց դու... մա՛րդ չես դու,
Թեպետ և ունես կաղապար մարդու:

________ԵՍ

Իսկ քո կարծիքով ես... ի՞նչ աղբ եմ ես:

(Այս խոսքիս վրա խիղճս ցատկեց ճռճռան աթոռին, ինչպես դա լինում է վատ խաղացված լավ կատակերգության մեջ, և ձեռքը մեկնելով ինձ՝ ճռճռան աթոռից էլ ճռճռան ձայնով ոգեց).

________ԽԻՂՃՍ

Դո՛ւ... գիտե՞ս, դու այն անքնությունն ես,
Որից խուսափել չեն կարողանում մինչև իսկ նրանք,
Որ ինձ ուտում են և լա՜վ էլ մարսում:
Չգիտե՞ս. դու այն նմանությունն ես,
Ինչից չի կարող խույս տալ զավակը,
Որ քանի գնում՝ այնքան ավելի
Նման է դառնում իր հորը, մորը,
Պապին կամ քեռուն,- այդ միևնույնն է:
Իսկ երկրագունդն էլ իր վրա չունի
Միջօրեական-հորիզոնական կոչված գծերը:
Մե՛նք, մե՜նք ենք քաշել այդ գիծ ու միծը,
Որ... չմոլորվենք:
Դո՛ւ... այդ գծե՜րն ես...

(Ուզեցի զարմանքս հայտնել, բայց նա շարունակեց՝ փչացած ձայնապնակի պես).

Դո՛ւ... բնավ դո՜ւ չես:
Դու պարզապես իմ հավատարմատար-դեսպանն ես միայն
Անիշխանության այն դղյակներում,
Որտեղ իշխում են
Ինձանից զրկված ու զերծվածները:
Դու, եթե կուզես, դու իմ լրտեսն ես չպարտավորված,
Չվարձակալված իմ գործակալը,
Անաշխատավարձ իմ թղթակիցը,
Իմ... անապակի ակնոցը նաև:
Դու, եթե կուզես, պատանդն ես նրա՜նց՝
Ինձանից զրկված ու զերծվածների՛,
Նրա՛նց պատանդն ես, ի՛մ ձեռքերի մեջ.
Թե քեզ սպանեմ՝
Նրանք կմեռնեն անծուխ-անժառանգ:
Դո՛ւ... դո՛ւ... դո՛ւ...

________ԵՍ

Ե՛ս... ե՛ս...

(Ու բարկությունից այլևս բառ չգտա: Ամենադժվար բանը «ես» ասելն ու շարունակելն է: Ուստի ակամա «ես»-ը թողեցի ու բռնեցի «դու»-ն: Ու չնկատեցի, որ պատասխանիս մեջ ոչ մի նոր բան չասացի, այլ պարզապես Խղճիս ասածը շրջեցի իրեն վրա).

________ԵՍ

Դո՛ւ... հենց դու ի՛նքդ ես... իմ գործակա՜լը...
Եվ իմ... լրտե՜սը...
Եվ իմ... ակնո՜ցը...
Դո՛ւ... դո՜ւ ես պատանդ իմ ձեռքերի մեջ.
Ուզեմ՝ կխեղդե՛մ... կփոխանակե՛մ... կծախե՛մ... կը՛... կը՛...

(Գոռացի և արթնացա, որովհետև՝ ինչպես քիչ հետո հասկացա՝ սենյակս էր մտել ու խրխնջում էր այս անգամ ոչ թե Ավտոբուսը, այլ դռանս էլեկտրական զանգը: Դեռ դուռը չբացած՝ կռահեցի, որ եկել են կանչելու... վարչության նիստի. կարևոր հանձնարարություն են տալու...):

08.XII.1962թ.
Երևան