Պարույր Սևակ

Ծաղկանկար շալը ուսիդ

Ծաղկանկար շալը ուսիդ՝ 
Ձեր տան կտրին նստում ես դու,
Ծով աչքերով կանչում ես դու
Տղային ձեր հարևանի:
Բայց նա ինչպե՞ս և ո՞ւր գա նա,
Երբ հոնքերով սաստում ես դու,
Խեղճ տղային տանջո՜ւմ ես դու:
         Նա չգիտի, թե ինչ անի:
 
Իսկ հետո էլ՝ ուսերիցըդ 
Շալըդ ահա առնում ես վար,
Խաղում ես դու ծոպերի հետ,
Մեկ էլ նրա՛, նրա՜ հոգու,
Որ չգիտի՝ գա՞, թե չգա, 
Եվ մոլորված խեղճ ու շվար՝ 
Քեզ պես ծաղկած իրենց այգու
Դռնակն է լոկ բացում-փակում:
 
Երբ աչքերով կանչում ես դու
Ու հոնքերով սաստում նրան,
Դու չգիտե՛ս, չէ՜, չգիտես՝ 
Ոնց ես հանում նրա հոգին:
Ա՜խ, ի՞նչ անի, դե ի՞նչ անի
Հարևանի ձեր խեղճ տղան.
Փոքրիկ էլ չի, որ վեր կենա,
Մոր մոտ գնա 
         ո՜ւ բողոքի:

Ձմեռ է: Եվ ցուրտ է: Դրսում ենք

Ձմեռ է: Եվ ցուրտ է: Դրսում ենք:
Քեզ հետ եմ. ջերմում ու մրսում ենք:
Քեզ հետ եմ, և կարծես ինձ հետ է
Աշխարհի մեծագույն պոետը:
Մեծագույն պոետը աշխարհի,
Որ առանց խոսքերի ու բառի
Երգերն իր քո առաջ փռում է,
Երգում է, երբ անգամ լռում է:
Աշխարհի մեծագույն պոետը,
Բայց այնքան, որքան ես քեզ հետ եմ.
Որ պիտի չքանա, երբ որ դու
Բաժանվես ու նորից գնաս տուն...
Եվ մնա՛, և մնա՜ խեղճ տղան
Առանց քե՛զ,
         առանց ե՛րգ
                  ու տաղա՛նդ...

Խաղա՜ղ-խաղա՜ղ իրիկունն էր ողջը պատում

Խաղա՜ղ-խաղա՜ղ իրիկունն էր ողջը պատում,
Դրսում մութն էր իջնում խաղաղ:
Սիրում էի ձեր տան բակում խաղալ «տուն-տուն»,
Միայն քեզ հե՜տ, քեզ հե՜տ խաղալ:
Աստղերն էին ելնում մեկ-մեկ, լուսինն արծաթ
Լեռան ժայռոտ պռունգին էր հոգնած նստում:
Մութը՝ լուսնից հալածվելով՝ իջնում էր ցած,
Բայց զո՛ւր էին, իզո՜ւր էին կանչում մեզ տուն: 
Վառվում էին ճրագները մեկ-մեկ գյուղում,
Շներն էին մեկ-մեկ տալիս լուսնահաչի:
Ես չեմ հիշում՝ ինչպե՞ս էինք մթնում խաղում, 
Բայց զո՛ւր էին, իզո՜ւր էին կանչում հացի:
Ինձ մի մթին իրիկուն է կարծես պատում.
Մոռացել եմ, ես չեմ հիշում շատ բան հիմա,
Բայց հիշում եմ՝ սիրում էի խաղալ «տուն-տուն»,
Միայն քեզ հետ՝ ձեր տան բակում, մեր տան դիմաց:

Անծանոթներ ենք մենք իրար

Անծանոթներ ենք մենք իրար,
Եվ փողոցում հանդիպելիս
Ես չեմ տեսնում դեմքիդ վրա
Քո ժպիտը այն լուսերիզ,
Որով գիտես դու ողջունել
Ծանոթներին քո բախտավոր.
-Ես այդ թովիչ բախտը չունեմ,
Անծանո՛թ ենք և հեռավո՜ր:
Բայց երբ հանկարծ այգում, մայթում
Հանդիպում ենք, ամեն անգամ
Կեռ թարթիչներդ ես դու թարթում
Ու նայում ես ինձ մի վայրկյան
Այնպե՜ս, կարծես պատահաբա՛ր,
Եվ... հիշելով ինչ-որ մի բան
(Իբր մի բան ես ստուգում),
Պայուսակդ ես բացում-փակում:
Անծանոթ ենք իրար: Սակայն
Հանդիպում ենք երբ մենք հանկարծ,
Ես էլ մի պահ, գեթ մի վայրկյան
Կանգ եմ առնում, որ իբր թե
Գլանակս վառեմ հանգած
(Գլանակս՝ վառվա՜ծ արդեն)...
Եվ... քայլում ենք այնուհետև 
Առերևույթ սառն ու թեթև:
Ա՛խ, դա խաղ է մի սրտակեզ,
Որով տենչանքն իմ չհանգած
Բորբոքվում է կրկին անգամ՝
Գլանակիս կրակի պես,
Իսկ դո՜ւ, իսկ դո՛ւ... Փնտրո՜ւմ ես դու,
Որոնո՜ւմ ես ինչ-որ մի բան
(Պայուսակո՞ւմ, թե՞ քո սրտում)
Որոնում ես համառաբար,
Եվ... չես գտնում հավանաբար...
ԻՄ ԱՆՈՒՆԸ Իմ անունը Մի անգամ էլ արտասանիր: Արտասանիր այնպես, ինչպես Միայն դու ես կարողանում, Հավատարիմ մնալով քեզ Ինքնամոռաց քո կարոտով, Քո քնքշությամբ անկրկնելի, Անմեկնելի քո խորհրդով… Ես լսել եմ ուզում քեզնից, Ես լսել եմ ուզում անվերջ Իմ անունը, քո կանչը ինձ: Ես լսել եմ ուզում անվերջ Իմ անունը, որ լցնում ես նո՜ր իմաստով, Հմայքներով գունեղ ու պերճ: Իմ անունը՝ ողջ աշխարհի համար անտես Քո հնչումով ամենալավ բառն է դառնում: …Իմ անունը սիրում եմ ես, Երբ որ դու ես արտասանում…



«Արի՜, Նո՛ր Տարի»


Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր...

ԸՆԿԵՐՈՒՀՈՒՍ

Ահա և իմ տան նոր բնակիչը՝
Իմ առաջնեկը, նորածին որդին,
Որի մանկական առաջին ճիչը
Այնպես ներդաշնակ ու քաղցր է հնչում
Խաղաղության մեջ իմ ժողովրդի:
Քնել է հիմա իմ փոքրիկ որդին:
Այնպես խաղաղ է այդ անմեղ քունը,
Կարծես մանկական լույս դեմքի վրա
Շառագունել է և անդրադարձել
Նույն ինքը երկրիս խաղաղությունը:
. . . . . . . . . . . . . . . . . . .
...Հենց այս վայրկյանիս,
Ասես չտրված իմ հրամանով,
Արթնացավ ահա նա միանգամից:
Մայրը խոսում է նրա հետ հիմա
Մայրական բոլոր խոսքերով ծանոթ:
Վախենում է նա.
-Բարձրացավ քամի,
Օդանցքը փակե՛ք, փակեցեք դո՜ւռն էլ...
-Այս փաթաթանը կոպիտ է կարծես...
-Փռշտա՜ց:
         -Հազա՜ց:
                  -Աստվա՜ծ իմ, մրսե՛ց...
Եվ անվերջ նո՛ւյնը, միշտ նո՛ւյնը, նո՛ւյնը.
-Փռշտա՜ց...
         -Մրսե՜ց...
                  -Թեթև՜ է հագել...
-Միջանցուկ քամի՜...
                  -Օդանցքը փակե՜լ...
Կարող է այսպես տևել ողջ տարին,
Կարող է այսպես տևել կյանքը ողջ:
Ես հասկանում եմ, որ մայր է բարի,
Բայց անվերջ նո՛ւյնը, միշտ նո՜ւյնը, օ, ո՛չ:
Ու ես ժպտադեմ դիմում եմ նրան.
-Սիրելի՜ս, լսի՛ր.
Դու ի՞նչ ես անում իմ միակ որդուն:
Թո՛ղ որ բաց լինի և օդա՛նցք, և դո՛ւռ,
Միջանցիկ քամին թող որ ներս խուժի,
Իսկ դու լավ հիշիր,
Դու մի՛ մոռանա նորից ու նորից,
Որ այս մանկիկը պիտի չմրսի,
Որ այս մանուկը պիտի չսարսի
Համաշխարհային.
         սպասվո՛ղ,
                  ներկա՛
Բոլո՜ր միջանցիկ սուր քամիներից:

[1948թ.]

ԿԵՆԱՑ

Թե մերժես անգամ,
Կամ թե ուրանաս սերս թանկագին,
Դարդից կմեռնեմ...
Թե քո ջերմ սրտում նոր ընկեր գտնես
Ու ամուսնանաս նրա հետ մի օր ,
Խնդրում եմ միայն ,որ հարսանիքիդ, դու ինձ էլ կանչես...
Որ գամ ու տեսնեմ հարսնացու դառած`
Թեկուզ, ուրիշի գրկում փաթաթված...
Քեզ խոսք եմ տալիս, ինձ ճիշտ հասկացիր,
Քո հարսանիքին ես երբեք չեմ տխրի...
Քո հարսանիքին ես միշտ կպարեմ
Ու դու վիշտս անգամ չես էլ նկատի...
Իսկ երբ թամադան , իր տեղում նստած,
Բաժակը ձեռքին, "համբույր", կգոչի
Բոլորից ուրախ ես վեր կթռչեմ ,
Եվ ամենից զիլ" համբույր", կգոչեմ ..
Կմոտենամ ձեզ, և միայն այդ ժամ,
Իմ աչքերում արցունքի կաթիլներ կնկատես
Եվ փեսացուիդ դու կամաց կասես,
Թե իբր , ուղղակի, չափից շատ եմ խմել....
Եվ ես ,մի փոքր կենաց կասեմ ձեզ....
-Կյանքում ,միշտ, կանաչ չանափարհ մտնեք
Լավ օրից բացի, վատ օր չտեսնեք,
Թող ձԿԿեր աչքերից արցունքներ չգան ,
Իսկ եկած դեպում` միայն ուրախության,
Թող որ միշտ հպարտ լինեք իրարով
Եվ դուք կհաղթեք , վեր Աստված վկա....
Ու թաց աչերս, աչերիդ հառած,
Մի բան էլ կասեմ .
-Իմ բախտի հեռվում ում էլ որ հասնեմ,
Ումից էլ որ դուստր ունենամ,
Նրան կկոչեմ ես քո անունով,
Որ ամեն անգամ, անունդ տալով,
Սիրտս լցվի լուռ արտասուքով...
Ասելուց հետո կփորձեմ խմեմ բաժակս գինով,
Բայց չեմ կարենա ,
Կնկնեմ մտքով ու լուռ կհեռանամ ,
Իսկ հեռանալուցս հետո փեսացուդ, կամաց կհարցնի,
Թե ով եմ եղել,
Իսկ դու ,թախիծդ մտքումդ պահած,
Ուսերդ անտարբեր կսկես շարժել...
Մի պահ շուռ կգամ
Ու կտեսնեմ քեզ, մեղավոր կանգնած,
Մի բան էլ կասեմդավաճան իմ սեր,
-Երջանիկ եղիր...
Ու կհեռանամ
Եվ գու՞ցե... հավերժ...