Պարույր Սևակ



Մաղի մեջ


Մաղի մեջ
Ջո՞ւր կմնա,
Պաղի մեջ
Հո՞ւր կմնա,
Այրում են
Թե անկրակ,
Էլ մոխիր,
Մո՞ւր կմնա:


Թե ինձ համար ինչ է պահված


Թե ինձ համար ինչ է պահված`
Ինքս էլ կարգին չգիտեմ...
Հազար գետից թռել-անցել,
Կանգ եմ առել մեկի դեմ,
Կանգ եմ առել, չեմ հասկանում.
Թրջվելո՞ւց եմ սարսափում,
Թե՞ ինձ ոչինչ չի գրավում
Ու չի ձգում այն ափում:

Հովիտը ինքս տվեցի


Հովիտը ինքս տվեցի,
Խլեցիր և սարավանդը.
Քեզ քիչ էր այս այրող սերը,
Վառեցիր և կիզող խանդը:
Ուզեցի, որ հավետ կապվենք,
Որ սիրով խայտանք ու ծփանք,
Դու կապը դարձըրիր կապանք
Եվ տուն կոչեցիր... այս բանտը:

Դո՛ւ ես ձգում


Դո՛ւ ես ձգում,
Այնինչ ես եմ կտըրվում.
Դո՛ւ բռնըվում,
Այնինչ ես եմ փետըրվում:
Ի՜նչ էլ անեմ,ի՜նչ էլ չանեմ,
Ա՛յ քեզ բան,
Կուժն ու կուլան
Իմ գլխին են կոտըրվում:


Մի ամի՞ս է, թե՞ մի տարի


Մի ամի՞ս է, թե՞ մի տարի,
թե՞ մի դար
Այն օրվանից, ինչ այս դռնից
չմտար,
Շեմքին կանգնած` այդ ի՞նչ բառ էր
ասացիր:
Մոռացել եմ - մի ամի՜ս չէ,
այլ մի դա՛ր:


Թե ինձ այրեց


Թե ինձ այրեց
արտասուքը,
Ինչի՞ս է պետք
էլ քո շուքը:
Մարդ է մեռնում 
քո երեսից,
Ինչի՞ս է քո
սև ու սուգը...

Տաքն ի՞նչ իմանա


Տաքն ի՞նչ իմանա,
Թե պաղը ինչ է:
Վե՛րքը կիմանա,
Թե աղը ինչ է:
Նա՛, ով շատերին
Կսկիծ է տվել,
Ինչպե՞ս իմանա,
Թե դաղը ինչ է:

Մեր տունը մեկ չէ


Մեր տունը մեկ չէ,
Մեր հալը մեկ է,
Գնալը` տարբեր,
Բայց գալը մեկ է:
Թող որ ծիծաղով
Տարբերվենք մեկ-մեկ,
Ի՜նչ տարբերություն -
Մեր լալը մեկ է:

Իր մասին, հայտնի բան է


Իր մասին, հայտնի բան է,
Փորձանքը լուր չի տալիս:
Դու եկար ճիշտ որ այդպես,
Բա այդպես հյո՞ւր են գալիս:
Դու եկար և ամե՜ն ինչ
Արեցիր տակնուվրա:
Ես հիմա ինչպե՞ս ասեմ,
Թե` փորձա՛նք, զո՜ւր ես գալիս:



Ի՞նչ անենք


Ի՞նչ անենք, 
Թե առուն բարակել է,
Բայց չէ՞ որ
Նա մի օր ոռոգել է,
Բայց չէ՞ որ 
Ավերված այս դաշտերը
Նա մի օր`
Մեռնելով` նորոգել է:


Ես քո մասին


Ես քո մասին
Արդյոք ի՞նչ եմ մտածում:
Ես քո մասին
Ախար ի՜նչ չեմ մտածում,
Բայց թերևս
Ամենից շատ` մտովին
Կորուստներս է,
Որ հաշվում եմ գտածում:


Աչքերս վառ լույսի սովոր


Աչքերս վառ լույսի սովոր`
Ես հիմա տանջվում եմ խավարից.
Ես` վարժված ոստանիկ կյանքի`
Զրկված եմ և մոտիկ գավառից:
Երեկվա իմ վարդավառից
Ի՞նչ մնաց - այս շապիկըս թաց,
Կախվելու մի պարա՜ն մնաց
Իմ սիրո հարուստ ավարից:


Դու ինքդ քեզ տաքանում ես


Դու ինքդ քեզ տաքանում ես
Եվ ինքդ քեզ հաճախ պաղում,
Ու թվում է տեսնողներին,
Թե ինքդ քեզ դեր ես խաղում:
Քեզ, երևի, կհասկանան
Միայն նրանք, որ կաղում են,-
Երանի չէ՜ր ոտքըդ լիներ,
Հոգին էլ է հաճախ կաղում:

Եթե անգամ այնպես փայլես, ոնց ամենքը


Եթե անգամ այնպես փայլես, ոնց ամենքը,
Քեզ չե՜ն տեսնի,- ի՞նչ իմանաս:
Եթե անգամ այնպես քայլես, ոնց ամենքը,
Տեղ չե՜ս հասնի,- ի՞նչ իմանաս:
Տե՛ս, շատերը չեղած գարուց
Բերք են վերցնում մեկին հազար,
Իսկ քո ոսկի ցորենից էլ` մեկ էլ տեսար`
Փո՜ւշ կբուսնի,- ի՞նչ իմանաս:


Մեղուն ինքն էլ չգիտե


Մեղուն ինքն էլ չգիտե,
Թե խայթելիս կսատկի:
Ցողունն ինքն էլ չգիտե,
Որ կթոշնի` թե ծաղկի:
Դու, որ մարդ ես` ոչ մեղու,
Ոչ էլ ցողուն մի անշունչ,
Ամեն «սխալ» մի՛ ձաղկիր,
Ամեն «սխալ» մի՛ շտկիր:



Լինում է այսպես էլ կյանքում


Լինում է այսպես էլ կյանքում.
Իրավ են միշտ իրենց կարծում
Եվ այնպես պատժում են դաժան,
Երբ թեթև զանցանք ես գործում-
Այնքա՛ն խիստ և այնքա՜ն դաժան,
Որ, գիտե՞ք, մեզ պատիժ տալով`
Շատ թեթև զանցանքի դիմաց
Շատ ծանր հանցանք են գործում:

(«Ութնյակներ»  շարքից)



Ինչ էլ որ անես - հարյուրը` հարյուր


Ինչ էլ որ անես - հարյուրը` հարյուր,
Հազարն էլ հազար է մնում:
Հա՜ զույգ փռշտա - մրսելը` մրսել,
Հազալն էլ հազալ է մնում:
Ինչքան սիրտըդ տա` սաղարթից խոսիր
Ու վարդից խոսիր մայիսյան,-
Ախար ի՜նչ օգուտ - աշունը` աշուն,
Խազալն էլ խազալ է մնում:


(«Ութնյակներ»  շարքից)


Ուրիշ ես դառնում ամեն օր


Ուրիշ ես դառնում ամեն օր-
Իրենն է անում տարիքըդ.
Առնելիքդ ուրիշ է թվում,
Ուրիշ է թվում տալիքըդ:
Խստադեմ գալիքն է նայում.
Քեզանից ի՞նչ պիտի մնա,
Երբ անցնի օրվա հետ մեկտեղ
Օրերի փրփուր ալիքը:

(«Ութնյակներ»  շարքից)

Հեշտ բան չէ, ջա՛նըս, ճիշտ ժամանակին


Հեշտ բան չէ, ջա՛նըս, ճիշտ ժամանակին
Զարկել տագնապի սուր ահազանգը:
Չէ՞ որ երբ չկա դեռ ժողովածուն,
Չես կարող կազմել դու նրա ցանկը:
Հանկարծակի է պայթում վտանգը,
Բայց նա ուռչում է դանդա՛ղ, աննկա՛տ,
Դանդա՜ղ, աննկա՜տ` մետաղից ծնվում
Ու նույն մետաղն է կրծոտում ժանգը:


(«Ութնյակներ»  շարքից)

ԴԻՄԱԿՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՀՕԳՈՒՏ ԱՆԴԻՄԱԿՈՒԹՅԱՆ


Ե՛ս՝ հեղինակ պարականոն գրքերի
Եվ չգրված օրենքների վերծանող,
Ասում եմ ձեզ.
-Մ՛ի վախեցեք վատթարից,
Նա է լավի օժանդակը թաքնըված...

Ե՛ս՝, հոդախտով տառապողըս ողջ կյանքում,
Խոնավության բանտարկյալըս ու գերիս,
Տալիս եմ ձեզ իմ ցավըզգա ոտքերիս
Խորհուրդը խոր և հրամանն ահարկու.
-Խոնավությունն ունի ծաղիկ անարմատ,
Որ ծաղկում է ծիածանի յոթ գույնով,
Ու բորբոս են կոչում նրան աշխարհում։
Երբ բորբոսն է քարտեզ գծում մեր հացին
Կամ մեր հոգում,
Կամ երկրի մի անկյունում,
Զո՜ւր միամիտ կրակապաշտ մի՛ դարձեք.
Արեգակը պիտի խնդա՛ ձեզ վրա,
Պիտի խնդա՜,
Ո՛չ թե հասնի ձեր կանչին։
Ուրեմն ինձ պես խոնավապա՛շտ եղեք դուք,
Դարձեք ինձ պես հավատացյա՛լ բորբոսի
Եվ ապրեցեք նրա գծած քարտեզի
Մի անկյունում, ինչպես ցավը՝ հոդի մեջ...

Ե՛ս՝ անվավեր խլիրտների թվացույց
Եվ մասնագետ հոգեհարցման,
Ես հիմա
Ասում եմ ձեզ.
-Հավատն ինչքան պակասի,
Այնքան հույսը կավելանա ձեր սրտում,
Որովհետև վստահելր՝ լավ է շատ,
Բայց չափից շատ վստահելը՝ մի աղետ,
Որ չի կախվում թշվառական մեր գլխին,
Այլ աճում է , քաղցկեղի պես, մեր ներսում...

Ե՛ս՝ նո՛ր գուշակ ըստ ստվերի և շուքի,
Ասում եմ ձեզ.
-Ստվերները կարճանում,
Ու շուքերը երկարում են... առանց մե՛զ,
Բայց մենք պիտի շուքից հյուսենք ամուր թոկ,
Բայց մենք պիտի սյուներ շինենք ստվերից՝
Սպասելով, թե ե՞րբ պիտի այդ թոկով
Ու սյուներով մի օր պիտի սարքվի կախաղան
Ստի՜ համար, որ հերաթափ գլխի պես
Չի՛ սանրվում, բայց սանրի պես շիկացած
Մեր ուղեղի գանգուրներն է հարթեցնում...

Ե՛ս՝ այդ ստի սխալների սրբագիր
Եվ ուշացող արդարության խմբագիր,
Ասում եմ ձեզ (մի՛ զարմացեք), որ իրոք
Ամենամեծ միամիտին աշխարհում
Մարդիկ Աստված կամ Արարիչ են կոչել։
Եվ ասում եմ ու հիշեցնում վերստին,
Որ աստծուն էլ այդ միամիտ,
Եվ աստծո՜ւն
Եթե երեք սուտ աղոթքով դու դիմես,
Ապա չորրորդ սուտ աղոթքով չե՜ս խաբի...

Ե՛ս,
Որ Աստծուն Աստվածատուր եմ կոչում.
Ե՛ս՝ խեռորեն խռովարար-խռովիչ,
Աստվածամերժ-աստվածարկու մի չաստված,
Ասում եմ ձեզ, երկրորդելով երրորդում,
Որ երկնքում իրո՛ք չկան աստվածներ:
Նրանք վաղուց երկրի վրա են բազմած,
Բայց ո՛չ ուղտի սապատի պես, այլ ուղտի
Անտանելի բեռի նման, որ մի օր
Ցած կնետի համբերատար ո՜ւղտն անգամ:
Խռովության սերմը, իբրև մանանեխ,
Տարածվում է արտաշնչմա՛մբ մեր բերնի,
Տարածվում է երկրից երկիր, վարակում
Մինչև անգամ աստվածներին հողեղեն,
Որ մեր հոգում ոտնագնդակ են խաղում,
Որ խրվել են մեր կոկորդում՝ իբրև խորխ,
Եվ մեր լեզվից կախ են տվել կեռերով
Անվերջ նեխո՛ղ, բայց չփտո՛ղ մի դիակ...

Խռովության սերմը, իբրև մանանեխ,
Իբրև որոմ մի փրկարար, իբրև ախտ,
Ահավասիկ և նրանց է վարակում:
Եվ ահա ե՛ս՝ մանանեխի մի պտղունց,
Մի բուռ որոմ, ախտի մանրէ մի սրվակ,
Ուզում եմ ձեզ ուրախացնել՝ ասելով.
-Երբ աստվածներն են խռովում իրարից՝
Մարդիկ իրար հասկանալ են սկսում... 

17.XI.1963թ.
Երևան

(«ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)