Պարույր Սևակ


ԴԱՐԱԿԵՍԻ ՀԻՄՆԸ


1. 
Առաջներում մերպեսներին
Այրում էին խարույկի մեջ...
Հիմա պիտի խարույկ վառենք մենք ինքներըս,
Խարույկ՝ մեզնո՛վ։
Աղը կրակ է հանգցընում։
Բայց մենք պիտի մեր կրակով աղն էլ վառենք,
Որ ավելի բոցավառվենք,
Այնպե՛ս վառվենք,
Որ չմնա նույնիսկ մոխիր ու մնացորդ...

2. 
Առաջներում մերպեսներին
Կա՛մ քառատում, կա՛մ սպանում էին դանդաղ՝
Մեր մարմնի մեջ ցից խրելով,
Ինչպես քորոցն են մխրճում
Թիթեռնիկի եղա՜ծ-չեղած մեկ օրվա մեջ...
Հիմա պիտի մենք ինքներըս հանգիստ նստենք
Հեռուստացույց-աշտարակի բարձըր ցցին,
Որպեսզի մեր սուր դեմքերով ու խոսքերով
Մենք ինքներըս ցցվենք-մնանք
Ողջ մարդկության ականջներում ու աչքերում՝
Իբրև նշտար ապաքինման,
Իբրև ասեղ սրսկումի...

3. 
Առաջներում մերպեսների ականջն էին հատում հիմքից,
Կտրում ձեռքը, կտցում աչքը, հատում լեզուն
Կամ ճակատին խորատպում անջինջ խարան՝
Համարելով մեզ չար կախարդ,
Սուտ մարգարե։
Իսկ մենք հիմա պիտի արձակ ու համարձակ
Վերադառնանք վաղնջական մեր արհեստին՝
Դառնանք կախարդ... մեր բարությամբ,
Գեղեցիկի ու վսեմի նոր հարությամբ,
Եվ մարգարե դառնանք իրոք՝
Ա՛յն անվանի և անանուն խոտերի պես,
Որ զգում են մոտալուտը արեգակի,
Եվ կամ թե չէ ա՛յն գազանի մաշկի նման,
Որ փոխվում է՝
Եղանակի փոփոխումը նախզգալով...

4. 
Առաջներում մերպեսներին նայում էին,
Ինչպես նայել ու նայում են բորոտներին։
Եվ, ճիշտն ասած, մենք իսկապես
Բորոտներ ենք, սակայն... ներսից։
Թաքուն տենդից, ցուրտ առնելուց 
Դուրս է տալիս շուրթը ոմանց,
Իսկ մեր՝ ներսը,
Իսկ մեր՝ հոգին։
Կարմի՜ր-կարմի՜ր բշտիկներով
Մենք պատված ենք ներսից այնպես,
Ինչպես հոնի աշնանային ծառը դրսից։
Մեր ներսն ամբողջ ասես լինի համակ խտուտ,
Ինչպես կուրծքը նորահարսի։
Քոր է գալիս մեր ներսն ամբողջ...
Ու... մեր ներսով - ներաշխարհով 
Մենք քսվում ենք ու քսքսվում
Ողջ աշխարհի ելունդներին,
Բարի ձեռքին մարդկայնության,
Սիրո սուր-սուր եղունգներին
Եվ ցասումի սանրին քերող...

5. 
Սոխի գլխի տեղ էին մեզ դնում հաճախ։
Մենք, որ սոխի գլուխ չէինք բոլորովին,
Մենք նման ենք սոխի գլխի լոկ այնքանով,
Որ նրա պես բազմաշերտ ենք, բազմափաթեթ։
Եվ մենք հիմա մեզ ինքներըս
Պիտի բացենք հոժարակամ,
Բացենք շե՛րտ-շե՛րտ, փաթե՜թ-փաթե՜թ,
Երբ որ պետք է՝ թեկուզ կծու սոխի՛ նման,
Երբ որ պետք է՝ արդեն ծաղկի կոկոնի՛ պես:
Պիտի բացվենք հոժարակամ
Փաթե՜թ-փաթե՜թ ու շե՜րտ առ շե՜րտ,
Մինչև հասնենք մեր միջուկին՝
Ինչպես մայրերն են սպառում իրենց կաթը,
Մինչև իսպառ մենք սպառվենք,
Ինչպես այրերն են սպառում 
Որդեսերման զորությունը...

6. 
Կան խայտառակ ժամանակներ,
Երբ մարդ եթե իր բերանին կապ չի դնում,
Ապա նրա ձեռք ու ոտքին
Ուրիշներն են դնում կապանք։
Մենք մեր լեզվի կապն ենք կտրել, 
Որովհետև, ճիշտ է, լեզուն չունի ոսկոր,
Բայց կարող է... ոսկո՛ր ջարդել,
Նաև կապա՜նք ձեռք ու ոտքի։
Մենք, որ մարդ ենք ծնվել մորից,
Ո՛չ, չենք ուզում դառնալ նորից
Ինչ-որ ընձուղտ երկարավիզ ու բծավոր,
Մենք չենք ուզում դառնալ ընձուղտ,
Որ վիզներըս չերկարացնենք
Դեռ չեղած ու չլինելիք
Բան տեսնելու հիմար հույսով։
Մենք չենք ուզում ընձուղտ դառնալ,
Որ մեր մաշկին անհուր աստղեր չդաջոտեն՝
Մեզ դարձնելով մի սուտ երկինք։
Եվ չենք ուզում ընձուղտ դառնալ,
Որովհետև ընձուղտ կոչված այդ վիթխարին
Ո՛չ մի անգամ ամբողջ կյանքում
Ձայն ու ծպտուն չի՜ արձակում...

Մենք ուզում ենք գործի լեզո՜ւն,
Բայց ո՛չ իբրև երկանք ստի
Ու ջրաղաց խաբեության։
Դժվար բան է սուտ ասելը,
Բայց սուտ ասելն ավելի է հեշտ ու դյուրին,
Քան թե անվերջ սուտ լսելը։
Ռետինաձև սուտ ծամելուց մենք զզվել ենք։
Լավ ապրանքը ինքն է ծախվում,
Ու վատն է, որ պիտի գովես։
Իսկ մենք դեմ ենք ամե՜ն տեսակ փերեզակի...

Մենք ծնվել ենք, աշխարհ եկել,
Ո՛չ թե թվալ - երևալու խաբեությամբ,
Այլ լինելո՜ւ,
Ա՛յն լինելու, ինչ կանք իրոք։
Մենք ծնվել ենք, որ մարդկության
Հազար ու մի «ինչու»-ներից գոնե մեկի
Հարցապնդող աչքում մխենք
Մեր գոնե մե՛կ պատասխանը
Եվ դրանով գոնե մաս-մաս վերադարձնենք
Օտարացվող էությունը մեր մտքերի,
Որ չխամրեն սրանք այնպես, կարծես իսկույն
Չորացնում են ծծողական կոչվող թղթով
Եվ մեզ տրված մեծությունից
Թողնում միայն մի ճմըռթված թղթի կտոր,
Որ կոչվում է «Ստացական»...

7. 
Հարյուր տարին մեկ են ծնվում մեծություններն այս աշխարհի,
Բայց ամեն օր հարյուր մեծ է գալիս աշխարհ.
Ծնվում են մեծ, բայց չեն թողնում, որ դառնան մեծ։
Մենք ծնվեցինք... 
Ու սնվեցինք
Շատ ավելի «ալելույա-օվսաննա»-ով,
Քան թե հացով սովորական...
Ճարպոտ մուժն էր վարագուրում
Կիսաքաղցի մեր աչքերը։
Փայտոջիլներն էին կծում ու կծոտում
Երազները մեր անմարմին։
Բայցևայնպես մերպեսները կարողացան
Պատիվն իրենց պահել ճերմակ
Եվ խիղճն իրենց պահել մաքուր՝ աղի նման,
Որովհետև մերպեսները
Նախընտրում են զրկվել գլխից,
Քան խոնարհել գլուխն իրենց նրա՛նց առաջ,
Ովքեր լուրջ-լուրջ փորձ են անում 
Ուղեղ հատել՝ դրամի պես
Ու միտք դաջել՝ լաթի նման։

Մերպեսները, ո՛չ, երբևէ
Ծունկ չեն ծալում կուռքի առաջ
Եվ չեն հանում իրենց աչքը ա՛յն պատճառով,
Որ այդ կուռքը, կիկլոպի պես, մեկ աչք ունի։
Շա՜տ-շա՜տ՝ նրանք կկոցում են մեկ աչքն իրենց,
Որ... ավելի հեռո՛ւն տեսնեն ու պա՜րզ տեսնեն։

Բայց սիրում են նրանք իրենց ծունկը ծալել՝
Անտանելի ցավն աշխարհի
Որևէ կերպ բարձրացնելու
Եվ արևի կիզարանում մոխրացնելու նպատակով։

Բայց սիրում են նրանք իրենց ծունկը ծալել՝
Գեղեցկության մերկ ծնկներին շուլալվելո՛ւ,
Հողի տաքուկ բուրմունքի մեջ լուռ հալվելո՛ւ,
Մանուկների աչքերի մեջ նկարվելո՛ւ երազանքով...

Մենք թռչուն չենք,
Որ մի կաթիլ ջուր ըմպելով՝
Կտուցներըս անմիջապես երկինք տնկենք։
Ով ուզում է իր ջուրն ըմպել աղբըրակից,
Նա չի՛ կարող չխոնարհվել,
Նա չի՛ կարող ծնկի չգալ։

Եվ չի՛ կարող չխոնարհվել,
Ու չի՛ կարող ծնկի չգալ՝
Ով ուզում է նայել խորքը ջրհորների,
Որոնք նույնպես ուրիշ բան չեն,
Քան թե կուռքեր՝
Արձանները ա՛յն աղջամուղջ-մթնշաղի,
Որ ներաշխարհ կամ հոգի է կոչվում դարեր։
Եվ մերպեսներն ա՛յդ կուռքին են երկրպագում,
Խոնարհվում ու ծնկի գալիս
Ա՛յդ կուռքերի առաջ միայն՝
Նրանց մթին հայելու մեջ
Իրենք իրենց ճանաչելով...

8. 
Ու գալու է մի ժամանակ,
Երբ որ պիտի մարդիկ նաև մերպեսների՛ն երկրպագեն՝
Ոչ կուռքի՛ պես,
Ո՛չ էլ աստծու,
Այլ... հերոսի՜,
Որովհետև մենք լավ գիտենք,
Որ շատ հաճախ
Բռունցքով ենք զարկում մեխի ծակող ծայրին,
Մեր բռունցքով՝ մուրճի տեղակ։
Բայց դրա հետ գիտենք նաև.
-Բռունցքը չէ,
Որ սարքվել է մուրճի ծանոթ օրինակով,
Այլ մուրճն է հենց,
Որ սարքվել է մեր բռունցքի նմանությամբ։
Ու մենք գիտենք.
-Եթե քամին
Ընդամենը մեր մազերի հետ է խաղում,
Ապա ինքը եղանակը խաղ է անում... մեր գլխի՜ հետ։
Բայց աստղերը իրենց կլոր - ճերմակ սանրով
Հանգստարար շարժումներով ամեն անգամ
Հարդարում են քամուց գզված մեր մազերը
Ու դրանով հավատացնում իրենց ու մեզ,
Որ առայժմ... մեր գլուխը իր տեղումն է...

Այս հավատով ու հույսով է, բարեկամըս,
Որ աշխարհում մերպեսները ամեն գիշեր
Աղքատ քնում ու զաթնում են հարստացած... 

18-20.XI.1963թ.
Երևան 


(«ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՇՎԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ԵՎ ՃՇԳՐԻՏ ՍԱՐՔԵՐԻՆ


Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ...

Հաշվեցե՛ք հապա, 
Թե ի՞նչ ալիքով, քանի՞ վայրկյանում 
Եվ քանի՞ գրամ արյուն է հոսում աղջըկա սրտից 
Դեպի ամոթխած այտերը նրա՝ 
Առաջ բերելով ա՛յն բռնկումը ջերմամիջուկային,
Որ մինչև այսօր, միամտաբա՜ր, շիկնանք ենք կոչել։ 
Եվ կոսմիկական ճառագայթների ի՞նչ հոսք է անցնում 
Մեր մթնոլորտված աչքերի միջով, 
Երբ հանկարծակի նրանք դիպչում են ուրիշ աչքերի,
Եվ այս փոխադարձ ճառագայթումը 
Վտանգավո՞ր է մեր սրտի համար, 
Թե՞ օգտակար է։

Հաշվո՛ւմ եք, հաշվո՜ւմ...

Հաշվեցե՛ք հապա, թե մեր ափերով
Քանի՞ կիլովատ հոսանք ենք տվել
Երեխաների մազերին փափլիկ ու թաթիկներին, 
Մեր սիրածների իրանին ճկուն,
Ուսերին նկուն մեր տատիկների,
Եվ մեր ստացածն ինչքա՞ն է պակաս
Կամ ինչքա՞ն ավել։

Թե չէ՝ հաշվու՜մ եք, հաշվու՜մ եք, հաշվու՜մ...

Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև, 
Թե մեզնից գոնե մեկ՛ը իր կյանքում 
Քանի՜ կնոջ է տենչանքով նայել,
Քանիսի՛ն՝ մաքուր մի հիացմունքով, 
Քանիսի՛ն՝ միայն եղբոր քնքշությամբ...
Նշեցեք նաև տեղերն ա՛յն կանանց, 
Որ կարող էին մեզ խորունկ սիրել, 
Բայց մենք այդպես էլ չհանդիպեցի՜նք:
Եվ թիվն ասացեք ա՛յն մանուկների, 
Որ կարող էինք ունենալ կյանքում,
Բայց մենք չունեցա՛նք ու չե՜նք ունենա։ 
Եվ թիվը նաև ա՛յն մանուկների, 
Որ պիտի մերը լինեին կարծես, 
Բայց մերը չեղա՜ն...

Թե չէ՝ հաշվու՜մ եք, հաշվու՜մ եք, հաշվու՜մ...
Մենք դեռ մի կարգին չգիտենք նույնիսկ, 
Թե այդ ինչի՞ց է մարդը ծիծաղում, 
Մի՛միայն մարդը,
Եվ ո՛չ մի ուրիշ կենդանի էակ :
Դուք մեր ծիծաղի 
Ալիքների թիվն ասացեք հապա,
Ծույց տվեք նրանց գույները պես-պես 
Եվ քմծիծաղի ու քրքջոցի 
Տարբերությունը հասկացըրեք մեզ...

Էլեկտրական ձեր գանգով հուժկու 
Ու ճառագայթուն-անսպիտակուց-կիկլոպյան բիբով 
Տարրալուծեցեք կարոտն էլ հապա, 
Բաղադրեցեք այն ծուխն էլ անտես, 
Որ անջատվում է միշտ այդ կարոտից 
Եվ ու՞ր է քաշվում...

Թե չէ՝ հաշվու՜մ եք, հաշվու՜մ եք, հաշվու՜մ...

Ա՛յն թվականը նշեցեք հիմա, 
Գեթ այն մոտավոր, մոտալուտ տարին, 
Երբ որ, վերջապե՛ս, ազգերը խոցված 
Պիտի ողջանան կամ ապաքինվեն, 
Եվ վիրավորող ազգերն ստանան
Հատուցումն արդար ու չբեկանվող:
Թե չէ՝ շատերը, քանի՜ դար արդեն, 
Հույսները կտրած անողորմ աստծուց՝ 
Սպասու՛մ են դեռ։
Սպասու՛մ են դեռ։
Դու՛ք՝ նո՜ր աստվածներ նո՛ր ժամանակի,
Սուտ դուրս չգայիք գեթ դու՛ք, գոնե դու՜ք...

Հաշվեցե՜ք հապա ու թիվն ասացեք 
Երկրներ կապող ա՛յն կամուրջների,
Որոնց վրայով 
Կուզեինք նաև մե՛նք անցած լինել,
Բայց դեռ չե՛նք անցել 
Ու չե՜նք անցնելու...

Թիվը ցույց տվեք 
Ա՛յն երազների և անուրջների,
Որ այս բառով են կոչվում աշխարհում
Լոկ ա՛յն պատճառով,
Որ չեն կատարվու՜մ...

Անկասկածելի թիվը նշեցեք ա՛յն կասկածների, 
Ինչից մենք հաճախ հասունացել ենք, 
Առավել հաճախ՝ վաղաժամ թոշնել...
Ցույց տվեք գիծը հիասթափությա՜ն, 
Եվ հուսանք, 
Որ դա գեթ չի ունանա ձևը կայծակի...
Եվ գիծը նաև հուսախաբությա՜ն, 
Որ մեր կյանքի հետ 
Վա՜յ թե հենց կազմի զուգահեռություն, 
Իսկ զուգահեռը զուգահեռի հետ 
Չի՛ հատվում կարծեմ...

Եվ թիվն ասացեք 
Մեր ա՛յն ժամերի, անթի՜վ- անհամա՜ր, 
Որ ծանր ու թեթև ժամանակներում կորա՜ն-գնացի՜ն
Ինչ- որ հերթերի 
Ու երթերի մեջ
Եվ ընթերցման մեջ ա՛յն բազմալեզու օրաթերթերի, 
Որոնց սևաբոց գլխագրերից 
Ամեն առավոտ 
Հրանոթների կենտ աչքն է նայում մեր զույգ աչքերին, 
Սուզանավերն են մեր տենչանքները հոգու մեջ սուզում, 
Ջրածընային արկերն են ուզում 
Մեր երակների կարմիր արյունից 
Ճերմակ ջուր ծնել...
Այսքանից հետո պիտի՛ որ հաշվեք 
Եվ ասե՛ք, թե դեռ քանի՜ տոնն ատոմ ճեղքելուց հետո 
Հեշտ կարելի է այս Երկրագնդի միջուկն էլ ճեղքել։ 
Պիտի՛ որ հաշվեք, 
Թե դեռ ի՞ նչ զենքեր ծնելուց հետո 
Մայրը կզրկվի զավակ ծնելու կարողությունից։ 
Թե այսքանն ասեք՝ 
Էլ հարկ չի՛ լինի, որ ասեք նաև
Ծանրության չափը հավատազրկման.
Կմնա միայն, որ պարզաբանեք,
Թե ի՞նչ հրաշքով
Հավատազրկման այդ բեռան ներքո
Մինչև վիզներս չենք խրված հողում՝ սուր ցցի՛ նման...
Բարեկամաբար ասացե՛ք նաև. 
Քանի՞ տարին մեկ աշխարհ է գալու 
Ա՛յն անդերսենյան մանուկը, 
Որից 
Թագավորները պիտի իմանան, 
Որ մերկ են իրենք։
Եվ խնդրեմ՝ նաև ավելացրե՛ք. 
Այդ իմանալով՝ 
Թագավորները 
Ծածկո՞ւմ են արդյոք մերկությունն իրենց,
Թե՞ շարունակում կրկին մերկ մնալ 
Եվ հակառակը կամեցողներին
Հարկադրում են՝ 
Աշխարհում ապրել կապվա՜ծ աչքերով...

Եվ ասե՞ք գուցե, 
Թե բեթհովենյան խլությունն արդյոք 
Չի՞ կապվում բնավ 
Ա՛յն ահագնացող պայթյունների հետ, 
Որ կատարվում են հիմա աշխարհում 
Եվ վե՜ր աշխարհից։ 
Ու թե կապ ունի, խնդրե՜մ, պարզեցե՛ք . 
Աշխարհը հիմա 
Անթիվ- անհամար բեթհովեններո՞վ կըերջանկանա,
Թ՞ե կավելանա պարզապես թիվը խլացածների...
Հաշվեցե՛ք նաև, մի վերջի՜ն անգամ, 
Թե այդ ի՞նչ ձևով,
Ի՞նչ մեքենայի օգնությամբ բարի 
Դեռ կարելի է մարդուն մա՛րդ պահել 
Եվ կամ նո՛ր միայն մարդուն դարձնել Մա՜րդ... 

26.X.1962թ.
Երևան


(«ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ


Եռում է ջուրը.
Ասես թոքերի բորբոքում ունի մինչևիսկ սա էլ։
Իսկ բուժո՜ղն ով է,
Եթե հիվանդ ես հիմա և ինքըդ,
Ու քեզ բուժում են 
Նաև թեյ կոչված նո՛ւյն եռման ջրով,
Որ նմանապես 
Թոքերի ուժեղ բորբոքում ունի...

Հիվանդ հայացքըդ
Մութ մառախուղի վեհ վերելակով
Թագավորաբար լեռն է բարձրանում,
Ինչպես երևի բարձրացել են գահ...

Տենդոտ հայացքըդ
Հիմա հածում է դիմացի ձորում,
Որտեղ պառկած են այլազան քարեր՝
Բրածոյացած նախնիների պես...

Թեպետ իրար հետ վաղուց եք ծանոթ,
Թեպետ ծանոթ է պապերի՛դ անգամ,
Բայց քրտնած գլխով տված բարևիդ
Չի՛ պատասխանում։
Դուրս տված բերնով ճամփած ժպիտիդ
Չի պատասխանում նո՛ւյնպես։
Իսկ ինչո՞ւ։
Որովհետև իր անունը... Ժայռ է,
Ինքն էլ երբևէ
Ոչ միայն կյանքում չի հիվանդանում,
Այլև... անմահ է...
Աստվա՛ծ իրեն հետ։
Դու թե՛յըդ խմիր։
Սառե՞լ է։
Տեսա՞ր. ջրի թոքերի բորբոքումն անցավ։
Կանցնի և քո՛նը։
Հապա եկ փորձենք. տաքություն չունե՞ս։

...Ջերմաստիճանի որոշման համար
Ձեռքը դնում են մարդու ճակատին։
Այդ շարժումի մեջ չկա՞ խոր իմաստ
Եվ խորհուրդ խորին,- ո՛վ ի՞նչ է կարծում։

Իսկ աշխարհումըս բանտեր քի՞չ կային,
Որ ստեղծեցին նաև այս մե՛կը՝
Այս ջերմաչա՜փը։
Եվ ի՞նչ հանցանք է գործել սնդիկը,
Որ տառապում է մենախցի մեջ...
Բայց գոնե լավ է,
Որ սնդիկային այդ մենախուցը
Լայն է ավելի, քան մարդկայինը։
Լա՞յն է, թե՞ երկար,- միևնույնը չէ՞։
Իսկ շատ չես խոսո՞ւմ.
Չէ՞ որ հիվանդը
Այսքան խոսելու իրավունք չունի։

...Կլռե՛մ։
Կուզես՝ կքնե՜մ անգամ,
Միայն թե... ջարդե՛նք այս ջերմաչափը։
Թվում է, թե իմ հիվանդությունը
Ո՛չ թե իմ մեջ է,
Այլ սրա՜, սրա՛՝
Այս ջերմաչափի՜։
Ուրեմըն ջարդե՛նք այս ջերմաչափը,
Եթե ես մեղք եմ՝ սնդիկն առավել... 

9.11.1965թ.
Չանախչի


(«ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ


Անտարբերությո՜ւնը...
Ուխտյալ թշնամու պես հետևում է նա ինձ,
Բուսնում խոտի՛ նման,
Թառում փոշու՛ նման,
Խեղդում խորխի՛ նման։
(Գերանդի՜ եմ դառնում,
Խոզանա՜կ եմ դառնում,
Հա՜զ եմ դառնում):

Եթե կարճակոճըղ իր հասակը ներեր
Ու ձեռքը հասցըներ իմ կոկորդին բարակ՝
Խեղդամահ էր արել նա ինձ վաղո՜ւց։
(Եվ մինչ նա շարունակ ձեռքն է մարզում-վարժում,
Ես էլ աշխատում եմ հասակ նետել անվերջ):

Իմ բերանն է փակում հազա՜ր ու մի ձևով,
Իր համբույրո՜վ անգամ,
Սո՛ւտ համբույրով նույնիսկ։
(Եվ մարմինս է դառնում համատարած բերան,
Ու բերանըս փակող համբո՜ւյրն անգամ, նա՛ էլ,
Որ... ես խոսքըս խոսեմ,
Ասելիքըս ասեմ
Եվ դրանով մարդուս ի՛ր դասի մեջ դասեմ,
Մեզ ասո՜ւն են ասում, 
Ո՛չ անասուն)...

Ա՜խ, այս մշտափոփոխ-ինքնաբեկող,
Ամե՜ն ինչի տակից միշտ դուրս եկող
Անտարբերությո՜ւնը,
Որ հիմա էլ արդեն, երբ այլ հնար չունի,
Աշխատում է մի կերպ ինձ ներշնչել,
Թե խոսելը նույնն է, ինչ... ստելը։
(Ու ես ծա՜նըր-ծա՜նըր լռությունը
Բարձրացնում եմ խոսքի աստիճանի։
Ու ես ծա՜նըր-ծա՜նըր խոսքը իջեցնում եմ,
Դնում պատվանդանին քար լռության,
Եվ այդ մթությունից ծնվում է այն բիճը,
Որ սերում է սիրո՜ւց,
Բայց ո՛չ երբեք պարտքից, 
Ու կարճ կոչվում է Ճիշտ,
Երկար՝ Ճշմարտություն):

...Եթե ինձ ծնողը ինձ չի ուզում պահել,
Թող որբանոց հանձնի, վնաս չունի՜։
(Շա՜տ ավելի լավ է որբ մեծանալ,
Քան թե ամբողջ կյանքում ապրել միշտ ո՛րբ)... 

9.XI.1965թ.
Չանախչի


(«ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)

ԱՇԽԱՐՀ... ԱՇԽԱՐՀ


Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ,
Որ չես հանձնվում իմ տաք ձեռներին,
Որպեսզի փրչոտ մազերդ սանրեմ
Իմ ջերմ մատներով՝
Անմայր մնացած
Մինուճար որդուն սիրող հո՛ր նման։

Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ,
Որ իմ մազերն ես հանգուցել ամուր
Ամեն մի ծառիդ ու ամեն խոտիդ,
Ամեն էակիդ մագիլ ու մատին,
Շոշափուկներին, բեղիկ ու թաթին,
Եվ իրար ձգում փոխադարձորեն
Ու ձգձգում ենք նորից ու նորեն,
Որ... ինքըդ ապրես համակշռված,
Իսկ ես էլ...
Իսկ դու
Ե՞րբ ես իմ մասին մի բերան հարցնում,
Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ,
Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ։

Իսկ չե՞ս վախենում, որ հանկարծ... մեռնեմ։
Ես վախենում եմ, շա՜տ եմ վախենում,
Բայց ո՛չ ինձ համար,
Այլ լոկ քե՜զ համար.
Իսկ եթե հանկարծ իմ մահով խախտվի
Համակշռված այս վիճակը քո,
Ո՞նց պիտի լինես,
Ի՞նչ պիտի անես։
Տե՛ս, որ իմ մահով քեզ չկործանե՜ս,
Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ,
Փո՜ւչ ու ո՛չ աշխարհ։

9.XI.1965թ.
Չանախչի

(«ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)



ՍԽԱԼ ԽՈՍՔ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ


«Ես ոչ ոքի չեմ դիմում,
բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»:
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Գժվել է գարունը:
Եվ օդը գինով է:
Եվ լույսի՛ց, լոկ լույսի՜ց կարող է մայրանալ,
Կարող է մայրանալ... մինչևիսկ չբե՜րը:
Մինչդեռ ես կրում եմ ուժից վեր այս բեռը՝
Իմ գլխի՛ և սրտի՜ այս բեռը,
Որի տակ
Իննաձև մարմինըս քարշում եմ ութաձև:

Քարշում եմ:
Չե՛մ խորհում:
Եվ դա իմ խորհելն է:
Չե՛մ լսում:
Չե՛մ ուզում ընդունել ո՜չ մի ձայն:
Բայց անվերջ լսվում է, թե՛ իմ մեջ, թե՛ իմ շուրջ.
«Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»:

...Ինչ-որ բան սխալ է հենց Երկրի առանցքում,
Որ ուղի՛ղ չի անցնում, այլ ինչ-որ թեքությա՜մբ:

Ինչ-որ բան սխալ է մինչևիսկ լույսի՛ մեջ,
Որ պիտի՛ ունենար ծանրություն ու կշիռ:

Թե կրոնն է սխալ՝ այդ վաղո՜ւց հայտնի է,
Բայց մի տեղ սխալ չէ՞ և հավա՛տ կոչվածը:

Ինչ-որ բան սխալ է ճշմարտի մեջ անգամ,
Եվ ստույգ կոչվածն է ստուգվել աղերսում:

Ինչ-որ բան սխալ է և արյա՛ն,արյա՜ն մեջ.
Չհեղվե՛ր, հեղվելիս ինչո՞ւ է մակարդվում:

Թե ձեռքն է գավաթին երկարվում հուսահատ`
Սխալ է և գինի՜ն.
Չի ՛ խցվում կոկորդում:

Սխալ են ջրե՛րն էլ,
Հոսում են վերից վա՛ր,
Վերից վա՜ր,
Վերից վա՜ր`
Անընդհատ անկում է:

Կոշկատակն է սխալ.
Հողից է մեզ կտրում:

Սխալ է և հողը.
Առնըվում-ծախվում է:

Սխալ է կրակն էլ.
Ինչի՞ս է մխալը:

Լռությունն է սխալ.
Մեր թևերն է փետրում:
Իսկ անկե՜ղծ խոսելը... սխալ ու սխա՜լ է:

Իսկ ի՞նչն է տարբերում և ի՞նչն է անջատում 
Փակուղի ասվածից հորիզոն կոչվածը,
Եթե սա` ոտքերըդ, նա աչքերդ է հատում:

Սխալ է ջարդելը,
Բայց չէ՞ որ դրանից
Երկրաչափն է կարծեմ օգտըվում արանքում.
Ձևերն են բազմանում այդ ջարդում-փշրումից:

Սխալ կա թերևըս և նրա՛նց արարքում, 
Որ անկեղծ ձգտում են շտկելու սխալը
Եվ ամեն մի սխալ շտկելիս, ակամա,
Գործում են նո՛ր սխալ,
Սխալ է ձգտո՜ւմը:

Ինչ-որ բան, ու լո՜ւրջ բան, անկասկա՛ծ, սխալ է
Եվ մարդուս մարմնի մեջ,
Մի գլխով ի՞նչ անել,
Երբ այսքա՜ն դժվար է անսխալ ապրելը...

Հետո ի՞նչ դուրս եկավ,
Սխալ է ատե՛լը
Սխալ է սիրե՛լը,
Այրվե՛լը,
Մխա՛լը:

Սխալ է , անկասկա՛ծ, և այսպես դատելը
Ուստի և այս երգը... սխալի՜ց սխալ է...

19-20.V.1961թ.
25.VII.1961թ.
22.IX.1961թ.
10.X.1961թ.
Երևան

(«ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)


ԿԱՅԱՆԱԼԻՔ ԶԲՈՍԱՆՔ


Վճռել եմ հաստա՛տ,
Պիտի շո՛ւն պահեմ...

Եվ ամեն գիշեր,
Երբ միլիոնավոր հոգնած կոշիկներ 
Դռան մուտքի մոտ
Լաթերի վրա մտնեն խորունկ քուն`
Արդեն չպաշտվող տոտեմների պես,
Երբ նեղ օրերից այլևս ազատված
Մեր հագուստների կոճակները խեղճ
Ազատ շունչ առնեն մի քանի ժամով,
Ու փողոցներով երբեմն սուրա
«Շտապ օգնության» մեքենան միայն` 
Իր զույգ աչքերի ճառագայթներով
Պոզահարելուվ խավար ու ստվեր,-
Շանըս հետ պիտի ելնեմ ման գալու,
Որ մտերմաբար ասուլիս անենք
Անդորրության մեջ կեսգիշերային,
Քաղաքի պարապ պողոտաներում:
-Իմ նախա՛-նախա՛-նախապապերի ազնի՜վ օգնական,
Գազա՛ն երբեմնի,
Այսօրվա նույնիսկ քաղաքաբնա՛կ շուն իմ, սիրելի՜ս,-
Ես նրան կասեմ,-
Քո ականջներում առայժմ չկա 
Հեռախոսային լար ու լսափող,
Եվ քո բնական հոտառությունը չի չարաշահվում,
Որ իմ մշահոտ-ճենճերահոտով
Մտածմունքներիս ու տվայտանքիս նյութը որոշվի
Քիմիական ստույգ տարալուծությամբ:

(Նա պոչով օդում «այո» կգծի):

Ամենքս էլ մի քիչ շուն ենք, շո՛ւն եղբայր,
Մեր անխախտելի հավատարմությամբ
Առ Աստված:
Որին հիմա ամենքըս «Գալիք» ենք կոչում,
Եվ առ Հայրենիք,
Որ ձեր շնային լեզվով, կարծում եմ,
Կոչվում է «Ոսկոր»,
Եվ առ այն էգը, որ էգ չե միայն,
Այլ «Սեր» է նաև,
Ինչին շնային լեզվով, երևի,
Դուք «Ծուծ» եք կոչում:

(Նա պոչով գետնին «դիցուք» կգծի):

Ամենքս էլ մի քիչ շուն ենք, շո՛ւն եղբայր,
Եվ ամեն մեկս էլ մեր հաչոցն ունենք:
Եվ մինչև անգամ լույսերն են հաչում`
Լուսամփոփների բացուխուփ բերնով.
Այս լուսազդներն են հաչում համրորեն`
Իրենց գույների տուրևառությամբ.
Եվ հանրակառքի ուղիներն այս զույգ`
Իրենց զնգոցի երկար կաղկանձով:
Իսկ մարդի՜կ…
Ոմանք իրե՛նք չեն հաչում.
Նրանց տեղ իրենց սրտե՜րն են հաչում`
Կարոտի՛ բերնով ու տառապանքի՛...
Եվ կա մի հաչոց, որ լաց է կոչվում,
Կա՛, որ կոչվում է հառաչ, հեկեկոց,
Կա՛, որ կոչվում է աղաղակ ու ճիչ,
Կա՛, որ կոչվում է ծիծաղ կամ քրքիջ: 
Այս վերջին հաչն է ինձ շատ դուր գալիս,
Թեպետ շատ հաճախ ինձ տեսնում ես դու
Ոչ թե խնդալիս,
Այլ դառն լալիս:

(Նա պոչով կասի մի հաստատ «այո»):

Իսկ նրանք, իմ շո՛ւն, ովքեր շա՜տ են շուն,
Իրե՛նք են հաչում, ըստ որում, գիտե՞ս,
Մենք հաչոց ունենք հազա՜ր մի տեսակ,
Մինչ քեզ ծանոթ են մի քանիսը լոկ...

Այնպես որ, շո՛ւն իմ, ամենքս էլ իրոք
Մի որոշ չափով շուն ենք, եղբա՛յրս:
Ու շուն եմ ե՛ս էլ` ամենքի նման,
Նրանցից գուցե այնքանո՛վ տարբեր,
Որ ես մերժում եմ պատառը ճարպոտ,
Ինձ մի ոսկորն էլ հերի՜ք-հերի՜ք է...

(Նա պոչն է տնկում` իբրև հարցական)։

Ոնց եմ ոսկորով ոսկո՞րըս լցնում։
Աստղերից ցատկող լվեր բռնելով,
Հոգու ջրհորի ջրիմուռներով,
Ա՛յն քարաքոսով, որ «խիղճ» է կոչվում
Եվ ամենից շատ (թե անկեղծ ասեմ)՝
Ա՛յն արմատներով, որոնց մեր լեզուն 
Կոչում է «ջղեր»

(Այս խոսքիս վրա, իբրև միջակետ, 
Շունըս կդնի մի բերան հաչոց։
Փողոցով կանցնի մի բարակ քամի՝
Ջանալով ավլել ստվերն իմ ու շան։
Լուռ կհորանջի մի լապտեր աղոտ՝
Արդեն ձանձրացած ա՛յն ցուցանակից,
Ում ծառայում է տարիներ անվերջ)

Եվ զկռտոցը իմ կոշիկների
Մի պահ չի հնչի ամայության մեջ,
Որովհետև ես պիտի կանգ առնեմ
Ցուցանակների մի խմբի առաջ
Ու շանըս ասեմ.
-Նայի՜ր, շո՛ւն եղբայր,
Նայի՛ր այս բազում ցուցանակներին։
Տեսնու՞մ ես, շո՛ւն իմ, պատերն էլ ունեն
Իրենց պատային ճակատագիրը,
Որ «ցուցանակ» է կոչվում մեր լեզվով։
Եվ համատարած գրագիտության
Այս աննախադեպ լուսավոր դարում, 
Երբ հազարավոր տարիներ առաջ
Մեռած լեզուն էլ վերծանվում է հեշտ,
Եվ մինչև անգամ
Լուսնի հակառակ երեսն են կարդում
Ու Վեներայի
Կամ Մարսի օդը դարձնում այբուբեն,-
Մեր երկտողանոց ճակատագիրը մնում է դարձյալ
Անընթեռնելի՛ և անմեկնելի՜...

(Այս խոսքս վրա
Շունըս իր ետին ոտներից մեկը կկտրի գետնից
Եվ անդաստիարակ-անկիրթի նման
Կթրջի պատի քարը սրբատաշ,
Ու մենք միասին տուն կգանք կրկին,
Որ միլիոնավոր կոշիկների հետ
Իմոնք էլ քնեն մուտքի դռան մոտ՝
Արդեն չպաշտվող տոտեմների պես,
Եվ նեղ օղերից այլևս ազատված
Խեղճ կոճակներն էլ իմ վերնաշապկի
Ազատ շունչ առնեն մի քանի ժամով)...
Իսկ շունըս...

Սակայն ես դեռ շուն չունե՜մ
Եվ չգիտեմ էլ՝ արժե՞ ունենալ։
Իսկ եթե նրա ականջների մեջ
Հեռախոսային լար ու լսափող թաքցրած լինե՞ն
Ու չարաշահեն նրա բնական հոտառությու՞նը
Եվ իմ մշահոտ- ճենճերահոտով
Մտածմունքներիս ու տվայտանքիս նյու՞թը որոշեն
Քիմիական ստույգ տարրալուծությամբ։

Վճռել եմ հաստա՛տ.
Շուն չե՜մ պահելու... 

20-21,26.XI.1963թ.
Երևան


(«ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)

ՄԱՆԿԱԿԱՆ ՃՈՃՔ


Կապույտ-կապարե մենակության մեջ անծիր երկնքի
Թռչուններն իրենց երգն են չորացնում:
Մինչդեռ լեռների պղնձե-պաղած միայնության մեջ
Ավելացնում եմ ես էլ աչքերիս թացությունը տաք:
Եվ հորիզոնը, ամառվա տապից,
Դարձել է կարծես մանկական մի ճոճք:
Ա՛խ, երանի՜ թե նա ինձ քնացներ
Եվ կամ ստիպեր,
Որ ուրախության ճիչեր ճչայի:
Սակայն այդ ճոճքից
Ուժեղանում է միա՜յն ու միա՛յն գլխապտույտըս,
Որով մի հսկա զերո է գծվում՝
Իր մեջ առնելով 
Ի՛նձ,
Թռչունների՛ն,
Երկի՛նք ու երկի՜ր,
Եվ դուրս թողնելով
Լոկ հորիզոնն ու մենակությունը,
Որպեսզի... մեկը ճոճվի՜ ու ճոճվի՜,
Մյուսն էլ... քարանա ու հավերժանա...

Ո՛չ մի ժամանակ,
Ո՛չ մի ժամանակ,
Մենք այսպես մենակ ու մենիկ չէինք,
Ինչպես որ հիմա,
Երբ միասին ենք բոլորս առավել,
Քան թե որևէ ուրիշ ժամանակ... 

10.XI.1965թ.
Չանախչի


(«ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)


ՃԱՄՓԵԶՐԻ ԽՈՏԸ


Իմ բախտը բերեց.
Ես ո՛չ մի անգամ
Չշփոթեցի իմ ահեղ դարը օրացույցի հետ,
Եվ ո՛չ մի անգամ
Չկարողացա (չկարողացա՜-չկարողացա՜)
Դառնալ խոսափող ա՛յն անցողիկին,
Որ համարժեք էր հաջողությանը...

Իմ բախտը բանեց.
Ես բոլորի՜ հետ ու մեկտեղ էի,
Բայց ո՛չ նրանց հետ,
Ովքեր գոռգոռում
Ու բոռում էին բոլորի՜ անվամբ,
Բոլորի՜ն անվերջ վկա բերելով,
Մինչ այդ «բոլոր»-ի
Անունը թե կար` ամանում չկար...

Իմ բախտը բերեց.
Ես գրչիդ կո՛թը հաճախ ծծեցի
Ու հենց դրանո՛վ հաճախ կշտացա,
Բայց ո՛չ երբևէ գրիչ ծախելով...

Իմ բախտը բանեց,
Ինչպես բանում է բախտը այն... խոտի,
Որ ճանապարհի եզրին է բուսնում.
Մի՛շտ կոխկրտվելով`
Ես ցողունի տեղ, ստիպվա՛ծ, արմա՜տ երկարացըրի... 

14.XI.1963թ.
Երևան


(«ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)


ԱՇՆԱՆԱՅԻՆ ՎԱԼՍ


Մի մոռացկոտ անձրև
Ու մի երկչոտ քամի
Դաշնագիր են կնքել մեկմեկու հետ՝
Բնա՛վ չհարցնելով կամքն աշխարհի,
Ու գործի են անցել.
Շաղ են տալիս... տաղտուկ։
Տերևները կրկին գործադուլ են անում,
Եվ ծառերի կանաչ գործարաններն արդեն
Էլ չեն արտադրում ո՛չ թթվածին,
Ո՛չ էլ դեղին շրշյուն,-
Հե՜րն անիծած։

Ու ծվատված ձանձրույթն ամենքիս մեջ
Երազում է հիմա հնավաճառ միայն։
Ա՜խ, թե պատուհանից մեկի ձայնը խռպոտ
Խուժեր սենյակ.
«Ձանձրո՜ւյթ, հին-մին ձանձրո՜ւյթ կառնեմ»...

Եվ ամենքս ենք հիմա կիսով մենակ,
Եվ ամենքս ենք հիմա կիսով տխուր՝
Հոգնած մե՛ր իսկ բոլոր շարժումներից,
Եվ ձևերի՛ց ամեն
Եվ մտքերի՛ց բոլոր...

Օդը հաստանում է մառախուղով,
Ու մշուշով երկինքն է ցածրանում.
Որ բարակի թելը համբերության
Ու վեր բարձրանալիս ճիչ ճնգոցով հատվի։

Եվ ամենքըս հիմա վատ բաներ ենք հիշում,
Եվ ամենքըս հիմա հոռետես ենք դարձել,
Ամե՜ն ինչից զզված,
Զզված նաև մեզնի՛ց։
Եվ մեր քիթ ու մռթից քմծիծաղ է կաթում,
Ինչպես ամեն ծառից` կենտ-կենտ տերև,
Ինչպես ջրհորդանից՝ անձրևաջուր կեղտոտ,
Քիվից՝ պղտոր կաթիլ,
Տտիպ տաղտուկ՝ հոգուց...
Կաթո՜ւկ-կաթո՜ւ-կաթո՜ւկ,-
Հե՛րն անիծած...

Այս մոռացկոտ անձրևն ու այս երկչոտ քամին,
Տխրությունն այս բարակ և տաղտուկն այս պարարտ,
Նաև վատն ու հոռին
Պարազույգ են կազմել
Ու պարում են-պարո՜ւմ-պարո՜ւմ հիմա
Մեր փողոցու՛մ,
Տա՛նը,
Մեր սենյակո՛ւմ նեղլիկ։

Երկրագունդն է պարում նույն վալսը հին ու նոր,
Տարվա եղանակներն անվերջ նույնն են պարում,
Նույնն է պարում կյա՛նքը,
Նույնն է պարում մի՛տքը։
Այս ի՜նչ խենթություն է,-
Հե՛րն անիծած...

Եվ ինչ է դեռ մնում, որ ի՜նչ անենք։
(Ձանձրույթ առնող չկա.
Մենք ամենքս ենք ծախող)
Ձանձրույթի հետ կազմենք լավ պարազույգ
Ու պտըտվենք մե՛նք էլ,
Մե՛նք էլ պարենք
Խենթացնող այս վալսը` խենթի նման,
Պարենք մեր անձկացած ու նեղացած հոգո՛ւմ,-
Ի՜նչ ուզում է լինի.
Հե՜րն անիծած... 

16.II.1964թ.
Երևան

(«ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)


ՀՊԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ


Երբ վերջալույսն է մխրճվում ամպերի մեջ` սանրի նման,
Ու հոտոտող բարակ քամին , շնիկի պես, կանգ է առնում
Ամեն թփի, ծառի, գուղձի և ամեն մի մարդու առաջ.
Ու երբ ցուրտը երիտասարդ ցույց է տալիս իր ուժն արդեն`
Ստիպելով շապիկ կոճկել ու մրմնջալ խոսքեր դժգոհ.
Ու երբ մթան թավշի վրա օրվա հաչոցն է խլանում,
Իսկ հատ ու կենտ լույսերն ասես դառնում են հին զարդանկար,-
Միամի՜տ եմ դառնում նորից,
Հավատում եմ արդարությա՛ն,
Ու թվում է, թե ես պիտի իմ... բնական մահով մեռնեմ... 

14.XI.1963թ.
Երևան


(«ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ


Դու` 20-րդ և, անտարակույս, հոբելյանական,
Դու` հյուլեական,
Կարծես էական
Եվ ավելի քան կարծես բանական,
Բայց նաև նույնքան խելագար դարի,
Ո՜վ քաղաքացիդ անզոր ու հզոր,
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության անդարման ցավով,
Որ բողբոջում է բջիջներիդ մեջ,
Ծաղկում է անգամ քո զույգ բիբերում,
Նյարդերդ է խեղդում ճյուղերով իր պիրկ
Եվ իր թունավոր սաղարթն է բերում
Խառնելու գլխիդ մազերին անգամ:
Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության ահարկու՜ ցավով...

Եվ ինչպե՞ս ապրես միայն անցյալով,
Եթե ներկադ էլ
Արդեն չի ծախսվում այլ բանի վրա,
Քան վաղվա մասին պարապ խորհելու...
Ի՞նչ է սպասվում այս մոլորակին,-
Ի՞նչ պատասխանես,-
Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ,-
Ինչպե՞ս իմանաս:
Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին:
Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ...
Կրակն ես ընկել մտքերի ձեռքից:
Ազատու՜մ չկա: Եվ պրծու՜մ չկա:

Կա մի վիթխարի՜ անորոշություն,
Որ տորիչելյան դատարկության պես
Երբեք չի՛ լցվում:

Կա մի անսահմա՜ն անորոշություն,
Որ սողոսկում է`օդի պես` այնտեղ,
Ուր կա ծակոտիք:

Կա մի որոշյա՜լ անորոշություն,
Կրկնակաղապար` ընկույզի՛ նման:
Եվ ինչպե՞ս ապրել
Թունոտ ու կարծըր կաղապարների
Անշունչ արանքում,
Էլ ինչպե՞ս ապրել...

Աղն էլ է ծանոթ արցունքոտվելուն
Ու կուրանալուն`
Խոնավությունի՛ց,
Ինչպես որ մարդը` անորոշության
Օվկիանին անափ:
Իսկ ու՞ր է ցամաքն ու չորությունը:

Ցեմենտ կոչվածը
Կարգին շնչում է միայն ջրի՛ մեջ,
Մինչդեռ այդ խեղճը շնչահեղձվում է
Հենց ի՛ր իսկ փոշով,
Ինչպես որ մարդը`անորոշությամբ:
Իսկ ու՞ր է ջուրը...

Արևի շողերն ուզում են մտնել
Նաև եղնջի թփուտի մեջ թավ,
Բայց, դաղդղվելով, բեկվում են կողքի:
Թող ցույց տան նույնիսկ եղնջի՛ թփուտ,
Որ չի ստվերվում անորոշությամբ,
Եվ բնակավայր դու կդարձընես
Այդ եղնջու՜տը...

Թե ծառ լինեիր`
Դու կարտասվեիր սեփական խեժով
Եվ քո կեղևով քեզ շրջափակած`
Քեզ կբուժեիր:
Բայց քո արցունքը
Քեզ կրծոտում է... սնդիկի՜ նման,
Եվ այս աշխարհի ցավերի դիմաց
Դու կեղևահան ծառ ես մարդաձև,
Եվ կեղևահան այդ ծառի վրա մնում են հիմա
Քիչ թե շատ առողջ այս քո աչքե՛րը`
Լեցու՜ն, լեփ-լեցո՛ւն անորոշությամբ...

Անորոշության ցավով ես հիվանդ,
Անորոշության ոխերի՜մ ցավով,
Որ մահդ է տենչում:
Բայց մահ էլ չունես.
Կարգին մեռնելու համար էլ
Պիտի մարդ բախտ ունենա... 

Եվ զուր մի՛ հարցրու. «Ուրեմն ի՞նչ անել»:
Այդ պատասխանը քեզ ե՛ս չեմ տալու:
Ինձ նմանները եկել են աշխարհ
Եվ այսուհետև աշխարհ են գալու,
Որ իրենց կյանքով ցույց տան ինչ չանե՜լ:
Այսքա՛նը միայն:
Իսկ մնացածի համար դիմեցեք
Դուք դարձյա՛լ ցավին,
Անորոշության անորո՜շ ցավին...

11.VII.1961թ.
Մոսկվա

01.XI.1965թ.
Չանախչի

(«ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)

 ԷՇԸ


Ով ստեղծեց գազաններին,
Թռչողներին, վազաններին,
Ամեն մեկին անուն դրեց,
Անուն դրեց
Ու խնդրեց`
Չմոռանալ անունն իրենց:

Եվ ցրվեցին ու հեռացան,
Անունն իրենց չմոռացան:

Միայն մեկը եկավ ձորից,
Իր անունը հարցրեց նորից:

Ստեղծողը քնքշանքով
Ասաց. «Էշ է անունը քո»:

Էշը գնաց:
Երկու օրից
Վերադարձավ էշը նորից.
Մոռացել էր իր անունը:

Նորի՛ց գնաց,
Եկավ նորի՛ց,
Ու կրկնվեց նորից նույնը.
Մոռացել էր իր անունը:
«Քո անունը Էշ է, Իշուկ:
Երկու տառ է, ո՞նց չես հիշում»:

Բայց այդպես էլ նա չհիշեց,
Ու ետ եկավ մի օր նորից:
Եվ այս անգամ մի լա՜վ քաշեց
Ստեղծողը ականջներից:
Քաշեց, ասաց. «Անունդ Է՜շ է»,
«Անունդ Է՜շ է»,- ասաց, քաշե՜ց:

Եվ այն օրից խելոք էշը
Իր անունը արդեն հիշեց.
Էլ հարցնելու կարիք չկար,
Բայց ականջը... մնաց երկար:

(«Ձեր ծանոթները» շարքից)

 ՇՈՒՆՆ ՈՒ ԳԱՅԼԸ


Ով ստեղծեց գազաններին,
Թռչողներին, վազաններին,
Ուներ-չուներ` ծով բարություն,
Նա շատ երկար չափեց-ձևեց
Ու Շներին մեծ ուժ տվեց,
Իսկ Գայլերին` հոտառություն:

Գայլը դաշտում տեսավ Էշին,
Խեղդե՛ց, հաղթե՛ց, հպարտացա՛վ:
Բայց հանդիպեց երբ Գոմեշին,
Տեսավ, որ գործը բարդացավ.
Գոմեշն այնպես պոզահարեց, 
Որ խեղճ Գայլի սիրտը մարեց:
Ու մտածեց Գայլը երկար,
Որ ուժեղից ուժեղն էլ կար:

Երբ որ Գայլը եկավ ուշքի,
Ստեղծողին ասաց ուժգին.
«Հոտառության մեջ ի՜նչ կա որ...
Ո՛ւժ տուր, ո՜ւժ է ինձ հարկավոր»:

Նա էլ զարկեց իր ծնկներին,
Էլ ո՛չ չափեց, ո՛չ էլ ձևեց,
Շան ուժն առավ`գայլին տվեց,
Հոտառությունն էլ` Շներին:

Տարիներ են եկել-անցել,
Գայլն իր ուժով մինչև հիմա
Էլի՛ նույն գայլն է մնացել`
Նո՛ւյն սովածը ձմեռ-ամառ,
Նո՛ւյն որսորդի ահ ու մահով,
Այնինչ շունը իրեն համար 
Ստեղծել է կյանք ապահով` 
Ոչ թե ուժով կամ բռնությամբ,
Այլ նուրբ ու սուր հոտառությամբ:


(«Ձեր ծանոթները» շարքից)


ՆՈՐԻՑ ՇՈՒՆՆ ՈՒ ԳԱՅԼԸ


Կար մի ժամանակ, որ Գայլի ցեղը
Հենց ինքն էր ապրում Շների տեղը.
Ապրում էր Գայլը մարդկանց բակերում,
Իսկ Շունն` անտառում, քարի տակերում:
Գայլերին մարդն էր հաց ու թաց տալիս,
Իսկ Շունը ինքն էր իր օրը լալիս:

Եվ քարում-սարում ու հին անտառում
Շատ շներ էին շուտ հիվանդանում.
Մեկ տեսար` հարբուխ, մեկ`գրիպ, մեկ`հազ,-
Ամեն օր մի նոր ցավ էր անպակաս:

Ու շա՜տ խնդրեցին մի օր շները
Գայլուկ եղբոր հետ փոխել բները.
-Անտառում ապրեք միառժամանակ,
Իսկ մենք`խեղճերս, մարդկանց մոտ մնանք:

Գայլ եղբայրները նրանց խղճացին,
Իսկ հետո իրենք... հազա՜ր զղջացին.
Իրենց նոր կյանքը, հոտած բները
Շա՜տ հավանեցին նորեկ Շները:
Քիչ խանգարում էր լոկ շղթան վզի,
Բայց հացի հո՜տը, բա հա՜մը մսի:
Ավելի լավ չէ՞ վզների շղթան,
Քան սոված-ծարավ դես ու դեն վազ տան,
Դողդողան ցրտից, փռշտան, հազան,
Ի՜նչ է թե կոչեն անշղթա գազան,
Եվ ազա՛տ կոչեն:
Չէ՜, հիմար հո չեն...

Ու խելոքացած առողջ Շները
Է՛լ չթողեցին իրենց բները:
Իսկ խեղճ Գայլերն էլ մնացին դրսում:

Երբ նրանք շատ են քաղցում ու մրսում,
Մինչև հիմա էլ ոռնում են դրսում
Եվ այդ ոռնոցով հարցնում Շներին.
«Բա չլավացա՞ք, բա ետ չեք դառնո՞ւմ»:

Շներն էլ` «հա՛ֆ-հա՛ֆ», իրենց բներից
Ասում են «չէ՛-չէ՛», տեղից վեր թռնում, 
Քաշում են իրենց վզների շղթան,
Որ այդ աներես գայլերին վախ տան,
Թե իզուր տեղը ի՜նչ են հա ոռնում...


(«Ձեր ծանոթները» շարքից)

 ՈՒՂՏՆ ՈՒ ԾԻՏԸ


Ով ստեղծեց գազաններին,
Թռչողներին, վազաններին,
Երբ որ հերթը ուղտին հասավ,
Ուղտին տվեց բարձր հասակ,
Մեջքը`շատ հարթ ու հավասար,
Ոտքը` երկար, բայց ոչ բարակ,
Վիզն էլ` սիրուն մի աշտարակ:

Եվ մի օր Ստեղծողը
Ուզեց բոլոր զավակներին 
Իր մոտ կանչել,
Լավ ճանաչել:
Հավաքելն էլ դժվար բան չէր.
Սրան ճամփեց`նրա՛ն կանչի,
Նրան ճամփեց` սրա՛ն կանչի:

Ուղտն էլ գնաց ծտին բերի.
«Քեզ կանչում են, դե՛, շո՜ւտ արի»:
Իսկ ծիտն ասաց.
«Սրա՜ն դու տես,
Մի այնպիսի՛ քացի կուտես,
Որ յոթ տապակ կպտըտես»:

Նայեց ծտին Ուղտը հսկա
Ու ծիծաղեց Ուղտը քահ-քահ,
Ու ծիծաղեց հսկան այնքա՛ն,
Որ ծիծաղից գետին փռվեց:
Ու ծիծաղեց... վի՛զը ծռվեց,
Մե՛ջքը ծռվեց,
Ո՛տքը ծռվեց:
Վիզ, մեջք ու ոտ ծռվեց գնաց
Եվ այդպես էլ... ծռված մնաց...

(«Ձեր ծանոթները» շարքից)

 ՉԹՉԹԱՆԸ


Մի օր ասաց Ստեղծողը
Իր ստեղծած թռչուններին.
«Ձեզնից ով շուտ այս տեղը գա,
Նա կդառնա ինձ տեղակալ
Կամ թագավոր թռչունների»:

Ստեղծողի կոչի վրա
Արծիվն իսկույն վեր է թռչում
Եվ չի զգում, որ մի թռչուն
Նստել է իր պոչի վրա, 
Տեղ չհասած`հոգնում է նա
Ու նստում, որ հանգստանա:
Այդ ժամանակ արծվի պոչից
Շուտ պոկվում է ու թռչում է
Խեղճ ու պուճուր այն թռչունը,
Արծվից առաջ տեղ է հասնում,
Եվ կանչողի առջև բուսնում:

Իսկ կանչողն էլ աչքով տեսնում,
Չի հավատում իր տեսածին.
«Ի՞նչ ես ուզում, ասա՛ ինձ, ծի՛տ»:
«Ես քո կանչով այստեղ եկա,
Որ ինձ դարձնես քեզ տեղակալ
Կամ թագավոր թռչունների»:

Չթչթում է թռչունն էլի,
Չթչթում է և սպասում:
Միտք է անում Ստեղծողը
Քիթն է քորում, քորում կողը
Եվ ժպտալով հանգիստ ասում.
«Այ դու ապրե՜ս, որ այդպես է,
Գնա ընկիր դեն ու դեսը
Եվ այնպիսի ճիպոտ բեր ինձ,
Որ ո՛չ ուղիղ, ո՛չ ծուռ լինի,
Ո՛չ մեծ, ո՛չ էլ պուճուր լինի»:

Այդ օրվանից փոքրիկ ծիտը
Մտցընում է իր սուր քիթը
Ամեն տեսակ ցանկապատի
Ու թփի տակ` ի՜նչ է պիտի
Մի այնպիսի՛ ճիպոտ գտնի,
Որ ո՛չ ուղիղ, ո՛չ էլ ծուռ է,
Որ ո՛չ մեծ է, ո՛չ պուճուր է:
Երբ տեսնում է մի նոր ճիպոտ,
Կանգ է առնում ճիպոտի մոտ
Եվ ասում է. «Չէ, չէ, դա չէ՛, 
Չէ՛, դա չէ՛, դա չէ՛, դա չէ՛, դա...»

Ու կոչվում է նա...Չթչթան:

(«Ձեր ծանոթները» շարքից)