Պարույր Սևակ


 ՉՂՋԻԿԸ


1
Քարանձավն է նրա բույնը,
Եվ Չղջիկ է իր անունը:
Թևեր ունի
Նա թռչունի

Ու կարող է հանգիստ թռչել:
Բայց արի տես` կտո՛ւց չունի
Ու մկան պես գիտի կրծել:

Թռչունի թև, մկան ատամ,-
Ինքներդ ասեք`եղավ ո՞րը:
Նաև կույր է երկու աչքով:
Ստեղծվել է ի՞նչ հրաշքով,
Ո՞վ է դրա մեղավորը:

2
Մեղավո՞րը:
Հիմա ասեմ:
Մեղավոր է
Թագավորը:

3
Կար ժամանակ, որ Չղջիկը,
Ուրախությամբ հոգին լիքը,
Պարզ երկնքի ազատ գրկում
Թռչում էր ու զվարթ երգում
Ծիծեռնակի, Ծտի նման,
Երբ մի օր էլ (ա՜խ այդ օրը),
Թռչունների թագավորը
Տվեց սաստիկ մի հրաման.
«Ինձ պատկանող երկնքի տակ
Ով թռչում է` հարկ պիտի տա»:

Երբ Չղջիկին հերթը հասավ,
Թևը ծալած` անվախ ասավ.
«Հրամանըդ ո՞նց ընդունեմ,
Եթե, նայի՛ր, կտուց չունեմ,
Նաև չունեմ մաշկիս փետուր:
Հա՞րկ ես ուզում, խնդրե՛մ, դե տուր
Նախ ինձ կտո՛ւց, նաև փետո՛ւր...
Հարկ ուզելը հե՜շտ է այնքան.
Հերիք է, որ լինես արքա:
Բանն էլ կտուց-փետուր տալն է,
Ոչ թե տանջանք ու տուր տալն է...
Վերջում, արքա՛,
Կասեմ այսքան.
Զո՜ւր է ամբողջ այս աղմուկը,
Ես թռչուն չեմ, տե՛ս, ես մուկ եմ»,-
Ու ցույց տվեց ատամները:

Արքայական դատարանի
Կաշառակեր անդամները
Կչկչացին. «Շո՜ւտ, դո՛ւրս կորիր:
Ատա՞մ ցույց տալ... թագավորի՞ն...
Վա՜յ, հի՛ն օրենք,
Վա՜յ, լա՛վ օրեր,
Ո՜նց գնացիք,
Ո՜նց եք կորել,
Այս ո՜ւր հասանք,
Ի՜նչ խեղճ օրի»...

Նայեց արքան այդ բոլորին,
Որ կեղծ-անկեղծ դողում էին,
Իրենք թռչուն` սողում էին
Ոտքերի տակ իրենց պետի:
Բարկությունից գոռոզ արքան
Քիչ էր մնում իրեն ուտի,
Բայց դե ձեռքին ուրիշ ճար կա՞ր:
Ու թուղթ գրել տվեց արքան.
«Ո՛վ Մկների դու թագավոր,
Իմ սիրելի՛, իմ թա՛նկ քավոր:
Այսպե՛ս... այսպե՛ս` մի մուկ կա, որ
Քեզ կարծեմ թե հարկ չի տալիս:
Այդ ի՞նչ բան է»:
Թղթով գալիս
Ու տանում են Չղջիկ-Մուկին:
«Ի՜նչ մուկ, ի՜նչ բան...ե՛ս իմ հոգին.
Ես հո մուկ չեմ, ես թռչուն եմ:
Տեսե՛ք, ո՛չ մազ, ո՛չ պոչ ունեմ,
Բայց դրա տեղ թևե՛ր ունեմ:
Ձեր պահանջը ո՞նց ընդունեմ»...

4
Եվ այն օրից
Նո՛ր ու նորից
Ամբողջ կյանքում հալածվելով
Երկու դաժան թագավորից`
Քարանձավ է խեղճը մտնում
Եվ այնքան է ապրում մթնում,
Որ զույգ աչքով կուրանում է,
Լույս ասածն էլ մոռանում է:
Կուրանո՛ւմ, բայց չի՛ կռանում
Արքաների ուժի առջև:
Կուրանո՛ւմ, բայց չի՛ մոռանում,
Որ ավելի լավ է կառչել
Քարանձավի խոնավ պատին,
Քան թե ամեն տեսակ պետի
Առաջ սողալ
Ու դողդողալ...

Ու քանի դեռ կա աշխարհում
Հարկ պահանջող ու հարկ տվող,
Նա մի՛շտ կապրի մեզնից հեռու,
Կապրի մի՛շտ իր ուզած ձևով,
Կույր կմնա,
Բայց կիմանա,
Թե մենք ոնց ենք իրեն խղճում,
Որ ո՛չ մուկ է, ո՛չ էլ թռչուն:

(«Ձեր ծանոթները» շարքից)



 ՄԱՆՈՒՇԱԿԸ


Մանուշակը մի ժամանակ,
Ինչքա՜ն առաջ` ի՞նչ իմանաք,
Եղել է մի շա՜տ գեղեցիկ,
Մի շա՛տ քնքուշ,
Անո՛ւշ աղջիկ:
Բայց եղել է շատ բացբերան.
Սրա խոսքը տարել նրան,
Նրա խոսքը բերել սրան,
Ինչքան գաղտնիք են վստահել,
Ոչ մի գաղտնիք նա չի պահել:

Խրատել է մայրը նրան,
Իսկ նա` էլի միշտ բացբերան:
Խրատել է մայրը մեկ է՛լ,
Իսկ նա գլուխ չի էլ թեքել:
Մի՛շտ խելքի է մայրը գցել,
Իսկ նա լեզուն չի էլ կծել:
Երբ տեսել է` օգուտ չկա,
Անիծել է մայրն աղջըկան.
«Դաշտերն ընկած`
Ապրես ծնկած,
Հե՛նց զորանաս`
Շո՛ւտ չորանաս,
Ու լեզուդ էլ
Բաց բերնիցըդ թող դուրս չգա,
Այլ բկիցըդ,
Ծոծրակիցըդ»:

Դրա համար
Մինչև հիմա
Մանուշակը ցողուն տալիս
Դեռ նոր ցցված`
Կեռանում է 
Դեռ նոր բացված` 
Թառամում է,
Իսկ ծաղիկն էլ դուրս է գալիս
Ոչ թե բերնից,
Այլ բկիցը
Եվ մինչևիսկ ծոծրակիցը...


(«Ձեր ծանոթները» շարքից)

 ԿԱՔԱՎԸ


1
Մի ժամանակ,
Հի՛ն ժամանակ,
Ինչքա՜ն առաջ`ի՞նչ իմանաք
Երգ չսիրող ու խռպաձայն հավք ու թռչուն
Չար նախանձից Արծըվի մոտ գանգատվեցին.
«Կաքավները մեզ չեն տալիս հանգիստ ու քուն.
Արթնանում են առավոտվա ժամը վեցին,
Ամբողջ օրը հա՜ երգում են, գլո՛ւխ տանում,
Անպետքները չե՛ն հասկանում,
Որ իրենց պես
Մենք անբա՛ն չենք, գո՜րծ ենք անում»:

Երգ չէր սիրում Արծիվն ինքը
(Ինքն էր, իր որսն ու երկինքը):
Եվ նա խոժոռ շուրջը նայեց,
Տեղնուտեղը հրամայեց,
Որ այլևըս չերգեն նրանք.
«Գլուխներըս ճի՛շտ որ տարաք»:

2
Ու լուռ մնաց ամեն կաքավ:
Սար ու ձորից է՛լ ձայն չեկավ:
Այսպես անցան ամի՛ս, տարի՛...
Եվ ամպ նստեց սար ու քարի:

Ամպ չէր սիրում Արծիվն ինքը.
(Եթե պարզ չէ իր երկինքը,
Ինքը ինչպե՞ս էլ որս անի,
Ո՞նց զոհերին զանազանի):

Եվ նա դեմքին կրկին հագավ
Երգ սիրողի դիմակ սիրուն
Ու թույլ տվեց` ամեն կաքավ
Նորի՛ց երգի քար ու սարում:

3
Ամեն կաքավ ուզեց երգել
Առաջվա պես, հնի նման.
(Չէ՞ որ արդեն չկար արգելք
Եվ կար արդեն այլ հրաման):

Թվաց` պիտի նորի՛ց տեղան, 
Նորի՛ց լողան
Ու գեղգեղան
Նրանց նախկին երգերը ջինջ,
Բայց ստացվեց լոկ «կա՜ղ-կըղա՛»,
Լոկ «կա՜ղ-կըղա՛», ուրիշ ոչինչ...


(«Ձեր ծանոթները» շարքից)


ԱՐԱԳԻԼԸ


1
Արագիլն եմ,
Արագիլն եմ,
Ես Գարունի օրագիրն եմ,
Առաջին Գ նրա գիրն եմ,
Որ գրում եմ ինքս ինձնով,
Երբ կանգնում եմ իմ մի ոտիս
Ու մի թևով բռնում գոտիս:

2
Արագիլն եմ,
Արագիլն եմ,
Ես սպիտակ-սպիտակ եմ,
Բայց Գարունի սևագիրն եմ:
Երբ ձեզ մոտ եմ` մի թռչուն եմ,
Որ գարուն է միշտ ձեզ բերում:
Երբ ձեզ մոտ չեմ` թևեր չունեմ
Ու չեմ թռչում ես ամպերում:
Երբ ձեզ մոտ չեմ` ճիշտ ձեզ պես էլ
Երկու ձեռքով մարդ եմ ես էլ:
Աշխատում եմ ամբողջ աշուն,
Ձեզնից էլ շատ, ձեզնից էլ շուտ:
Աշխատում եմ ամբողջ ձմեռ...
Ձեր գործից շատ է գործը մեր
Ու մեր բեռը`այնքա՛ն ծանըր,
Որ թվում է ձերը մանըր:
Երբ հասնում է գարունը տաք,
Արեգակն է վերից շողում,
Ու բացվում է սառույցը փակ,
Քիչ է մնում փափկած հողում
Խրվենք գնանք մինչև հատակ:
Դրա համար առնում թևեր,
Հողից պոկվում, թռչում ենք վեր,
Ու գալիս ենք աշխարհը ձեր,
Ուր ձեր բեռը թեթև է դեռ,
Եվ ձեր բեռան ծանրության տակ
Դեռ չենք գնում դեպի հատակ:

3
Արագիլն եմ,
Արագիլն եմ,
Ձեր փրկության հեռագիրն եմ:
Դուք մի՛ հարցրեք սրան-նրան,
Թե ինչո՞ւ եմ ես միշտ կանգնում
Ոչ թե երկու ոտի վրա, 
Այլ` մի ոտի:

Ով չգիտի
Թող հիմա նա
Լավ իմանա.
Ես կանգնում եմ միշտ մի ոտի,
Որ դրանով թեթևանա
Ձեր աշխարհի ծանըր բեռը,
Որ ձեր հողն էլ, ինչպես մերը,
Շատ չփափկի ձեր բեռան տակ,
Ու չխրվեք մինչև հատակ
Կամ ստիպված առնեք թևեր,
Ձեր հին բույնը թողնենք ավեր...

Արագիլն եմ,
Արագիլն եմ,
Իմ աշխարհի տարագիրն եմ...


(«Ձեր ծանոթները» շարքից)

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԸ


Ասում են, թե մի ժամանակ,
Ինչքա՜ն առաջ` ի՞նչ իմանաք,
Եղբայրներ են եղել հսկա մեր լեռները:
Զարթնել են շուտ,
Ելել ոտի,
Նա՛խ կապել են իրենց գոտին,
Լվացել են պաղ ամպերում
Իրենց երեսն ու ձեռները,
Հետո՛ միայն «բարի լույս» են իրար ասել
Եվ իրարից «բարի լույս» են սիրով լսել:

Եվ մի՛շտ այսպես
Ու ճիշտ այսպես.
Շուտ են զարթնել, ելել ոտի,
Նա՛խ կապել են իրենց գոտին,
Հետո՛ միայն բարև ասել,
բարև լսել:

Անց է կենում շա՛տ ժամանակ,
Ինչքա՜ն արդյոք` ի՞նչ իմանաք,
Եղբայրները ծերանում են
Ու մի օր էլ շատ են քնում,
Շատ են քնում - ուշ վեր կենում
Եվ ի՜նչ... հանկարծ մոռանում են
Նախ և առաջ կապել գոտին.
Առանց գոտու ելնում ոտի,
«Բարի լույս» են իրար ասում,
Բայց... իրար ձայն է՜լ չեն լսում:
Եղբայրները քարանում են,
Դառնում լեռներ հազար ու բյուր,
Նրանց աչքի արցունքները`
Հազար աղբյուր,
Նրանց մեջքի գոտիները`
Դաշտ ծաղկաբույր...

...Ով ուզում է չքարանա,
Պիտի որ նա չմոռանա
Զարթնել շատ շուտ,
Ելնել ոտի,
Մեջքին կապել ամուր գոտի
Այսինքն` միշտ գոտեպնդվել
Ու եղբորը գոտեպնդել...


(«Ձեր ծանոթները» շարքից)


 ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԾՆՈՒՆԴԸ


Այն օրն են միայն բանաստեղծ դառնում,
Երբ հասկանում են,
Հանկարծ ըմբռնում,
Որ իրենց գործը այն շիշն է միայն,
Որ ծով է նետում նավորդը մեռնող՝
Փրկություն հայցող տողով մի քանի:
Եվ ժամանակի ծովը քմահաճ
Շիշն այդ երբևէ ծովափ կհանի՞...

31.XII.1961թ.Երևան


ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ


Բոլորի պես՝
Նրանք նույնպես
Անկարող են ապրել առանց թթվածընի:
Սակայն նրանք
Ամեն վայրկյան նա՛խ այրվում են անթթվածին,
Հետո՛ միայն հրդեհվում են՝ քարածխի պես:

Նրանց լացը չի կտրվում
Ամե՜ն տեսակ քաղցրավենիք ստանալով:
Թե լալիս են՝
Ընդերկրյա անցուղո՛ւ պես:

Նրանք նաև ծիծաղում են,
Ու ծիծաղըԶրնգում է մաքրահունչ դրամի՛ պես,
Եվ դրանից աշխարհն ինքն է հարստանում,
Բայց ո՛չ իրենք:

Թե քրտնում են՝ ո՛չ ամոթից,
Այլ միմիայն... ապակո՜ւ պես՝
Իրենց ներսի՛ տաքությունից,
Երբ որ... սաստիկ ցուրտ է դրսո՜ւմ:
Ու թե նրանք սուտ են ասում,
Ապա՝ շա՜տ-շա՜տ՝ որսորդի՛ պես,
Ո՛չ ավելի:

Իսկ թե ուրիշ կերպ են ստում՝
Այդ իրե՛նք չեն,

Այլ ծպտված ճարպըկորդիք,
Որ գործում են միայն նրանց անձնագրով:

Բոլորի պես՝
Նրանք նույնպես
Անկարող են ապրել առանց հաց ու ջրի,
Սակայն նրանք
Չեն էլ կարող ապրել միա՛յն հաց ու ջրով...

Անկեղծ ասած՝
Նրանց, իրոք, չնախանձել չի՜ կարելի,
Բայց լինում են և այնպիսի՛ ժամանակներ,
Երբ որ նրանց... պետք է խղճա՜լ:

09.X.1961թ.Երևան

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԲԱԽՏԸ


Թեկուզ և ձեռքըդ գրչից էլ զրկեն,
Դու, միևնո՜ւյնն է, պիտի՛ որ երգես:
Թո՛ղ չտան ոչ մի լիազորություն,
Դու, մե՜կ է, սուտը պիտի՛ որ հերքես:

Քեզ կույր են կոչում,
Բայց տեսնում ես այն,
Ինչ որ շատերը չե՜ն կարող տեսնել:
Քեզ կաղ են կարծում,
Բայց այնտե՛ղ ես դու,
Ուր նրանք երբե՜ք չեն կարող հասնել:

Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Նա ամեն մեկին տարբեր է սիրում
(Շատ անգամ նույնիսկ ատելությունը
Շուռ տված սիրո պատկեր է կրում):

Հաջողությունը թո՛ղ երես թեքի,
Հաջողությունը թո՛ղ քեզնից տա խույս...
Թո՛ղ նրանք լինեն հաջող որսի շուն,
Իսկ դու կմնաս ձախորդ հետախո՜ւյզ:

Թո՛ղ նրանք լինեն հայտնի թարգմանիչ,
Իսկ դու ուզում ես մնալ վերծանո՜ղ:
Թո՛ղ նրանք լինեն անցավ մանկաբարձ,
Իսկ դու մնում ես կարեվեր ծնո՜ղ:

Թո՛ղ նրանք լինեն դարի մունետիկ.
Իսկ դու մնում ես դարի գաղտնարա՜ն,
Նրա՛նք՝ թեկուզ և ծառայեցընող,
Դո՛ւ՝ ժողովրդի ինքնակամ ծառա՜ն...

...Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր:
Նրանք ծնվել են, որ ապրեն հարբած,
Իսկ դու՝ որ քեզնով երբևէ հարբեն...

[1961թ.]


ԵՐԵՍ ՈՒ ԱՍՏԱՌ


Ուռենիները նրա՛ համար են,
Որպեսզի... ցույց տան ջրին ճանապարհ:

Եվ ծուխը, նո՜ւյնպես, նրա՛ համար է,
Որպեսզի... ցույց տա ուղղություն քամուն:

Ծղրիդներն, անշո՜ւշտ, նրա՛ համար են,
Որպեսզի... մամլեն մութն իրիկնային
Իրենց նվագի նո՛ւյն ձայնանիշով:

Եվ արտույտները նրա՛ համար են,
Որպեսզի... իրենց երգով չորացնեն
Շաղն ու եղյամը վաղ առավոտվա:

Իսկ ուշ աշունն էլ նրա՛ համար է,
Որպեսզի ......
Դանդաղ-դանդաղ լայնացնի տարածությո՜ւնը՝
Տերևաթափո՛վ...

Բանաստեղծնե՞րը:
Նրա համար չե՞ն,
Որպեսզի... այսպե՛ս
Ամե՜ն բան շրջեն աստառի վրա...

23.VI.1965թ.Երևան

ՔԱՂՑԸ՝ ՔԱՂՑԿԵՂ


Նորի՛ց՝ բառի սո՜վ,
Խոսքի խեղճություն:
Ուզում ես խոսել,
Իսկ բառե՞ր... չկա՜ն:

Եվ ինքդ՝ տնկված ոտնաթաթերիդ,
Մի տարօրինակ լրտեսի նման,
Ականջդ ես հպում սրտիդ պատերին,
Ու... հազա՜ր ու մի անկե՛րպ, աննմա՛ն,
Տարտա՛մ ձայներից գլուխդ է պտտում:
Այսպես՝ անտառում ծառե՞րն են փտում,
Թե՞ քարտեզներում գետերն են ստում՝
Խաղալով խշշոց, կարկաչ ու սահանք:

Այսպես՝ մի անքուն գիշերապահակ
Ձայներն է լսում քնած քաղաքի,
Որ շուտով պիտի դառնան ահագին,
Հորդե՜ն-վարարե՜ն անկարգ ու հախուռն՝
Նման... հանճարեղ սևագըրության:

Իսկ հիմա... քնած քաղաքն է տխուր,
Քարտեզի վրա գետերն են տխուր,
Աճող ու փտող ծառերն են տխուր,
Եվ նման է դա ա՛յն գեշ դըրության,
Երբ խոսքի քաղցը դառնում է քաղցկեղ,
Ու բառի սովը՝ ցավագարություն:

Ո՞ւր ես, հանճարե՛ղ սևագըրություն...

13.I.1962թ.
25.X.1962թ.
Երևան

ՀԻՄՆ ՔԱՐԱՆՁԱՎԻ


Մենք դուրս ենք եկել մութ քարանձավից
Միլիո՛ն ու միլիո՛ն տարիներ առաջ:

Մենք դուրս ենք գալիս նո՛ւյն քարանձավից
Ամե՜ն ակնթարթ:

Նո՛ւյն քարանձավն է մեզ հետապնդում
Մեր ներսի՜ց արդեն:

Ու մեր երգածի կեսից ավելին
Նո՛ւյն քարանձավի արձագանքն է հենց:

Մնացած կեսով մենք հիմնն ենք երգում
Նո՛ւյն քարանձավի՝

Անեծքանման խոսքերով այն կույր,
Որոնց իմաստն ենք հասկանում այնքան,

Որքան պառավը՝ իր հմայական խառնակ խոսքերը,
Որքան երեխան՝ իր խառնիճաղանջ շուտասելուկը...

11.XI.1965թ.
Չանախչի

ՄԵԾ ՈՒՂՏԻ ՓՈՔՐԻԿ ԱԿԱՆՋՈՒՄ


Ի՜նչ-որ ժամանակ,
Մեզանից առա՛ջ, մեզ անհա՛յտ մարդիկ
Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ.
Այս մեկը՝ անե՛լ,
Այն մեկը՝ չանե՛լ,
Այս՝ համարել ճի՛շտ,
Այն՝ մերժել-վանե՛լ,
-Սահմանել ինչ-որ հերթականություն,
Կոչել պատիվ ու... պարտականություն...

Ու մենք էլ ահա անցնում ենք հանգիստ
Անհեթեթությանց այս թանգարանով,
Եվ ծվատում ենք ո՛չ մեր հագուստը,
Այլ հոգի՜ն մեր խեղճ,
Որի հատակում
Կա անտանելի նույնպիսի մի բան,
Ինչպես ավազը՝ մեր կոշիկի մեջ,
Ինչպես սուր փուշը՝ մեր եղունգի տակ:

Եվ անց է կենում
Երգապնակի շրջագծային խազի վրայով
Ասեղը կյանքի՝
Կորզելով միշտ նո՛ւյն
Ու մի՜շտ տանջալից ա՛յն եղանակը,
Որ վաղո՜ւց արդեն անհեղինակ է,
Բայց համարվում է
Անառարկելի հեղինակություն...


Եվ մի արտառո՛ց,
Շատ տարօրինա՛կ ու տա՜ք ցանկություն
Հալածում է ինձ
Ու հետապնդում օրը ցերեկով.
Ես կամենում եմ (և ձե՜ր փոխարեն)
Ո՛չ թե լոկ մռռալ կամ թե գռմռալ,
Այլ գազանի պես մռնչա՜լ ազդու՝
Մռութըս դրած այս քարի՞ն արդյոք,
Թե՞ այս նորաձև կլոր սեղանին:
Ու չե՛մ կարեկցում... արհամարհո՜ւմ եմ
Ա՛յն թշվառական կենդանիներին,
Որոնք «ընտանի» պիտակն են կրում,
Իրենց կարծիքով՝ իբրև ուսադիր,
Իսկ իմ կարծիքով՝
Իբրև խոր խարան խայտառակության:
Դուք նախընտրում եք վիթխարի ուղտի՞ն:
Իսկ ես լրջորեն նախապատվում եմ
Նույնիսկ մկա՛նը, առնետի՜ն անգամ,
Որոնք ընտանի չեն դարձել ցայսօր...

Ու երբ քնի մեջ մղձավանջային
Ձեզ առնետները կրծոտեն սիրով,
Դուք՝ արթնանալով՝ մի պահ մտածեք,
Թե արժի՞ արդյոք դարեր շարունակ
Քնել մե՜ծ ուղտի փոքրի՛կ ականջում...

14,20.XI.1963թ.
Երևան


ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ


Նորի՛ց մեջըս խոսեց ֆրանսիացին...
Եվ ակամա, նորի՜ց, ես չանսացի
Իմ պապերի ձայնին՝ խոհեմությա՛ն,
Հա՛յր Սուրբ Խոհեմության,
Որին պիտի 
Հիմա խոստովանեմ իմ մեղքերը:

Հա՛յր Սուրբ, ես կուզեի կյանքի՜ս գնով
Ջնջել «զգույշ» բառը:
Մեծ մե՞ղք է սա:

Հա՛յր Սուրբ, ես կուզեի դարձնել կանոն
Անկանոնությունը:
Մեծ մե՞ղք է սա:

Կարելի չէ՞,
Հա՛յր Սուրբ, որ ոտքերը,
Գեթ ոտքե՛րը լինեն ինքնագլուխ,
Գեթ ոտքե՛րը, Հա՛յր Սուրբ, ո՛չ գլուխը...
Թե՞ մեծ մեղք է դա էլ:

Եվ մահի չափ հոգնած մի կա՜րճ պահի
Կարելի չէ՞ արդյոք «մարդ եմ» բառին
Չհագցընել ո՛չ մի նեղ ածական...
Թե՞ մեծ մեղք է դա էլ:

Հա՛յր Սուրբ, եթե մարդը հավատացյալըդ չէ,
Որտե՞ղ պիտի նա իր մեղքը խոստովանի:

Խո՛ս-տո՛-վա՛-նո՛ւ-թյա՜ն եմ կարոտ, Հա՛յր Սուրբ՝
Չներվելո՛ւ գնով
Եվ բանադրվելո՜ւ:

Որտե՞ղ խոստովանեմ,
Եվ ո՞ւմ խոստովանեմ,
Հա՛յր Սուրբ
Խոհեմություն......
Ո՛չ սուրբ և ո՛չ էլ հայր...

14.VII.1963թ.
Երևան

  ՄԻԱՅՆԱԿ ԶԲՈՍԱՆՔ


 
Հիմարացած ու վերացած, խեղճ ու վսեմ՝
Կանգնել եմ ես այս պարզերես երկնքի դեմ
Ու նայում եմ՝
Հորթուկի պեսԵվ կամ քրմի՝
Լիությունից թեթևացա՜ծ.
Եվ... հավատում եմ աստըծուն:

Ձեռքըս գցում այս ծռմռված առվի վզից
Ու ձգելով-բարձրացնելով գլխիցըս վեր՝
Ստեղծում եմ մի պսպղուն աղեղ-կամար,
Որ չի՜ փլվի,
Քանի դեռ ես չեմ կամեցել:
Մոտեցնում եմ հետո երկու ափըս իրար՝
Ծափ տալու պես,
Եվ՝ հնազանդ իմ ափերի այդ շարժումին՝
Քարափները գալի՜ս իրար,
Միանում են իրար անձայն...
Եվ ինքըս ինձ հավատալով՝
Է՛լ աստըծուն չե՜մ հավատում:

Ափս եմ քսում հողի դեմքին,
Անբաղաձայն
Ու նախնական մի կենտ բառ եմ ասում նրան,
Ու նա - շոյված՝ կատվի նման - մեջքը ցցում
Եվ իր երկար պոչն է շարժում՝ գետի տեսքով:
Ու ես կրկին հիմարացած և ինքնագոհ՝
Շոյելու պես ապտակում եմ
Այս պարզերես լուռ երկնքին
Ու ժպտում եմ՝
Մանուկի պես
Եվ կամ մոգի՝
Նորից լցվա՜ծ-լրիվացա՜ծ...
Եվ... հասկանում եմ աստըծուն:

08. XII.1962թ.
Երևան

 ԵՐՋԱՆԻԿ ԳՅՈՒՏ


Ա՜խ, իզուր է,
Շա՛տ իզուր է որոնումը այն ամենի,
Ինչ իր անցած ուղիներում
Կորցըրել է մարդկությունը,
Որի բոլո՛ր գրպանները
Վաղո՜ւց մաշված-ծակծկված են:
Ու բարի է հողը՝ պառավ մամիկի՛ պես.
Ինչ որ կորավ՝
Անմիջապես նա պահում է ու թաքցընում
Իր փեշի տակ մամիկային
(Ծածկաբերան մի խոռոչում,
Փոշու ներքո,
Սառույցի մեջ հավերժական,
Մինչև անգամ ածխի շերտում)...
Իսկ անփույթ են ճամփաները՝
Պատանո՛ւ պես
(Ինչ որ կորավ՝
Շուտ կորչում է կորցընողի ի՛ր իսկ ոտքի,
Մեքենայի անիվ-ակի.
Ձիու-ջորու սմբակի տակ,
Նույնիսկ ամպի սևանկար-պատճենի մեջ՝
Ա՛յն ստվերում,
Որ հինավուրց հափշտակիչ-ավազակ է)...
Եվ իզուր է,
Չէ՜, իզուր է որոնումը ա՛յն ամենի,
Ինչ դարավոր իր ճամփեքին կորցըրել է
Մարդկությունը,
Որի բոլո՛ր գրպանները
Վաղո՜ւց մաշված-ծակծկված են...

Ու երջանիկ է իսկապես,
Բախտավոր է նա՛ միմիայն,
Որ դարավոր ճամփաների
Ինչ-որ մի նեղ խաչմերուկում՝
Ամենևի՜ն չփնտրելով,
Այլ ակամա-հանկարծակի
Հեգ մարդկության կորուստներից մեկն է գտնում՝
Արեգակի
Կամ իր աչքի մատնիչ շողի միջնորդությամբ:
Գտնում, սակայն չի թաքցընում,
Այլ տալիս է իր տիրոջը՝
Մարդկությա՜նը,
Վերադարձնում նրա կորած գեղեցկության
Կամ բարության,
Ազնվության և կամ սիրո
Մի նշխարը,
Մի մասունքը:

Միայն այսպես է գտնվում
Հեգ մարդկության կորուստներից ինչ-որ մեկը,
Թե չէ իզո՜ւր, շա՛տ իզուր է
Ակնկալված և ակնկոր որոնումը ա՛յն ամենի,
Ինչ իր անցած ճամփաներին կորցըրել է
Մարդկությունը,
Որի բոլո՛ր գրպանները
Վաղո՜ւց մաշված-ծակծկված են...

04.XII.1964թ.
Երևան


ՃՇՄԱՐԻՏ ԵՐԳԸ


Ճշմարիտ երգը ծնվում է,
Ինչպես կրակը զենքի մեջ.
Ետհարվածով ետ է մղում կրակողին,
Իսկ ում դիպավ՝ տեղնուտեղը սպանում է:

11.VII.1961թ.
Մոսկվա


  ԾԱՐԱՎ


 
Նույնիսկ ե՛ս էլ գիտեմ ճառել
Ու խրատել գիտեմ, անշո՜ւշտ:
Սակայն պատիվ ու փառք նրա՛ն,
Ով կարող է հոգի վառել,
Հուրհրատել մեկ վայրկյանում
Երկու անսուտ գոյականով
Եվ անխարդախ բայով երկու:

Զույգ թվերը ե՜ս էլ գիտեմ:
Բայց փառք նրա՛նց,
Ովքեր տիրում են կենտերին,
Տիրում այնպե՛ս, 
Որ հեշտությամբ բաժանում են զույգի վրա
Ու քանորդում զույգ ստանում
Առանց մի կենտ մնացորդի:

Մկանն ի՜նչ է. բոլո՛րն ունեն:
Փառք ջղերի՜ն,
Որ լարվում են թեթև քամուց,
Օվկիանոսի և երկնքի առևտըրից,
Կանանց երբեք չկրկնվող ուղեծըրից.
Մինչև անգամ քաղաքային բառարանից՝
Ա՛յն լվացքից,
Որ չի փռվում այբուբենի կարգ ու սարքով.
Հետք չթողնող ա՛յն այրվածքից,
Որ կոչվում է հիշողություն.
Ա՛յն ասեղի կաղ քայլվածքից,
Որ մաքրությանն է շուլալում հոգին մարդու՝
Անվանելով իրեն գրիչ,
Մաքրությունը՝ թուղթ սպիտակ:
Գրելն ի՜նչ է. ե՛ս էլ գիտեմ:
Փառք ու հարգանք ստեղծողի՜ն,
Որ գալիս է և ազատում
Մեզ... մեզանից,
Մեզ... մեզանից հատում-զատում,
Ապա բերում կրկին զոդում,
Մեզ միացնում նախ... մեզ, հետո...
Անհայտի հետ:

Բոլո՜րն այժմ կարդալ գիտեն,
Ուրեմըն փառք... կարդացածը հասկացողի՜ն...
27.VII.1963թ.
Երևան

 
ԾԵՐԱՆՈՒՄ ԵՆՔ


 
Ծերանում ենք,
Պարո՛ւյր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս,-
Հասակակից կանանց արդեն մենք նայում ենք եղբոր պես,
Նկատում ենք մատղաշներին,
Որոնք մեզ չեն նկատում.
Ամեն մի նոր ծանոթություն չի վերջանում էլ սիրով,
Ոչ էլ երգով մի անարվեստ, բայց պոռթկուն ու կրակված...

Ծերանում ենք, Պարո՛ւյր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.
-Մեր ապստամբ մազերն արդեն կա՛մ պատըժվել են մահով,
Կա՛մ իշխանաց իշխան սանրի խեղճ հպատակն են դարձել.
Մեր խռովկան մատներն արդեն դարձել են հեզ ու լսկան,
Իսկ դավադիր մեր ոտքերը՝ ընտանեսեր-տնասեր...

Ծերանում ենք, Պարո՛ւյր Սևակ,
Ծերանում ենք, սիրելիս.
-Մե՛կ օր խմում
Եվ երկո՛ւ օր արդեն խումար ենք ընկնում,
Մե՛կ ժամ քայլում
Եվ երկո՛ւ ժամ խոսում դրա օգուտից
Կամ վնասից,
Եվ ըստ որում խոսում այնպե՜ս լրջորեն,
Կարծես մի մեծ գյուտ ենք արել
Կամ հերքում ենք մի հին գյուտ.
Եվ «բուժվել» կամ «հիվանդություն» բառերն արդեն օրեցօր
Հոլովվում են ու խոնհարվում ավելի շատ և նույնիսկ
Առավել քիչ դժգոհությամբ,
Քան թե թաքուն պարծանքով...

Ծերանում ենք, Պարո՛ւյր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս.
-Թափառելու ժամ չի մնում,
Չենք հասցընում ձանձրանալ.
Քիչ ենք թախծում մենք անառիթ,
Շատ ենք տխրում առիթով.
Քիչ ենք կարդում, շատ ենք գրում,
Շատ ենք խորհում, քիչ քնում,
Որովհետև «անքնություն» բառը դարձել է սոսինձ
Եվ ուզում է մեր քրքըրված ջղերն իրար կպցընել...

Ծերանում ենք, Պարո՛ւյր Սևակ,
Ծերանում ենք, սիրելի՜ս, 
Ծերանում ենք, սակայն կարծես
Դարձյա՛լ խելքի չենք գալիս.
-Դեռ հիմա՜ էլ զարմանում ենք.
Դեռ կարո՜ղ ենք զարմանալ,
Ժամացույցի սլաքները ետ ենք տալիս մտովին,
Ի՜նչ է թե մեր արդեն չարածն իբրև անենք աշխարհում.
Անկարելի հաղթանակի ելք ենք ճարում ինչ-որ կերպ.
Երբեմն էլի այս աշխարհն ենք դեռ չափչփում հուսալից
Դոն-Կիխոտի ոտքեր կոչված նո՛ւյն կարկինով ծայրամաշ.
Իսկ երբ մեկը խոր քնի մեջ մեր երազն է կոխկրտում,
Առաջվա՛ պես... առաջվա՜ պես վեր ենք ցատկում ճչալով...

Ծերանում ենք, Պարո՛ւյր Սևակ,
Սակայն... խելքի չե՜նք գալիս...

10.XII.1963թ.
Երևան

ԱՍՏԾՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ» շարքից)

  ՊԱՀ ԿԱՍԿԱԾԻ


Թե իսկապես հավատացած ես լինեի,
Որ իմ երգը ձեզ կարող է օգուտ բերել,
Ձեզ երգերով բանակի՜ պես կզինեի:
Բայց ի՞նչ օգուտ՝ նստել ինչ-որ երգեր գրել:

Ի՜նչ է երգը. ցաված հոգու մխիթարանք...
Տեղ էլ հասնի՝ չկատարվող ապսպըրանք...
Վալերյանի երկու կաթիլ պղտոր հեղուկ...
Թե խայթում է՝ իր իսկ խայթից սատկող մեղու...

Իսկ թե երգը մինչև անգամ զենք է դառնում,
Ո՞ւր է ձեռքը, որ ինքնակամ զենք է բռնում...

20.IV.1957թ.
Մոսկվա

ԱՍՏԾՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ» շարքից)


ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ


Ամեն սերունդ
Նախ և առաջ մտածում է լռության մեջ,
Իսկ երբ խոսել է սկսում՝
Բարկացնում է ավագներինԵվ բարկացնում անկեղծորե՛ն,
Որովհետև... կրտսերը՝ մի՜շտ անհասկացող,
Իսկ ավագը... հասկացող է:

Ավա՜գ աստված,
Մի՞թե իրոք համանիշ են ու համազոր
Հասկացողն ու կասկածողը...

Ամեն սերունդ
Նախ և առաջ մահանում է կասկածելով:

09.XI.1965թ.
Չանախչի

ԱՍՏԾՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ» շարքից)