Պարույր Սևակ


 ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒՄ ԵՄ


Հյուրասիրում եմ 
Ձմռան վերջերին՝ խաղողի ճութով, 
Եթե չեք ճաշել՝ կաքավի ճուտով, 
Որին, հավատա, ես չեմ սպանել։ 
Պատիվ եմ անում, 
Ո՛վ քաջ սպաներ, 
Ձեզ՝ արձակուրդով, 
Ծեր պատմաբանիդ՝ այնպիսի նյութով, 
Որ կնախանձեր և Հերոդոտը։ 

Թե հին տանձենին հյութի կարոտ է՝ 
Հյուրասիրում եմ անարատ հյութով։ 

Թե աշխատանքից հոգնել ես, խնդրե՛մ, 
Հյուրասիրում եմ կենարար մութով։ 

Եթե փող չունես և առիթ չունես՝ 
Չգիտես ինչպես ուրախացնես 
Կնոջդ սիրած, 
ի՞նչ է հարկավոր, 
Ինձ համար հեշտ է, խնդրե՛մ ի՜ն չ կա որ՝ 
Հյուրասիրում եմ քեզ … մարտի ութով։ 

Ով առանց այն էլ շատ է սպասել՝ 
Հյուրասիրում եմ վերահաս ¦շուտ§-ով։ 
Հյուրասիրում եմ արտերին պուտով, 
Արտերին … վա՜յ, չէ՛ … ծովի՛ն կարկուտով, 
Եվ ի՜նչ կարկուտով. 
Որ նա չհալվի՝ դառնա մարգարիտ, 
Եվ ողջը հասնի ծովի արքային՝ 
Հողածին մարդու … 

Քեզ ի՞նչ տամ, ասա՛, խռոված բալիկ. 
Կուզես՝ պաղ ալիք, 
Կուզես՝ խաղալիք։ 
Չէ՛, հյուրասիրեմ ես քեզ խտուտով, 
Իսկ խռով զույգին՝ ճիտով-խտիտով, 
Լռակյաց ձորին՝ 
երգող արտույտով, 
Հոգնած հնձվորին՝ 
արեվամուտով, 
Ջրով՝ ծարավին, 
Սառած հյուսիսին՝ օդով հարավի, 
Պառավին՝ 
երկար ու անվիշտ կյանքով, 
Կյանքին՝ խնդությամբ և ուրախությամբ, 
Ուրախությանը ոչ թե թռիչքով, 
այլ տևողությամբ, 
Կախյալ լուսնյակին՝ սեփական լույսով, 
Կախյալ գաղութին՝ փրկելու հույսով, 
Հույսին՝ կատարմամբ … 

Հյուրասիրում եմ 
Անզավակ մարդուն՝ երազած որդով, 
Ով չունի և տոհմ՝ քառասուն պորտով, 
Փոքր աշխարհին՝ մեծ ժողովրդով, 
Ցորենի արտին՝ աննշան հարդով, 
Շալ դարձած բրդով՝ 
գառնուկին անծին, 
Առաջին վարդով՝ 
ժամադրվածին, 
Ձախորդ ձկնորսին՝ հաջողակ կարթով, 
Ձախորդ որսորդին՝ 
լեցուն թակարդով, 
Պառավ օրիորդին՝ 
հոյակապ մարդով, 
Թունդ խաղամոլին՝ 
Երկրի քարտեզով և ոչ թե քարտով. 
Այն բաղաձայնին, 
Որ գեթ մի անգամ երգել է ուզում՝ 
ուժեղ կոկորդով. 
Այն պառավ տատին, որ վերջի՜ն անգամ 
Կով է երազում՝ 
խորոտիկ հորթով. 
Այն կիրթ կրիային, որ գիտի իրեն 
Փշեր չեն սազում՝ 
ջրարջի մորթով … 

Հյուրասիրում եմ մի վերջին անգամ 
Գաղտնիք պահ տվող հուզված սրտերին 
Ինձ նման ձրի ու թանկ լոմբարդով, 
Իսկ գեղեցկուհուն՝ ինձ նման ճորտով, 
Ինձ նման ճորտին՝ մի շռայլությամբ, 
Որ չունի և վերջ, 
Վերջին՝ սկիզբով, 
Սկզբին՝ հարմար շարունակությամբ, 
Որ ունի նաև … չափի զգացում։ 

Հյուրասիրում եմ ես ինձ էլ նույնով՝ 
չափի զգացմամբ … 

27.05.1957թ.
Մոսկվա


 ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ


Օդում լավ ձե՞ռք է մնացել կախված՝ 
սիրո՛վ կսեղմեմ. 
Անարատ մի սի՞րտ է զուր տեղը դաղված՝ 
ցա՛վը կմեղմեմ. 
Սրբատաշ քա՞ր է լուռ ընկած գետին՝ 
կդնեմ պատի՛ն. 
Թե հալոցք է պետք՝ սառույց էլ լինեմ 
կդառնամ կաթիլ. 
Թե թանաք է պետք փրկարար գործին՝ 
Ի՜նչ թանաք, կտամ արյո՛ւնս անգամ. 
Թե նոր զոհ է պետք ընդհանուր գործին՝ 
Այդ ո՞ւմ եք փնտրում, ես արդեն հո կամ։ 

Նաև ասում եմ. 
Գերադասում եմ կրակից հեռու մի փոքր մրսել, 
Քան այրվել նրա մոտիկությունից. 
Եվ հրաժարվել հյուրասիրվելու սուր ցանկությունից, 
Քան դժվարությամբ կերածս մարսել … 

Հայտարարում եմ. 
Միայն ընդհանուր հայտարարում են 
ճշտվում - ճշգրտվում տրված թվերը, 
Թռիչքի մեջ են փորձվում թևերը, 
Մարմնի ձևերը՝ 
լոկ մերկանալիս, 
Անգին նվերը՝ 
լոկ ստանալիս, 
Լոկ ճուտ հանելիս՝ 
Թռչունի առողջ կամ լակ ձվերը 
Թռչուններն իրենք՝ 
Երբ սկսվում է նրանց չվելը … 

Հայտարարում եմ. 
Չե՜մ պրծնի երբեք կնոջ նազանքից, 
Իսկ նազուտուզից հոգնել եմ վաղուց … 
Չե՜մ ելնի երբեք խորունկ ակոսից, 
Խորամանկ փոսից զզվել եմ վաղուց …. 
Չե՜մ հոգնի երբեք մարմնի մարզանքից, 
Մտքի մարզանքից հոգնել եմ վաղուց … 

Հայտարարում եմ. 
Իմ փորձված մետրը երբեք չեմ փոխի 
անորոշ թիզով, 
Փորձված բանջարն իսկ երբեք չեմ փոխի 
անծանոթ մսով։ 
Միջնադար ընկնեմ, 
Թե բռնակալ է իմ շահնշահը՝ 
չեմ դառնա վեզիր, 
Ես նրա համար ոչ թե շքեղ գորգ - 
Չեմ դառնա անգամ և մաշված խսի՜ր … 
Ապագա ընկնեմ՝ 
Եթե հանդիպեմ գայլ ու աղվեսի, 
տուզի և տզի, 
Գործուղում կառնեմ, կվերադառնամ 
Քսաներորդի այս ծանոթ կեսին … 

Հայտարարում եմ, օ ո՜չ, խնդրում եմ. 
-Գործուղում տվեք ապագա գնամ … 


29.05.1957թ.
Մոսկվա

 ԱՏՈՒՄ ԵՄ


Ատում եմ ձյունը՝ 
Թե նա տեղում է ամառվա կեսին, 
Եվ մահն եմ ատում՝ 
Թե հյուր է գալիս աղջկատեսին, 
Մահից ոչ պակաս՝ 
Եվ ա՛յն քողարկված մենատնտեսին,- 
Նրա՛ն ու նրա՜նց, 
Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝ 
Իրենց պետք եկած գերանի համար, 
Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝ 
Մի բուռ չհասած ծիրանի համար, 
Ովքեր համայնքի ծովից են խոսում, 
Բայց դեպի իրենց լճակն են հոսում … 

Ատում եմ նաև այն խելոք սուսիկ - փուսիկությունը, 
Որտեղ դժվար է տարբերել անգամ երեսն աստառից, 
Եվ այն հարկադի՛ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը, 
Որ ստացվում է … ցած առաստաղից։ 

Ատում եմ նաև այն նեղ կոշիկը, 
Որ աքցանի պես ոտքերդ է բռնում, 
Իսկ հոգուդ վրա կոշտուկ է դառնում … 

Ա՛յն գործն եմ ատում, 
Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք, 
Ա՛յն փորձն եմ ատում, 
Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք, 
Ա՛յն դավանանքը, 
Որ վերջ ի վերջո փոխվում է դավի, 
Գլխացավանքը, 
Որ փոխարկվում է սուր գլխացավի … 

Խավարն եմ ատում, եթե խավարում 
Ո՛չ միտք է ծնվում և ո՛չ էլ զավակ։ 
Եվ լույս եմ ատում, թեկուզև պայծառ, 
Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք … 

Ինչ խոսքեր ասեմ այն ձեռագրին, 
Որ չի հասկացվում, բայց կարդացվում է, 
Ատե՞մ, թե խղճամ այն տարեգրին, 
Որ նյութ է սարքում, 
Ոչ թե հավաքում։ 
Խղճա՞մ, թե ատեմ այն տարագրին, 
Որ միշտ ապրում է … իր հայրենիքում … 

Թո՜ւհ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,- 
Ես չգիտեի … 

25-26.05.1957թ.
Մոսկվա


 ՉԵՄ ՀԱՐԳՈՒՄ


Մինչ տարին ունի տասներկու ամիս ու չորս եղանակ, 
Տասներկու անգամ սա եղանակ է մի օրում փոխում։ 
Եթե դուք պետք եք և, դիցուք, նույնիսկ հաշիշ եք ծխում, 
Նա էլ է ծխում, որպեսզի հանկարծ … դուք չնեղանաք։ 
Ի՜նչ էլ նվագեն՝ նա է պարողը, 
Ի՜նչ էլ կարել տան՝ նա է կարողը, 
Որ ծառն էլ ցույց տան՝ նա է քարողը։ 
Հարգո՞ւմ եք նրան։ 

Իսկ հապա սրա՞ն, 
Որ ասես լինի առածի պարան.
Հապա փո՛րձ արա ու ցա՜խ դիր վրան … 

Չեմ հարգում շանն էլ, որին չար տերը 
Անտեղի տեղը որքան ծեծում է, 
Այնքան նա լիզում տիրոջ ոտերը՝ 
Իրեն տրորո՜ղ-ջարդո՜ղ ոտերը, 
Եվ կծելու տեղ լոկ կաղկանձում է.. 

Եկեք միասին չհարգենք նրա՛նց, 
Ովքեր սերտում են և ոչ թե դատում, 
Ճառո՜ւմ են - բնավ չե՛ն կշռադատում. 
Ովքեր չեն ջոկում ո՛չ թացը չորից, 
Ո՛չ էլ տարբերում անդունդը ձորից. 
Ովքեր գրածի տառն են ընթերցում, 
Ովքեր քնածին մեռած են կարծում, 
Ովքեր կարծում են 
Ծուխը՝ հրաբուխ, 
Իսկ լացը հարբուխ … 
Չեմ հարգում նաև ա՛յն նորությունը, 
Ով վաղեմության նոր տարբերակն է, 
Ա՛յն չորությունը. 
Որ չի տարբերվում անգթությունից, 
Անհուն թվացող ա՛յն խորությունը, 
Որտեղ աճում է եղեգն ու ջրմուռ, 
Եվ հիմարավուն ա՛յն բարությունը, 
Որ մոռանում է կսկիծ ու մրմուռ … 

Հարգած չունենամ ա՛յն ծերությունն էլ, 
Որ իմաստության նույնիսկ բո՜ւյր չունի։ 
Հարգած չունենամ ա՛յն ծռությունն էլ, 
Որ Սասնա ծռից մի նշո՜ւյլ չունի, 
Եվ հնարավոր ա՛յն հարությունը, 
Որ ավարտվում է լոկ … համբարձումո՜վ, 
Ո՛չ թե մարդկանց մեջ վերադարձումով … 

Ե՛վս մի անգամ չհարգեմ նրանց, 
Ովքեր մտնում են հոտած գաղջ անկյուն, 
Երբ կարող էին թարմ օդում մնալ, 
Թեկուզև այնտեղ մի փոքր մրսել 
(Այդտեղ եմ հասել 
Երբեմն ես է՛լ) … 
Ովքեր մթնում են, 
Երբ կարող էին միշտ մնալ լուսե, 
(Ինձ էլ երբեմն խավարն է գրկում) … 
Ովքեր վատնում են 
Իրենց ուժերը փսփսուքի մեջ, 
Մինչև կարող էին բարձրաձայն խոսել 
(Երբեմն նաև ես ի՛նձ չեմ հարգում) … 

Երբեմն նաև ես ի՜նձ չեմ հարգում … 

25,27.05.1957թ.
Մոսկվա

 ՎԻՃՈՒՄ ԵՄ


Ես վիճում եմ, 
մե՜կ է՝ ո՛ւմ հետ, 
Ինքս ի՞նձ հետ, 
Թե՞ ուրիշի։ 
Իսկ դու մի պահ ակա՛նջ արա 
Ու լա՜վ հիշիր։ 

Ես վիճում եմ և աստղերից լավերի՛ հետ, 
Եթե նրանք տալիս են մեզ աղո՜տ մի լույս, 
Բայց ո՛չ կրակ … 

Ես վիճում եմ կանաչների ծովերի՛ հետ, 
Եթե նրանք դաշտում փտում, 
Բայց չեն մտնում 
Ո՛չ մի մարագ։ 

Ես վիճում եմ զավակի հետ, 
Ա՛յն զավակի, 
Որ իր մորը փող է տալիս դատարանով … 

Ես վիճում եմ ավագի հետ, 
Ա՛յն ավագի, 
Որ կրտսերից ինքը պիտի խելք հավաքի, 
Մինչդեռ նրան իր ետևից 
Քարշ է տալիս հաստ պարանով … 

Ես վիճում եմ շվաքի հետ, 
Ա՛յն շվաքի, 
Որ արևից թունդ է վառվում։ 

Ես վիճում եմ նվագի հետ, 
Ա՛յն նվագի, 
Որ բոլորին զզվացրել 
Բայց և այնպես չի դադարում … 

Պիտի վիճեմ 
Եվ երգի՛ դեմ, 
Թե բռնի են երգել տալիս խեղճ երգողին. 
Եվ բերքի՛ դեմ, 
Թե չի սնում բերք ու բարիք հավաքողին. 
Եվ վերքի՛ դեմ, 
Թե չի բուժվում, այլ վարակում, 
Եվ ներկի՛ դեմ, 
Թե ծածկում է, չի՛ նորոգում … 

Ես չվիճե՞մ 
Ա՛յն կրքի դեմ, 
Որ չի ծնում մի նոր որդի, 
Այլ պարզապես զուր վատնում է. 
Ա՛յն գրկի դեմ՝ հուդայական, 
Որ մատնում է … 

Ասե՛ք, ինչպե՞ս դեմ չխոսեմ 
Ա՛յն պիտակին, 
Որ չի սազում, բայց կպչում է և չի պոկվում. 
Ա՛յն շիտակին, 
Որ դիմակներ փոխելով է մտահոգում. 
Ա՛յն դիտակին, 
Որ քնած է. 
Ա՛յն կտակին, 
Որ գնված է … 

Նորի՜ց վիճեմ՝ 
ա՛յն բախտի հետ, 
Որ գալիս է, գալը բարի՜, 
Սակայն ու՞ր է - տե՜ղն է պարապ։ 

Նորի՜ց վիճեմ՝ 
ա՛յն թխպի հետ, 
Որ կուտակվում բոլոր տարին, 
Բայց չի դառնում տեղատարափ … 

Վիճեմ նաև ա՛յն մութի դեմ, 
Որ կուրացնո՜ւմ - ա՛չք չի շոյում,- 
Մթնա՜ծ վիճեմ. 
Ա՛յն բութի դեմ, 
Որ կարծում է՝ շիշ է դարձել,- 
Շեշտվա՛ծ վիճեմ. 
Ա՛յն կուտի դեմ, 
Որ ցորեն էր մի ժամանակ, 
Սրսո՜ւռ ցորեն,- 
Վիճեմ լացո՜վ. 
Ա՛յն ճութի դեմ, 
Որ չի ուտվում, 
Ոչ էլ դառնում արդար գինի,- 
Հարբա՜ծ վիճեմ. 
Ա՛յն փուտի դեմ, 
Որ ինքն իրեն սերտ է կարծում,- 
Իզո՜ւր վիճեմ. 
Ա՛յն տուտի դեմ, 
Որ տո՜ւտ չունի՝ 
Որ անծայր է այս վեճի՛ պես,- 
Վիճեմ անվե՜րջ … 

Վիճեմ նաև ա՛յն վեճի դեմ, 
Որի բերած օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը՝ 
Ես չգիտե՜մ … 

20,26.05.1957թ.
Մոսկվա

 ՍԱՐՍՌՈՒՄ ԵՄ


Սարսռում եմ 
Հալվող-հալվող քո հպումից 
Ու պաղ քամուց, 
Եվ ա՛յն մտքից, 
Թե կարող եմ քեզ կորցնել … 

Թրթռում եմ 
Բաց աչքերով խարխափումից, 
Փակ թշնամուց 
Եվ ա՛յն մտքից. 
Որ կարող եմ շատ շոյելուց 
Թռչնակի պես քեզ մեռցնել … 

Դողդողում եմ 
Որդո՛ւս վրա, 
Եվ քո սիրո՛, 
Բախտի՜ վրա իմ տարագիր ժողովրդի … 
Թպրտում եմ 
Սրտի՜ նման … 

10.09.1957թ.
14.11.1957թ.
Մոսկվա

 ՀԻԱՆՈՒՄ - ՀՐՃՎՈՒՄ ԵՄ


Ես հիանում - հրճվում եմ՝ 
Ե՛վ քուն մտած քարափով, 
Ե՛վ արթնացնող տարափով. 
Մանուկների և՛ խաղով, 
Ե՛վ կրկըրան ծիծաղով, 
Որից նրանք ո՛չ հոգնում, 
Ո՛չ կարող են հագենալ: 

Ես հիանում - հրճվում եմ՝ 
Մինչև անգամ և անհամբույր մետաղով, 
Եթե արդեն առյուծ կըտրած՝ 
Հալոցքի մեջ շեկ է նա, 
Բայց և գիտես, մե՜կ է, նա 
Ա՛յ - ա՛յ պիտի՝ կատու դարձած՝ լուռ հոսի, 
Դառնա կալսիչ, 
Տպագըրիչ մեքենա, 
Ինչպես նաև շքանշան հերոսի, 
Նույնպես կնոջ ու հարսի 
Կրքոտ վզնոց, 
Փառավորվող լանջափակ, 
Խանդոտ գոտու փակ ճարմանդ... 

Ես հիանում - հրճվում եմ՝ 
Տարբեր վարքի 
Ու բարքի տեր գետերի 
Խելացնոր ու մարմանդ, 
Լուրջ ու կայտառ հոսանքով՝ 
Ինչպես կանանց ոտերի 
Կտկտացող նազանքով, 
Որոնց հետքը փոշեթաթավ մայթերին 
Շատ է նման ծանոթ կախման կետերի... 

Ես հիանում - հրճվում եմ՝ 
Երկինք մաքրող որոտով, 
Գառնուկների նոր հոտով 
Կարկատանված արոտով, 
Մինչև անգամ և սերմնաթափ առէջքով- 
Միայն՝ տակը հող լինի, 
Մինչև անգամ նաև լվի թռիչքով- 
Միայն՝ թռի՜ք թող լինի... 

Թե չեք հաշվի անհամեստ 
Ու չեք գտնի անհարմար՝ 
Ինքըս ինձնից անջատվում 
Ու հրճվում եմ մի քիչ նաև ինձանով՝ 
Երբ որ ինքըս ինձանից 
Հոտն եմ առնում ինքնայրմա՛ն, 
Սուրբ քըրտինքի՛, 
Եռեփ եկող հնձանի՜...


27.V.1957թ. 23.XI.1957թ. Մոսկվա



 ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ


Ես կարող եմ ենթադըրել, 
Թե այս ջուրը ոչ թե պղտոր, այլ վճիտ է: 
Ես կարող եմ ենթադըրել, 
Թե հոյակապ ապարանք է այս խրճիթը: 
Ես կարող եմ ենթադըրել, 
Թե այս ծուխը 
Գոլորշացող քարածուխ է, 
Եվ այս կարմիր ճոթը բարակ 
Ոչ թե լաթ է, այլ բոց - կրակ... 

Ես կարող եմ ենթադըրել, թե ինձ մոտ ես, 
Թեպետ և մեզ սար ու ձորեր են անջատում: 
Ես կարող եմ ենթադըրել, 
Թե դու համեստ-ամաչկոտ ես, 
Մինչդեռ իրոք՝ 
Ինձ պարզապես չե՜ս նկատում... 

Ես կարող եմ ենթադըրել, 
Թե այս քունը արթնություն է, 
Եվ այն ծանըր պարտությունը 
Չտեսնըված հաղթություն է. 
Թե այս տանձը... մեծ սափոր է, 
Եվ հանդես է այս... թափորը. 
Թե այս լեռը... մի շուռ տրված հսկա փոս է 
Եվ մի փոքրիկ ինքնահոս է 
Իմ այն մատը, 
Որ կոչվում է, կարծես, ճկույթ... 

Ես կարող եմ ենթադըրել, 
Բայց ի՜նչ օգուտ... 


25.V.1957թ.
Մոսկվա


                         ԽՈՍՏԱՆՈւՄ ԵՄ


Խոստանում եմ
Լինել ո՛չ թե հարկահավաքը,
Այլ զավա՜կը
Դժվար դարի,
Ինչպես նրան՝ և ինքըս ինձ
Հավե՜տ մնալ հավատարիմ.-
Թեկուզ կրել և մահացու ցավը դարի,
Թեկուզ նույնիսկ կյանք արժենա դավը դարի,
Մեռնելիս էլ ո՛չ թե տանել,
Այլ կտակե՜լ լավը դարի.
Լինել բոցը նրա հրի,
Բերք հասցընող նրա տոթը,
Ո՛չ թե նրա անցնող քամին ու մոխիրը.
Լինել նրա ո՛չ չորացած,
Ոչ էլ անգամ կանաչ խոտը,
Որով սնվում,
Որին նաև կոխկըրտում է հոծ նախիրը.
Լինել նրա բո՜ւյրը, հո՛տը,
Հոտը,
որին
Ո՛չ մի սմբակ,
Ո՛չ մի կճղակ
Կամենա էլ՝ չի՜ տրորի...

Խոստանում եմ
Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին։
Ինչի՞ համար.
Էլի՛ պատը կմնա պատ,
Կպակասի մի լավ ճակատ։

Խոստանում եմ
Չբարձրանալ ու չքայլել ձիգ տարիներ
Իմ ոտերի
Խեղճ թաթերին։
Ինչի՞ համար.
Այն, որ չկա՝
Չի՜ երևա...

Համաձայն եմ, որ սագերը նկատելի
Ինչ-որ բանով ազգակից են և բադերին։
Բայց սագը՝ սագ,
Բադը բադ է։
Ինչո՞ւ խփվել պատեպատ էլ.
Մի՞թե աչքի արձակուրդ է
Կամ ուղեղի հանգըստյան օր...

Լավ չ՞է արդյոք ապաստանել հին լաթերին,
Քան նորաձև հագուստ կոչված այն անտերին,
Երբ որ մարդուն բարձրահասակ
Հագցընում են մանկան թասակ,
Մի համառոտ անդրավարտիք,
Քաղվածքի պես նեղ է գալիս և շապիկը,-
Ա՛յ շան որդիք,
Մա՞րդ ենք կոչվում,
Թ՞ե կապիկ ենք...

Կարգ ու կանոն պահպանելու մտքից մղված՝
Ընդդեմ գոռող-անկարգապահ անհատների՝
Չե՛մ ստիպի ճնճղուկներին ու ծտերին
Աշնան վերջին չվել հարավ,-
Էհ, ի՜նչ դառավ.
Ծիտը ես եմ՝ չե՜մ կամենում...

Նաև պիտի ձեզ խոստանամ
Երբեք հոգով, ձեռքի նման, չկոշտանալ.
Թե շատ թանկ եմ ու շատ դժվար՝
Չէժանանալ ու հեշտանալ.
Խաբվածության խումից հետո
Ինչպես պետք է զգաստանալ
Ու դրանից չվշտանալ.
Չխստանալ հնազանդի, խոնարհի դեմ.
Հանգստանա՛լ,
Բայց ոչ երբեք այլոց մեջքին.
Ճամփա՛ բանալ
Եվ հույսի դո՛ւռ,
Դավադրությո՛ւն
Ու փակ աչքե՜ր.
Տքնել-ջանալ՝
Ո՛չ թե փողով կամ պատվերով,
Այլ ակամա ինքն իրենից անջատվելով՝
Ինչպես հրից ջերմությունը...

Ի՞նչ խոստանամ,
Եթե լեռ եմ՝ դա՛շտ չեմ դառնա,
Ոխերիմ եմ՝ հա՛շտ չեմ դառնա,
Թե սրբության ավազան եմ՝
Ի՜նչ լվացքի - և խմորի՜ տաշտ չեմ դառնա...

Չե՛մ խոստանում,
Որովհետև համոզված եմ, հաստա՛տ գիտեմ,
Որ երբևէ կոխ չեմ բռնի կամ չեմ պարի
Ուրիշների դեռ նոր թաղած
Կամ չքաղած
Մարգերի մեջ ու բոստանում...
Չե՛մ խոստանում,
Որովհետև համոզված եմ, հաստա՛տ գիտեմ,
Որ ինձ նման մարդը երբեք
Չի զրպարտում - ամբաստանում
Անմեղ տեղը և ո՛չ մեկին,
Մինչև անգամ... մարդանման գինու տկի՜ն...

Բայց, ա՜յ, խնդրե՛մ.
Խոստանում եմ պարապ մնալ
Եվ կամ տրվել խաղ ու պարի,
Քան թե դառնալ ագիտատոր
Վնասակար գաղափարի։

Խոստանում եմ զրկվել նաև
Սուրբ անունից ուղղափառի,
Քան թե կորցնել ոտքերիս տակ
Մարդկայնության հողը բարի։


Եթե անգամ դառնալ թռչուն՝
Բո՛ւի նման, չղջիկի՛ պես
Ապրել թեկուզ մթին որջում,
Քան թե դառնալ սիրված... թութակ։

Ո՛չ մեղ դրեք,
Ո՛չ համարեք հիմար կատակ.
Որովհետև շա՜տ են խաբել միամիտիս
(Լավերն անգամ վատացել են),
Որովհետև երկրի վրա
Դրամանենգ մարդիկ այնքա՜ն շատացել են՝
Ստիպված եմ ոսկին փորձել,
Ատամներո՛վ ոսկին կրծել,
Նույնիսկ ոսկի՜ն,
Էլ ո՜ւր մնաց թե հավատամ
Դեռ ոսկու տեղ ծախվող խոսքին...
Հանդիսավոր խոսք եմ տալիս
Քեզ ուրագե՜լ
Ու կացինե՜լ,
Տմարդությո՛ւն,
Իսկ քեզանով, ճշմարտությո՛ւն,
Իսկ քեզանով սի՜րտ վարակել,
Անձրև ու ջուր թե բարակեն՝
Եվ իմ արյա՛մբ քեզ ոռոգել-
Վերստեղծել ու նորոգել...

Խոստանում եմ
Ոմանց նման իզուր տեղը չխոստանալ...
20-21.VI.1957թ.

  ԿԱՐԴՈՒՄ ԵՄ

Ես կարդում եմ և... հասկանում, 
Որ թեպետ և ինձ հերոսի տեղ եմ դնում, 
Բայց շատ հաճախ նրա ճամփից շեղ եմ գնում,- 
Նա խիզախ է, իսկ ես՝ զգույշ, 
Նա գործում է, ես՝ լոկ զգում, 
Նա կարող է, թե տեղը գա, 
Եվ զո՛հ գնալ, անվախ մեռնե՛լ, 
Իսկ ես՝ նրան... լա՜վ ըմբռնել, 
Բայց ո՛չ նրա ճամփան բռնել... 

Հեշտ է, գուցե, գրքեր գրե՜լ՝ ո՛չ թե կարդալ... 


17.VI.1957թ.
Մոսկվա

 ԾԱԽՈՒՄ - ԱՌՆՈՒՄ - ԲԱՇԽՈՒՄ ԵՄ


Թե ավելորդ գորով ունեք՝ 
Տարեք շուկա՜, 
Ես ծախո՜ղ եմ, ո՛չ թե առնող: 

Թե ավելորդ կորով ունեք՝ 
Ես կամ ու կամ, 
Էլ ինձնից էլ լավ ձեռք բռնո՞ղ: 

Խե՞լք եք ծախում՝ 
Առնողը չեմ, 
Թե գինն անգամ ջրի գին է,- 
Հաջողությա՛ն համն եմ անգամ ես մոռացել,
Ահա թե ի՜նչ: 

Ելք չե՞ք ծախում՝ 
Հազա՜ր ափսոս, 
Թե չէ մուտքը իմ կողքին է, 
Չի պահանջվում և մուտքի տոմս - 
Քիչ է մնում քաշեն թևից: 

Ինչի՜ս է պետք և ձեր երգը, 
Առնող ճարեք՝ ինքըս ծախեմ: 
Դահլիճ լինի կամ լսարան՝ 
Այդ ուրի՛շ բան, 
Կառնեմ ե՜ս էլ: 

Ինչի՜ս է պետք ձեր տարերքը, 
Փոխող բերեք՝ ինքըս փոխեմ: 
Հանգի՜ստ փոխեմ իմ տարերքի գոնե կեսը: 

Ո՞վ է այնտեղ համարյա թե ձրի ծախում նահանջ: Ունե՛մ: 
Ինձ հարձակման թափ էլ պետք չէ:- 
Ճարպկությա՜ն պահանջ ունեմ... 

Ո՞վ է այնտեղ ներկեր ծախում,- 
Ներկարա՞ր եմ ու նախշո՞ւմ եմ... 

...Եվ շատ բաներ, 
Որ չեն ծախվում ու չեն առնում, 
Ես բաշխո՜ւմ եմ: 

Ես բաշխում եմ ազնըվության անցագըրեր, 
Սակայն ո՛չ թե «մի անգամվա», 
Այլ «մշտական»՝ միանգամայն: 

Ես բաշխում եմ հանդըգնությո՜ւն, 
Ո՛չ ճգնություն 
Անզորության փակ շրջանում, 
Եվ ո՛չ մտքի մթագնություն, 
Այլ տքնությո՜ւն, 
Որ թռիչքով է վերջանում: 

Գութ ու խղճից զրկվածներին՝ 
Մինչև անգամ ո՛չ խղճի խայթ, 
Ողորմաբար խի՜ղճ եմ տալիս. 

Ո՜չ թե դեմքի ծամածըռանք, 
Այլ օգնություն աղերսելու ճիչ եմ տալիս՝ 
Ցավածներին, 
Անմահություն՝ 
Զոհվածներին, 
Ծլարձակում՝ 
Բովվածներին, 
Անդավաճան ընկերություն՝ 
դավվածներին, 
Բարի գալուստ՝ 
չվածներին... 

Համակրությո՞ւն է հարկավոր բարի գործին, 
Եվ մաքրությո՞ւն է հարկավոր միտք ու հոգու,- 
Թեկուզ մտքո՛վ, նույնիսկ հոգո՛վ լոկ կամեցեք 
Եվ... մի՛ քաշվեք-կարկամեցեք, 

Մո՜տ համեցեք... 
Ես ծախում եմ, նաև առնում 
Եվ, հույս ունեմ, ինձ չեք խառնում 
Չարաշահող չարչիներին, 
Թե չէ, գիտե՞ք, ո՛չ թե աստված, 
Չարչինե՜րն էլ ձեզ չեն ների...

04-05.VI.1957թ.
Մոսկվա


    ԳԺՎՈՒՄ ԵՄ


 
Եվ ինձ լսելով՝ 
Կարող են ասել. 
«Գժվե՞լ է, ի՜նչ է». 
Իսկ ես էլ կասեմ. 
«Այո՛, գժվե՜լ եմ, 
Ինչո՞ւ չգժվել»: 

Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում: 
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում: 
Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ: 
Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ: 
Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա, 
Կեղև չի պատռի հատիկը նռան: 
Ծառե՞րն են փթթում՝ 
Գժվա՜ծ են անշուշտ: 
Երկի՞րն է պտտում՝ 
Գժվա՜ծ է անշուշտ... 

Սերմերը մինչև կարգին չգժվեն՝ 
Բե՛րք չեն դառնալու: 
Թաթերը մինչև կարգին չգժվեն 
Ձե՜ռք չեն դառնալու: 

Բառերն էլ մինչև կարգին չգժվեն՝ 
Ե՜րգ չեն դառնալու... 

Ա՜խ, ուր էր թե ես միշտ գի՛ժ լինեի... 

01.X.1961թ.
Երևան


ԴԻՄՈՒՄ ԵՄ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԵՍ


Դո՛ւ, որ գալիս ես մեր մանուկների արդար պահանջով, 
Իբրև պատասխան նրանց սրսըփուն ակնկալիքի. 
Դո՛ւ, որ գալիս ես մրսկան արտերի դողդոջուն կանչով, 
Իբրև պատասխան նրանց կարիքի. 
Դո՛ւ, որ ոտներըդ խճողել ես դեռ անցյալի ցանցով, 
Մինչդեռ ձեռքերըդ մեկնել ես արդեն կանչող գալիքին,- 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Գալուստըդ բարի՜: 

Արի՜, Նո՛ր Տարի, 
Բայց... այնպե՛ս արի, 
Որ ատոմական այս ահեղ դարի 
Գոռ ժամացույցը ինքն իրեն լարի 
Մայրացած հարսի սրտատըրոփի համաչափությամբ, 
Եվ նրա անտես սլաքները զույգ 
Իրենց վիրավոր թևաթափությամբ 
Ոչ թե մեզ կրկին 
Քարանձավների անաչ խոռոչը մատնացույց անեն, 
Այլ Տիեզերքի անկոխ դաշտերին 
Մեր զույգ աչքերի հայացքը տանեն... 

Արի՜, Նո՛ր Տարի, 
Բայց... այնպե՛ս արի, 
Որ ավելանա աշխարհի բարին, 
Եվ այդ աշխարհի բախտի վրայով 
Խևորեն ձգված մետաղալարին 
Լարախաղացի ծպտըված տեսքով Չա՛րը չպարի՝ 
Ողջ մարդկությանը դնելով ծանոթ ծաղրածուի տեղ... 

Ձյունն է վար իջնում 
Ու ծածկում մայթեր, ծառեր ու թիթեղ: 
Իսկ ուրիշ մի տեղ 
Անձրևն է կրկին 
Երկինք ու երկիր մեկմեկու հինում, 
Կարծես թե հսկա տավիղ է շինում, 
Որի հոսանուտ լարերի վրա 
Իրիկնամուտի տավղահար քամին 
Մրսած մատներով 
Պիտի նվագի հինավուրց տաղեր՝ 
Ի վերա սիրո, 
Վասն խնդության, 
Վասն մարդկային ոգու խենթության: 

Անձրևի տեսքով, 
Ձյան կերպարանքով 
Այդ դու ես գալիս: 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Գալուստդ բարի՜: 
Բայց... այնպե՛ս արի, 
Որ անձրևը հորդ սրբելով տանի 
Ոչ միայն կեղտը հոգնած մայթերի, 
Այլ նաև փոշին ու մուրը հոգու, 
Այլև խավար խոհ ու խարդախ խոկում, 
Եվ ձյունը իջնի որոգայթների՛, 
Ծանըր ամոթից շիկնած այտերի՛, 
Ուրացումներից դեղնած-ժանգոտած սրտերի՛ վրա 
Եվ իր այդ ճերմակ բարությամբ շռայլ 
Մարդուն մարդու դեմ պարզերե՜ս անի... 

Արի՜, Նո՛ր Տարի, 
Բայց այսպե՛ս արի, 
Եվ ոչ թե այնպե՛ս, որ ձյունը ճերմակ 
Դառնա վարակի սավան ու վերմակ, 
Եվ որ անձրևի ջուրն աստվածային 
Մարդու արյունը ջրի վերածի, 
Ու ճառագա՛յթը, ճառագա՜յթն անբիծ 
Մկըրտվի իբրև մի ահեղ ու պիղծ 
Նոր հիվանդության դիվային անուն, 
Որից մինչև իսկ մահն է մահանում... 
Արի՜, Նո՛ր Տարի, 
Գալուստդ բարի՜:
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլքով 
Ուշ մնացածին, 
Քնով տարվածին. 
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին, 
Հիասթափվածին՝ նոր մի հիացում, 
Սիրասթափվածին՝ մի նոր միացում. 
Ձեռքից հավատը փախուստ տվածին, 
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր, 
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր, 
Մանկանը՝ մեծի մտքի լիացում, 
Մեծին՝ մանուկի անարատություն, 
Տափարակներին՝ Արարատություն, 
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն, 
Որ նրա վրա Քաղցը այսուհետ 
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ, 
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա. 
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած 
Տրվի ճախրանքի, 
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից, 
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի. 
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ, 
Ո՛չ մի ազգ ու ցեղ 
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի, 
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,- 
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար. 
Ամենքըս, բա՜վ է, հասկանա՛նք իրար: 
Նաև հասկանա՛նք, 
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր 
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր... 

05.I.1963թ.
Երևան


                 ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՄ

   
Արդարացնում եմ 
Այս երկինք կոչված հրա՛չք սիրունի, 
Հրա՜շք սիրունի 
Հիմար թվացող անտերությունը 
Եվ ա՛յն, 
Որ աստղե իր խալերի հետ 
Նա դեմքը ծածկող սև ամպեր ունի: 

Արդարացնում եմ 
Եվ անծիր ծովի ա՛յն թերությունը, 
Որ... ափեր ունի: 


20.VI.1957թ.

20.XI.1957թ.
Մոսկվա


 ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ


 
Հաճախ սիրում եմ, 
Երբ մարդկայնորեն սիրտըս գերում են: 

Հաճախ լռում եմ, 
Երբ ճիշտ ասածըս դիտմամբ ծռում են: 

Նաև խղճում եմ, 
Եթե զղջում են: 

Հիասթափվում եմ, 
Եթե խաբվում եմ: 

Նաև ատում եմ, 
Եթե ստում են: 

Բայց ամենի՛ց խոր 
Ես հավատո՜ւմ եմ: 

Ո՛չ միայն գիտեմ. 
Ես հավատո՜ւմ եմ 
Երկնի բացխուփիկ քողարկությանը, 
Օվկիանոսների հավերժ կրկընվող խաղարկությանը, 
Հավք ու թռչունի անբեկանելի ձվարկությանը: 

Ո՛չ միայն գիտեմ. 
Ես հավատո՜ւմ եմ, 
Որ անհնար է արևը բանտել, 
Երկնակամարի զարդերը քանդել, 
Խմորի նման հունցել ու գնդել 
Կապույտը ծովի, 
Ատելի լուսնին բռնել վռնդել 
Երկընքից ծավի... 

Ինչո՞ւ թաքցընեմ,
Ես ճանաչում եմ ու գիտեմ մարդուն: 
Ի՜նչ ասես չկա նրա փակ սրտում: 

Գիտի կործանե՛լ, 
Բայց և... գո՜րծ անել, 
Մատնություն գրած նո՛ւյն իր ձեռքերով՝ 
Աշխարհը լցնել շռայլ բերքերով: 

Նո՛ւյն այդ ձեռքերով՝ 
Ե՛վ ճրագ մարել, 
Ե՛վ խարույկ վառել: 

Նո՛ւյն այդ ձեռքերով՝ 
Ե՛վ դանակ խրել, 
Ե՛վ վեպեր գրել: 

Նա գիտի զարկե՛լ 
Ու զրկե՜լ գիտի, 
Բայց գիտի գրկե՛լ 
Ու փրկե՜լ գիտի: 

Նա գիտի կեղծե՛լ 
Ու սրբապղծե՛լ, 
Առավել ևըս՝ 
Գիտի ստեղծե՜լ: 
Ես նրան հաճախ դատափետում եմ, 
Երբեմըն նրան նույնիսկ ատում եմ, 
Բայց, ամենից շատ, խոր հավատո՜ւմ եմ: 

Ես հավատում եմ նրա բնության ո՛չ թերությանը՝ 
Ստորությա՛նը 
Ու չարությա՛նը, 
Այլ խորությա՜նը 
Ու բարությա՜նը. 
Ո՛չ ծերությանը, 
Այլ նորությա՛նը՝ 
Զավակի տեսքով անվերջ կրկընվող այդ հարությանը,- 

Ես հավատում եմ կենդանի մարդուն, 
Առավել՝ նրա ծնվելիք որդուն: 

Ես հավատում եմ նրա անուրջին. 
Նա որտեղ որ է Մարս էլ կթռչի,- 
Նոր է սկըսում տիեզերական ճամփորդությունը: 
Եվ Վեներայի լանջին կկառչի,- 
Ես գիտեմ նրա տղամարդկային շանորդությունը... 

Ես հավատում եմ նրա ծով խելքին 
Եվ նույնիսկ՝ նրա հոտառությանը, 
Ամե՜ն ինչ տեսնող աչքերի ցոլքին 
Եվ նույնիսկ՝ նրանց մթարությանը: 
Ես հավատում եմ նրա մատների 
Հար անհատնելի 
ճարտարությանը, 
Նրա ոտների 
արդարությանը. 
Մինչև իսկ եթե ճամփից էլ հանեն՝ 
Էլի՜ ճար կանեն, 
Տե՛ղ կհասցընեն... 

Ես հավատում եմ հավատի՜ն մարդու՝ 
Իմ ա՛յս հավատին... 

02.VI.1957թ.
Մոսկվա


             ՏԽՐՈՒՄ ԵՄ


 
Հոգուս վրա տխրություն է հաճախ թառում, 
Երբ թաց աշնան չոր խաշամն է ծածկում առուն, 
Չոր խոտի հետ երբ այրվում է թուփը կանաչ, 
Երբ մենք՝ հիմար տղամարդիկ, չենք նկատում ազնիվ կանանց, 
Ու երբ գուսան-չալ կաքավն է ընկնում վանդակ, 
Իսկ երգ ատող, 
Նվագ հատող 
Մարդը դառնում... մեկենասի ձուլված քանդակ... 

Ես, սրտիս տեղ, իմ կրծքի տակ 
Տխուրաչյա մի կաքավ եմ հաճախ զգում... 

27.V.1957թ.
Մոսկվա


ՄԽԻԹԱՐՈՒՄ ԵՄ


 
Մխիթարեմ՝ 
Թե ինքնատիպ ու չընդունված բանաստեղծին 
Երախտապարտ որդիներով ու թոռներով 
Եվ հետմահու հատորներով, 
Ապա տափակ ու միջակին, 
Ե՛վս առավել պատեհապաշտ բութ գրչակին՝ 
Ա՛յն պարտադիր հաջողությամբ, 
Որ և՛ ունի, և՛ կունենա՝ 
Ողջ է քանի 
Ու կենդանի: 

Եվ ծերացած այն ամուրուն, 
Որին ոչ ոք օր ծերության 
Չի փայփայում ու գուրգուրում, 
Խաբեմ ես այն սփոփանքով, 
Որ... չի կապվել նա երբևէ 
Լաչառ կնոջ պինդ կապանքով... 

Ում մերժել է իր դրացի 
Հոգի հանող 
Ու խելք տանող 
աղջիկը չար, 
Ես այն մտքով չեմ սփոփում, 
Թե չի վարվել այդ դրացին 
արդարացի: 
Ես մերժվածին սփոփում եմ լոկ այն դողով, 
Որ... չի ապրել նա առավել ահավորը, 
Գիտե՞ք որը. 
Դավաճանելն ու խաբելը իր սիրածի... 

Անբա՜խտ իմ քույր, 
Ո՛վ չբեր կին, 
Անբուժելի քո այդ վերքին 
Ես ո՞րտեղից, ի՞նչ դեղ ճարեմ, 
Ես քեզ ինչո՞վ մխիթարեմ: 
Մխիթարեմ ա՛յն սարսափով, 
Որ չես ապրել որդեկորույս մոր կսկիծը, 
Երբ պոկում են կարծես սիրտըդ խեղճ կրծքիցըդ... 

Նաև մի քիչ լինեմ բարի 
Եվ սարն ի վար ցած գլորվող-ջարդվող քարին 
Մխիթարեմ այն թռիչքով և անկումով, 
Որ վայել է և... հանճարին: 

Ընդհատակում, հոգու խորքում 
Զգույշ տարվող թույլ պայքարին 
Մխիթարեմ նոր ուժերի հավաքումով: 

Հարբուխ ընկած-մրսած չարին 
Մխիթարեմ և... թոքերի բորբոքումով: 

Արձագանքով մխիթարեմ համըր սարին: 

Գոլորշացող-ցնդող ջրին, 
մարող հրին 
Մխիթարեմ այն օրենքով, որ բարությամբ 
Սահմանել է ինչ-որ ծերուկ Լաուազե. 
Հարատևել ա՛յլ դրությամբ, 
Ո՛չ մի չափով չնվազել... 

Ուղղագրական նոր օրենքով 
Գործածումից հանված տառին 
Մխիթարեմ այն տանջանքով, 
Որ տարիներ, ձի՜գ տարիներ 
Պատճառել է ծեր ու մանկան: 
Մխիթարեմ հատվող լարին 
Ա՛յն ճնգոցով, որ կարող է նա՛ արձակել, 
Ուրիշ և ո՛չ, և՛ ո՜չ մի լար՝ 
թե նվագեն 
Վարպետ-ճարտար մատներն անգամ... 

Իզուր անցած գոռ պայքարին 
Մխիթարեմ իրեն ծնող 
Ու կործանող 
պատճառներով: 

Հերքված աստծուն խեղճ ու բարի՝ 
Հազար ու մի շեն ու ավեր տաճարներով: 

Եվ, վերջապես, 
Ծով արյունով թրջված դարին 
Մխիթարեմ 
Այն հավատի ավետիքով (թե՞ չար բոթով), 
Որ արյունն այդ կցամաքի 
Թղթերի մեջ, թանաքի հետ... 

Իսկ ի՞նձ... 
Ինչով ի՞նձ սփոփեմ, 
Մխիթարե՜մ, ո՛չ թե խաբեմ: 

Այն կն՞ոջ պես ինձ սփոփեմ, 
Որին միշտ էլ երբ օրհնում են ավանդաբար, 
Նույն հին բարի խոսքն են ասում. 
«Աստվա՛ծ պահի գլխավորիդ»: 
Իսկ խեղճ կինը, թե չամաչեր. 
Երինջի պես կբառաչեր. 
«Թաղե՜մ էդպես գլխավորին», 
Որովհետև գլխավորը՝ 
Այդ անհոգի բեղավորը, 
Նրան ծեծում ու տանջում է ամեն վայրկյան՝ 
Չհարցնելով անմե՞ղ է, թե՞ մեղավոր է. 
Այն էլ այնպե՛ս, որ անհոգի 
Ճիպոտը միշտ կամրջվում է 
Իր մի ծայրով կնոջ այտին, մեկով՝ հոնքին,- 
Եվ խեղճ կինը ցավից լալիս, 
Բայց և աստծուն փառք է տալիս, 
Որ... գեթ ա՜չքը չկուրացավ ծեծ ուտելիս... 

Մխիթարվեմ այն հավաստի իրողությամբ, 
Որ ես ինքըս տղամարդ եմ և ոչ թե կին, 
Եվ իմ ապրած ժամանակը՝ 
Արտասովո՜ր 
Եվ 
Լուսավո՛ր՝ 
Ո՜չ մի բանով չի նմանվում 
Այդ նզովյալ ժամանակին... 


19, 21-22.VI.1957թ.
Մոսկվա