Պարույր Սևակ



ՄԽԻԹԱՐՈՒՄ ԵՄ


 
Մխիթարեմ՝ 
Թե ինքնատիպ ու չընդունված բանաստեղծին 
Երախտապարտ որդիներով ու թոռներով 
Եվ հետմահու հատորներով, 
Ապա տափակ ու միջակին, 
Ե՛վս առավել պատեհապաշտ բութ գրչակին՝ 
Ա՛յն պարտադիր հաջողությամբ, 
Որ և՛ ունի, և՛ կունենա՝ 
Ողջ է քանի 
Ու կենդանի: 

Եվ ծերացած այն ամուրուն, 
Որին ոչ ոք օր ծերության 
Չի փայփայում ու գուրգուրում, 
Խաբեմ ես այն սփոփանքով, 
Որ... չի կապվել նա երբևէ 
Լաչառ կնոջ պինդ կապանքով... 

Ում մերժել է իր դրացի 
Հոգի հանող 
Ու խելք տանող 
աղջիկը չար, 
Ես այն մտքով չեմ սփոփում, 
Թե չի վարվել այդ դրացին 
արդարացի: 
Ես մերժվածին սփոփում եմ լոկ այն դողով, 
Որ... չի ապրել նա առավել ահավորը, 
Գիտե՞ք որը. 
Դավաճանելն ու խաբելը իր սիրածի... 

Անբա՜խտ իմ քույր, 
Ո՛վ չբեր կին, 
Անբուժելի քո այդ վերքին 
Ես ո՞րտեղից, ի՞նչ դեղ ճարեմ, 
Ես քեզ ինչո՞վ մխիթարեմ: 
Մխիթարեմ ա՛յն սարսափով, 
Որ չես ապրել որդեկորույս մոր կսկիծը, 
Երբ պոկում են կարծես սիրտըդ խեղճ կրծքիցըդ... 

Նաև մի քիչ լինեմ բարի 
Եվ սարն ի վար ցած գլորվող-ջարդվող քարին 
Մխիթարեմ այն թռիչքով և անկումով, 
Որ վայել է և... հանճարին: 

Ընդհատակում, հոգու խորքում 
Զգույշ տարվող թույլ պայքարին 
Մխիթարեմ նոր ուժերի հավաքումով: 

Հարբուխ ընկած-մրսած չարին 
Մխիթարեմ և... թոքերի բորբոքումով: 

Արձագանքով մխիթարեմ համըր սարին: 

Գոլորշացող-ցնդող ջրին, 
մարող հրին 
Մխիթարեմ այն օրենքով, որ բարությամբ 
Սահմանել է ինչ-որ ծերուկ Լաուազե. 
Հարատևել ա՛յլ դրությամբ, 
Ո՛չ մի չափով չնվազել... 

Ուղղագրական նոր օրենքով 
Գործածումից հանված տառին 
Մխիթարեմ այն տանջանքով, 
Որ տարիներ, ձի՜գ տարիներ 
Պատճառել է ծեր ու մանկան: 
Մխիթարեմ հատվող լարին 
Ա՛յն ճնգոցով, որ կարող է նա՛ արձակել, 
Ուրիշ և ո՛չ, և՛ ո՜չ մի լար՝ 
թե նվագեն 
Վարպետ-ճարտար մատներն անգամ... 

Իզուր անցած գոռ պայքարին 
Մխիթարեմ իրեն ծնող 
Ու կործանող 
պատճառներով: 

Հերքված աստծուն խեղճ ու բարի՝ 
Հազար ու մի շեն ու ավեր տաճարներով: 

Եվ, վերջապես, 
Ծով արյունով թրջված դարին 
Մխիթարեմ 
Այն հավատի ավետիքով (թե՞ չար բոթով), 
Որ արյունն այդ կցամաքի 
Թղթերի մեջ, թանաքի հետ... 

Իսկ ի՞նձ... 
Ինչով ի՞նձ սփոփեմ, 
Մխիթարե՜մ, ո՛չ թե խաբեմ: 

Այն կն՞ոջ պես ինձ սփոփեմ, 
Որին միշտ էլ երբ օրհնում են ավանդաբար, 
Նույն հին բարի խոսքն են ասում. 
«Աստվա՛ծ պահի գլխավորիդ»: 
Իսկ խեղճ կինը, թե չամաչեր. 
Երինջի պես կբառաչեր. 
«Թաղե՜մ էդպես գլխավորին», 
Որովհետև գլխավորը՝ 
Այդ անհոգի բեղավորը, 
Նրան ծեծում ու տանջում է ամեն վայրկյան՝ 
Չհարցնելով անմե՞ղ է, թե՞ մեղավոր է. 
Այն էլ այնպե՛ս, որ անհոգի 
Ճիպոտը միշտ կամրջվում է 
Իր մի ծայրով կնոջ այտին, մեկով՝ հոնքին,- 
Եվ խեղճ կինը ցավից լալիս, 
Բայց և աստծուն փառք է տալիս, 
Որ... գեթ ա՜չքը չկուրացավ ծեծ ուտելիս... 

Մխիթարվեմ այն հավաստի իրողությամբ, 
Որ ես ինքըս տղամարդ եմ և ոչ թե կին, 
Եվ իմ ապրած ժամանակը՝ 
Արտասովո՜ր 
Եվ 
Լուսավո՛ր՝ 
Ո՜չ մի բանով չի նմանվում 
Այդ նզովյալ ժամանակին... 


19, 21-22.VI.1957թ.
Մոսկվա


ԽԱՆԴՈՒՄ ԵՄ


Ես խանդո՞ւմ եմ: 

Անկեղծ ասած, թե ամոթ չէ, 
Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ 
Այդ ահավոր խանդ կոչվածը. 
Իմ մեջ, գուցե, բնությունից 
Ինչ-որ մի բան անտեսված է, 
Ուրիշ մի բան՝ տնտեսված է: 

Ընդամենը գիտեմ լոկ այն, 
Որ ես այնտեղ, որտեղ մարդիկ 
Հավանաբար և խանդում են, 
Բարկանում եմ - ոչ տևական, 
Քմծիծաղում - անբավական, 
Կամ ծիծաղում - անբնական, 
Եվ... եղածը ես քանդում եմ: 

Մեր խորտակված սերը վկա... 

19.XI.1957թ.
Մոսկվա



ԴԱՌՆՈՒՄ ԵՄ


Եթե դառնայի նույնիսկ մրցարան՝ 
Ես չէի թողնի, 
Որ կեղծավորը հաղթի շիտակին, 
Ճառող թերուսը՝ խորհուն գիտակին: 

Եթե դառնայի նույնիսկ թրծարան 
Ու սուտ թրծեի հարկադըրաբար՝ 
Բոլո՜ր ստերը մեկ-մեկ ճաքեին, 
Հակառակ դեպքում՝ դուռըս փակեի: 

Ո եթե նույնիսկ դիահերձարան՝ 
Վերստի՛ն սուտը, 
Մե՜ծ հաջողությամբ տարածվող սուտը 
Ես կհերձեի, 
Որ մի փորձեի՝ 
Ինչպես խելացի երեխան ինքը 
Քանդում-ջարդում է իր խաղալիքը, 
Որպեսզի տեսնի, նաև հասկանա՝ 
Ինչո՞ւմն է բանը և բանալիքը... 
Ու երանի՜ թե Խաղալիքի պես սուտն էլ փչանար, 
Եվ չգտնըվեր ո՛չ սարքող վարպետ, 
Ո՛չ էլ գործարան... 

Դառնայի մառան՝ 
Չէի ցանկանա մի խորշում պահել 
Քծնանքի թթու և կամ թե քացախ, 
Որ ախորժակ են գրգռում հաճախ, 
Շատերիս նույնիսկ շատ դուր են գալիս, 
Բայց ստամոքսը ազնիվ է, եթե 
Միշտ ետ է տալիս... 

Ու եթե խարան՝ 
Ես չէի ջնջվի այն սուտ-սուրբ աջից, 
Որ բոլո՛ր նրանց գամում է խաչի, 
Ովքեր մտքի մեջ, 
Մտքի՜ մեջ անգամ 
Ուզում են խույս տալ հարկադիր պաչից... 

Ու եթե շարան՝ 
Չդառնամ շարան 
Կեղծ հարցադըրման, 
Այլ մեղադրմա՜ն. 
Եվ ոչ թե ինչ-որ հիմար ցույցերի, 
Այլ մեղադըրման ապացույցերի՜... 

Ու եթե բերան՝ 
Ո՛չ խաբեբայի, 
Այլ երեխայի՜, 
Ո՛չ թե անտարբեր մի դասախոսի, 
Այլ դատախազի՜. 
Ո՛չ թե աղոթող մի խեղճ տատիկի, 
Այլ մունետիկի՜... 

Դառնայի պարան՝ 
Եթե ոչ լաստի 
Կամ առագաստի, 
Եթե ոչ պարզվող սուրբ դրոշակի, 
Ապա ոչ ձեռքում և հրոսակի, 
Որ նա դրանով ոտք ու ձեռք կծկի: 
Ավելի լավ է այդ դեպքում արդեն 
Գեթ պարան դառնալ... թեկուզ լվացքի՜... 

Ու եթե իրան՝ 
Ո՛չ թե աջ ու ձախ անվերջ ճկվողի, 
Այլ պատվախնդիր հպարտ աղջըկա՜ 
Եվ ա՛յն կտրիճի, որին՝ բարդու պես՝ 
Հատվել-փռվել կա, 
Բայց ծռվել չկա՜... 

Ու եթե կռան՝ 
Ո՛չ մարդկանց գլխին, 
Այլ դարբնի՜ ձեռքում... 

Ու եթե դռան հուսալի կողպեք՝ 
Պահեստի՛ վրա, 
Որ բարիքը գա բարիքին դիզվի, 
Պահեստի՜ վրա, 
Եվ ո՛չ թե լեզվի... 

Դիցուք, թե նաև դառնում եմ մի օր 
Բանաստեղծության օրենսդիր մի նոր 
Եվ... գիտե՞ք արդյոք, թե ինչ եմ անում, 
Ա՞յս եմ հավանում, 
Այն չե՞մ հավանում: 
Չէ՛, թույլ եմ տալիս, 
Երբ տեղն է գալիս, 
Բանաստեղծները բանաստեղծելիս 
(Ոչ զիզի-բիզի բան ստեղծելիս) 
Չափածո խոսքում երբեք չգրված, 
Կոպիտ համարվող, 
Նույնիսկ արգելված 
Բառեր ու խոսքեր թող օգտագործե՜ն, 
Թո՛ղ չկարկամեն, թո՛ղ վստահ փորձեն: 

-Օրենքներ չկա՛ն, կա լոկ իրավո՜ւնք... 

15.VI.1957թ.
Մոսկվա


ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ԵՄ


Ահավասիկ այս խնձորը՝ 
Մեղրածորը, 
Կամ այս դեղձը՝ 
Անձեռակերտ-անստեղծը... 

Սա մի պատառ կերպափոխված արեգակ է. 
Զովություն է այստեղ դարձել նրա տաքը, 
Հոսուն հուրը ստացել է մի հստակ ձև, 
Շողն ու լույսը փոխվել գույնի, համ ստացել: 
Եվ այս՝ գիտե՞ք ինչի՛ համար, 
Միայն նրա՛, որ մեզ համար 
Արեգակը դառնա հարմար. 
Որ այս դեղձը պոկենք հիմա, 
Աղվամազոտ դունչը շոյենք, 
Այս խնձորով նախ հիանանք՝ 
Ա՛յս կողմ շուռ տանք, 
Ա՛յն կողմ շրջենք 
Եվ - թե հանկարծ սրտներս ուզի - 
Ոչ այս - ոչ այն՝ բռնենք կրծենք: 

Տարօրինակ բան չեք կարծո՞ւմ, 
Որ արև է մարդը կրծում... 

20.XI.1957թ.
Մոսկվա


ԵՐԿՄՏԵԼՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ


- «Լինե՞լ-չլինե՞լ,- այս է խնդիրը»... 
Եթե վառվում է մորըդ թոնդիրը, 
Հայրենի ծուխը երդից փնչում է, 
Էլ ի՞նչ խնդիր է. 
Ուրեմըն՝ լինե՛լ: 

Թե տապալվում է չար հարձակումը, 
Թե անխուսափ է ծլարձակումը, 
Թե հարկավոր է նոր աղաց շինել, 
Ուրեմըն՝ լինե՛լ: 
Եթե բազմազան, 
Թեկուզև դաժան 
Գազաններն անգամ մնում են գազան, 
Ոչ թե օրեցօր դառնում ընտանի. 
Եթե վերստին աղջիկ - պատանի 
Ի՜նչ էլ որ լինի՝ սիրահարվում են, 
Իրար ձեռք բռնում, իրար փարվում են, 
Կազմում ընտանիք. 
Եթե մայրական կաթից ուռչում են 
Նորահարսների կանգուն ծոցերը, 
Եվ կենդանության կայտառ բոցերը 
Ու կյանքի ծուխը նորից փնչում են,- 
Էլ ինչո՞ւ ինչ-որ խնդիր հորինել, 
Նախորոշված է երբ նախընտիրը: 

Ի՜նչ էլ որ լինի՝ անպատճառ լինե՛լ,- 
Եթե խնդիր կա՝ այս է խնդիրը... 

28.V.1957թ.
26.XI.1957թ.
Մոսկվա

ՈՂԲՈՒՄ ԵՄ


Ողբամ վաղամեռ մինուճար որդուն, 
Առավել՝ նրա խեղճ մորը տրտում, 
Եվ որդեկորույս մորից առավել՝ 
Վա՜յ տամ ու ողբամ այն թշվառ մարդուն, 
Որ հավա՛տ ուներ - և ծովածավա՜լ, 
Եվ հիմա չունի՛, 
Մի՜ կաթիլ չունի... 

Ստիպողական ժպիտըդ ողբամ, 
Հարգանքըդ ողբամ, թե հարկադիր է, 
Թե աղբյուրի պես սրտից չի բխում, 
Այլ լիմոնի պես քամվում է վախից... 

Եվ դողը ողբամ, 
Եթե չի ծնվում նա ակնածանքից 
Եվ կամ թե սրտում այն դեռահասի, 
Որ իր կյանքի մեջ առաջի՛ն անգամ 
Ծրար է բացում՝ 
Սիրային նամա՜կ: 
Ա՛յն դողը ողբամ, 
Որ զոռով-շառով որդեգըրվում է, 
Եվ կնքահայր է դառնում Երկյուղը, 
Եվ կնքամայր է դառնում Սարսափը... 

Քե՜զ ողբամ, աստվա՛ծ, 
Եթե սուտ ես դու: 
Ողբամ, սո՛ւտ, և քե՜զ, 
Եթե քո հագին 
Դու ճշմարտության քղամիդ ունես. 
Եվ քե՜զ, քղամի՛դ, 
Թե ուս ես ծածկում և ոչ թե քամակ... 

Հիասթափությո՛ւն, քե՜զ ողբամ նաև, 
Եթե գալիս ես և էլ չես գնում, 
Ինչպես չի գնում հյուրը աներես: 
Ողբամ և հյուրին, որ տանն օտարի 
Իրեն պահում է տանտիրոջ նման, 
Եվ տանտիրոջը՝ թե չի վռընդում, 
Նրան թողնում է կնոջ հետ մենակ, 
Աչքը դո՛ւրս կնոջ, 
Որ շատ է սիրում արցունքով զինվել: 
Արցունքն էլ ողբամ, 
Եթե արցունքը՝ ցավը մեղմելով՝ 
Եվ քենն է փոխում հնազանդության. 
Թող քենը գործե՜ր... 

Վայ տամ ա՛յն գանգին, 
Ուր ձմեռում է խելքը՝ արջի պես. 
Նաև ա՛յն գանգին, 
Որ ուսին դրված կաղամբ է ասես, 
Եվ այդ կաղամբը այնտեղ է հասել, 
Որ՝ օգտըվելով նմանությունից՝ 
Իրեն վիթխարի վարդ է հռչակում 
Ու դեռ սոխա՜կ է պահանջում նաև, 
Եվ հարցնող չկա, 
Թե ո՞ւր է գույնըդ, 
Բուրմո՞ւնքդ ուր է... 

Ճիշտ այսպես՝ 
Նաև վայ տամ տականքի՛ն, 
Որ իրեն յուղից թանկ է համարում 
Լոկ այն պատճառով, 
Որ... ծանր է յուղից. 
Ա՛յն արձագանքին, 
Որ հոգնած «մեռա»-ն 
Դարձնում է «ուռռա՛»... 

Ճիշտ այսպես՝ 
Պիտի այն ցա՛նկը ողբամ, 
Որ միայն ինքն է մնացել գրքից. 
Այն վա՛նքը ողբամ,
Որ վեր է ածվել բողկի պահեստի. 
Այն վա՛նկը ողբամ, այն վա՜նկը, որին 
Զրկում են միա՜կ իր ձայնավորից. 
Նաև հավանգը, 
Թե հավանգի մեջ լոկ ջուր են ծեծում. 
Նաև սահանքը, 
Եթե սահանքը... խելագարվել է՝ 
Բռնել է գրազ 
Նույնիսկ ձկներին խեղդամահ անել, 
Բռնել է գրազ 
Եվ մտադիր է գրազը տանե՜լ... 

Եվ ողբամ նաև... 
Ինքըս ի՜նձ ողբամ, 
Թե այսպես պիտի ողբամ - վայ կանչեմ 
Եվ իզուր տեղը ինքըս ինձ տանջեմ... 

03.VI.1957թ.
Մոսկվա
(«Մարդը ափի մեջ» շարքից)


ԱՂԱՉՈՒՄ ԵՄ


Աղաչում եմ.- 
Մի՛ վրդովվեք, եթե ասեն 
Փառասերին հենց փառասե՜ր, 
Ո՛չ թե համեստ. 
Սրիկային՝ հենց սրիկա՜, 
Ո՛չ թե ազնիվ. 
Հեռակային՝ հենց հեռակա՜, 
Ո՛չ թե ներկա... 

Աղաչում եմ.- 
Մի՛ վախեցեք անկեղծ խոսքից. 
Անկեղծ խոսքը չի սպանում, 
Փակ խոցեր է միայն բանում: 

Թե սոված եք և երեխա՝ 
Մի՛ վախեցեք լաց լինելուց. 
Դե՜հ, քանի դեռ նա չի լալիս՝ 
Ծիծ չե՛ն տալիս: 

Մի՛ վախեցեք 
Ժանգոտ թասից ժանգ քերելուց. 
Նա դրանից չի փչանա: 

Մի՛ վախեցեք 
Կեղծի մասին ճիշտ գրելուց. 
Նա դրանից կքչանա: 

Աղաչում եմ.- 
Եվ թվաբա՜ն եղեք մի քիչ, 
Բայց պայմանով այս ամոքիչ. 
Ո՛չ թե ճշտին սուտ գումարեք, 
Այլ բաժանեք սուտը ճշտին. 
Ո՛չ թե վշտին գութ գումարեք, 
Այլ բաժանեք գութը վշտին: 
Եվ պարծեցեք ո՛չ թե հարցով.
Հպարտացեք լոկ լուծումո՜վ՝
Փակագըծի ճիշտ բացումով, 
Մնացորդով 
Ու քանորդով... 

Աղաչում եմ.- 
Եղեք նաև քիչ հոգեբան. 

Եթե որդին տրտում երգով 
Իր ծնողի մահն է սգում, 
Աղաչում եմ, մի՛ ընդհատեք, 
Ի՜նչ է թե նա... լա՛վ չի երգում... 

Աղաչում եմ.- 
Այս և նման այլ հարցերում 
Երբևիցե ինձ չաղաչե՜լ... 

9-10.VI.1957թ.
Մոսկվա

(«Մարդը ափի մեջ» շարքից)


ՀՐԱՎԻՐՈՒՄ - ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ


Եկե՜ք, խնդրեմ, եկե՜ք այսօր ու դարձեք ինձ սեղանակից՝ 
Օգտըվելով իմ այսօրվա բարենպաստ եղանակից: 
Եկե՛ք այսօր ուզածիս պես ուրախանանք, ուտենք-խմենք, 
Չէ՞ որ նորից 
Էլ մեր մորից 
Չենք ծնվի մենք: 

Թող գան, խնդրե՛մ, բոլո՜ր նրանք, ովքեր գիտեն 
Փայլատակել կարմիր գինու թնդությունից. 
Ուրախանալ և օտարի՛ խնդությունից, 
Ովքեր գիտեն վիշտ ու ցավը ետ վանելու, 
Կյանքում լավը և առողջը հավանելու, 
Գեղեցիկը ու վսեմը դավանելու հարգն ու կարգը. 
Ովքեր գիտեն նաև իրենց բերնի համը, 
Թող չուշանա՛ն, թող շտապե՜ն, քանի որ դեռ 
Գինի-օղին փակ շշերից դուրս չի հորդել, 
Եվ չի հասել խորովածի ժամն ու դամը: 

Թող մոտենա իմ սեղանին 
Նա՛, ում ձեռքը կոշտացել է 
Մուրճից, բահից ու եղանից. 
Ով տանջանքից կշտացել է 
Ու փնտրում է սպեղանի. 
Ով կրում է խոցերն անանց 
Աղջիկների ու գեղանի հարս ու կանանց: 

Նա կգտնի այստեղ նրան՛ց, 
Ովքեր գիտեն երգել-պարել, 
Գրկել-փարել, 
Գերել-սիրել, 
Ինչպես նաև հյուրասիրել` 
Ունեցածը լավ ծախսելով, 
Ոչ թե կիտված կոպեկներին 
Հավի նման լուռ թխսելով: 

Բայց ո՛չ. այսօր 
Ես կանչում եմ նաև նրա՜նց՝ 
Եվ այդ կիսատ-պռատներին, 
Այդ ձեռը փակ-ժլատներին: 
Թող գան, մարդկանց շարքը դասվեն, 
Թե կարող են՝ 
Իրենց հիմար արատներից 
Թող ամաչեն ու ետ քաշվեն. 
Թե չեն կարող՝ 
Իրենց մտքում մեզպեսներին 
Թող պարզապես հիմա՛ր հաշվեն... 

Մի՛ ուշացեք, դե՜հ, ձեզ մատաղ, 
Բոլորվեցեք այս կանաչին, 
Այս վիզը ծուռ ուռենու տակ, 
Եվ բաժակով այս առաջին 
Նախ և առաջ «բարով տեսանք» իրար ասենք, 
Ինչպես խփել ու խմել են լուսահոգի մեր պապերը: 

Եկեք այսօր մենք էլ, առանց ամաչալու, 
Նրանց նման ոսկորներըս լավ կարասենք 
Ու նախապես թուլացընենք մեր ձիգ տված մեջկապերը,- 
Այսօր մի լա՜վ, ուզածի՛ս պես ուրախանանք, ուտենք-խմենք. 
Չէ՞ որ նորից 
Էլ մեր մորից 
Չենք ծնվի մենք... 

Մինչ նազ անող խորովածի համ-դամը գա՝ 
Ես, տանտիրոջ իրավունքով, ձեզ թամադա: 

Դե՜հ, խմողաց խո՛ւմը անուշ, 
Եռեփ գինու կո՛ւմը անուշ, 
Խորովածի հո՛ւմը անուշ... 

Այս մի թասն էլ՝ նրա՛նց կենաց, ովքեր կյանքում 
Թեկուզ ծանըր կարիքի մեջ ու զրկանքում 
Ընդունում են 
Ու տանում են 
Ամե՜ն հարված, 
Բայց մնում են 
Էլի կյանքին սիրահարված: 

Դե՛հ, վերցընենք, 
Բաժակները շախով-շուխով չխկացնենք, 
Խմենք, հետո այս կենացը ծաղկացնենք. 
Ով որ երգի՝ ձայնն անսպառ, 
Մատաղը՝ գառ, 
Ճրագը՝ վառ... 

Տեսնեմ այդ ո՞վ այս բաժակը չի պարպելու, 
Տեսնեմ այդ ո՞վ այս բաժակից չի հարբելու... 
Այս բաժակն էլ մեր սրտից վեր բարձրացընենք, 
Քամենք այնպե՛ս, կարծես լի է... երեխեքի դառը լացով, 
Խմենք, հետո բերաններըս քաղցրացընենք 
Նրանց թմբլիկ թուշիկների անուշ պաչով: 
Թո՛ղ որ նրանք ծիլի նման 
Քարն էլ ճեղքեն, 
Բարով ծաղկեն 
Հեր ու մերով, 
Քույր-ախպերով: 

Մեր հին գինով՝ և՛ըս մի հին ու նոր կենաց. 
Կենացն ըմպենք հավատարիմ բոլո՜ր կանանց, 
Որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց, 
Այնքան՝ ցավով՝ խելքի գալիս, 
Տարբերում ենք մամուռ-կանաչ, 
Էժան և թանկ, 
Սեր և դյութանք: 

Եկեք փութանք, 
Որ չսպառնա նրանց սիրուն ո՛չ մի վտանգ, 
Եվ հավատա՛նք, 
Որ մենք կյանքում 
Բախտի՜ նման նրանց գտանք... 

Խմենք կենացն անդավաճան ընկերության, 
Ընկերների ա՛յն սերության, 
Որ մինչև իսկ չի ընդհատվում 
Աքսորի մեջ ու գերության: 
Ընկե՛ր լինենք 
Նույն հուզմունքի, 
Համոզմունքի՛, 
Նույն ճաշակի՛, 
Դրոշակի՛, 
Ո՛չ թե ընկեր լոկ բաժակի... 

Եկեք նաև մե՛զ չզրկենք, - առանց այն էլ 
Քիչ զրկանքներ հո չենք կրել աշխարհում մենք: 
Այս թասով էլ մե՛ր կենացը եկեք խմենք: 
Այս թասով էլ տրտմությունը, 
Ցավը, 
Դավը եկեք քամենք, 
Որ այսուհետ ուրախ ապրենք՝ 
Կարաս բանանք, տկճոր կպրենք 
Երբեք չզգանք մեզ մենմենակ, 
Անթևթիկունք և անհենակ: 
Մեր վատ օրը հենց ա՛յս լինի, 
Հետո էլ գան դեռ լավե՜րը... 

Դե՛-հա՜, քամե՛նք մեր գավերը, 
Շուռ տանք պաչենք թասի տակը... 

Այս գավով էլ եկեք հարգենք 
Եվ անթառամ հիշատակը 
Կամար-կամուրջ քաշողների, 
Սյուն ու խաչքար տաշողների, 
Սանդ ու երկանք կտրողների, 
Ելք ու ճամփա փնտրողների,
Վանք ու պալատ շինողների,
Կտրիճ զավակ ծնողների,
Աղբյուր-առու սարքողների,
Փող ու թմբուկ զարկողների,
Ինչպես նաև հիշատակը
Նրանց հիշող-հարգողների...

Հպարտությամբ և անհատույց երախտիքով
Հիշենք բոլոր ընկածներին`
Հերոսաբար հանգածներին
Հանուն լույսի
Եվ մե՜զ համար.
Հիշենք նաև նրանց ծնող, 
Նրանց սնող,
Նրանց զինող
Հայրենիքը հերոսամայր:
Ակնածանքով շուռ տանք հողին
Այս մեկ բաժակ մաքուր օղին, 
Այս մի բաժակ անխառն գինին.
Թող մայր հողը նրանց վրա թեթև՛ լինի...

Տեսե՛ք, տեսե՛ք, ո՜ւխ, վերջապես,
Խորովածը մեջտեղ մտավ: 

Հիմա ընտրենք մեզ իսկակա՛ն մի թամադա,
Որ, հավատա՜, 
Արդեն խմած կենացներին չի հակասի,
Այնպես, ինչպես որ մեզ նման
Քեֆ անողի քեֆն էլ երբե՜ք չի պակասի...


27-29.XI.1957թ.
Մոսկվա

(«Մարդը ափի մեջ» շարքից)

ՄԻ ՊԱՀ ՄԵԾԱՄՏՈՒՄ ԵՄ


Ա՛խ, ի՜նչ բախտ է կյանքում լինել 
Ամենքի պես, 
Ամենքի հետ.
Գիշերները հանգիստ քնել՝ 
Ամենքի պես, 
Ամենքի հետ: 
Լինել անդա՛րդ, 
Լինել հանդա՛րտ՝ 
Ամենքի պես, 
Ամենքի հետ. 
Կյանքին նայել պա՜ղ ու անթա՛րթ՝ 
Ամենքի պես, 
Ամենքի հետ: 
Չմտածե՜լ վաղվա մասին՝ 
Ամենքի պես, 
Ամենքի հետ, 
Կյանքըդ մատնե՛լ ինքնահոսի՝ 
Ամենքի պես, 
Ամենքի հետ... 

17.IV.1957թ.
Մոսկվա
(«Մարդը ափի մեջ» շարքից)


ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՄ


Ես խուսափում եմ 
Թեթև դերերից, 
Էժան սերերից 
Եվ ա՛յն նորերից, 
Որ հաստատվելիս 
Ու թուխս նստելիս 
Միշտ հինն են ծնում. 
Եվ ա՛յն օրորից, 
Որ քուն չի բերում,
Այլ, ավելի շուտ, քուն է փախցընում... 

Մի՛շտ խուսափելով, 
Ճի՛շտ խուսափելով՝ 
Պիտի չհասնեմ և ա՛յն դրության, 
Երբ փափուկ բանի հեշտ կտրվելը 
Վերագըրվում է թրի սրության. 
Լողալ չիմացող մարդու խեղդվելը`
Լճի խորության. 
Ստիպողաբար կռվում հաղթվելը`
Սրտի բարության. 
Օժտված մարդու հաջողությունը՝ 
Քաջնազարության. 
Իր սկզբունքին հաստատ մնալը՝ 
Մտքի քարության... 

Ես խուսափում եմ դեռ շա՜տ բաներից: 
Ես խույս եմ տալիս 
Թեթև բաներից վիրավորվելուց.- 
Շատ եմ ինքնասեր. 
Եվ անպատասխան սիրահարվելուց.-
Սիրառատ եմ շատ. 
Եվ շիլ դառնալուց՝ 
Իմ խեղճ աչքերի անվերջ չռվելուց.- 
Զարմանում եմ դեռ. 
Ամեն կշեռքի թաթին դրվելուց.- 
Իմ քաշը գիտեմ. 
Ամեն առիթով իսկույն սրվելուց.- 
Եվ ի՜նչ եմ տաշում, 
Լոկ ի՛նձ եմ մաշում... 

Չե՜մ ուզում տրվել, ամեն մի կրքի, 
Չե՛մ ուզում տրվել.- 
Ես շատ եմ կրքոտ.
Չե՜մ ուզում կռվել հիմարների հետ, 
Չե՛մ ուզում կռվել.- 
Էլ ջիղ չմնա՜ց.
Ուզում եմ ծռվել՝ բա՜ն չի ստացվում 
Եվ չի՛ ստացվի.- 
Բունս է հաստացել... 

Գուցե վտարվե՞լ ուրախ շրջանից.- 
Հաճախ եմ տխրում. 
Գուցե վթարվե՞լ՝ մեքենայի պես.- 
Մաշվում եմ անվերջ. 
Գուցե կտըրվե՞լ այս խոկումներից.- 
Ես էլ եմ հոգնում... 

Ես խույս եմ տալիս և զուր այրվելուց.- 
Ո՞ւր եք , մրսողնե՛ր, 
Մո՜տ եկեք գոնե.
Ես խույս եմ տալիս և զուր լարվելուց.- 
Դեռ շա՜տ գործ ունեմ, 
Որ չարվի՛ գուցե... 

Ես խույս եմ տալիս 
Ամեն քամոցով իսկույն թորվելուց.- 
Ջուր եմ հանքային: 

Ես խույս եմ տալիս, 
Բայց չեմ վախենում շուտ պղտորվելուց.- 
Աղբյուր եմ լեռան: 

Ես խույս եմ տալիս, 
Բայց չեմ սարսափում և խոտորվելուց.- 
Ճամփա կգտնեմ... 

...Եվ չխուսափե՞մ այն դրությունից, 
Որ լոկ գալիս է մեր խլությունից: 
Խուլին ասում են. 
- «Ցուրտ է, չես մրսո՞ւմ»:
Խուլն էլ ասվածը խլաբար լսում 
Եվ ի պատասխան իրենն է ասում. 
- «Հա՛, ճիշտ եք լսել, մեր անտեր ցուլը 
Կա-չկա կարծեց, թե փորոտիք է՝ 
Զարկեց ու պատռեց մեր գինու տիկը...»: 

Ես խույս եմ տալիս ո՛չ թե խուլերից, 
Այլ կարաս ջարդող 
Ու տկճոր պատռող 
Բոլո՜ր անմակդիր նման ցուլերից... 

14-15.VI.1957թ.
Մոսկվա

(«Մարդը ափի մեջ» շարքից)

ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ


_Ես մտածո՞ւմ եմ: 
Բա՛ն չեմ մտածում... 

Լեռնային գետն է թավալվում ցածում, 
Ինչ-որ մրջյուն է 
Կծում իմ ոտը.
Ինչ-որ թռչուն է 
Թրատում օդը. 

Սառույցն է շողում լեռան կատարին, 
Ինչպես որ երեկ ու բոլոր տարին... 
Վիճաբանո՞ւմ են խոտերն ու քամին, 
Թե՞ դատապարտում սուտ բարեկամին... 
Ինչպե՞ս չեն փլչում այս լեռ քարերը,
Թե կտրատվել են նրանց կարերը... 
Ինչո՞ւ քարն է պինդ, իսկ ջուրը` հեղուկ
Եվ ապառաժը՝ անձայն ու համըր, 
Իսկ այս տատրակը անվերջ գեղգեղում՝ 
Շատախոսելով հանում է համը... 

Ես մտածո՞ւմ եմ: 
Բա՛ն չեմ մտածում: 

Ես նույնն եմ անում, ինչ գետը ցածում, 
Ինչ այս մրջյունը 
Եվ այս թռչունը, 
Այս խոտն ու քամին 
Եվ սարն ու քարը.- 

Շարունակում եմ իմ գոյությունը... 

25.V.1957թ.
Մոսկվա
(«Մարդը ափի մեջ» շարքից)

ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ


Պատկերացնում եմ նորի՛ց ու նորի՛ց. 

Ինչ-որ տեղ մի օր ծնվում է մորից 
Շա՜տ սովորական 
Մանուկ մի լալկան: 

Ինչ որ ես գիտեմ՝ նա դեռ չգիտի, 
Իր դասագրքից իմանա պիտի. 
Ինչ որ եղել է ինձ համար հանգույց,
Որ պիտի քանդել կամ թրով հատել,
Նա գիտի՛ արդեն 
Եվ գիտի - մանկո՜ւց. 
Ինչի վրա ես գլուխ եմ ջարդել 
Եվ տառապելով տառապել սաստիկ, 
Նա ստացել է արդեն... պատրաստի՜. 
Ինչ ես ատել եմ, ինչ ես ատում եմ՝ 
Նա նույնիսկ իր շուրջ չի նկատո՛ւմ էլ. 
Ինչ չեն ներել ինձ՝ նրան ներում են, 
Ինչ ես եմ սիրել՝ դրան տիրում է. 
Ինչին ձգտել եմ, ինչ երազել եմ՝ 
Նա դրան արդեն վաղո՜ւց հասել է,- 
Եվ չի՛ հասկանում իմ տենչանքը նա, 
Եվ չի՛ հասկանում իմ տանջանքը նա... 

Ինչ ես եմ կրել՝ 
Նա էլ չի՛ կրի, 
Ինչ ես չեմ գրել՝ 
Նա՛ պիտի գրի... 

Սակայն նա գոնե պատկերացնո՞ւմ է 
Կյա՛նքը, 
Տանջա՛նքը, 
Ջա՜նքը պապերի... 

25.V.1957թ.
Մոսկվա

(«Մարդը ափի մեջ» շարքից)

ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՄ


Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով, 
Բայց առավել՝ իմ արմատով 
Եվ իմ բնի վաղեմությամբ. 
Ժողովրդիս ծերունական 
Խիստ բնական խոհեմությամբ, 
Բայց ավելի՝ 
Նոր շիվերի դալարությամբ - 
Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

Ես հպարտ եմ մի բուռ հողով, 
Թե աճում է այնտեղ խաղող: 
Ես հպարտ եմ ջրով մի կուց, 
Թե նա մեկին տասն է տալիս 
Մի թիզ արտից և կամ այգուց... 

Անշահադետ օգնություն եք թե ցույց տալիս՝ 
Ես հպարտ եմ ձեր օգնությամբ. 
Թե չեք թողնում հանգստանալ մարդավարի՝ 
Ես հպարտ եմ իմ հոգնությամբ. 
Ստիպում եք մի կո՞ղմ քաշվել ասպարեզից`
Ես հպարտ եմ իմ ճգնությամբ... 

Եթե պետք է լավ հասկացվել, 
Եթե պետք է խոր զգացվել 
Լոկ եղածի նոր կրկնությամբ՝ 
Ես հպարտ եմ 
Չհասկացվող 
Եվ չզգացվող 
Իմ ինքնությամբ. 
Շատ-շատերից չկարդացվող՝ 
Բայց և այնպես իմ սեփակա՛ն ձեռագրով. 
Այլոց կողմից չարդարացվող՝ 
Բայց և այնպես իմ սեփակա՛ն ծրագըրով. 
Ուրիշների խնջույքի մեջ
Թող ո՛չ մի դեր չխաղացած՝ 
Բայց և այնպես ի՛մ հնձանով. 
Թեկուզ խռպոտ ու բաղաձայն՝ 
Բայց ի՛մ ձայնով. 
Թո՛ղ որ անզոր՝ 
Սակայն արդա՜ր իմ ցասումով. 
Թո՛ղ որ իզուր՝ 
Բայց բնակա՜ն իմ հոսումով. 
Եվ անտարբեր լրջությա՛ն դեմ՝ 
Թո՛ղ որ գուցե անհետևանք և ապարդյուն, 
Բայց և այնպես միտք խմորող իմ տաք վեճո՜վ.
Անփառունակ-երկարատև կյանքի դիմաց՝ 
Իմ մկրտված կյանքի վերջո՜վ... 

Հպարտ եմ ես 
Իմ փայփայած նպատակով, 
Թեկուզ նրան չհասնե՜մ էլ 
(Մեղքը կընկնի ոչ իմ վզին).
Թեկուզ նույնիսկ իզուր անցած 
Ուրախ ու նուրբ իմ կատակով 
(Տափակները չհասկացա՜ն). 
Իմ կտակով, թեկուզ գիտեմ, 
Որ երբևէ չի կատարվի 
(Մեռածի՜ն էլ քիչ են հարգում).
Իմ զտարյուն հովատակով, 
Եթե չտա նույնիսկ սերունդ 
(Նա ի՞նչ անի - մատա՜կ չկա)... 

Եվ, վերջապես, հպարտ եմ ես, 
Հպարտ եմ ես իմ... գդակո՛վ, 
Թեպետ և նա վաղո՜ւց ծակ է 
(Ճիշտ խոսողի խեղճ գդակը, 
Ինչպես գիտեք, ծակ է լինում)... 

Ինձ թույլ տվեք հպարտանալ 
Եվ կարծեցյալ իմ բարդությամբ՝ 
Թե լավ գին են տալիս միայն պարզունակին 
Ու պարծենում ա՛յն պարզությամբ, 
Որին անգամ չի պղտորում 
Ո՛չ արյունը, 
Ո՛չ սմբակը, 
Ո՛չ էլ կեղտը... 

Ինձ թույլ տվեք, վերջի՜ն անգամ, 
Խիզախի պես հպարտ զգալ 
Հնարավոր իմ պարտությամբ, 
Ինչպես նաև... նաև իմ այս հպարտությամբ, 
Որ թերևս անտեղի է... 

21, 23.VI.1957թ.
Մոսկվա

ԺԽՏՈՒՄ ԵՄ


Ասում են, թե առանց սիրո 
Կարելի է մեկտեղ ապրել: 
Ես ժխտում եմ. 
Կարելի է չմահանա՜լ, 
Ո՛չ թե ապրել: 

Կժխտեի ես արևի՛ գոյությունն էլ,
Թե արևը չշողշողար, 
Այլ գրքերում անփայլ լողար 
Ու գրքերում թաղվե՛ր միայն: 

Կժխտեի ես տերևի՛ գոյությունն էլ, 
Թե տերևը ծառի վրա ոչ թե շողար, 
Այլ ածուխի շերտերի մեջ պեղվե՛ր միայն: 

Կժխտեի ակներևի՛ գոյությունն էլ, 
Ակներևը թե չերևար՝ 
Թե նա իբրև լավ ցանկություն 
Զեղվե՜ր միայն: 

Ես լա՛վ գիտեմ, 
Թե ինչ բան է ցանկությունը.- 

Ետ ես բերում անդարձ կորած մանկությունը, 
Փոխարկում ես էժանության թանկությունը. 
Սնանկության խեղդող ձեռքից 
Ազատվում ես չստանալիք ժառանգությամբ. 
Տնանկության բաց երկընքից 
Դու զատվում ես ցնորական բնակությամբ. 
Աղմըկարար աշխատանքից 
Շունչ ես քաշում մտացածին մենակությամբ 
Բարակ մեջք ես դու երազում, 
Չա՛ղ աղջիկըս. 
Երկու առողջ ոտք ես ուզում, 
Կա՛ղ աղջիկըս. 
Հավանաբար աչքն է հուզում 
Քեզ, չղջի՛կըս. 
Տրորվող խոտ, 
Դու ուզում ես անշուշտ լեզու. 
Դու, մութ գիշե՛ր՝ 
Թեկուզ մի քիչ լույս ու լազուր... 

Ես լա՜վ գիտեմ, 
Թե ինչ բան է ցանկությունը: 

Բայց ցանկությա՞մբ լոկ լիանալ,- 
Ես ժխտում եմ: 
Երազանքո՞վ լոկ հիանալ,- 
Ես ժխտում եմ: 

Ես ժխտում եմ, չեմ ընդունում, 
Երբ ժխտում են խոսքո՜վ միայն, 
Ո՛չ թե փորձով, 
Ո՛չ թե գործով: 

Ես ժխտում եմ՝ երբ չեն փնտրում 
Առաջ տանող մի նոր ճամփա, 
Այլ սպառնում վերադարձով. 
Երբ լրջորեն հոխորտում են ու պարծենում 
Ոչ պարզապես եղած սառցով, 
Այլ պաշարով և ա՛յն ջրի, 
Եվ ա՛յն ձրի 
Էժան շոգու, 
Որ չհալած ու գոլորշի դեռ չդառած 
Այդ սառույցն է պարունակում... 

Ինչպես որ դուք չեք հավատում 
Միջնադարյան ոգիներին, 
Գոյությունն եմ ես էլ ժխտում շոգիների, 
Եթե նրանք... դեռ սառույց են: 

04, 08.VI.1957թ.
Մոսկվա

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ


Հրաժարվում եմ նախ՝ ի՛մ իսկ ձեռքից, 
Եթե նա պիտի պոկի վիրակապ 
Փակվել սկըսվող խորամուխ վերքից: 

Հրաժարվում եմ օգնական զորքից, 
Թե պիտի հետո նա չհեռանա իմ երկրի խորքից: 

Հրաժարվում եմ ա՛յն միակ արկից, որ պատերազմի ելք չի որոշում, 
Այլ միայն տասնյակ մարդկանց է հոշում: 

Ա՛յն միակ զարկից, որ և հերիք է, 
Որպեսզի կրկին նոր կյանք ստանա 
Մսրա Մելիքը. 
Նաև ա՛յն բարկից, 
Որ լոկ վառում է - չի տաքացընում, 
Եվ ոչ թե թրծում, այլ ճաքեցընում: 

Հրաժարվում եմ 
Ինչից որ կուզեք՝ 
Նույնիսկ սեփական հպարտությունի՜ց: 
Բայց ո՛չ թանկ նստող ճշմարտությունից: 

Իսկ եթե հանկարծ անկարող լինեմ 
Չհրաժարվել ճշմարտությունից 
Թե կուրծքըս չուզի, որ իր վանդակին գնդակներ խրվեն, 
Թե վիզըս չուզի պինդ օղակի մեջ մի կողքի ծռվել, 
Թե մեջքս չուզի մայր հողի վրա դիտապաստ փռվել,- տեսնելով, որ իմ կյանքը հատվում է՝ 
Իմացեք, ես է՛լ 
Այդ պահին կասեմ. 
-«Բայց այսուհանդերձ... նա պտըտվո՜ւմ է»... 

06.VI.1957թ.
Մոսկվա

ՎԱԽԵՆՈՒՄ - ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ

Վախենում եմ շա՛տ բաներից, 
Ամեն տեսակ վա՛տ բաներից: 

Ինչպես մանուկն է վախենում 
Գիշերային ավեր վանքից՝ 
Վախենում եմ ես էլ արդի 
Կեղծ ֆանատիկ-մոլեռանդի կուրա՛չ ջանքից: 

Ինչպես մանուկն է վախենում 
Գերեզմանոց տանող ճամփից՝ 
Վախենում եմ ես իմ անվան, 
Պատվի՜ համար՝ որքան անբիծ, 
Նույնքան նաև չպաշտպանված 
Զրպարտության թուխպ ու ամպից... 

Վախենում եմ 
Սին մտքերի ճարճատումից, 
Հին մտքերի աղճատումից, 
Նոր մտքերի կրճատումից: 

Վախենում եմ 
Մերժված կնոջ ահեղ քենից, 
Խարխուլ պատի խաղաղ շուքում 
Հոգնած մանկան անմեղ քնից: 

Վախենում եմ ես թույլերի՜ց. 
Այդ նրանք են ամենից շատ 
Ստորություն անում կյանքում... 
Վախենում եմ ես ծույլերի՜ց. 
Այդ նրանք են ամենից շատ 
Հոգնածորեն ծանըր տնքում... 

Եվ աստղային ա՛յն բույլերից, 
Որ խաբում են ճամփորդներին՝ 
Շփոթեցնում հյուսիս-հարավ... 

Եվ տակը ծակ ա՛յն դույլերից, 
Որ խաբում են ճամփորդներին՝ 
Ջրհորի մոտ թողնում ծարավ... 

Վախենում եմ ես շա՜տ բանից, 
Սարսափում եմ շատ... քի՜չ բանից: 

«Խոսքն է եղել սկըզբանից...», 
Իսկ թե հանկարծ մի անբանից 
Հըրաման գա՝ 
Մինչև անգամ 
Վերցնել մարդկանց լեզվի՞ց զրկել - 
Ո՛չ թե մարդկանց քիմքին կպած 
Այն մի կտոր միսը պոկել, 
Այլ բերա՜նը ամուր փակել... 

Դժբախտ մարդ է անշուշտ կաղը: 
Բայց ինչ արժե և կաղության 
Անբնական ծանըր խաղը՝ 
Երբ կաղություն պիտի խաղաս, 
Սուտ-սուտ լնգաս, բռնի կաղաս... 
Դեռ կա ուրի՛շ զարհուրանք էլ - 
Երբ մինչև իսկ երազա՜նքը 
Սենյակի պես կտան վարձով, 
Հոգեփրկիչ թղթի նման 
Կվաճառեն կյանքում նորից... 

-Սարսափում եմ վերադարձող 
Քաղաքակիրթ միջնադարից... 

08, 09.VI.1957թ.
Մոսկվա

ՔՐՏՆՈՒՄ ԵՄ

Ես քրտնում եմ՝ 
Ինչպես որ նա, ինչպես որ դու. 
Այստեղ մեր մեջ՝ արդեն ո՛չ մի տարբերություն: 
Ես քրտնում եմ 
Տաք քրտինքով՝ 
Տապի՜ց, 
Տոթի՛ց, 
Պաղ քրտինքով՝ 
Ե՛վ սարսափից, 
Ե՛վ ամոթից: 

Ես քրտնում եմ և ամոթից, 
Երբ ես կուշտ եմ, դու՝ անոթի, 
Երբ ես՝ սխալ, իսկ դու ճիշտ ես, 
Երբ կարծեցյալ ծանըր վիշտըս 
Քո վշտի դեմ լոկ փետուր է. 
Մինչ կաթում է իմ կտուրը՝ 
Տանիք չունի տունըդ մի՛շտ էլ: 

Տաք քրտինքն է հոգիս պատում, 
Երբ ինձպեսին ինքս եմ դատում: 

Ամաչում եմ իմ անտեղի կոշտությունից, 
Իմ պատճառով խիստ խորացած գժտությունից, 
Դիտավորյալ, ոչ թե անկեղծ հաշտությունից: 
Ամաչում եմ ու քրտնում եմ այն ժամ նաև, 
Երբ - լինում է - սիրտ չեմ անում 
Իմ իսկ սրտի խորքը նայել, 
Նայել - և ի՜նչ՝ 
Հանկարծ զգալ, 
Որ չեմ սիրում, այլ խաղում եմ, 
Որ չեմ աղում, այլ մաղում եմ, 
Որ չեմ ատում, այլ պարզապես նախանձում եմ, 
Եվ շոյում է մեղք գործածի թախանձումը, 
Ու ստում եմ, թե իբըր ես հավատում եմ, 
Չե՛մ հավատում - հավատացող ձևանո՜ւմ եմ... 

Սակայն կյանքում շա՛տ ավելի ես քրտնում եմ ուրիշի՜ տեղ, 
Թեպետ գուցե չի երևում իմ քրտինքի աղի շիթը: 
Ուրիշի՛ տեղ, 
Երբ որ մի բան մտածում են, 
Բայց ասում են բոլորովին ուրի՜շ մի բան 
Եվ չեն զգում, որ այդպես է հասնում ահա 
Ա՛յն դանակի բթացումը, 
Որով մարդիկ այգու նման կյանքն են էտում: 
Ուրիշի՛ տեղ, 
Երբ նրանք չեն կշռադատում - 
Կատարում են լոկ հրաման, 
Ասես ուսին գլո՛ւխ չունեն, 
Այլ շուռ տված մի ջրամա՜ն... 

Ես քրտնում եմ ուրիշի՛ տեղ, 
Երբ որ նրանք իրենց ուժը... 
Բայց այս մասին՝ ուրի՛շ անգամ,- 
Չէ՞ որ ինձ պես անզգույշը... 
Իմ այս վախկոտ-զգուշավոր մտքի համար՝ 
Ես քրտնում եմ նաև հիմա 
Եվ մտածում, 
Թե ինչի՞ց է քրտնում մարդը: 
Ի՞նչ եք կարծում: 
Ինձ թվում է՝ 
Ա՛յն պատճառով 
Եվ այնժամ է քրտնում մարդը, 
Երբ որ օդը պակասում է: 

Ձեզ թվում է, 
Թե ամոթի կամ սարսափի զգացումը 
Իմ ասածին հակասո՞ւմ է... 

04, 17.VI.1957թ.
Մոսկվա


ՀԻՄԱՐԱԲԱՐ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ ԵՄ

Հիմարաբար խոստովանեմ և այն, որ ես... 
Ես էլ ձեզ պես մարդ եմ ծակաչք. 
Անտեր աչքըս՝ 
Թեկուզ փակած, 
Չի՛ կշտանում - 
Ու տանջում է, 
Եվ գլխիս դեմ սիրտս հաճախ 
Ըմբոստանում՝ 
Պահանջում է 
Օտար այգուց վարդ ու կակաչ, 
Ուրիշների փռից՝ տաք հաց. 
Ծուռ է նայում օտար կնոջ, 
Թե իմն անգամ լինի հնոց, 
Իսկ նա՝ նույնիսկ ցրտից ճաքած... 

Հիմա՞ր մարդն է այսքան անկեղծ խոստովանում, 
Թե՞ խելոքն է ունեցածով միշտ գոհանում... 

20.VI.1957թ.
Մոսկվա