Պարույր Սևակ


.-Գ-. ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԻՐՏԸ


I
Իմ օրորանն էր հեռու մի գյուղակ,
Սապատ տանիքով ծխոտ մի հյուղակ,
Ուր մանկությունն իմ ոչ ոքի չի խաբել
Խաղալիքներով:

Պաղ ալիքներով
Լվացվում անփույթ, դեմքս էի սրբում
Ինչով պատահեր, մեծ մասամբ թևքով,
Եվ, լեցուն սիրով ու անրջանքով
Ու մի կարոտով, որ անուն չունի,
Դաշտ էի ելնում գառների հետքով:

Իմ գառներն էին մուշ-մուշ արածում,
Իսկ գարնան հովը շվի էր ածում
Վայրի հացենու փչակում խորունկ,
Ուր ծաղկել էր մի սիրո անմոռուկ:

Իմ ուսին էիր մեղմորեն փարվում,
Ձեռքս էիր բռնում ափերով քո տաք...
Ողջը աշխարհում իմ շուրջն էր փռվում,
Իսկ ես՝ ողջի հետ՝ քո ոտքերի տակ...

Գառներն՝ իմ ձայնին, ես քո հայացքին 
Հնազանդ այնպես և այնպես խոնարհ,
Շրթներիս վրա խոսքը հիացքի,
Երջանկությունից աչքերս խոնավ՝
Տուն էի դառնում իրիկնապահին,
Եվ այդժամ միայն, միայն այդ պահին

Հասկանում, որ մի մեծ բան է պակաս.
Որ ես մենակ եմ և որ դու չկաս,
Որ դու եղել ես իմ երազներում,
Որ ես խաբվել եմ երազանքներով:

...Իսկ դու այդ պահին ինձանից հեռու,
Խաբված ես եղել խաղալիքներով.
Տարված ես եղել նույն այն գրքերով,
Որտեղ հերոսի-ասպետի դերում
Ես էի կրկին քո սիրտը գերում...

...Անուն չունեիր դու այն ժամանակ,
Չէ՞ որ, սիրելի՛ս, դեռ այն ժամանակ
Ո՛չ երջանկություն, ո՛չ կարոտ, ո՛չ սեր
Եվ ո՛չ տխրություն չունեին անուն:

Ես հիմա եկել ու քեզ եմ հասել
Ո՛չ երազանքով, այլ իրականո՜ւմ: 
Ես սիրում եմ քեզ նույն սիրով հիմա
Եվ պատանեկան նույն երազանքով:
Այժմ սիրելի անունիդ համար
Շրթներս են դողում մի գորովանքով,

Որ նույնիսկ հիմա դեռ անուն չունի,-
Բայց ես, փոխարեն քո թանկ անունի,
Երգերում դարձյալ քեզ «սեր» եմ կանչում,
Անվանում եմ «բախտ», «կարոտ» ու «թախիծ»,
Կուչ գալով ցավից և ոչ թե վախից՝ 
Մերթ ընդ մերթ նաև «տենչանք» եմ կոչում:

21.VII.1953թ.
Նավչալու


II
Թե ողջն այս էր նույնիսկ՝ լոկ մի գիշեր անցած,
Այգու չափարն այն հին, այն կարկաչող առուն,
Ու մեր ստվերները մթնում արձանացած,-
Ես քեզանով դարձյա՛լ այնպես լի եմ, հարո՛ւստ,

Թե ողջն այս էր նույնիսկ՝ ողջը քի՜չ չէր, անգի՛ն.
Այնտեղ տաք շշուկից ձմռան ձյունն էր հալչում,
Ասես մեզ էր լսում կիսաքնած այգին,
Մինչ մեր խոսքերի տեղ աղբյուրն էր կարկաչում:

Թե ողջն այս էր նույնիսկ՝ կյանքը քաղցր է հավետ 
Եվ ապրելու համար արժե մեռնե՜լ անգամ,
Միայն թե դու կրկին կախարդես ու թովես,
Միայն թե քեզ նորից իմ մատներով զգամ:

Միայն թե այն կավե չափարը շեն մնա,
Այգին ու դեղձենին ծաղիկ հագնեն նորից,
Եվ դեղձենու ծաղկի առէջների վրա
Մնա թեկո՜ւզ մի շունչ քո տաք շշուկներից:

21.XII.1946թ.
Երևան


III
Քուն եմ մտնում և արթնանում նույն կարոտով,
Թե միգուցե անց ես կենում իմ տան մոտով,

Թե միգուցե դու թեքում ես ճամփադ հանկարծ,
Որ բորբոքես հին հրդեհը դեռ չհանգած,

Որ բորբոքես քո հայացքով չվերծանվող,
Քո ժպիտով և վարակիչ քո ծիծաղով.

Այն ջերմությամբ, որ չի այրում, այլ խորովում,
Այն մեղմությամբ, որով հաշտվում ես, խռովում.

Այն ձեռքերով, որ խոսում են իմաստալից,
Չասված խոսքից ասված խոսքի իմաստ տալիս.

Այն նազանքով, որ նազանքից շատ է հեռու,
Այն բաժանքով, որ բաժանքից շատ է հեռու...

Ահա ինչու՝ ես ապրում եմ այն կարոտով, 
Որ նե՛րս կգաս, ո՛չ թե կանցնես իմ տան մոտով:

1953թ.

IV
Ողջը այս է. մի ջերմ հայացք անբարբառ ու անհանգիստ,
Որ փնտրում է ու քեզ գտնում փողոցների մայթերում,
Ուղեկցում է հեռվից-հեռու ինքնավստահ քայլվածքիդ,
Որ փոշու մեջ հետքն է թողնում, իսկ դրոշմը՝ սրտերում:

Այնուհետև՝ փակ կոպերս քեզ ծածկում են իրենց տակ... 
Կոպերիս տակ այնքա՜ն ծանոթ քո քայլվածքը զգալով,
Քեզ հետ մեկտեղ, քեզնից հեռու՝ ես քայլում եմ գլխահակ, 
Թեկուզ մի բառ քեզ ասելու փորձությանը անկարող:

Աշնան օրը ծանրանում է իմ հայրենի քաղաքում,
Իրիկվա հետ ստվերները երկարում են մայթերին:
Ստվերի պես՝ դու-օրորո՜ւն, դու-շորորո՜ւն, բեկբեկո՜ւն՝
Մե՛րթ՝ մոտենում, մերթ ինձանից հեռանո՜ւմ ես, խո՛ւյս տալիս:

Մոտենում ես կիսամթնում, ծածկերի տակ խանութի,
Հեռանում ես՝ լապտերների մոտիկությունն զգալով:
Ահա այսպես՝ ես քայլում եմ քեզնից հեռու և մոտիկ՝
Շշուկով իսկ քեզ կանչելու փորձությանը անկարող...

Եվ ինչ լա՜վ է, ինչ լա՜վ է, որ բանաստեղծ եմ ես, անգին,
Եվ չակնարկած անգամ թեթև, մի խոսք չասած քեզ կյանքում,
Ես կարող եմ երգեր գրել ստվերների՛, պատրանքի՛,
Կոպերի տակ լուռ ամփոփված սիրո՜ մասին այս թաքուն:

VI.1946թ.
09.VII.1951թ.
Երևան


V
Խոստովանանք լինի՝ ես քեզ մոտ եմ գալիս, 
Խղճի թեթև խայթից հոգուդ դուռն եմ բախում,
Ուրախության լացս քո գրկում եմ լալիս,
Քո գրկում եմ լինում մարդկայնորեն տխուր:

Քեզ եմ ապավինում դաժան հողմի ժամին,
Հաջողության քամին ինձ քո ափն է հանում,
Քեզ հետ ահավոր չէ վտանգ ու թշնամի,
Ամեն մի ծանրություն քեզ հետ հեշտ եմ տանում:

Երբ բացում ես դուռը և ինձ դիմավորում,
Թվում է, թե իմ դեմ ո՜չ մի փակ դուռ չկա.
Երբ իմ հանցանքներն ու զանցանքներն ես ներում,
Թվում է, թե դրանք չեմ էլ գործել անգամ:

Դու ինձ համար կյանքում կյանք ես կնոջ տեսքով,
Կնոջ տեսքով մայր ես և մոր տեսքով՝ ընկեր-
Ա՛յն, ինչ անհնար է արտահայտել խոսքով,
Ա՛յն, ինչ անհնար է մաշված տողով երգել:

11.VIII.1950թ.
Երևան


VI
Ձմեռ է: Եվ ցուրտ է: Դրսում ենք:
Քեզ հետ եմ. ջերմում ու մրսում ենք:

Քեզ հետ եմ, և կարծես ինձ հետ է
Աշխարհի մեծագույն պոետը:

Մեծագույն պոետը աշխարհի,
Որ առանց խոսքերի ու բառի

Երգերն իր քո առաջ փռում է,
Երգում է, երբ անգամ լռում է:

Աշխարհի մեծագույն պոետը,
Բայց այնքան, որքան ես քեզ հետ եմ.

Որ պիտի չքանա, երբ որ դու
Բաժանվես ու նորից գնաս տուն...

Եվ մնա՛, և մնա՜ խեղճ տղան
Առանց քե՛զ,
առանց ե՛րգ
ու տաղա՛նդ...

08.III.1952թ.
Մոսկվա


VII
Ոչի՜նչ, ոչի՛նչ չի պատահել արտասովոր.
Դու նույն աղջիկն ես հմայիչ, ես՝ նույն տղան,
Միայն՝ ժպտում են աչքերդ կարծես ցավով,
Եվ այս ճամփան էլ չի թվում այնպես խաղաղ:

Ոչի՜նչ, ոչի՛նչ չի կատարվել նկատելի.
Ո՛չ խարդավանք, ո՛չ խանդ, և ո՛չ կասկած մի կույր. 
Լոկ զգում եմ ես համրախոս քո մատներից,
Որ ինձ այսօր նրանք ինչ-որ սա՜ռն են զգում.

Եվ չի փոխվել ոչինչ նաև կյանքո՛ւմ կարծես.
Ամառային նույն արևն է և նույն փոշին: 
Ես զգում եմ՝ ինչ չգիտես ինքդ էլ գուցե.
-Դադարե՜լ ես ինձ սիրելուց,
Բայց... չես սիրում դեռ ուրիշին:

03.II.1947թ.
Երևան

VIII
Ա՛խ, քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:

Ինչպե՞ս չասել, որ՝ դու, միայն դո՜ւ չես թախծում,
Ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար,
Ինչպե՞ս չասել, որ ես միշտ էլ քեզ եմ տենչում,
Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար:

Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ,
Եվ այսօրը պարզ էր և ի՛նձ, և քե՛զ համար...
Հիմա ինչո՞ւ ցավել անցած երջանկությամբ, 
Եվ չցավե՞լ, ինչո՞ւ, ինչի՞ համար:

Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել՝ նորից արի՛, արի՜,
Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քե՛զ համար:
Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի, 
Խոստովանե՞լ, ինչո՞ւ, ինչի՞ համար...

27.VI.1946թ.
Երևան



IX
Անծանոթներ ենք մենք իրար,
Եվ փողոցում հանդիպելիս
Ես չեմ տեսնում դեմքիդ վրա
Քո ժպիտը այն լուսերիզ,
Որով գիտես դու ողջունել
Ծանոթներին քո բախտավոր.
-Ես այդ թովիչ բախտը չունեմ,
Անծանո՛թ ենք և հեռավո՜ր:

Բայց երբ հանկարծ այգում, մայթում
Հանդիպում ենք, ամեն անգամ
Կեռ թարթիչներդ ես դու թարթում
Ու նայում ես ինձ մի վայրկյան
Այնպե՜ս, կարծես պատահաբա՛ր,
Եվ... հիշելով ինչ-որ մի բան
(Իբր մի բան ես ստուգում),
Պայուսակդ ես բացում-փակում:

Անծանոթ ենք իրար: Սակայն
Հանդիպում ենք երբ մենք հանկարծ,
Ես էլ մի պահ, գեթ մի վայրկյան
Կանգ եմ առնում, որ իբր թե
Գլանակս վառեմ հանգած
(Գլանակս՝ վառվա՜ծ արդեն)...
Եվ... քայլում ենք այնուհետև 
Առերևույթ սառն ու թեթև:

Ա՛խ, դա խաղ է մի սրտակեզ,
Որով տենչանքն իմ չհանգած
Բորբոքվում է կրկին անգամ՝
Գլանակիս կրակի պես,
Իսկ դո՜ւ, իսկ դո՛ւ... Փնտրո՜ւմ ես դու,
Որոնո՜ւմ ես ինչ-որ մի բան
(Պայուսակո՞ւմ, թե՞ քո սրտում)
Որոնում ես համառաբար,

Եվ... չես գտնում հավանաբար...

1952թ.
Մոսկվա

X

Прошла любовь, явилась Муза...
А. С. Пушкин
Հիմա, երբ ողջը անցած է թվում,
Երբ առաջվա պես դու ինձ չես թովում,
Երբ երևալըդ, քայլվածքդ խոսուն
Ինձնից չեն խլում իմ ճարտար լեզուն,
Երբ ես կարող եմ քեզ հանգիստ նայել,
Սրամտելով՝ ժպիտդ շահել, 
Կատակով ասել ա՛յն, ինչ որ անցավ,
Ա՛յն, ինչ ես ասել չկարողացա
Ոչ խոսքո՛վ, ո՛չ էլ մի հատիկ երգով,-
Հիմա կքել եմ տողերիս ներքո:
Եվ քո փոխարեն հիմա էլ նրանք
Դարձել են գլխիս պատիժ ու կրակ,
Ինձ՝ քո փոխարեն չեն տալիս հանգիստ -
Մերթ՝ քո անունը կպչում է հանգիս,
Մերթ՝ ձայնըդ ինչ-որ բառ է շշնջում,
Երբ ես չգրված թղթեր եմ շրջում. 
Մերթ քո քայլվածքի լոկ հիշողությամբ
Չափեր եմ ընտրում - մեկ՝ քորեյ, մեկ՝ յամբ.
Անցյալում լոկ ինձ հասցեագրված
Քո մի ժպիտի ջերմությամբ գրված
Քանի՜ երգ ունեմ կիսատ ու լրիվ...
Բայց ի՞նչ դուրս եկավ: Չէ՜, երգ իմ, լռի՛ր:
Այսպես որ գնա, դե ի՞նչ դուրս կգա: 
Հանկարծ դուրս կգա, որ սերը կրկին
Հետապնդում է... հիմա էլ երգին:
Երգից էլ երգիչն ինչքա՞ն է -
մի քա՜յլ:

19.XII.1952թ.
Մոսկվա
15.VII.1953թ.
Նավչալու


ԳԱՐՆԱՆԱՅԻՆ


Գարունն է ցնծում իմ երկրում հիմա,
Գարունն է ցնծում իմ խելառ սրտում.
Ես զվարթ, անհոգ, հոգով անտրտում,
Մոռացած և՛ վիշտ, և՛ զրկանք, և՛ մահ,-
Ողջ գիշեր մենակ նստում եմ արթուն...

Ողջ գիշեր մենակ նստում եմ արթուն
Այս խոլ ժայռերի ծերպերում մթին...
Աստղերը երկնի կապտասառն ցրտում,
Առկայծում են խեղճ, դողում են տրտում,
Որպես համասփյուռ, համակ Ծիր Կաթին...

Որպես համասփյուռ, համակ Ծիր Կաթին,
Փայլում է խորունկ լիճը կապտաթույր.
Ալյակներով հեզ, խեղճ ու աղքատիկ,
Գեղեցիկ, ինչպես բյուրեղ ակաթի,
Արտասուքի պես անխառն ու մաքուր...

Արտասուքի պես անխառն ու մաքուր
Տենչանքներ հազար դարձնում են ինձ խենթ,
Գլխիս մեջ հազար խոհեր են ծագում,
Սրտիս մեջ շանթ ու որոտ հավաքում,
Հոգուս մեջ - և՛ սեր, և՛ զայրույթ, և՛ քեն...

Հոգուս մեջ և՛ սեր, և՛ զայրույթ, և՛ քեն,-
Հայացքս ահա դարձնում եմ գետին...
Թող սիրտս ու հոգիս քայլերգներ երգեն,
Թող լուսինն, աստղերն, լճերն ինձ լքեն,
Թող արյունոտված տապալվեմ գետին...

Թող արյունոտված տապալվեմ գետին,
Թող գահավիժեմ երկնքի ներքո,
Այս հոխորտացող, մոլեգնած գետի,
Հորձանքների մեջ թող հոգիս նետի
Իր քնարը խեղճ՝ աստղերին երգող...

Իմ քնարը խեղճ - աստղերին երգող,
Թող իր գունատված կանթեղը մարե,
Խտացած մթին գիշերվա ներկով,
Դիտի այս գետին - իր երգը երգող,
Այս մութ ծերպերից, ուր ես եմ թառել...

Այս մութ ծերպերից, ուր ես եմ թառել,
Դիտում եմ շիկնող հորիզոնը լուրթ,
Ուր որ արևը երանգ է դառել,
Եվ պայծառությամբ դեմքը զարդարել,
Բիլ հորիզոնի դեմքը կապտաթույր...

Բիլ հորիզոնի դեմքը կապտաթույր,
Շիկնած վաղորդյան մի պայծառությամբ,
Ինձ բացվող այգի լուրն է ավետում
Եվ արեգական հուրը վետվետուն
Նվիրում է ինձ մի ոսկե ջութակ...

Նվիրում է ինձ մի ոսկե ջութակ
Արևը վառվառ վաղ լուսաբացի...
Պճնում եմ նրան հակինթ ու սուտակ,
Նրբանուրբ լարեր - շարքով երկուտակ,
Եվ մի լար, սակայն, գոռ, ամպրոպածին...

Եվ մի լար, սակայն, գոռ, ամպրոպածին
Երգն իմ ջութակի խրոխտ է դարձնում,
Դարձնում է երգն իմ խենթ ու սլացիկ,
Ուր չի լսվելու մրմունջը լացի,
Ուր ձայնն իմ գոռ է և բարձրաբարձում:

Եվ արևի տակ այն բարձրաբարձում
Նորեն դիտում եմ հոխորտող գետին...
Նա այնտեղ, այնտեղ, նա այնտեղ - ցածում
Տիղմ, ցեխ է ուտում, փրփուր է լացում,
Սպառնալով, թե անդունդ կնետվի...

Սպառնալով, թե անդունդ կնետի
Ե՛վ իրեն խելառ, և՛ իրեր հազար,
Լեռնացած կարծես ոտքներին հետին
Ուղղվում է ահեղ քարափը դեպի,-
Իր ձեռնարկման մեջ կամակոր, ազատ...

Իր ձեռնարկման մեջ կամակոր, ազատ,
Գեթ մի պահ միայն վարանում է նա,
Հոգու տարերքին ապա հնազանդ,
Որպես սպասված մահվան ահազանգ
Նետվում է թափով առաջ... մեն-մենակ...

Նետվում է թափով առաջ... մեն-մենակ...
Թնդում է ձորը նրա սարսափից...
Կարծես զինավառ երկու գոռ բանակ,
Երկու գոռ բանակ, անթիվ, անքանակ,
Մռնչում են խոլ հարվածի թափից...

Մռնչում են խոլ հարվածի թափից
Քարաժայռերը վես ու լպրծուն...
Ես այս ծերպերից, ես այս քարափից,
Դիտում եմ ահա նրան ակնապիշ,
Նրա հետ կարծես իմ սիրտն է մրցում...

Նրա հետ կարծես իմ սիրտն է մրցում,
Ճչում է, գոչում, մռնչում կարծես -
Որպես մոլուցքի ահեղ մարմնացում,
Կարծես հրկիզված ջերմին հնոցում,
Խառնիխուռն, ինչպես մանրանիշ քարտեզ...

Խառնիխուռն, ինչպես մանրանիշ քարտեզ,
Բորբոքված, ինչպես թոքը իպրիտից,-
Ծառս-ծառս է լինում գարնան գետի պես,
Տղմտած դարձրած և՛ վարդ, և՛ պարտեզ...
Հանգստանում է, թավալվում գետին...

Հանգստանում է, թավալվում գետին
Իմ հոգին խելառ, խելագար ու խենթ.
Հայացքը հառած մի ինչ-որ կետի.
Աչքի աղեղը երեքծայր նետի
Սլաքը պահած իր բիբերի մեջ...

Սլաքը պահած իր բիբերի մեջ, 
Մի վայրկյան միայն կարծես թե նիրհում,
Ննջում է մի պահ...Բայց այդ նիրհի մեջ
Նա զրահներն իր մաքրում է անվերջ,
Ինչպես խենթավուն ասպետը հնում...

Ինչպես խենթավուն ասպետը հնում,
Այս գետը ահա, իր գարնանային,
Իր գարնանային հեղեղին - ձիուն,
Իր խոլ նժույգին պահ հետո զինում,
Մարտի է նետում մոլեգնած, նայի՛ր...

Մարտի է նետում մոլեգնած, նայի՛ր...
Որքա՜ն ամեհի, որքա՜ն փոթորկուն...
Եվ անկասկած, որ սրտի մեջ նա իր
Կրում է նաև սիրտն իմ ամեհի
Իր խոլ, մոլեգնած ջրերի խորքում...

Իր խոլ, մոլեգնած ջրերի խորքում
Նա գանձեր ունի լուծարկված հանքի,
Ունի խեղդըված հուզումներ անգին,
Ինչպես չգրված երգերն իմ հոգու,
Ինչպես գանգիս մեջ խոհեր ու խոկում...

Ինչպես գանգիս մեջ խոհեր ու խոկում
Խառնվել են այնպես նրա ընթացքին,
Նրա ջրերի թանձրացած խորքում,
Ալիքների մեջ նրա փոթորկուն,
Նրա հեղեղյա, կատաղած վազքին...

...Նա իր հեղեղյա կատաղած վազքով
Շատ հաճախ, հաճախ մնում է անքուն,
Շատ հաճախ նա իր անկանգ ընթացքով
Գլորվում է սուր ժայռերից այն կողմ,
Ինչպես իմ հոգին - անկումից անկում...

Ինչպես իմ հոգին - անկումից անկում...
Գլորվում է նա ժայռից ժայռ այնպես,
Ինչպես հայացքն իմ աչքերի անքուն,
Այնպես նա ժայռից ձորակն է ցատկում,
Եվ շարունակում նորից իր ճամփեն...

Շարունակելով նորից իր ճամփեն
Թփեր է բերում, տաշեղներ - հերթով.
Ափերն է ծեծում, հատակն է քերում,
Տիղմ ու հող կոխած անքուն աչքերում,
Մռնչում, փնչում, անցնում է հետո...

Մռնչում, փնչում, անցնում է, հետո
Բերում է մի դի խեղդված աղջըկա...
Ինչպես մի փետուր անցնում է գետով
Մի հսկա բարդի - ծիլ ու արմատով,
Ծիլ ու արմատով - հողից աղճատած...
. . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . .
հայացքը խեղդված աղջկա
Հանում է կարծես ինձ խոր մի քնից...
Որպես մի, հենց նոր թողված մահճակալ
Ուռչում է կուրծքս... ու սիրտս չկա...
...Նախատվում եմ ես այն աղջըկանից...

Նախատվում եմ ես այն աղջըկանից...
Մինչդեռ հոսում է լեռներից անառ
Այն հեղեղը գոռ, մռնչում, փնչում,
Որ իր համար նոր, նոր հուն է բացում
Իր կատաղությամբ՝ անկանգ ու համառ...

Իր կատաղությամբ - անկանգ ու համառ
Նա կյանք է բերում, ծնունդ ու ծաղիկ.
Նա չոր ու խոպան դաշտերի համար,
Արտերի համար, արտերին ցամաք
Բերում է խնդում, ծիծաղ ու ծաղիկ...

Իսկ ես հիշում եմ մի խեղճ աղջըկա...
Որ սիրում էր ինձ... ու հիմա չըկա...
Մռնչա՛, իմ սիրտ, գարունդ է քանզի,
Հուսանք, որ շուտով ամառդ կըգա...
-Իսկ դո՛ւ, սիրելիս, դո՛ւ ինձ մի տանջիր...


(«Մուտք» շարքից)


ՓՆՏՐՈՒՄՆԵՐ


Երգի ստեպում հազար շավիղներ,
Հազար արահետ, ճամփաներ բազում,
Ինչքա՜ն սեգ քնար, քանի՜ տավիղներ,
Ինչքա՜ն հնչյուններ, մտքեր երազուն:
Բայց այդ բազմուղի լաբիրինթոսում,
Ուղիներում այդ հեշտին ու դժվար
Ընկած երգերի հերկած ակոսում,
Դարձըրել եմ ինձ խոհերի ավար,
Խոհերի առաջ՝ թեքած պարանոց,
Խոհերի առաջ՝ մի նվաստ հոգի,
Խոհերի առաջ՝ խեղճ ու վարանոտ,
Խոհերի առաջ՝ բարդ ու անմեկին...

Կյանքն էլ է այդպես անընդգրկելի...
Նրա սկիզբը - բազմատրոփյուն,
Ներկան - մահվան պես հար, անհերքելի,
Նրա առօրյան - պայքար ու կոփում:
Կյանքն էլ է այդպես դժվար ու հեշտին
Վերխոյացումով, վարիջումով լի.
Կյանքն էլ ողջույնի և հրաժեշտի
Համբույրներով է անիմանալի:
Կյանքն էլ է նրբին, կյանքն էլ պահանջկոտ,
Կյանքը կարոտ է իր երգը լսել,
Կյանքը - պճնըված, բայց նաև բոկոտն,
Կյանքը - մշուշոտ, կյանքը - վառ, լուսե...

Ու այդ կյանքն ահա ինչպե՞ս ընդգրկել,
Ծավալը չափել երգի մենզուրով...
Երգերը՝ գրված երգերից գրքե, 
Կարո՞ղ են միթե անձրևաջրով
Օծանել կյանքի դեմքը բազմանիստ,
Պատկերել նրան... ղողանջը գոնե
Որպես ցոլք ու փայլ սըփռել հանգիստ,
Որպես եղածի նկար անգունեղ
Մատներով վարպետ լավ ուրվագծել,
Այնպես, որ կյանքը չըայլանդակվի,
Որ չըխառնվեն բծեր ու գծեր
Եվ կյանքն անկաշկանդ, գեթ չըվանդակվի...


Ու դրա համար իմ մանուկ հոգով,
Իմ անվարժ գրչով, թույլ ուժերով իմ,
Իմ հայրենիքի երկնքի ներքո
Պիտի երգեմ նորը բոլորովին:
Պիտի կաշկանդված իմ հոգին սուրա,
Ինչպես հողմը խենթ փոթորկի ժամին,
Թափառի անհաս եզերքի վրա,-
Պայծառ գալիքի սեգ ճանապարհին:
Պիտի իմ երգը ծնվի կյանքի մեջ,
Կյանքի գրկի մեջ... Կյանքից գոյացած
Պիտի որ դառնամ կյանքի բանաստեղծ,
Կյանքի զորությամբ բարձր խոյացած:

Ու դրա համար ծառանամ պիտի
Հին անեծքային օրենքների դեմ,
Որ երգս կապի ծիածան-գոտի,
Որ հոգիս դառնա խնդության եդեմ:
Ու պիտի շուռ տամ գլուխս հպարտ
Բյուր ճամփաներից, շավիղներից բյուր,
Ինչպես աքսորից փախած թիապարտ՝
Թափառումներին տամ հազար համբույր... 
Պիտի ջարդոտեմ ամեն մի կապանք,
Ամեն մի շղթա՝ հոգիս կաշկանդող,
Որ կյանքը երգիս մեջ էլ մնա կյանք, 
Որ չլինեն տողեր՝ խոհերիս բանտող...

Եվ ահա հոգիս այս հուզումով լի
Կանգնած է ահա լուռ ու վարանոտ
Բյուր ճամփաներում անիմանալի,
Քայլելու համար գեթ ուղու կարոտ...
Կանգնած է նա լուռ... Ու չի ընտրի նա
Բյուր ճամփաներից ո՛չ մի արահետ,
Այդ ճամփաներից և ոչ մի ճամփա,
Չի ձուլի նրան վառ գալիքի հետ:
Ու կանգնած է նա... կուրծքը բաց արած
Անհայտ կողմերից եկող հողմերին,
Թափառող ու սուր հայացքը հառած
Դեռ անտես, անգո, վես ճանապարհին...

...Հին ճամփաների լաբիրինթոսում,
Որպես գնացող անտես իոններ,
Տենչանքներն իմ, արդ, հեռու են հոսում,
Իսկ ես, որպես մի խիզախ պիոներ -
Ձեռքիս գրիչ մի՝ դեռ անփորձ, անվարժ, 
Հոգուս մեջ - ձգտում, գլխիս մեջ - խոհեր,
Որպես շեփորման մի նոր Բեթհովեն:
Իսկ եթե հանկարծ հրացանը իմ
Դեռ չըկրակած անօգուտ պարպի,
Թող այս երգը իմ՝ հոգուս մտերիմ, 
Դառնա իմ հոգու երգը կարապի...

(«Մուտք» շարքից)


ԱՅԴ ՄԵՆՔ ԵՆՔ ԳԱԼԻՍ...


Դու երկիր իմ, մայր, ընթացքով որոշ,
Դու լեռնացում՝ մեր բարդ արևի ներքո, 
Դու մութ աշխարհների հրացոլք դրոշ
Բոլոր մերկ դարերի մերկությունը ներկող...

Քեզ գալիքի ինչքա՜ն պայծառ վարդեր,
Քեզ գալիքի ինչքա՜ն, ինչքա՜ն օրեր խնդուն,
Դու, որ այսօր վաղվա ճանապարհդ ես հարթել,
Դու, որ գիտես այնպես գոտեմարտել անդուլ:

Դու, որ գիտես քայլել ուղիներում բոլոր,
Քայլել ինչպես խոյանք ու կարմիր գաղափար,
Դու, որ ունես աճում՝ մեռնողին մահ բերող
Եվ արև հրափայլ -

Հանել էիր դու լայն աշխարհներում անծիր
Ապագայի հազար, բյուր սերմնացաններ,
Որ նոր մի եռանդով վաղը ելնես հնձի
Աշխարհներում բոլոր՝ գոական ու անէ:

Տալիս էիր դու ուժ՝ թույլերին աշխարհում 
Ու կործանում նրան՝ թույլածին Հերային, 
Դո՛ւ, հմայիչ՝ ինչպես կրակը անտառում, 
Սանձահարող՝ փոշի կրքերն հեղեղային:

Հանել էիր դու քո նժույգները բոլոր
Հաղթանակի հանդեպ ինքնավստահ,
Գիտենալով հանդերձ՝ չի գա թավալգլոր 
Նա իր հեշտանքների հրեղենը նստած...

Ու բորբոքում էիր հազար հոգու կրակ,
Քանդում հազար օղակ՝ սառնությանն առընթեր
Ու հղանում երգեր՝ անդեմ, անկերպարանք՝
Պայծառ կերպավորված գալիքի հանդեպ...

Բայց արդ, հին սպառուն՝ կապիտալի ծնունդ, 
Ֆաշիզմը՝ շուկայի տռփոտ Իշտար, 
Ելել է հեշտանքով, կրքերով իր թունդ...
Գգվելու քո հողին՝ ազատ, անիշխան... 
. . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . .
Ելել է, ելնի թող, ուրեմն նա -
Ֆաշիզմը՝ լքված կուրտիզանուհի, 
Գիտեմ, որ շուտով ոչինչ կմնա
Այն խոլ կրքերից բորբոսնած ու հին:

Մենք բյուր ենք այսօր, միլիոն ու ավել,
Միլիարդ ենք էլի, աշխարհում համայն
Մեզ ո՞վ կարող է բերել մահ, ավեր,
Ծաղկուն երկիրը դարձնել ամա...

Արդ ուժեղ ենք մենք, զորեղ ենք հիմա
Ու հաղթանակի հույսն ենք փայփայում,
Մենք, ճաշակելով դառնություն ու մահ,
Պայծառ օրերը վաղվան ենք պահում:

Ինչպես պահում ենք հավատը մեր վառ
Մեր հաղթանակի ու վաղվա հանդեպ,
Մենք - միլիոններս իրար հետ մերված,
Մեր դասակարգը - հոծ ու բազմադեմ...

Այսօր հնչում է շեփորը ռազմի -
Ե՛լ, անվախ ընկե՛ր, ե՛լ, մարտի ելնենք,
Ե՛լ, ելնենք դաշտը գոռ պատերազմի -
Կռվենք քաջի պես, քաջի պես մեռնենք...

Այսօր կանչում է հայրենիքը քեզ,
Քեզ, անվախ եղբա՛յր, վերցրու հրացան,
Դո՛ւ, ե՛ս, նա՛ պիտի երկիրը փրկենք,
Մեր հայրենիքը՝ հուր ու հրացան...

Շեփորն է հնչում, թմբուկն է թնդում -
Ե՛լ, անվախ հոգի, բազուկ դու կարող,
Առա՛ջ, ընկերնե՛ր... մարտական գնդում
Կարգ ու դիսցիպլին... ո՛չ մի խանգարող:

Լսի՛ր դու, վախկոտ քչփչան պառավ,
Անդեմ նապաստակ, մկիկ խորշերի...
Առա՜ջ, ընկերներ, այդպես միշտ առաջ -
Խփի՛ր ֆաշիստին գարշ ու գարշելի...

Դո՛ւ, խավար ուժի անգիտող բանակ,
Դո՛ւ, խեղճ խեղկատակ քո տիրոջ ձեռքին,
Մի՞թե կարծել ես քեզ ահեղ դանակ
Եվ մեզ թույլ դմակ՝ քո զորեղ ձեռքին:

Կարծել ես դու մեզ երևի մի խեղճ
Չեխիա, որ ճըչա թաթերիդ ներքո,
Դո՛ւք, խեղկատակներ, ձեր տերը տըխեղծ՝
Ձեր մերկությունը գարշությամբ ներկող...

Դողա՛ դու այժմ, բանակ եղկելի,
Ե՛վ վիսաբարո, և՛ ամբարտավան,-
Ձեր անցած ու նոր հազար մեղքերի
Գոռ հատուցումը բերում ենք ահա...

Մենք - կոփվածներս կարիքի բոցում,
Մենք, որ դարերով ստրուկ ենք եղել,
Մենք, որ դարերով բռնության ծոցում
Ի հաճույս նրա արյուն ենք հեղել:

Մենք, զավակներս հին զրկանքների,
Մենք, քաղցածներս և՛ մերկ, և՛ անտուն,
Մենք՝ շախտյորներս մթին հանքերի,
Մենք - ճնշվածներս պապական հանդում:

Մենք, որ երեկ հին աշխարհը քանդում
Ու շինում էինք նորը նրա տեղ,
Մենք, որ մեր շղթան գցեցինք բանտում
Եվ դարձանք ընդմիշտ ազատ, լայնաթև,
Մենք, այսօր ահա, վտանգի ահեղ
Սպառնալիքի ժամին ահալի
Ինչպես լեռներից հորդացող հեղեղ՝
Այդ մենք ենք գալիս...

Այդ մենք ենք գալիս... մենք մեր աշխարհի
Զավակները բյուր, բանակները հոծ,
Բազուկով հսկա, հոգով միշտ արի,
Ձեր մթի հանդեպ՝ որպես պայծառ բոց:

Այդ մենք ենք գալիս... այն պատրաստակամ,
Այն կենսավարար հուժկու պատանին,
Որ բերում է քեզ, քո կրքին անգամ
Ոչ բեղմնավորում, այլ այն մատանին,

Այլ այն մատանին, որ հեքիաթներում
Ծովի անդունդն է տանում հրեշին,
Վատնում է ուժը առանց հատնելու,
Փոխարկում ուժը լուծված վրեժի...

Իմ մայր հայրենիք, իմ լուսե եզերք,
Քո կանչով ահա, կոչով քո արի
Ընդդեմ թշնամու՝ եզերքից եզերք, 
Զավակները քո - նրա՛նք են գալիս...

14.VII.1941թ.

(«Մուտք» շարքից)


ՎԱԽԵՆԱԼԻՍ


(Մահվան հանդեպ)
«Եթե մահը մեր բժիշկն է,
մենք էլ կունենանք մեռնելը 
դեղատոմս...»: 
ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

I
Ա՛րդ, երբ խինդով է երեկոն իջնում,
Եվ ա՛րդ, երբ պիտի շուտով ես գնամ,
Երկնող խոհերը այս երգն են ծնում,
Որ հոգու թռիչք, բայց և երգ է նա...

...Ես նոր մի պոետ, անհայտ տակավին,
Խոհերի անտես մակույկին նստած,
Չըգիտեմ արդյոք կլինի՞ քամի,
Որ առաջ մղի իմ առագաստը,
Թե՞ ինքս պիտի շապիկն իմ՝ կայմին
Առագաստ շինեմ, նոր լինեմ վստահ, 
Որ երգն իմ նորեկ, նավը իմ գանձի
Պիտի ընթանա օվկիաններ ի վեր
Եվ փոթորկածուփ ծովերում անծիր -
Որպես գալիքի անմարմին նվեր,
Պիտի շնչով իր անանձնապատկան 
Վառվի որպես վես, սրբազան պատգամ...

Խոհերիս վրա վստահ եմ...նրանք
Ոգուս Ծիր-Կաթնի աչքին են հառնում,
Բայց անզորությամբ - անհուր, անկրակ -
Նրանք խամրում են, մոխիր են դառնում,
Քանզի լեզուն մեր խոհերի հանդեպ
Վառվում է ցրտին սառնությամբ անգույն,
Անզոր - հայտելու խոհեր բազմադեմ՝
Այրվում է նրանց աննյութ կրակում:
Խամրում է խոհը, մարում, թրթռում,
Ինչպես ջրահեղձ խռխռում երկար...
Նա այնքան հարո՜ւստ... բայց իմ թերթերում
Նա քարշ է տալիս իր աղքատ ներկան:
Ահա թե ինչո՛ւ եմ ես անվստահ
Եվ ահա ինչո՛ւ եմ ես վարանում,
Որ գուցե երգս չլինի վարարուն,
Կամ չըգա՝ խրտնած նժույգն իր նստած...

Բայց ի լուր համայն սրտերին բոլոր,
Սրտերին բազում և բազմալեզու,
Արդ, խոհերը խոր ու մշտահոլով
Իրենց ջահերով իմ սիրտն են կիզում...
Նրանք իրենց խոլ ձիերին բազմած
Օղակել են ինձ, ուզում են կարծես
Անտես, աննկատ դաշնություն կազմած
Խեղդել ինձ իրենց ճիգերով անձև...
Եվ եթե երգս չլինի վառված
Հոգիս հրկիզող ջահերով ջերմին,
Թող ներեն բոլոր սրտերը - հառված
Իմ այս տողերի խորունկ աչերին...

II
Ե՛վ ահեղ, և՛ մառ օրեր են բացվում
Իմ երկրի վրա՝ խնդությամբ արբած...

Օրերն այդ մի հին անեծք են, Աստծո՝
Ծեր ժամանակի շրթներից թափած...
Անեծք մի, նման կարոտին անձուկ,
Նման հայեցող ոգու մորմոքին,
Որ սպասումով մեր սիրտն է խանձում.
Եվ չի հայտնվում սակայն ոչ ոքի...
Եվ այդ անեծքը հասել է, արդ, իր
Կատարման վերջին, մեն-միակ կեռին,
Որով աշխարհը պիտի որ արդեն
Դադարի լինել անեծքին գերի...

Բայց վերջին կեռը, վերջին կեռը, օ՜...
Վերջին կեռը, օ՜, շատ է մահաբեր...

Մի աստվածային անգո, սին կեռով
Կախվել կարող են միլիոն և ավել
Հոգիներ... թեկուզ, թեկուզ հանճարեղ...

Ահա նույն կեռից կախվել են օրեր
Ե՛վ արյունալի, և՛ ահեղ կարի,
Ցանկալով մահվան թույնով վրդովել
Հանգիստը երկրի մեր չնաշխարհիկ...

Եվ ելել ենք մենք մեր այգաբացով,
Մեր ուժով համակ, վաստակով արդար,
Ջնջելու չարիքն այդ արյունացոլք,
Կոտրելու վերջին կեռը այդ խարդախ,
Վերջին տերերին այն ժանտաբարո
Եվ իշխաններին բոլոր այն արբշիռ
Խեղդելու իրենց իսկ արնակարոտ
Հատուցման ծովում - անտես, անկշիռ...

Այդ բախումն է խոլ այն իրարամերժ
Զույգ աշխարհների, խավար ու լույսի,
Կենաց ու մահվան բախումը հավերժ,
Բախումը կյանքի և մեռնող հույսի...
Այդ բախումով է լի ուղին կյանքի,
Եվ կյանքի ուղին ինքնին բախում է.
Բախումը միշտ էլ հոգու զրկանքի
Պտուղն է հասած, և բաբախում է
Կենաց ու մահվան, ծեր ու մանուկի,
Հար գոյության ու անգոյության հետ,
Որպես արգասիք հար ժամանակի,
Բարիք՝ չարիքի շպարով անհետ...

Արդ ժամն է հասել, գնում եմ ես էլ
Դեպ մարտնչող մեր այն բազմագունդը,
Ուր մահը անվախ սրտեր է տեսել,
Ուր ուռճանում է հաղթության հունդը...
Գնում եմ ես էլ ցանեմ մի հատիկ
Այն գալիքնահունձ լայն մարգագետնում,
Որ չըդառնա մեր աստղը մահատիպ,
Ժանտաժանտ, դժնի աշխարհի մթնում.
Որ անծիր երկնում մեր բազումաստեղ
Օտար մի թռչուն խենթ չըսավառնի.
Որ Կարմիր Ոգուն մեր չըպատվաստեն
Ոչ մի գոսական ճյուղ, ոստ եղեռնի.
Որ կապուտաչյա ջրերում մեր ջինջ,
Օվկիանոսներում անգամ սառցանիստ
Ո՛չ մի խորթ մակույկ, առագաստ ոչ մի
Չըլողա, այնտեղ չգտնի հանգիստ.
Որ հայրենիքիս արդարավաստակ
Հողը մի օտար ոտք չըտրորի,
Որ այնտեղ մարդը՝ հոգով անկաշկանդ, 
Գալիքի հազար հույսեր օրորի,
Որ ցուցամատը մեծ առաջնորդի
Նորից ու նորից մնա ուղենիշ,
Որ միշտ ժպիտով ճանապարհորդի
Մեզ դեպի կարմիր հաղթության ֆինիշ...

Այդպես ուրեմն, գնում եմ ես, ա՛րդ,
Դեպի մարտնչող մեր բազմագունդը,
Ես - անհայտ պոետ մի երիտասարդ,-
Դեպ այնտեղ, ուր մեր հաղթության հունդը
Ուռճացած պիտի ծլի հողմածեծ
Օրերից հետո... օրերի մուժում,
Որ թշնամական հույսը մահամերձ
Երբեք ու երբեք չգտնի բուժում...

Ու գիտեմ սակայն պարզությամբ վերուստ
Եվ մշուշապատ խոր գիտակցությամբ,
Գիտեմ, որ հանգիստ, անմահ, անկորուստ
Չէ, որ կըծլի հունդը հաղթության...
Գիտեմ, որ մահը շռայլ է այնտեղ
Իր դառնապատիր գգվանքների մեջ,
Եվ տևողությամբ մի ակնթարթե
Շատ կարելի է գտնել մահվամբ վերջ...

Ուրեմն գունատվի՞ հերոսությունն իմ,
Սին գոյությունն իմ դառնա՞ մի առանցք -
Վախկոտության հին մազութով յուղված...

Ուրեմն դալկանա՞ մահվան սառն շնչից
Արհամարհանքն իմ՝ սին մահվան հանդեպ, 
Եվ մոլեգնակամ վրնջող իմ ձին
Դառնա նապաստակ - վախկոտ ու անդեմ...

...Թո՛ղ որ ես լինեմ Կապլան էսերկան -
Իմ Առաջնորդի կյանքի դեմ դավող՝
Եթե առկա է երգիս շեփորին 
Այսօր կեղծիքի շպար կամ օքսիդ,
Եթե անապակ երգիս սափորին
Կաթում է անջինջ, պղտորող մի շիթ...

Ուրեմն զգացմամբ մի անկեղծ ու խոր,
Մի վերջին սիրով,- ամենայն ուրույն՝ 
Որպես մաքառող անհանգիստ մի խոհ -
Գնում եմ դեպի մի անագորույն,
Դաժան մի հանդես, ուր մահն է դյութում
Բյուր հոգիների, ուր ընկերներն իմ
Խեղդվել են հսկա ջրապտույտում -
Անզոր - ուժի դեմ՝ դժխեմ, ոխերիմ...

Գնում եմ այնտեղ և սարսում չունեմ
Ես մահվան հանդեպ - մոլի և անգութ...
Իմ անվախության սրտերն աճում են
Իրար հաջորդող օրերի հանգույն...

Գունատվի՛ր, ո՛վ մահ... Չարագույժ ագռավ,
Դո՛ւ աներևույթ, անտես բորենի,
Անգոյության հուր - աննյութ, անկրակ,
Դու թունոտ անչար, տեսքով ցորենի...
Դու, որ անտես ես, դու, որ աննկատ,
Դու, որ անձև ես չար կասկածի պես,
Խանդի պես սնվող - անստինք, անկաթ,
Վրեժի նման անվրե՜պ այնպես...
Դո՛ւ, որ կասկածի, վրեժի, խանդի
Նման շարժվում ես աննըկատ, անկանգ,
Սակայն նրանց պես, ի հնուց անտի
Արևի պես վառ հայտնի ես դառնում
Ինչպես և նրանք
Որպես հետևանք...
Նման ասուպին - երկնքով անցնող -
Աչքերի հանդեպ անտես, աննըկատ,
Բայց հետևանքով՝ իրենից ծնող -
Վառ, տեսանելի և ռոշնական...

Գունատվի՛ր, ուրեմն, դալկացի՛ր, սողա
Խլուրդի նման կամ ինչպես սողուն,
Եվ իմ (օ՜, ո՛չ, մեր) շնչից դողդողա՝
Մալարիայից են ինչպես դողդողում...
Դո՛ւ, որ գոյության բյուր հազար կանթեղ
Մարել ես դաժան քո սառըն շնչից,
Դո՛ւ, որ եղել ես հաղթական, քան թե
Քո որդին - կյանքը՝ քո հանդեպ չնչին, 
Արդ պիտի փոխենք հին դերերը մենք
Ներդաշնակությամբ օրինածնիչ
Եվ պիտի դողաս ինձանից, ո՛վ նենգ,
Ինչպես կանթեղը սառն ածխածնից:

Քանզի ես ահա գալիս եմ քո դեմ
Հոգուս մեջ ծիծաղ, բաքոսյան խնջույք,
Մի Վակխանալիա, մի ուրախ հանդես.
Մի աստվածային խրախճահաճույք...
Քանզի գալիս եմ դեպի քեզ, անգո՛ւթ,
Գիտցած լինելով ինչո՞ւ եմ գնում - 
Մեռնելու հավետ, կորչելու անփույթ,
Գիտցած լինելով ինչո՞ւ եմ հագնում
Քո քղանցքը սև և իրանապիրկ,
Ինչո՞ւ եմ այսքան շատ վաղ հավաքում
Դեռ նոր բաց արած ծիրանահագի
Առագաստը իմ, այս ուրախ կյանքում...
Քանզի գիտեմ ես, որ գնում եմ դեպ
Մի մահ, որով ես մահից խուսափում
Եվ գալիքնագա օրերի հանդեպ
Մնում եմ անմեռ, ապրում եմ, ապրում...

Քանզի գիտեմ ես, որ մահն է բժիշկ
Այսօր, հաղթական այս պատերազմում
Եվ վախճանական մեռնելն իսկ և իսկ
Դեղատոմսային կույտեր է կազմում...
Ուրեմն մեռնելը բարիք է այսօր -
Հագած չարիքի լպրծուն մորթի,
Եվ մահը դաժան ազդակ է հզոր -
Աշխարհ բերելու մի անմահ որդի,
Երկունքի գահին նստեցնելու
Ծեր ժամանակին, որի արգանդում
Մի դեպք է միայն մնում ծնելու -
Աշխարհասասան նոր ուժով անդուլ...

(«Մուտք» շարքից)


TO BE OR NOT TO BE


(ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ)
Նամակ բարեկամիս՝ գրված պոետական
և աշխարհագրական հեռուներից -


Հեռու ժխորից քաղաքի, ծխից հեղձուցիչ,
Հեռու շչակի խելագար բառաչից, կառքերի վազքից անկամ՝ 
Այս հեռավոր լեռներում, ուր ամպերն են արճիճ
Եվ հարափոփոխ երկինքը՝ սենտիմենտալ ու լալկան,-
Ես - հոգուս մրրկածուփ հորձանքի հանդեպ խլականջ,
Ես - շնչահեղձ, որպես հորձանքով ափ նետած ծովաձուկ,
Ես - անհունների մեջ նետած միտքս, որպես սովածին գայլականչ՝
Սպասելով անհունների արձագանքին՝ կարոտով անձուկ.
Ես - սրտիս մեջ Դարի տառապանքը և հանճարի շունչը դարերի,
Ես - տրտմաթախիծ, ինչպես օրը արևից առաջ և խնդությամբ ցամաք,
Այս խավար գիշերին երկունքի նստած՝ հայացքս դեռ անհայտ արևին,
Երկունքից առաջ, բարեկամ, չափավորում եմ 
խռովքն իմ հոգու և հանգավորում որպես քեզ նամակ:
Արդ տրտում է անձն իմ գերազոր և բեկված է կամքն իմ անկոտրում,
Եվ թաց են աչքերն իմ անարտոսր.
Սրտիս մեջ խռովք կա անեզր, հոգուս մեջ՝ տրտունջ, թևերիս՝ փետրում,
Հայացքիս մեջ թարախ կա, հայացքիս դեմ՝ արյան փոսեր: 
...Եվ կանգնած է իմ առաջ մարդկությունը՝ վիզը ծուռ և մերկանդամ,
Ամոթը թուխս դրած աչքերում,
Ձեռքերին կապանքի հետքեր, կապույտ վերքեր այնքա՜ն,
Սիրողի հույսով, կորցրածի դառնությամբ և
վեհությամբ աստծո, և հեզությամբ գերու...
Եվ բզկտված է նա, բրածեծ, և խղճուկ է նրա
տեսքը, ինչպես ծաղիկ մի ջրում՝ ջրալիքով տարուբեր,
Եվ անալիք է նա՝ մեղապարտ կատաղության փրփուրը սառած շրթներին 
Եվ ծանր է նրա վիշտը, որպես դաժան տիրոջ մշակի բեռ,
Ե՛վ հոգնած, ինչպես մկանը վաստակած կռների...
Ի՞նչ է նա, վերջապես, այդ խղճալին,
որպես խըխունջ՝ անգետ, որպես խլուրդ՝ կույր -
Դարավոր մի խեղկատակ տիեզերական բեմերի,
Ուր հուշարար է Ժամանակը, Տարածությունը՝ վարագույր,
Բնությունը՝ կենդանի դեկոր և բազմերանգ ճառագայթները՝ գրիմ...
...Եվ ահա կանգնած է նա իմ առաջ՝ անօգնական ու թշվառ,
Եվ վերքերից իր, խոցերից իր, որպես ավերված աչքերից, հանդա՜րտ
Ծորում է արյունը դեռ տաք, որպես ահեղ բողոք, որպես ծանր գանգատ...
Իսկ իմ մեջ խռովքն է փայլատակում,
Եվ վրեժը կարկառում է թաթերն իր դեպի հոգուս երկինքները յոթերորդ,
Իսկ իմ մեջ, որպես աստծո մեջ, ծագում են երկու հակում -
Ինձ դեպի հակառակ բևեռներ բոթելով (մղելով).
-Արդյոք չըթքե՞լ նրա, այս թշվառ մարդկության, 
նրա վերքերի վրա, որպես թույն մահատու,
Եվ անհնարին ուժով չապտակե՞լ...
Նրան, որ որպես շնախեղդ մի կատու,
Հտպիտության քղանցքն է հագել...
Նրան, որ դարերով, որպես խոնարհ գրաստ,
Կրել է տերերին իր բազմատիպ,
Ճաշակել մտրակը, որպես դրախտ
Ընդունվելու միակ հուսո հատիկ...
Նրան, որ դարերով իր բյուր որդիների
Ժանիքներն է իրար ակռայել,
Բայց ոչ երբեք նրանց բազուկները հուժկու...
Եվ ինչպե՞ս կարող էր նա այդ կռահել,
Նա՛, որ միայն ծեծվել է, բզկտվել, գերվել
Որպես Հիսուս մի բազմաչարչար,
Որ սիրտն իր, ուղեղն իր տերերին է տվել,
Նրանց, որոնք որպես վայրի արջառ
Փորփըրել են հողը եղջյուրներով,
Սմբակներով ցրել երկինքն ի վեր
Եվ հետքերով իրենց գոռ ընթացման
Առատ շաղ են տվել դիե՜ր, դիե՜ր, դիե՜ր...
Երկրի երեսն ի վեր հորդեցրել
Վերջալույսի գույնի, կակաչների գույնի կարմիր ջրե՜ր, ջրե՜ր...

...Եվ չթողնե՞լ արդյոք անմխիթար
Նրան այնպես մենակ ու կարեվեր
Եվ սիրտս առած որպես հավերժորեն գտած
Մի անկորուստ բաշխիչ, մի արևե,
Մի լուսավոր ցնո՜րք, հավետ օտար
Հերյուրանքին ստոր, այս մարդկային
Հալածանքին անմիտ և անկատար
Իրավունքին, Ուժին բիրտ Արքայի,-
Թռչել բա՜րձր, հեռո՜ւ...
Որպես անմիտ կատակ
Էլ չըհիշել բախտը այս աշխարհի,
Էլ չըհիշել կանաչ, ճանաչ կանանց
Թովչությունները սին, երբ որ պիտի
Այդ ամենը արյան ումպով կուլ տալ,
Ոնց դառնահամ դեղը ջրով և կամ թեյով, 
Երբ նախճիրով պիտի, մահով, պատերազմով, զենքերով հոխորտալ
Եվ գրկել կնոջը (դ) կտրված մի թևով,
Այն էլ եթե, եթե, բախտը եթե ժպտա...

Օ՜, ծանր է, անթափանց մղձավանջը այս սև
Ինչպես կուպր, ինչպես ծանրասև վարագույր...
Եվ ի՞նչ և ի՞նչ և ի՞նչ, ի՞նչ խոսքերով ասել
Նրա մասին, որ, ա՛րդ, իր կրակում
Հրկիզում է բոլո՜ր, բոլո՜ր նրանց,
Որ ապրում են այս խեղճ հողագնդի վրա...

Լավ չէ՞ արդյոք լըռե՛լ, լռե՛լ հավետ
Եվ չըլինել այդպես մոտիկ ու մերձ,
Ինչպես ծաղիկ մի վառ ու հոտավետ՝
Քթին դեռ երազուն մի աղջկա,-
Եվ չըլինել այդպես մոտիկ ու մերձ
Այս աշխարհի բախտին, այս մարդկության
Բյուր ցավերին անբուժ, գալիքին դառնապերճ...
Այդպես ահա ըսկիզբն ունենալ վերջ,
Լռե՛լ, լռե՛լ անճար... անհուսության, ցավի
Անհայտության գազիր, սուր ճիրանների մեջ
Հոշոտվել անատամ, առանց սրտացավի...

Բայց ի՞նչ... Լինել որդի՞ դրժյալ և դավաճան,
Ե՛վ անարժան որդի, և՛ անառակ,
Լինել աստըծո դեմ ըմբոստացյալ տաճա՞ր,
Բուն խոսքի դեմ ցըցված անմիտ առա՞ծ.
Անցած ուղիներին դավաճանող...
Ուրացող սնուցիչ մի դայակի,
Որ և մայր է եղել... և ծածանո՞ղ
Լինել մի անծածան դրոշակի,
Որ տանում է դեպի անվերադարձ կորուստ...
Համաձայնվե՞լ կամա, որ ի վերուստ
Տրված շնորհն այս, գուցե վիթխարի
Այս կրակը ներքին՝ ինձ տապակող, 
Դարձնելով ինձ մոխիր, անդարդ մարի՞...
Եվ այդ ամենն այնպե՜ս... մի կատակո՞վ...

Բայց չէ՞ որ ես անբախտ նույն մարդկության,
Նույն կարեվեր սրտի այսքա՜ն ահեղ
Ծնունդն եմ ի վերջո և գուցե թանկ,
Ինչպես նույն մարդկության վաղընջական դարի
Իմ պապերի համար - մի նետ-աղեղ...

Եվ այսօր, դառնաղի այս օրերում,
Այս օրերում անլույս և խիստ մըթար
Թռչե՞լ դեպի եթեր, թըռչե՞լ հեռու,
Թողնե՞լ նրան այսպես անմըխիթար...
Չըփայփայե՞լ նրան Հույսերով պերճ,
Վերքերը չամոքե՞լ վառ երգերով,
Դեռ ըսկիզբ չունեցած ունենալ վե՞րջ...
Եվ այդ այնժամ, երբ որ բյուր վերքերով
Աշխարհն է կուչ եկել որպես ոզնի
Եվ հարկավոր է տալ նրան թևեր...
Երբ պարտեզն աշխարհի չոր է, ավեր
Եվ պետք է նրա մեջ առուն խոսի,
Բողբոջները նրա, որ չըգոսնի
Եվ կանաչի ծառը հեգ Մարդկության...
Իսկ դաշտերում անհերկ, մերկ ու ավեր
Դեռ որպես ժանգապատ, հուժկու գութան
Հերկե՜լ պիտի հողեր և ժանգը տալ
Հողի գոց արգանդին անվերադա՜րձ, հավե՜տ
Եվ մարդկության կրկին ծննդի հետ
Ահեղորեն կանգնել՝ մտքով հասուն,
Խոհով խրթին, լեզվով արևաներկ,
Շիտակիրան, որպես սեգ վերստասյուն...

...Օ՜, չեմ կարող երբեք, իմ բարեկամ,
Հեռու մնալ ցավից իմ այս դարի,
Մարդկության սին բախտից, եթե անգամ
Իմ լույսն իր խավարում անդարձ մարի...
Թեկուզ մնան հավե՜տ, հավե՜տ օտար
Իմ թափառող հոգուն և իմ սրտին,
Իմ թռիչքին մոլի, հրակատար
Իմ իղձերին, խոհին՝ խոր ու խրթին... 
Եթե անգամ մարդկանց ժպիտը - թույն,
Քմծիծաղը՝ աղբյուր անհուն ցավի, 
Արհամարհանքը սին և մշտարթուն
Առօրեական, ճղճիմ, սրտացավի
Տեղիք տվող հազար արարքները նրանց,
Ջանքերը՝ կտրելու թևերս արծվի, 
Հերյուրանքը ստոր, եթե հոգուս վրա
Որպես մահվան ստվեր մեղմորե՜ն տարածվի,-
Նորից ես չեմ կարող լինել դաժան,
Լինել դրժյալ որդի և հեռանալ
Դեպի կապույտ հեռուն, որտեղ հազար 
Հորիզոններ գուցե իմ դեմ բանան...
Նեղ է աշխարհն, անձուկ, իմ գոռ շնչին,
Աշխատանքին հուժկու իմ թոքերի,
Իմ թռիչքի համար փոքր ու չնչին՝
Այս երկինքը կապույտ. իմ ոտքերի 
Համար թույլ է կեղևն հողագնդի.
Իմ բիբերի համար չնչին գնդիկ,
Հուլունք մի աննշան այս արևը վերին...

...Բայց չեմ կարող նրանց չլինել գերի...
Ռուբիկոնը անցած ոչ շատ թեթև,
«Լինել, չըլինելու» խնդիրն ահա
Այսպես լուծած և լուռ թողած հետև
Անկումներն իմ, որպես կանգուն պահակ
Իմ փոթորկոտ կյանքի անցյալ օրվա,
Այսօր ահա, ահա որպես վաղվա,
Գալիք փորձանքների անմահ գուշակ
Ես նետվում եմ առաջ որպես բուժակ
Տիեզերքի անհուն, խոր վերքերի,-
Առած սիրտս որպես հավերժորեն գերի,
Ստեղծագործ ստրուկ մի բարբարոս,
Անցյալով - փոթորկոտ, այժմ կարոտ
Անկաշկանդ գոյության, երբ ի վերուստ
Սահմանված է գուցե իմ ապագան՝ 
Շղթայվելու, որպես... մի խելագար...

10.VIII.1942թ.
Չանախչի-Նավչալու

(«Մուտք» շարքից)


ԻՆՁ - ՊՈԵՏԻՍ


Ծովասույզի նման կյանքդ վտանգված
Դու հազվագյուտ մարգարիտներ ես հանում
Զարդարելու ժամանակը քո ապրած...
Գ. ՀԵՐՎԵԳ
                              I
Ժամանակն իմ, դարն իմ այնքան ահեղ է,
Որքան վայրի ցուլը կրքի մոլուցքում,
Սպառնալից, որքան կայծը չոր լուցկում,
Որքան նետը, երբ լարված է աղեղը:

Արյան տենչը՝ ոսկու ոսկրոտ մատներով 
Իր հորձանքն է նետել հազար պոետի...
Ու թող էլի հազար-հազարին նետի,
Որպես չնչին տաշեղ, որպես չոր տերև...

Թող որ նետի... Ես զորեղ եմ ու կանգուն
Ու նետում եմ նրան կռվի ձեռնոցն իմ,
Քանզի մահվան գիշերում ես եմ անքուն...

Եվ տքնաջան աշխատանքով աննկուն
Ես դեռ կապրեմ ժպտադեմ ու խնդալի,
Որ զարդարեմ ահեղ դեմքը իմ դարի...

Կյանքին


III

Սիրել եմ քեզ որքա՜ն, որքա՜ն խոր սիրով,
Հրկեզ սիրով՝ տենչանքներս երիզող... 
Մոտիկ այսքան - թվացել ես հորիզոն,
Ջահել այսքան - կնճիռներով, խորշերով...

Գրկել կուզեմ, պրկել կուզեմ իմ գրկում,
Քամել կուզեմ հյութը մեղրափեթակիդ,
Կուզեմ թողնես մի աստղահուռ հետագիծ
Իմ փոթորկոտ հոգում, խորունկ իմ սրտում:

Կուզեմ ծնվի գրկիս մեջ քո մանուկը -
Ազատությունը - բարիքը արգանդիդ,
Եվ մեռնի քեզ բռնաբարող արքան բիրտ:

Ու թող մաղվի գլխիս մահվան արճիճը,
Երբ որ լսվի երկրագնդում - ծայրից ծայր,
Մեռնող Հոր ու ծնվող Մանկան սուր ճիչը...


***


IV
Դեռ նոր բացած ակունքը իմ երգերի,
Հարթելով նոր ու ինքնուրույն իմ հունը,
Դրոշմելով դարերում իմ անունը,
Չեմ կասկածում, թե լինելու եմ գերի...

Չեմ կասկածում, թե գերի եմ լինելու
Հին քնարի - անհարազատ խոկմունքով,
Կամ մտքերի - ծնված անցավ երկունքով,
Եվ կամ անկոչ հյուր - դավադիր տներում:

Սակայն կլինեն շիթեր, անշո՛ւշտ, անմաքուր,
Որ կաշխատեն դառնալ երգիս կերակուր,
Բայց դրանցից ոչ մի վայրկյան չեմ սարսում,

Քանզի ջուրը իմ երգերի, ոչ թե այն
Շիթերից է դառնում պղտոր, ցեխախառն,
Այլ ինքն է նրանց մութ աչքը պարզում...

V


Ես չեմ մեռնի մռայլ մահով մի անհեթեթ,
Չեմ էլ սարսի սակայն նրա շնչիցը սառն.
Մի ումպ ըմպած նրա դաժան սուր ճիչը դառն,
Նրա հանդեպ ձեռք կբերեմ իմունիտետ...

Կթափառեմ այնուհետև Մարսի վրա,
Լուսնի վրա կթողնեմ մի ավտոմոտոր,
Սատուրնի կոր շրջանակում ցուցամատով
Կըստեղծեմ մի Անանուն, որ մարզի նրան:

Ապա նման անանուններ կպարգևեմ
Եվ երկնային չթվարկած մարմիններին,
Հետո այնտեղ ամեն տեսակ մուտք կարգելեմ,

Որ այն պահին, երբ բռնկվի համաշխարհում
Հոկտեմբերը, իմ ուժերով պատրաստակամ
Մոլորակներն հայտարարեմ սովետական...