Պարույր Սևակ


XXVII


Աշնան հանդերն են - անծաղիկ, անվարդ,
Աշնան քամին է - սառը շունչն աշնան...
Ես ժայռի գլխին նստել եմ անձայն,
Դիտում եմ շուրջս ամեն ակընթարթ...

Ո՛չ անտառ, ո՛չ ծառ չկան այս սարում,
Միակ ծառն այստեղ մասրենին է լոկ,
Այն էլ դեղնազօծ, անտերև ու բոկ,
Բայց պտուղներով հասուն, զարդարուն:

Ու դիտում եմ ես այս լուռ քարափի
Ծերպերին թառած տկլոր մասրենուն,
Որ չունի ընկեր ու սերմ է ցանում... 

-Ողջո՜ւյն անանուն, միայնակ ընկեր,
Որ գիտես տոկալ հեռո՜ւ, անընկեր
Եվ գիտես վաղվա տընկիներ տընկել...



XXVIII


Միջօրեի արևն է բացել վարսերն իր արձակ,
Ու գըգվում է, փարվում ինձ իր ոսկեգույն վարսերով,
Հոգիս լցնում զմայլանքով, սիրտս - պայծառ, վառ սիրով...
Ու փոթորկում է իմ հոգին ու սավառնում թևարձակ:

Ջահել սիրտս խոր ու անափ սիրով հարբած, երազում
Ցնծում, բերկրում, ծիծաղում է, ծեծում դարպասը հոգուս.
Հորդում է սերը - անապակ իմ աչքերից անբիծ, կույս,
Կախվում դաժան թարթիչներիս կախաղանից բազմասյուն:

Ու ցանկանում եմ ես հալվել, դառնալ հեղուկ և օծել
Սիրուս աղբյուր արեգակի վարսերը հուր, ոսկեգույն,
Որ Ամուրի նետերի պես նրանք բյուր սրտեր խոցեն...

Իմ ցանկության առհավատչյան - հալված կաթիլն իմ հոգու
Բազմապատկվում է հևիհև, ակնթարթ առ ակնթարթ.
-Միջօրեի արևի տակ չէ՞ ոչ քրտնել եմ ես ա՛րդ...

XXIX


Թևավորված մի աստղային վեհ խորհրդով,
Իմ տքնաջան աշխատանքից հետո, ահա,
Աչքըս՝ հոգուս, ձեռքս՝ հոգուս հոգուն պահած
Մտորում եմ ահա հանգիստ ու անվրդով...

...Հոգիս անհուն մի օվկիանոս, խոր, բազմալիք,
Միտքս պայծառ, միտքս ճեղքող, ինչպես կայծակ
Անհունության երկինքներում լայն ու արձակ
Եվ թափառող - դարերի մեջ անցած, գալիք:

Սիրտս - լազուր երկինք - անամպ ու բազմաստեղ,
Ուր հուրհուրող արևները տեղ են հայցում,
Կաթնածիրնե՜ր, որ աստղերին վառ պատվաստվեն...

Եվ խոհերն իմ՝ հսկա հրդեհ. հուր բոցակիզ...
Տողերն իմ այս այն հրդեհից լոկ առկայծում,
Խոր օվկիանից - ալիք մի, ցոլք մի - կայծակից...

XXX


Սիրելի Սուսաննային՝
սիրով


Երբ կարդան տողերս, կկարծեն, թե շատ եմ շռայլ,
Առատ են ձոներս քեզ և շատ եմ ձոնում «սիրով»,
Եվ իմ շռայլության հանդեպ, կասեն, լուռ է սիրող
Սիրտըդ, համր է կանչիս և լուսո հանդեպ իմ մռայլ:

Չէ՞ որ, կասեն, պոետն է միշտ զեղումներով շվայտ,
Զգայաբարի զույգ ոտներով ամենուր թառած,
Եվ սիրով, ոնց սերը կաթի,- հազար սրտի վրա սառած.
Այդ ամենը, իհարկե, ճիշտ է, և բնավ զրպարտանք չէ այդ:

Ես երջանիկ եմ, որ ունեմ միջոց սիրտս տալու,
Որ հազար այլ սրտեր դիտեն նրան սիրով, ոխով,
Սակայն ինչպե՞ս հայտնես դու սերդ, առանց ժպտալու...

Եթե նրանք իջնեն սրտիդ խորքերը խո՜ր, անպա՜րփ,
Սիրուս տաճարի քուրմ, հավետ մաքրամաքուր իմ քույր,
Կըզգան, թե որքա՜ն եմ ժլատ, դեռ որքա՜ն եմ պարտ...



XXXI


Հայաստանին

Ժայռի գլխին ես Արաքսին եմ լուռ դիտում.
Նա գալարվում է, սողում է կարծես ցավից,
Դեմքին քսած մեռելային փայլուն կավիճ,
Ճամփան - երկար, ալիքը - կարճ ու վետվետուն...

Արարատը՝ անխոս վկան նրա ցավի,
Մյուս ափից ինձ հետ նայում է լուռ նրան...
Հասկանում ենք իրար անխոս ու անվարան
Ես՝ իմ, նա՝ իր սրտով - խորշով քարանձավի...

-Մայր իմ Արաքս, ջրերը քո ճողփել են շա՜տ -
Օտարոտի սմբակներից, շա՜տ են հորդել
Եվ քի՛չ է շատ, որ հոսել ես հանգիստ, ազատ:

Վերջին անգամ կփոթորկեն ջրերը քո -
(Ժամն այդ ահեղ ու ահալի մոտ է արդեն)
Ու կժայթքի Մասիսն հրով, ես՝ իմ երգով...


XXXII


Գետակն այս թավալվում է ձորում -
Փրփրադեզ կոհակներ ցայտելով.
Մի աղջիկ արևհար այտերով,
Գետափին ծամերն է հարդարում:

Իսկ պոետը նստել քարափին,
Խորհում է.- Ի՞նչ գրեմ արժանի,
Որ փառքն իմ աշխարհով արշավի,
Վաստակեմ անուն, փառք ու դափնի:

Ու բնավ չի տեսնում աղջկան,
Չի տեսնում գետակին թավալվող,
Ոչ էլ այս ժայռերը վիսական...

-Օ՜, պոետ, սնապարծ, կուսական,
Բազմել ես դու կյանքին հավելվող,
Չես տեսնում հավելվածը սակայն...

XXXIII


Հեզանազ իջնում է երեկոն,
Ժայռերը մթով են թանձրանում.
Մի ժայռի կատարի բարձրանում,
Նստում ենք իրար մոտ երեքով:-

Ես եմ, իմ մուսան ու ընկերս,-
Ես շապիկ հագած, իսկ մուսաս մերկ,
Ընկերս - շրթներին մի նոր երգ,
Ուսերին - վերարկուն մուգերես...

-Պարզության մեջ պիտի լինել մերկ,
Պնդում է մուսաս իր չոր ձայնով.-
-Անշապի՞կ,- գոչում եմ ես,- երբե՛ք...

Ընկերս երգախառն մեղմ ձայնով.
-Պարզության մեջ հագիր վերարկուդ...
Ու վիճում ենք մինչև իրիկուն...


XXXIV


Ընթերցողներիս
Նա՛ - երգերիս երկրպագուն,
Երեկ մոտով իմ անցնելիս,
Տեսավ ինձ դառն արտասվելիս
Ու դարձավ իր մոտիկ մարդուն.

-Տե՛ս, ինչքա՜ն է նման սա մեր
Բանաստեղծին նորաքանքար,
Նա, որ գիտի ժայռերն անգամ
Հսկա ձայնով իր սասանել:

Խոսակիցը նրա, որ ինձ
Գիտեր միայն հեռու-հեռվից.
-Հենց նա ինքն է հիմա՛ր,- ասաց...

Երկրպագուն իմ երգերի
Ոչ մի գնով չհավատաց.
-Նա չի լինի երբեք գերի...


XXXV


Ալեզարդ պապս գլխացավից է արդ տառապում,
Խոլ հառաչներ է արձակում ցավից, ոռնում է մերթ,
Մերթ աղաղակում, խոսում բարձրաձայն, լռում է, երբ
Մեղմում է ցավը - սողում է կարծես Խոր Վիրապում...

Ես հետևում եմ նրա հոգու ողջ տվայտանքին՝
Թթվում է դեմքս նրա տառապող դեմքի հանգույն,
Նա գունատվում է,- դառնում է դեմքն իմ նույնպես դժգույն,
Թախծում է հոգիս՝ նրա հոգու խոր տխրանքից...

Ու խեղդում են ինձ խոհեր անդեմ ու անկերպարանք.
-Ինչո՞ւ է կյանքը, երբ ցավը պիտի միշտ մոլեգնի,
Եվ մահը մինչև ե՞րբ պիտի մեզ միշտ հեգնի...

Բայց ժամ անց ցավը անցնում է անհետ, ըշտապ.
Ժպտում է պապըս, կատակում - ձայնով դեռ զիլ հնչուն...
-Օ՜, Մայր Բնությո՛ւն, անտանջանք կյանքը սուգ է, Ողջույն: - 

XXXVI


Արտասուքը թարթիչներից կախած ցած,
Տատս խնդրում, աղաչում է ինձ անվերջ.
-«Մի՛ գնա, մի՛, քաղաք, որդիս, քնիս մեջ
Վատ երազ եմ տեսել... Գթա՜ մեզ, Աստված...

-Մեր տան էն մեծ թոնիրն էի ես վառում,
Մեր ողջ տան մեջ լցվել էր մի թանձր ծուխ.
Ինքնաեռում դրել էի ես ածուխ...
Դու ծխի մեջ գրում էիր ու գրում...

Հանկարծ, որդի՛ս, մեր ինքնաեռը պայթեց...
Ծուխը մեր բակն ու շրջապատը պատեց...
Իսկ դու ներսում գրում էիր ու գրում...»:

Եվ մինչ տատս արտասվում էր, ես բերկրում,
Ցնծում էի հոգով... որ միշտ կըգրեմ,
Թեկուզ լցվի բոցեր ու ծուխ ողջ երկրում...

XXXVII


Իմ ընթերցողն իմ երգերից մեկում կարդաց.
-Արփին ծագեց Արևելքից և ինքնագոհ
Արևմուտքում կորավ, իջավ երբ երեկոն,-
Ու ծիծաղեց նա - ընթերցողն իմ սրտաբաց:

Այնժամ նրան հարցըրեցի դիմաթաքուն.
-Ի՞նչն է, ընկե՛ր, այդպես ծիծաղ քեզ պատճառում...
-Տե՛ս, պոետն այդ,- պատասխանեց,- ի՞նչ է ճառում,
Դա իր հաշվով ֆոկո՞ւս է մի, թե՞ հսկա գյուտ...

Ավելի քան պարզ է, եթե հռչակավոր
Մի աստղաբաշխ այսօր հպարտ ազդարարի,
Թե երկիրը պտտվում է շուրջն արևի:

-Այո, փոքրիկ - նա մեծ էր, տարիքավոր -
Պարզ է այնքան,- ասացի ես գոհ ու հպարտ,-
Այդ պտույտի նման, սակայն նույնքան և բարդ...


XXXVIII


Արևմուտքը ահա
Ռ. ՌՈԼԱՆ

Արևմուտքը ահա... Ուր մարում է լույսը,
Ուր մարում է հավետ արեգակը լուսե,
Ուր խավարը մթին իր շղարշն է հյուսել,
Ուր մեռնում է կյանքի վերջին, վերջին Հույսը:

Արևմուտքը ահա դեղին փայլ է հագել,
Որպես մահվան պատան փայլն է հագել ոսկու,
Երբ բորբ Արևելքում նոր արև է ծագել,
Երբ բորբ Արևելքը, որպես ահեղ սոսկում

Պարզել է դեպի վեր սեղմած բռունցքը իր,
Ահեղ բռունցքը իր՝ աշխարհներ կործանող,
Իր անամպ երկնքում աստղերի բույլ ցանող...

Մեռնում է մեռնողը և՛ ոխով, և՛ ցավով,
Սաստում է ծնվողի բռունցքը հաղթական,
Որ սոսկումով մեռնի մեռնող ուժի արքան...

      Զգացումն այդ որ անկեղծ է ու զորեղ


Զգացումն այդ, որ անկեղծ է ու զորեղ,
Որ ծնվում է հանկարծակի քո սրտում,
Ինչպես կրակ - աշնան միգում ու ցրտում, 
Որ սարսափի նման հաղթ է ու հզոր է,-

Զգացումն այդ դու չես փոխի աստծու հետ,
Զգացումն այդ դու չես բաշխի արքային...
Դու ծնվել ես այս աշխարհում նրա հետ,
Նրա ուժով բազմելու ես մի գահի,

Որի մասին գեթ երազել չի կարող
Ո՛չ դալկամիտ հիմար աստվածը անկամ,
Ո՛չ բռնակալ ճնշումների խենթ արքան...

Բայց դրանով հպարտանալ չես կարող.
Երջանիկ չէ, անհոգ չէ նա այնքան էլ,
Ով սրտերի, տիեզերքի արքան է...

XXXX


Թշվառ Ֆաուստ, ես քեզ էլ չեմ ճանաչում...
ԳՅՈԹԵ


Իմ կյանքի դեմ օրերն ահա նահանջում,
Օրերն ահա նահանջում են անշտապ.
Անցնում են իմ երազները ջերմ ու տաք,
Ու ես նոր եմ, ես նոր եմ քեզ ճանաչում...

Երբ մանկական իմ բողբոջն էր կանաչում,
Կարո՞ղ էի հասկանալ ես միթե քեզ...
Ու քո մտքի անծայրածիր կանաչում
Սահում էին երազներն իմ կապտակեզ:

Երիտասարդ տարիքի մեջ երբ անցա,
Նորեն մատով շոշափեցի հսկայիդ
Ու զգացի պատկառանք ու ակնածանք...

Նստել եմ ա՛րդ հասունության իմ գահին,
(Թեկուզ դեռ չեմ տեսել տասնինը գարուն),
Սակայն արդեն ճանաչում եմ հսկայիդ...

11-25.VIII.1941թ.

REQUIEM


***
Ա. ՆԱԽԵՐԳ

Իմ հոգու մեղկության, առօրեական ճղճիմ
Սին հոգսերի վրա թագավորող հավետ
Ո՛վ Առնական Ոգի.
Արհամարհիր մահը՝ այն դալկամիտ խեղճին,
Որ հագած ֆարաջան տերտերական խղճի,
Կտանի քեզ դժոխք, կամ դրախտ երկնավետ:

Կասկածո՞ւմ ես արդյոք, որ երբեք չի չոքի
Մահը հոգուդ վրա և աշխարհի վրա,
Քանզի ինքը - մահվան արարչական ոգին
Ամեն վայրկյան ցավով ծնում է, տե՛ս, նրան -
Կյանքի ահեղաճիչ առօրյա մանուկին...

Բ. ԳԻՇԵՐԵՐԳ


Առկայծում են երկնի ջահերը,-
Վառվում են իմ երկնային տաճարում...
Ա՜խ, մեռածը որքա՜ն ջահել է,
Որքա՜ն քնքուշ է, ինչպես գարուն...

Ա՜խ, մարած ու անլույս աչքերում
Կարծես արևն է այդ, որ մարել է.
Վարսերի հյուսքը զեփյուռ է բերում.
Ժպիտը՝ ամպերին զարդարել է...

Բայց այդ ո՞վ է, որ հարդարել է
Այդ վարսերը՝ հարուստ ու փարթամ...
Եվ եթե մահը նրան էլ տարել է,
-Սրա վրա ե՞ս պիտի սաղմոս կարդամ...

Գ. ՑԱՅԳԵՐԳ


Հոգեհանգի՜ստ, հոգեհանգի՜ստ...
Վախվըխելով գիշերն է գնում,
Ճամփան մութ, ինքը հետիոտն.
Երկնքում մեռած լուսինն է քնում,
Հառնում է խավարը՝ որպես մահվան բոթ...

Շուրջը լռություն, անդո՜րր ու հանգի՜ստ.
Լռել է անգամ չղջիկը անտուն.
Չի կըվվում չար բուն ավերակ վանքից,
Ծղրիդն է լռել մոտիկ բացատում...

Լուսնի դիակը ծածկել է ամպը,
Ամայացել է մարդաշատ ճամփան...
Սարսափն է գերում ինձ քիչ-քիչ.
-Մի՞թե միմիայն ես եմ վրիպել չար մահվան աչքից...
Հոգեհանգի՜ստ, հոգեհանգի՜ստ...


Դ. ԱՅԳԵՐԳ


Արևելքին խոցխոցում են լուսո սլաքները,
Քնած բնությունը աչքերն է ճմլում,
Թփուտներում թևահարում են հավքերը,
Լողանում են կարապները ջրում...

Արևելքը ահա խնդություն է ցրում,
Պարզվում են երկնքի աչքերը
Եվ լուսո արցունք են ծորում...

Այս անգամ ես եմ զարթոնքի այդ պահին
Քնել խոր խոհերիս խորքում...
-Բայց ինչո՞ւ են կարապները մահվան երգ երգում...

Ե. ՍԻՐԵՐԳ


Երկինքը խնդություն է ցողում,
Կոկոն վարդը բացում է թերթեր,
Զեփյուռից վարդենին դողում,
Օրորվում է թեթև...

Արևը վարսերը նետել,
Լվանում է հորդ գետի ջրում,
Արևը վարսերը փետել,
Երկրի վրա է ցրում...

Ես նստած սիրերգ եմ գրում
Ու սիրտն իմ խնդությամբ թաց է,
Բայց ահա մեկը սև բոթ է բերում.-
Գետում խեղդըվեց սիրածըդ...

ԵՐԳ ԵՌԱՁԱՅՆ


___________________________________________________________
ԱՌԱՋԻՆ ՁԱՅՆ 
___________________________
Ախ, իմ հայրենի՜ք... 

Իմ ամբողջ կյանքում լեզուդ եմ սերտում 
Եվ չեմ սովորել անսխալ խոսել, 
Անսխալ խոսել քո մասին քեզ հետ. 
Շփոթվում եմ միշտ անանց հուզմունքից... 

Երբ վաղ գարնանըդ կկուդ է կվվում, 
Ինձ ամեն անգամ այնպես է թվում, 
Թե թարգմանում է իր թլվատ լեզվով 
Շնորհավորման իմ խոսքը կակազ. 
Նա քո գարունն է շնորհավորում 
Եվ ի՛մ փոխարեն... 

Քո ամառային ստվերներն անգամ 
Իրենց լռությամբ ինձ են թարգմանում՝ 
Երգելով հիմնը արևիդ լույսի. 
Ելևէջում են յուրահատկորեն՝ 
Երկարանալով ու կարճանալով 
Սև բոցերի պես։ 
Աշնան կաթուկը այգիներիդ մեջ 
Բերք ու բարիքիդ օրհներգումն է իմ՝ 
Համաշխարհային - մատչելի լեզվով... 
Եվ նույնիսկ այնժամ, 
Երբ խոսում եմ ես քո մասին քեզ հետ, 
Մինչևի՛սկ այնժամ 
Այլ բան չեմ անում, 
Քան թե խոսքերով չափում եմ միայն իմ լռությո՜ւնը, 
Որպեսզի կրկի՛ն հասկանամ ցավո՜վ, 
Թե այդ լռության համեմատությամբ 
Խոսքերն այդ որքա՜ն փոքր են ու չնչին... 

Ա՛խ, իմ հայրենի՜ք... 

Դու՝ 
Հազարամյա իմ ազգանո՜ւնը, 
Ես - 
այնպե՛ս ապրել կարողանայի, 
Որ ինձ ազգանուն բաշխելուդ համար 
Դու երբևիցե անհարմար չզգաս... 

Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։ 
Ա՛խ, երանի՜ թե ես այնպե՛ս մեռնեմ, 
Որ դու... ինձ սգաս։
_________________________________________________________________________
ԵՐԿՐՈՐԴ ՁԱՅՆ 
_________________
Ա՛խ, իմ հայրենի՜ք... 

Ես ոչի՛նչ, ոչի՜նչ քեզ տալ չեմ կարող. 
Ինչ էլ տամ՝ կրկին տվածդ եմ տալիս։ 

Մինչևիսկ չունեմ պարտքի զգացում. 
Ես ոտից-գլո՜ւխ քո պարտքն եմ որ կամ։ 

Հավաստիացման խոսք նա է ասում, 
Ով ուզում է, որ հավատան իրեն։ 

Իսկ ես միտք չունեմ հավատացնելու.
Ես հավատն եմ քո, 
Քայլո՜ղ հավատը... 

Ա՛խ, իմ հայրենի՜ք... 
Ինձ կոչ են անում կյանքըդ ճանաչել,- 
Ավելո՜րդ ձգտում. 
Ես մասն եմ կյանքիդ։ 

Ես քո մամուռն եմ՝ 
Հինավուրց ու նոր քո կամուրջների քարերի վրա, 
Քո աղբյուրների գուռերի կողին։ 

Եվ քո մրմուռն եմ, 
Որ չի թարգմանվում ուրիշ մի լեզվի... 

Ծուխն եմ երեկվա քո երդիկների 
Եվ քո այսօրվա ծխնելույզների ծուխն եմ միմիայն՝ 
Քո թեժ կրակից թերևըս անմաս, 
Բայց ծնված այդ նույն կրակից քո թեժ։ 
Քո ծուխն եմ միայն, 
Եվ մթնոլորտին քո շունչն եմ խառնում՝ 
Այդ ծխի տեսքով։ 
Քո ծուխն եմ միայն. 
Խոսել չեմ կարող, 
Բայց նկարում եմ կենդանությունըդ՝ 
Երկնի կտավին... 

Քո հավերժական ու մշտափոփոխ բնանկարի 
Երանգներից եմ այնպե՛ս ներկոտված, 
Ինչպես երկինքըդ՝ արևմտոցին։ 
Ձեռքիդ հետքերից դաջված եմ այնպե՜ս, 
Ինչպես գիշերվա երկինքդ՝ աստղերով... 

Ա՛խ, իմ հայրենի՜ք... 

Ես կյանքիդ համար կյանքըս չեմ տվել՝ 
Ես չեմ մասնակցել և ո՛չ մի մարտիդ, 
Բայց կես քայլ անգամ չեմ արել կյանքում, 
Որ քեզ չբերի. 
Քեզնից սկսվում ու քեզ եմ հանգում՝ 
Շրջագծի պես... 

Վերևից ցած են ջրերըդ հոսում, 
Իսկ ես իմ ցածից 
Լուռ մագըլցում եմ դեպի բարձունքըդ՝ 
Քո շոգի` նման... 

Ու երբ գարունդ է նորից կրկընվում
Մի հրաշալի էպիգոնությամբ, 
Չոր ցողունիդ պես ծաղկում է իմ մեջ 
Նույն միտքը միայն. 
-Թեկուզ անանուն՝ 
Ինչպես խոտերըդ սարերիդ լանջին, 
Եթե ես օգնեմ կանաչությանըդ, 
Կարող եմ ասել. 
«Ե՜ս էլ ապրեցի»...
__________________________________________________________________
ԵՐՐՈՐԴ ՁԱՅՆ 
 ______________________
Ա՛խ, իմ հայրենի՜ք... 

Ես խոսքեր ունեմ քեզ համար պահված, 
Որ չի գտնելու ո՛չ մեկն աշխարհում, 
Եվ որ առայժըմ ինքս էլ չեմ գտել։ 

Խոսքերն այդ իմ մեջ և՛ կան, և՛ չկան՝ 
Ստորերկըրյա քո ջրերի պես։ 
Կարող են այրվել, նաև այրում են՝ 
Ինչպես խաղողիդ անխառըն օղին։ 

Մոտիկ են նրանք, բայց նաև անհաս, 
Ինչպես այն լեռը, 
Որ գերբդ է դարձել...

03.I.1960թ.
Թիֆլիս

(«Հարկ հոգեկան» շարքից)