Պարույր Սևակ


ԵՐԳ ԵՌԱՁԱՅՆ


___________________________________________________________
ԱՌԱՋԻՆ ՁԱՅՆ 
___________________________
Ախ, իմ հայրենի՜ք... 

Իմ ամբողջ կյանքում լեզուդ եմ սերտում 
Եվ չեմ սովորել անսխալ խոսել, 
Անսխալ խոսել քո մասին քեզ հետ. 
Շփոթվում եմ միշտ անանց հուզմունքից... 

Երբ վաղ գարնանըդ կկուդ է կվվում, 
Ինձ ամեն անգամ այնպես է թվում, 
Թե թարգմանում է իր թլվատ լեզվով 
Շնորհավորման իմ խոսքը կակազ. 
Նա քո գարունն է շնորհավորում 
Եվ ի՛մ փոխարեն... 

Քո ամառային ստվերներն անգամ 
Իրենց լռությամբ ինձ են թարգմանում՝ 
Երգելով հիմնը արևիդ լույսի. 
Ելևէջում են յուրահատկորեն՝ 
Երկարանալով ու կարճանալով 
Սև բոցերի պես։ 
Աշնան կաթուկը այգիներիդ մեջ 
Բերք ու բարիքիդ օրհներգումն է իմ՝ 
Համաշխարհային - մատչելի լեզվով... 
Եվ նույնիսկ այնժամ, 
Երբ խոսում եմ ես քո մասին քեզ հետ, 
Մինչևի՛սկ այնժամ 
Այլ բան չեմ անում, 
Քան թե խոսքերով չափում եմ միայն իմ լռությո՜ւնը, 
Որպեսզի կրկի՛ն հասկանամ ցավո՜վ, 
Թե այդ լռության համեմատությամբ 
Խոսքերն այդ որքա՜ն փոքր են ու չնչին... 

Ա՛խ, իմ հայրենի՜ք... 

Դու՝ 
Հազարամյա իմ ազգանո՜ւնը, 
Ես - 
այնպե՛ս ապրել կարողանայի, 
Որ ինձ ազգանուն բաշխելուդ համար 
Դու երբևիցե անհարմար չզգաս... 

Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։ 
Ա՛խ, երանի՜ թե ես այնպե՛ս մեռնեմ, 
Որ դու... ինձ սգաս։
_________________________________________________________________________
ԵՐԿՐՈՐԴ ՁԱՅՆ 
_________________
Ա՛խ, իմ հայրենի՜ք... 

Ես ոչի՛նչ, ոչի՜նչ քեզ տալ չեմ կարող. 
Ինչ էլ տամ՝ կրկին տվածդ եմ տալիս։ 

Մինչևիսկ չունեմ պարտքի զգացում. 
Ես ոտից-գլո՜ւխ քո պարտքն եմ որ կամ։ 

Հավաստիացման խոսք նա է ասում, 
Ով ուզում է, որ հավատան իրեն։ 

Իսկ ես միտք չունեմ հավատացնելու.
Ես հավատն եմ քո, 
Քայլո՜ղ հավատը... 

Ա՛խ, իմ հայրենի՜ք... 
Ինձ կոչ են անում կյանքըդ ճանաչել,- 
Ավելո՜րդ ձգտում. 
Ես մասն եմ կյանքիդ։ 

Ես քո մամուռն եմ՝ 
Հինավուրց ու նոր քո կամուրջների քարերի վրա, 
Քո աղբյուրների գուռերի կողին։ 

Եվ քո մրմուռն եմ, 
Որ չի թարգմանվում ուրիշ մի լեզվի... 

Ծուխն եմ երեկվա քո երդիկների 
Եվ քո այսօրվա ծխնելույզների ծուխն եմ միմիայն՝ 
Քո թեժ կրակից թերևըս անմաս, 
Բայց ծնված այդ նույն կրակից քո թեժ։ 
Քո ծուխն եմ միայն, 
Եվ մթնոլորտին քո շունչն եմ խառնում՝ 
Այդ ծխի տեսքով։ 
Քո ծուխն եմ միայն. 
Խոսել չեմ կարող, 
Բայց նկարում եմ կենդանությունըդ՝ 
Երկնի կտավին... 

Քո հավերժական ու մշտափոփոխ բնանկարի 
Երանգներից եմ այնպե՛ս ներկոտված, 
Ինչպես երկինքըդ՝ արևմտոցին։ 
Ձեռքիդ հետքերից դաջված եմ այնպե՜ս, 
Ինչպես գիշերվա երկինքդ՝ աստղերով... 

Ա՛խ, իմ հայրենի՜ք... 

Ես կյանքիդ համար կյանքըս չեմ տվել՝ 
Ես չեմ մասնակցել և ո՛չ մի մարտիդ, 
Բայց կես քայլ անգամ չեմ արել կյանքում, 
Որ քեզ չբերի. 
Քեզնից սկսվում ու քեզ եմ հանգում՝ 
Շրջագծի պես... 

Վերևից ցած են ջրերըդ հոսում, 
Իսկ ես իմ ցածից 
Լուռ մագըլցում եմ դեպի բարձունքըդ՝ 
Քո շոգի` նման... 

Ու երբ գարունդ է նորից կրկընվում
Մի հրաշալի էպիգոնությամբ, 
Չոր ցողունիդ պես ծաղկում է իմ մեջ 
Նույն միտքը միայն. 
-Թեկուզ անանուն՝ 
Ինչպես խոտերըդ սարերիդ լանջին, 
Եթե ես օգնեմ կանաչությանըդ, 
Կարող եմ ասել. 
«Ե՜ս էլ ապրեցի»...
__________________________________________________________________
ԵՐՐՈՐԴ ՁԱՅՆ 
 ______________________
Ա՛խ, իմ հայրենի՜ք... 

Ես խոսքեր ունեմ քեզ համար պահված, 
Որ չի գտնելու ո՛չ մեկն աշխարհում, 
Եվ որ առայժըմ ինքս էլ չեմ գտել։ 

Խոսքերն այդ իմ մեջ և՛ կան, և՛ չկան՝ 
Ստորերկըրյա քո ջրերի պես։ 
Կարող են այրվել, նաև այրում են՝ 
Ինչպես խաղողիդ անխառըն օղին։ 

Մոտիկ են նրանք, բայց նաև անհաս, 
Ինչպես այն լեռը, 
Որ գերբդ է դարձել...

03.I.1960թ.
Թիֆլիս

(«Հարկ հոգեկան» շարքից)


ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ


Դու մեր մեծ երթի գավազանակիր 
Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան, 
Մեր ազնըվության գովասանագիր, 
Մեր մտքի պահեստ, հոգու օթևան։ 
Անցյալին պարզված դու մեր լսափող, 
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված։ 
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով, 
Նարեկացիով օծված ու յուղված։ 

Դաժան դարերի ամե՛ն մի ժամին 
Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին։ 

Բարդելով վերքին վերք ու անարգանք, 
Հեծության վրա մի նոր հեծություն՝ 
Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք, 
Խլել է մեզնից փառք ու մեծություն, 
Խլել կյա՛նքը մեր և... կյանքի՜ց էլ թանկ 
Մեր հո՛ղը, հո՛ղը, 
Մեր սուրբ հայրենի՜ն։ 

Շա՜տ բանից է մեզ զրկել վայրենին։ 
Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ, 
Բայց և... դարավոր բնիկ վայրերի 
Կորըստի լեղի կարո՜տն է քսել, 
Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի 
Արցո՛ւնքը, սակայն... և արյո՛ւնը սև, 
Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից. 
-Քաղցրացել ենք մենք... մեր քաղցր բառով, 
Մեր հայրենահամ անուշ բարբառով։ 

Շա՜տ բանից է մեզ զրկել թշնամին։ 
Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել, 
Հատել է ականջ ու ոտնաթաթեր, 
Աչքեր է հանել դաշույնով իր սուր, 
Կտրել է նաև արմատից լեզուն, 
Եվ սակայն... իզո՜ւր. 
Չի՛ հատվել լեզուն, 
Մնացել է նա՝ հատվելո՜վ անգամ... 

Քե՛զ՝ մեր հայկական և արամական, 
Չկարողացան քեզ խլել մեզնից 
Ո՛չ խարդավանքով արամեական, 
Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ, 
Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով, 
Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ, 
Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով. 
Ո՜չ ճշմարտությամբ, 
Ո՜չ էլ ստերով։ 

Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել։ 
Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ, 
Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել, 
Ինչպես չեն կարող խլել մի դրոշ, 
Որ հազարամյա դաժան մարտերում 
Փողփողացել է միշտ էլ... սրտերո՜ւմ։ 

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող. 
Ագահ կոկորդում դու խոր ես խրվում։ 
Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող, 
Ինչպես երկինքը երբեք չի փլվում։ 
Չե՜ս խլվի երբեք, 
Չե՜ս փլվի երբեք, 
Ինչպես արյունից գո՛ւյնը չի խլվում... 

Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի, 
Որ քեզ կամենա գողանալ մեզնից. 
(Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՜ց» ասա). 
Չէ՞ որ դու հիմա ո՛չ միայն լեզու, 
Այլև մասո՜ւնք ես, 
Մասո՛ւնք ես մի սուրբ, 
Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝ 
Դարերի խորքից դարերին հասած։ 

Մասո՞ւնք։ Ինչպե՞ս թե։ Մասունքըս ո՜րն է։ 
Մասունքի տեղը տուփն է կամ հորն է։ 
Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես, 
Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես, 
Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես, 
Շատերի մեջ ես, բայց պետական ես, 
Եվ դրանով իսկ դու պետքական ես 
Այն պետությանը, որ վաղը պիտի 
Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի... 

29.I.1962թ.
Երևան

(«Հարկ հոգեկան» շարքից)

Խոսք հավաստիքի


Մ.Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ:

“Ոչ միայն որ գործենն պարտական են,
այլև որ յանձն առնուն “

Ա

Քեզ հետ այս պահին զրուցել էր պետք
Միայն նախդըրիվ - ոսկեղենիկով
Եվ պետք էր գրել այն երկաթագիր տառերով միայն,
Որոնց կերպը դու առել ես գուցե
Հին գործիքներից մեր դարբինների
Եվ այն կեռերից ամենատարբեր,
Որոնցից զեն ու զարդ էին կախում...

Բայց Գյուտարարիդ համեմատությամբ
Ես` Դանիելյան թերատ այբուբեն,
Զուրկ յոթնաղողանջ ձայնավորներից,
Չեմ կարող զնգալ
Ու չեմ էլ զնգում,
Այլ պիտի հիմա լոկ բաղաձայնեմ,
Թե պե՞տք է արդյոք, որ Քո անունով
Մտքի մի օջախ կամ մի մայրուղի կոչվի աշխարհում,
Եթե Քո անվամբ մի ամբողջ ազգ է կոչում ինքն իրեն,

Ա՛զգ,
Որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ,
Սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբե՜ք`
Թեկուզև մի օր...


Եվ պե՞տք է արդյոք,
Որ արձաններդ հառնեն աստ ու անդ,
Եթե Ինքըդ Քեզ – քանի՜ դար արդեն –
Քանդակում ես միշտ
Մեր մանկաշխարհի պարզ հոգիներին
Երեսուն և վեց կերպերով անքանդ:

Պե՞տք է ուրեմն ...
Ու պետք է եթե`
Քեզ... պետք չէ բնա՜վ,
Պետք է ... միայն մե՛զ:

Բ

Դո՛ւ, որ անվարան բնաբարձեցիր կռապաշտներին,
Վերաքննությամբ պիտի մեզ ներես,
Եթե խոսում ենք քանդակ – արձանից
Զի կան արձաններ, որ կուռք չեն դառնում,
Եվ միաստվածներ կան նոր ու նորեկ,
Որ չեն տարբերվում կռապաշտներից:
Եվ այն պատճարով պիտի մեզ ներես,
Որ հնուց անտի սովոր լինելով
Հարկի և տուրքի,
Բաժի և սակի
Ու վճարելով միշտ ճարահատյալ,
Մենք հոգով լոկ մե՛կ հարկ ենք ընդունել`
Հարկը հոգեկա՜ն:
Եվ Դու` եզակի մի հարկահավաք,
Որ ընտրված է – ոչ նշանակված,
Ա՛ռ ու մթերի՜ր,
Ա՛ռ ու պաշարի՜ր
Տասնըվեցդարյա հարկը մեր հոգու,
Որպեսզի կրկին վերաբաժանես`
Մեր նեղ օրերին,
Բայց... իբրև նպաստ
Եվ ոչ մուրածո ողորմաբաժին...

Գ

Աշխարհազբոսիդ համեմատությամբ
Ես մինչև անգամ Արաքս չտեսած տնաբնակըս,
Ի լրո՛ գիտեմ,
Որ քեզ ծին տված բնիկ գավառում
Կար մի մենաստան`
“Սուրբն Կարապետ”,
Որի դռները փակ էին ընդմիշտ կանանց սեռի դեմ:

Մենք կին չենք,
Այր ենք,
Տղամարդ ենք մենք,
Սակայն անօրեն մի նոր օրենքով
Փակ է մեր առջև
Ոչ միայն դուռն ու գավիթը վանքի,
Այլ գավա՜ռն ամբողջ
Եվ ո՜ղջ մի երկիր,
Որի անունից զրկված է նույնիսկ քարտեզը հիմա:

Մենք կին չենք,
Այր ենք,
Տղամարդ ենք մենք,
Եվ ընդդեմ այս բաց անարդարության
Առայժըմ մենք մեր աչքերն ենք փակում,
Բայց փակում այնպես,
Ինչպես փակում են մարդիկ մատները,
Եվ ստացվում է դրանից ... բռունցք:

Ուստի իզուր է խոսքը երդումի:
Բնիկ գավառըդ հենց որ ոտք դնենք`
Քո Հացեկացը կպեղենք բրչով,
Եվ տարոնական պարզած երկնի տակ
Սրբատաշ վեմը սուրբ թանգարանի ձևակերպ կառնի:
Եվ դա կդառնա Նո՛ր Էջմիածին...

Դ

Սակայն... Եվ սակայն
Կա սուրբ Օշական,
Որ ազգի համար մի շատ վաղեմի
Հավասար է Նոր Երուսաղեմի:

Աշուն է հիմա:
Եվ սրբատեղի տանող ծուռումուռ ճանապարհներին
Խաղողի վազն է իր տերևները փռել ամենուր,
Իր տերևները, որ շատ են նման
Անհայտ ձիերի սմբակից պոկված ժանգոտ պայտերի:

Այս հողի վրա օտար սմբակներ չեն դոփում հիմա:
Եվ եթե կաղնու անտառն է սակավ այս հողի վրա,
Ապա խաղողի և կաղնու տերևն իսկապես անչափ նման են իրար:

Գաղտնասացության համար չեմ ծնվել,
Ես գիտեմ սակայն,
Որ օշականյան բանուկ այս ճամփով քայլող ամեն ոք
Անխոս – լռելյայն երդում է տալիս
Մի՜շտ զուգաշավիղ ընթանալ Քեզ հետ:
Անձնադատորեն նա հանձն է առնում
Արդյունավորվել մի՛միայն այնպես,
Որ հողագնդի բյուր լեզուներից
Անարտաքսելի մնա հավիտյան
Մեր այն բարբառը,
Որի գրերից կարելի է սուր եղաններ կռել:
Բայց մեխե՜ր նաև`
Գամելու համար հին ու նորորյա պիղատոսներին:

Կանխասացության համար չեմ ծնվել,
Ես գիտեմ սակայն,
Որ սրբատեղի տանող այս ճամփով քայլող ամեն ոք
Եվ վաղը պիտի դառնա մասնակից
Քո անկշռելի որքանությանը,
Իր հոգում զգա Քո մշտակայուն ներկայությունը,
Քո իսկության հետ ինքն իրեն ձուլի`
Փոխելով քայլն իր մոլորագընաց,
Բեռնակիր դառնա մեր բեռ ու բարձին,
Դասալիք լինի բանակից վարձու:
Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք
Ավանդակորույս իրենց վարքի դեմ
Վերստին պիտի աչքերը բանան:
Հայոց աշխարհի այրերից նրանք,
Ովքեր հուլաբար ճամփա են ընկել
Ու դեռ ծուլաբար դեգերում են լուռ`
Օտար հովերի ապտակին հլու,
Պիտի դառնորեն դարձի գան դարձյալ`
Խորհե՛ն հայերեն,
Ապրե՛ն հայօրեն...

Ե

Հոռետեսության համար չեմ ծնվել
Եվ դեմ եմ հիմար լավատեսության,
Սակայն շատերից մեկն էլ ես` գիտե՛մ.
Դու էիր , որ մեզ անըստգյուտ գյուտովդ ուսուցանեցիր,
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար:
Ուստի հավատա, ո՜վ Հնարավոր,
Որ եթե մի օր – աստվա՜ծ չարասցե –
Գտած հնարըդ դառնա գործազուրկ,
Ասպարեզ կիջնի մեկն էլ, անկասկած,
Որ սկիզբ կտա մի նո՛ր սխրանքի:

Թե ճիշտ է, որ Դու հայր ունենալով`
Չունեցար որդի,
Ճիշտ է առավել,
Որ զավակի տեղ ժառանգներ ունես`
Սերունդ ու սերուցք,
Որոնք անըստգյուտ գյուտովդ գիտեն,
Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար...

Ննջի՛ր ուրեմն սուրբ շիրիմիդ տակ,
Քանզի արթուն ես մեր հոգիներում:

Չէ՞ որ ինչ-որ տեղ փոքրերս ու Մեծըդ
Հավասարվում ենք, դառնում աջակից.
- Դու ... գործն ես արել,
- Մենք ... հանձն ենք առել ...
12.IX,1961թ.17.IX.1961թ.Երևան 
(«Հարկ հոգեկան» շարքից)  


ՀԱՅԱՍՏԱՆ


Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա՛ծ,
Իմ փառապա՛նծ:
Հների մեջ՝ դու ալեհեր,
Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
Դու՝ խաղողի խչմարված վազ,
Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.
Դու՝ բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու՝ Զվարթնոց - ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.
Դու՝ ջրաղաց խորունկ ձորում,
Դու՝ հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի.
Դու՝ նե՛տ, նիզա՛կ, մկո՛ւնդ կոպիտ,
Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
Դու՝ անգի՛ր վեպ, դու՝ Սասնա ծո՜ւռ...

Իմ փառապա՛նծ
Իմ տառապա՛ծ,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ քաղցրանո՜ւն:
Դու՝ մրգերի շտեմարան,
Ոսկեվազյան գինու մառան.
Դու՝ թավշե դեղձ, դու՝ փրփուր հաց,
Արտաշատյան խաղող սևաչ.
Դու՝ Սևանի վառվող կոհակ,
Երևանի սյուն ու խոյակ.
Դու՝ հանգրվան, կանչող փարոս,
Դու՝ հայկական գերբ ու դրոշ.
Խոսուն վկա կոտորածի 
Ու վճիտ աչք ցամքած լացի,
Արդարության ահեղ ատյան,
Սրի պատյան,
Սիրո մատյան -
Միշտ հի՛ն ու նո՛ր իմ Հայաստան: 

11.XI.1950թ.
Երևան

ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ


Զարմանքով եմ ես միշտ նայում քո անցյալին,
Քո անցյալին և՛ տանջալից, և՛ պանծալի:

Ինչպե՞ս ես դու կտրել այդքան երկար ճամփա,
Երբ նա՝ խճոտ, ու երկինքդ է եղել ամպած:

Ինչպե՞ս ես դու, մեղվի նման, անգամ թույնից
Նեկտար քաղել, մեղըր քամել դառնությունից՝

Պանդխտության քո կսկիծը դարձրել «Կռունկ»
Եվ «Հորովել» դարձրել վերքդ, ցավըդ խորունկ:

Երբ հեղեղներն անց են կացել հոխորտալով,
Ինչպե՞ս ես դու քո աղբյուրի մի բահ ջրով

Միշտ շեն պահել ջրաղացը ձորի խորքում,
Նոր կյանք տվել ծեծված արտին, ջարդված այգուն:

Հազար անգամ դու ընկնելով՝ ինչպե՞ս ելար,
Ո՞նց ապրեցիր՝ հազար անգամ երբ դու մեռար:

Ի՞նչ հրաշքով չմարեցիր, ինչպես նրանք,
Որ մե՜ծ էին, հրդե՜հ էին, իսկ դու՝ կրա՛կ:

Բայց գիշերվա մթության մեջ ահազարհուր
Դու այնպիսի կրակ էիր, այնպիսի հուր,

Որ վառվում էր պաղած քարին գրակալի,
Շինականի ցուրտ հյուղակին կրակ տալիս.

Որ վառվում էր քո դուստրերի մութ աչքերում,
Արյուն դառնում որդիներիդ երակներում.

Որ օջախ էր, խաղաղ կյանքում խաղաղ օջախ՝
Թոնրի կրակ, ծխանի ծուխ, կերոն ու ջահ,

Բայց վրեժի ահեղ բոց էր ահեղ մարտում
Եվ հրախաղ, որ հաղթանակ էր ավետում...

Եվ չի մարել նա դարերում մահամնա,
Մնացել է, որովհետև մի հուր էր նա,

Որ չի մարում օտար հողմից, այլ արծարծվում,
Եվ ավերիչ հրդեհի պես չի տարածվում... 

14.XI.1950թ.
Երևան



ԴՈՒ ԱՅՍՊԵՍ ԵՍ ԵՂԵԼ


Քո արյան և քո շինարար մուրճի
Հետքերն է կրում այստեղ ամեն քար:
Զուլալ ջրերըդ նման են խղճիդ.
Քեզ քաջ են կոչել, կոչել են տկար,
Բայց ոչ... տիրակալ:

Դու մերթ զարկվել ես, մերթ զարկել չարին,
Քեզ մերթ գերել են, նվիրել իրար:
Դու մերթ եղել ես անհաղթ ու արի,
Մերթ դաժան եղել, մերթ մեղմ ու բարի,
Բայց ոչ... անիրավ:

Քեզ այսպե´ս գիտի թշնամիդ անգամ.
Մի ձեռքիդ՝ սուսեր, մի ձեռքիդ՝ մանգաղ,
Մերթ ճարտար գրիչ, մերթ՝ փորագրիչ,
Մերթ՝ օրինապահ, մերթ՝ աղանդավոր,
Միշտ՝ տաղանդավոր... 

14.XI.1950թ.
Երևան


ՀՊԱՐՏ ԵՄ ԵՍ


Հպարտ եմ ես նրա համար, 
Որ փառահեղ՝ պատմությունըդ, 
Եվ անունըդ այնքան հին է: 
Հպարտ եմ ես նրա համար,
Որ փլվել է թեպետ տունըդ, 
Բայց չի խախտվել նրա հիմը: 

Հպարտ եմ ես, որ քեզ համար 
Որդիներըդ դարեր ընկան, 
Որ սուրբ պահեն քո անունը: 
Հպարտ եմ ես, որ քեզ համար 
Թանկ է եղել թանաքն այնքան, 
Որքան կարմիր քո արյունը: 

Հպարտ եմ ես քո մատների 
Ճարտարությամբ անհատնելի, 
Քեզ թարգմանող քո գրքերով: 
Հպարտ եմ ես անվամբ քո սուրբ, 
Լեզվով, որով երբ չես խոսում՝ 
Նույնն ես ասում քո երգերով: 

Հպարտ եմ ես քո անցյալի 
Մաքառումով ու պայքարով, 
Տոկունությամբ, կամքով համառ: 
Հպարտ եմ ես քո պանծալի, 
Քո լուսավոր այս ներկայով, 
Որ… գալիք է այլոց համար: 

03.VI.1951թ.
Երևան

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ


Քունըս չի տանում, 
Դու էլ մի քնիր, 
Հետս էլ կրկընիր, 
Որ Հայաստանում 
Հիմա գարունը 
Բացվել է արդեն. 
Թողած հին հունը՝ 
Գետերը հորդել, 
Պղտոր ու խելառ 
Դես-դեն են խփում: 
Կանաչից հարբած՝ 
Գառներ ու հորթեր 
Լեռնալանջերին 
Խայտում են, ծփում: 
Մոշու թփեր են 
Չորս բոլոր աճել: 
Մի մոլոր գառնուկ
Պճեղն է դաջել 
Ոլոր կածանի 
Կիսաթաց հողին: 
Խաղալի վրա 
Մի բուռ հին կաղին 
Տվել է իրեն 
Լո՜ւռ արևկողի: 
Կոճղը դարձըրած 
Իր համար սեղան՝ 
Պսակ է գործում 
Մի պուճուր տղա 
Ու գցում վզին 
Իր ծիրան եզի: 
Իսկ մա՜յրը տղի… 
Պառավն անտեղի՛, 
Զո՜ւր է տեղ գցել 
Քնելու համար. 
Նա, ինձ պես, գուցե 
Չի քնել հիմա, 
Նա՛, որին դեմքով 
Ես շա՜տ եմ նման…

…Քունըս չի տանում, 
Դու էլ մի քնիր, 
Հետս էլ կրկընիր,
Թե ի՞նչ եմ անում 
Ես ի՞նչ եմ անում 
Ոչ Հայաստանում…

10-11.XI.1956թ.
Մոսկվա

ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ


Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը՝
Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը՝ ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
Նո՜ւրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած-սնած,
Մեզ աշխարհում շահած-պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող - լվացք անող,
Անվերջ դատող - անվերջ բանող
Ա՛յս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը...

30.X.1955թ.
Մոսկվա


ՇԱ՞Տ ԲԱՆ Է ՊԵՏՔ ԱՐԴՅՈՔ


Շա՞տ բան է պետք արդյոք երջանկության համար:

Լեռան գլխին իջած կապույտ երկնակամար,
Ծաղկած ափին փարվող մի լեռնային ալիք,
Տաք հողի մեջ նստած մի փոշոտված բալիկ,
Հիշողություն մի տաք,
Տեղին արված կատակ. 
Երեկ դեռ անծանոթ աղջկա հետ 
Առանց հոգնածության շրջել ամբողջ գիշեր,
Ինքնամոռա՜ց այնպես, և - այնուհետ
Տոնի նման այդ օրն ամբողջ կյանքում հիշել.
Ձերոնց կողմից դրսում շահված մի մրցություն,
Քո քաղաքում հառնող մի հոյակապ նոր տուն,
Ուր ձմռանը վառվող վառարանի հանդեպ
Տղադ պիտի կարդա հափշտակիչ մի վեպ,
Նա՛, որ խաղով այնքան երջանիկ է հիմա...

Շա՞տ բան է պետք արդյոք երջանկության համար: 

25.IX.1953թ.
Մոսկվա

ՀԱՆԴԻՊՈՒՄ


Իմ քաղաքում հիմա գարնան իրիկունն է իջնում շքեղ:
Հանդիպակաց բոլոր տանիքների վրա
Մի վիթխարի, բայց անվտանգ հրդեհ են բորբոքել
Մարող վերջալույսի ճառագայթները հուրհըրան:

Փողոցներում հիմա հանկարծ զարթնած քամին խաղում է խենթացած
Կանաչ սաղարթների, կանանց զգեստների մետաքսի հետ:
Զբոսանքի ելած աղջիկների ծիծաղն արծաթաձայն,
Ճիչը մանուկների, պուրակների շունչը բուրումնավետ.

Բաց պատուհաններից ներխուժում են իմ սիրտն ու իմ տունը
Եվ լցնում են հոգիս մի բանաստեղծությամբ, երգով մի վես,
Որի համար չափ է երջանկությամբ լեցուն սրտի տրոփյունը
Եվ որը հանգ ունի - ծիծաղի պես:

...Եվ մտածել, որ դո՜ւ, դո՛ւ, որ բանաստեղծ ես և սիրահար լույսի,
Բանտի նկուղներում լույսը մթից հիմա չես տարբերում,
Որ արյան մեջ ներկված յաթաղանի նման մի կեռ կիսալուսինԵրկրիդ և քեզ վրա,
Նազի՛մ, իր պաղ լույսն է արևի տեղ փռում.

Որ դու լոկ մտքով ես զբոսանքի ելնում գերված Ստամբուլում,
Ուր քո մայրն է շրջում՝ սպիտակած վշտից, կորված՝ տանջանքի տակ,
Որ քո սիրած մարդկանց միայն քնի մեջ ես դու համբուրում
Եվ արյա՜մբ ես գրում բանտիդ «Նամակները»՝ արյա՛մբ քո տաք...

Իմ տան պատուհանից երևում են ահա մթնում իրիկնային
Գերված Մասիսները, որոնք մի ժամանակ կոչվում էին «Ազատ»:
Նրանք իմաստալից ինձ աչքով են անում: Անցնո՜ւմ եմ սահմանից.
Բանաստեղծի համար սահմանը միշտ բաց է - երգն է նրա վիզա՛ն:

Իսկ ես բանաստեղծ եմ: Հայոց երկնի տակ եմ իմ կյանքն անցկացըրել...
Նույն աստղերի լույսն է ներս թափանցել ձեր ու մեր երդիկից,
Մեր Տիգրիսի ջուրը մեր այգիների հետ ձեր մարգերն է ջրել...
Մենք լոկ գրչակիցներ, պոետներ չենք միայն, այլև հայրենակի՛ց:

Ստամբուլը որքան քո քաղաքն է, նույնքան իմն է նաև.
Դեռ հին Բյուզանդիոնից այնտեղ փայլն է մնում մեր հանճարի...
Այնտեղ Պարոնյանն է Պոլսո թաղերի մեջ մի օր պտույտ արել՝
Իր ծիծաղի խեղդող սահանքի մեջ առած մեր ջոջերին:

Այնտեղ ամփոփված է Պետրոս Դուրյանը մեր՝ մեր պաշտելի՛ն.
Ո՞վ է ձեր թրքուհուն ավելի լավ երգել ողջ աշխարհում:
Այնտեղ է գեղգեղել Միսաք Մեծարենցի իրիկնային շվին,
Հանճարն Ադամյանի Պոլսո թաղերից է սկիզբ առնում:

Այնտեղ Կոմիտասն էր - մեր դարավոր երգի մեմբրա՜նը թրթռուն,
Նա՛, որ օտարներին մեր լեփլեցուն հոգին թարգմանում էր տաղով.
Այնտեղ Վարուժանը իր եղեգնյա գրչով ցասման խոսք էր կռում,
Կարմիր մեր արյունն էր Սիամանթոն երգում իր սպիտակ տողով...

Այնտեղ... Նույն այն ձեռքը, որ տասներկու տարի քեզ պահում էր բանտում,
Մորթեց մի ժողովուրդ, որ ի՛ր հողի վրա, և ի՛ր երկնքի տակ
Երեք հազարամյակ օտար ձեռքով քանդվող իր բույնն էր կարկատում,
Աշխատում էր, երգում ու կոթողներ կերտում երեք հազարամյակ:

...Կրած վշտերի չափ լայն ու մեծ է սիրտը իմ հայ ժողովրդի.
Ներողամի՛տ է նա, բարի՛, անհիշաչա՛ր,
Սակայն ապաքինված, փակված վերքից չէ՞ որ միշտ մնում է սպի,
Իսկ դարավոր վերքի փակված սպին արդեն մորմոքում է հաճա՜խ:

Ուրեմն իմ ծեր հորը, որի գերդաստանից ինքն է միայն մնում,
Որի համար է հենց կարծես գրված «Կռունկն» ու «Անտունին»,-
Ինչպե՞ս հանդիմանել, երբ «օսմանցին» հաճախ նրա լեքսիկոնում
Միայն չար թշնամո՛ւ, միայն արնախումի՝ իմաստ ունի:

Եվ իմ պառավ մորը, որ ոչ մեկը չունի յոթ եղբորից,
Ինչպե՞ս հարկադըրել, որ «Համիդ» լսելիս չհասկանա հրեշ...
Մեր զոհերի արյան հատուցումն է անցնում որդուն հորից,
Այդ թվերին ծնված հազարավոր որբեր զո՜ւր չեն կոչվել «Վրեժ»:

Սակայն հատուցումը, ահեղ վրեժն անգամ պարզ է հիշում հասցեն:
Թափված արյան հետքը ամեն տեսակ փոստից անխափան է գործում:
Թափված արյան հետքը, որ հորդ անձրևներն իսկ չեն լվացել,
Նրա՛նց դուռն է տանում, ովքեր բանաստեղծիդ սպանել են փորձում:

Եվ լալիս է մայրս քո մոր ծանր վշտից: Նրա համար, Նազի՛մ,
Կորած եղբայրներից կրտսերագույնն ես դու և կամ ավագ որդի:
Հայրս, կարծես մտքով նորից զնդան ընկած՝ ետ ու առաջ քայլում,
Քայլում է լո՜ւռ, խոժո՛ռ, ապա մռլտում է. «Շո՜ւն շան որդիք»:

...Փչում է զով քամին մի հեռավոր ծանոթ նվագի պես,
Ասես քո երգն է դա, որ սահմանն է անցել առանց վիզա:
Զբոսանքից հիմա վերադառնում ենք տուն՝ մտերմուհիս ու ես:
Մեր սիրտն այնպես լիքն է, և մեր քայլերն այնպես թեթևասահ:

Նա քեզ անգիր գիտի: - «Սիրել փո՜քր-ինչ ավել և փո՜քր-ինչ լավ»,- 
Երգիդ սիրած տողը արտասանում է նա և քեզ հիշում.-
Տեսնես ինչպե՞ս է նա, տեսնես այս ամենը ինչո՞վ կվերջանա,-
Վախո՛վ հարցնում է նա, հարցնում է նա հույսո՛վ և սպասում:

Իսկ ես գիտեմ՝ ինչո՛վ: Մենք նստում ենք գարնան կիսախոնավ հողին,
Ու ես երազում եմ. -Այդ կլինի՛, բայց ո՞ւր՝ Ստամբուլո՞ւմ, Վանո՞ւմ:
Եթե Վանո՛ւմ՝ ապա խնձորենու ներքո, եթե Ստամբուլո՛ւմ՝ափին ծովի
Իրար հանդիպում ենք, հյուրընկալում իրար, օթևանում:

Չկա ո՛չ մի սահման, ատելությո՛ւն չկա ու բա՛նտ չկա կյանքում,
Լոկ գրքերն են հիշում կոտորածի՛, մահվա՛ն, բանտի՛ մասին:
Սպիտակ Տո՛ւն չկա, չկա Սեյմ ու Մեջլի՛ս, կա երկրագո՜ւնդ՝
Ազատ, միասնական, բռնի չբաժանված հազար մասի... 

V.1950թ.
Երևան


ԿԱՐՈՏ


Կա մի աշխարհ մեր աշխարհում՝ ինձ հարազատ, ձեզ անծանոթ:
Ուր էլ լինեմ՝ կանչում է նա հազար ձայնով ու սրտագին,
Ապրում է նա իմ հոգու մեջ իբրև անբառ, համր կարոտ,
Իբրև լեգենդ դեռ չգրված, իբրև մի երգ անսրբագիր:

Այդ աշխարհում կան սեգ լեռներ, որ վիթխարի բուրգերի պես
Բարձրանում են ու մխրճվում ամպերի մեջ հրակարմիր,
Եվ քարափներ, որոնց վրա հին օրերի կուռքերի պես
Մութ ժայռերն են արձանանում՝ ցլագլուխ - ձիամարմին:

Այնտեղ լեռան լերկ լանջերին, սալ քարերի արանքներում
Արեգակն է փշրում իրեն ծիածանվող հայելու պես.
Գարնանային մոլուցքի մեջ՝ գետն այլևս չի համբերում,
Եվ պոկելով արմատներից հին բարդենուն խաղաղ ու վես,
Գերեվարած դրոշի պես ցույց է տալիս իր ափերում:

Ամպերն այնտեղ ոլորվում են այնպես դանդա՜ղ, հանդիսավո՜ր,
Այնքա՛ն նման հորովելին, որ հնչում է երբ անլեզու,
Վերհիշում ես աշնան յուրտը՝ զուրկ հոտերից, առանց սարվոր,
Երբ ինչպես հոտն աղաքարը՝ մառախուղն է հողը լիզում...

Եվ գարուն կա այնտեղ շքեղ, որ բացվում է հանկարծակի,
Ինչպես հանկարծ նորահարսի կուրծքն է բացվում քամուց լեռան:
Խարույկներ կան գիշերներում՝ սերված ասես այն կայծակից,
Որ ճայթելով շփոթում է գառան հոտը լեռան վրա:

Կա մի բուրմունք խոտերի մեջ, շաղոտ-ցողոտ թփուտներում,
Բուրմունք, որից և՛ քաղցում ես, և՛ հագենում՝ միանգամից.
Կան աղբյուրներ, որ դնչիկով վայրի այծերն են պղտորում,
Ինչպես հոգին բանաստեղծի պղտորվում է երգի ժամին: 

Եվ անտառ կա այնտեղ մթին, խառնագիսա՜կ, ծածկաբերա՜ն,
Եվ այգիներ, այդ անտառից մոլորվելո՛վ զատված կարծես,
Եվ ամենից գողտրիկ ու թանկ՝ լեռնալանջին մի հին պարտեզ,
Որ մասրենու չափար ունի, եղեգնահյուս դռնակ վրան,
Ուր մի տուն կա, տան մեջ մի մայր... և ուր մի օր ծնվել եմ ես...

Ամե՛ն, ամե՜ն ինչ կա այնտեղ: Փորձես եթե ասել «չկա»,
Ընդոստ «կա՛, կա՛» կարձագանքեն ժայռերն անգամ համր ու հլու:
Կան թանկ հուշեր, որ սիրո պես ուռճանում են լո՛ւռ, աննկա՛տ,
Եվ բացվում են միանգամից՝ ինչպես վարդը մի գիշերում,
Ինչպես հուզմունքն իմ այս պահի - սպասված ու անակնկալ:

*
 Ինձ թվում է՝ մեր անտառում, վրա հասնող ձմռան շեմին,
Հարավ չվող մի բիլ թռչուն իր թռչնական պարզ նախանձով
Վերջին անգամ կտցեց հիմա աշնանահաս մի զառ խնձոր,
Եվ նա՝ հասո՛ւն, փխրո՜ւն արդեն՝ կամա՜ց կաթեց թաց խաշամին,
Փխրո՜ւն՝ ինչպես սիրտս այս ժամին: 

22.XI.1946թ.
Երևան

ՄԱՅՐ ՈՒ ՈՐԴԻ


Նստած հովում ընկուզենու, հագին շորեր հնատարազ՝
Ճախարակ է մայրս մանում: Իր իսկ ցողած լույս ափերով
Բամբասասեր առուն անվերջ քչփչում է, անցնում վռազ՝
Կասկածամիտ թփերի հետ բացատըրվել խուսափելով:

Ես դեռ մանուկ ու, մանկան պես, քաղցրավենու թունդ սիրահար,
Մեր թարեքից, ճարըս հատած, մի կոշտ շաքար եմ գողանում:
Իսկ շաքարը քի՜չ է այնքան - իմանում է մայրըս ահա
Եվ սպառնում հորըս հայտնել - հասկանո՞ւմ եք ինչ է անում...

Աղքատի բախտը բանում է յոթ տարին մեկ - սուտ չի ասված:
Մինչ քրքրված լաչակի տեղ մայրս նորն է գլխին գցում,
Ես մեր կալն եմ ոտքով չափում, որ կամենա եթե աստված՝
Թիվը եթե զույգ վերջանա, ես կին կառնեմ մեր դրացուն:

(Թեպետ և նա՝ մեր դրացին, նշանված է արդեն կարծես -
Հագին ունի ալ մինթանա՝ խշշան փարչա, նախշուն նոր չիթ,
Ու երբ բակ է ելնում հանկարծ և կամ բակից իջնում պարտեզ,
Թվում է, թե որտեղ որ է պիտի թռչի, պիտի կորչի):

Իսկ երբ որ նա՝ նույն դրացին, մայր է դառնում հանկարծակի
(Է՜հ, երևի կենտ վերջացան իմ քայլերը կալ ու արտում),
Ճերմակում է մայրս դանդաղ - նորից փոխում շորն իր հագի,
Իսկ ես՝ արդեն «ուսումնական»՝ սիրո մասին եմ գիրք կարդում...

Ու երբ վարժված «սատանեկան» այդ հրաշքին գիր ու տառի,
Ես կարդում եմ օր ու գիշեր՝ իր բերանով կիսաբացված,
Իր հայացքով զարմացական իմ անգրագետ մայրը բարի
Ինքն է թվում անգիր մի գիրք՝ կիսաբաց ու չկարդացված...

*
Մի կիսաբաց գրքի նման՝ միայն գրված ոչ տառերով,-
Ինձ այսպես է պատկերանում և՛ իմ, և՛ քո մայրը հիմա.
Մի գիրք խորո՛ւնկ, հարո՜ւստ այնքան, որ կարդում ենք մենք դարերով,
Բայց մինչև վերջ չենք հասկանում - լոկ մայր է պետք դրա համար:

X.1955թ.
Մոսկվա


(«ԾԽԱՆԻ ԾՈՒԽ» շարքից)

ՈՐԴՈՒՍ


Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալիկս, կմեծանաս, 
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս, 
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին, 
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին։ 
Ինքս էլ խրատ կարդացողին ոչ հարգում եմ, ոչ հանդուրժում, 
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղաս, խորշում։ 

Ու թե հիմա, իմ բալիկըս, ես քո գլխին ճառ եմ կարդում, 
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու 
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը, 
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը։ 
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ. 
Հաճախ, շուրջըս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել, 
Որոնց կյանքը հեշտ է անցնում - ասես կյա՜նք չէ, այլ խճուղի՝ 
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ. 
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,- 
Եվ տաք տեղն է ապահովված… Այսպես ապրել դու չե՜ս կարող։ 
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ։ 
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասիր ճամփա՜ շինել։ 

*
 Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի տա տառապանքից. 
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից։ 
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,- 
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում։ 
Ա՜խ, մի՛ նվա։ Հայրըդ երբեք չէր հանդուրժում նվացողին...
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր 
Ու քո ճամփան շարունակիր։ Թո՛ղ որ լինի նա քարքարոտ, 
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ, 
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես, կբարձրանաս դու սարն ի վեր։ 
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր։ 

* 
Ազնիվ եղիր ամեն ինչում - ո՞վ է կյանքում սովից մեռել։ 
Ճշտի համար աքսոր չկա - ստի հանդեպ ինչո՞ւ լռել։ 
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է մեջք են ծռում, 
Երբ որ պետք է հռհռում են, պե՞տք է՝ ժպտո՛ւմ, պե՞տք է՝ լռո՛ւմ, 
Պե՞տք է՝ իրենց մատն են տնկում... Դու մի եղիր կյանքում տհաս՝ 
Դու հասկացիր հենց այս գլխից, մի մոռացիր երբեք, տղա՛ս. 
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում՝ ոնց էլ շուռ տաս,- 
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ...

* 
Մի՛ տրտնջա։ Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր… կուգան-կերթան»… 
Մի՛ տրտնջա։ Եթե լավից ետ ես ընկել՝ ինքդ հասիր… 
Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի կարդա, 
Գրքի նման՝ քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին… 
Հպարտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում, 
Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում)։ 
Հորըդ նման հպարտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել, 
Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել, 
Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ, 
Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանրածախ 
Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա, 
Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա… 

* 
Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել։ 
Դու փոքր ես դեռ։ Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել, 
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե-
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր։ 
Է՛հ, տա աստված։ Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում 
(Կույրը, տղաս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում)։ 
Խորհուրդներն իմ թող հնանան... Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում։ 
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ, 
Հանուն վաղվա ճշմարտության թող որ այսօր լինեմ սխալ...

24.II.1955թ.
28.I.1956թ.
Մոսկվա

(«ԾԽԱՆԻ ԾՈՒԽ» շարքից)


ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ


Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի, 
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում... 

Դու, որ սխալվել, սակայն չես ստել, 
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել. 
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել, 
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել, 
Այլ մագլցել ես կատարից կատար, 
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝ 
Քո ահեղ դարից առնելով թևեր... 
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես, 
Որ անօրինակ քո դարը տեսնես, 
Բոլոր կերպերով դու նրան զգաս, 
Շահածով խնդաս, կորուստը սգաս... 
Ելել ես իբրև նրա մունետիկ, 
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ, 
Որ ճշմարտության ափերը տեսնես, 
Ծպտըված ստի խաբելը տեսնես, 
Որ չվախենաս, որ չվարանես՝ 
Անարդարության դեմքը խարանես... 
Ահա թե ինչու դու այսքան տարի, 
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի, 
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում, 
Քայլում ես այնպես ծանր ու վիթխարի, 
Ասես աշխարհն ես շալակած տանում... 

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, 
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի... 

Նա, որ ելել է շալակն աշխարհի, 
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, 
Գիտի, թե ո՛ւմ հետ և ո՛ւր է գնում. 
Ո՛ւմ մեռելին է անարցունք լալիս,
 Ո՛ւմ խոսքի վրա ստից ծիծաղում, 
Ո՛ւմ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս... 
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին. 
Վերև կանգնածի աղջըկան, որդուն, 
Սիրուհուն անգամ ու քարտուղարին 
Ո՜նց է քսմսվում, ու շողոքորթում... 
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝ 
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի. 
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
 Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս... 

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, 
Հարազատ մորից ու որդուց ավել, 
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում... 

Սո՛ւտ է: Նա այնտեղ իր շահն է սիրում: 

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, 
Նա պատմության մեջ իր դարն է սիրում... 

Սո՛ւտ է: Նա դարի ավարն է սիրում: 

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր 
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում... 

Սո՛ւտ է: Նա միայն իր փորն է սիրում: 

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր 
Գաղափարական իր հորն է սիրում... 

Սո՛ւտ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում, 
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը: 

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր 
Սիրում է կյանքում նա իր... աթոռը: 
Աթոռն է սիրում Ու նրան տիրում. 
Ցանկացած գնով ելնում է նա վեր, 
Փորձում է թռչել նա առանց թևեր, 
Անվերջ սողալով առաջ է գնում, 
Գնում է այսպես և... տարեց-տարի 
Ելնում է այսպես... շալակն աշխարհի: 

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում, 
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի... 

25.X.1955թ.
03.XI.1955թ.
Մոսկվա

(«ԾԽԱՆԻ ԾՈՒԽ» շարքից)

ՁԵՌՔԵՐ


Դուք՝ քրտնաթոր, տանջված ձեռքեր,
Արեգակից խանձված ձեռքեր,
Ձեռքեր՝ բքից, շոգից ճաքած,
Դո՛ւք, որ հողից քամում բերքեր,
Ցավն եք անգամ դարձնում երգեր՝
Վհատության դուռը փակած:

Դո՛ւք, որ հանքից քար եք հանում,
Որ ծակծըկվում՝ կար եք անում,
Տապակվում եք՝ հալում մետաղ,
Եվ, հոգնատանջ, դառնալով տուն,
Մեկով թոռին, մեկով որդուն
Պինդ գրկելով՝ ասում «մատա՜ղ»:

Դո՛ւք, որ երեկ բռնել եք զենք,
Դո՛ւք, որ այսօր շինում եք շենք,
Կամուրջ գցում, կապում կամար.
Որ քիչ վերցնում, շատ եք դնում,
Շատ եք տալիս, քիչ ստանում՝
Հասկանալով ինչի համար:

Դո՛ւք, որ մթնում լույս եք փռում,
Որ խրախույս, հույս եք փռում,
Ձեռքե՛ր, ձեռքե՜ր ժողովրդի,
Դուք՝ ստեղծո՛ղ, ճարտա՜ր ձեռքեր,
Դուք՝ չկեղծո՛ղ, արդա՜ր ձեռքեր,
Ձեզ է երգում ձեր խորթ որդին՝

Ակնածանքո՜վ՝ ձեռքը սրտին,
Մեծարանքո՜վ՝ երգը շրթին... 

30.X.1955թ.
Մոսկվա

(«ԾԽԱՆԻ ԾՈՒԽ» շարքից)

ՄԵՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Автор Paruyr Sevak (Պարույր Սևակ), написано 23 февраля 2012 г. в 14:44 ·
Մենք շապիկով չծնվեցինք: Եվ մեզ համար
Ուրիշ տեսք է երջանկությունը միշտ կրել:
Մեզ ծնել է, աշխարհ բերել համեստ մի մայր,
Բայց մեզ ինքը պատմությունն է որդեգըրել:

Մի աղջիկ է կյանքում սիրել ու մեզ փնտրել,
Մի խե՜նթ աղջիկ՝ երազների հետքով տարված:
Բայց գիտեինք, որ ապագան է մեզ ընտրել,
Որ ինչպես մենք՝ նա էլ մեզ է սիրահարված:

Համե՜ստ մի տուն,- բայց գիտեինք, որ հայրաբար
Լայն աշխարհն է իր դռները մեր դեմ բանում:
Աշխատանքի, ծառայության տանող ճամփա,-
Բայց գիտեինք, որ գալիք է նա մեզ տանում:

Առօրյական մեր հոգսերում ու մեր գործում
Կար մի իմաստ, կար մի խորհուրդ անբռնելի,
Որ գինու պես ուշացումով է ներգործում
Եվ որ միայն մեզ համար է ըմբռնելի:

Մեր խոսքերում կար մի շշուկ, կար մի հնչյուն,
Ամեն ինչում մի երազ էր վեր խոյանում,
Որով անգամ թշնամուց ենք մենք ճանաչվում,
Բարեկամին առանց թարգման ներկայանում:

Անգամ մահը... Նա մեզ համար վախճան չէր, ո՛չ:
Նա մեզ համար գործի կես էր, շարունակում.
Այդպես երեկ մարմիններով իրենց առողջ
Գնդացրի երախն էին մերոնք փակում:

Իսկ կյա՜նքը մեր... Մենք շապիկով չծնվեցինք.
Երջանկության այլ չափանիշ է մեզ տրված...
Մեզ նա՛ միայն կհասկանա, ով գեղեցիկ,
Բայց հեռավոր մի կնոջ է սիրահարված... 

01.VII.1951թ.
Մոսկվա

(«ԾԽԱՆԻ ԾՈՒԽ» շարքից)