Պարույր Սևակ


ԹՈՂ ԼԻՆԻ ԱՅՆՊԵՍ


Թող լինի այնպես, 
Ինչպես հուշում ես.
Էլ չե՛նք հանդիպի՝ 
Ինչպես ուզում ես։ 
Ինչ էլ որ լինի՝
Հիշելու բան կա. 
Քե՛զ մոտ ավարտվեց 
Սիրո ուսումըս։

22.IV.1956թ. Մոսկվա
(«Ութնյակներ»  շարքից)



ՎԵՐՀՈՒՇ


Կրկին անձրևն է տեղում գիշերային մայթերին, 
Քնա՜ծ, խաղա՜ղ քաղաքի տանիքներին երազկոտ։ 
Եվ արթնանում է կրկին մի հին երազ մտերիմ,- 
Ու ես մեր գյուղն եմ ընկնում սովորական հրաշքով։ 

Այնտեղ ննջում է հիմա տարափի տակ այս վարար 
Մի կավաշեն, հողհատակ ու հարդածածկ լուռ խրճիթ։ 
Հանգել է լույսը լամպի, իջել գիշերը խավար, 
Քնել է մայրն իմ պառավ՝ կրողը մեր տան խղճի։ 

...Ես մի երազ ունեի պատանության օրերում,
Երբ արթնացել էր հոգիս սիրո նորեկ հովերից. 
Այդ հողաշեն ծածկի տակ, հարսանեկան շորերում 
Տեսնել նրա՛ն, ում համար ես կանցնեի ծովերի՜ց, 

Տեսնել նրա՛ն, ում համար շուռ կտայի ես սարե՜ր... 
Ա՛խ, ի՞նչ ծովեր, ի՞նչ սարեր,- միայն ասում են այդպես... 
Տեսնել նրա՛ն, ում համար, փեշըս լցրած խիճքարեր՝ 
Ես մեր այգու ծառերին տանջում էի պարզապես. 

Ամեն նետված քարիս հետ թե մի խնձոր չընկներ ցած, 
Ուրեմն իզո՜ւր,- վա՛տ նշան,- ես չեմ հասնի մուրազիս... 
Խնձորն ընկներ թե չընկներ՝ ցնծագին կամ դառնացած,
Քարերն էի ես թողնում ու հետևում երազիս. 

-Կապրենք մեկտեղ, բախտավոր։ Դաշտից ես տուն կդառնամ 
Արդեն հոգնած ու դադրած, բայց վաստակած, ինքնագոհ։ 
Մայրս, կովկիթը ձեռքին, տուն կմտնի, մինչդեռ Նա 
Սուփրեն գետնին բացելիս ինձ կժպտա գողեգող 

Մինչ հավաքի Նա սուփրեն՝ սարին, ձորին ու հանդին 
Իրիկունը կիջնի ցած, ու ես մի կողմ կնետեմ 
Իմ մանգաղը հեսանվող կամ իմ սրվող գերանդին,- 
Հո չպիտի մթան մեջ իմ մատները կտրատեմ... 

Խոտի դեզը տանիքից, բակից այգին կբուրի, 
Ու ծղրիդի երգի տակ, նվագի տակ այդ վարպետ, 
Ծածկված նախշուն վերմակով՝ քուն կմտնենք կտուրին, 
Իսկ կողքներիս՝ մի ջեջիմ կամ հնամաշ մի կարպետ, 

Որ թե, ինչպես այս պահին, տեղա անձրև անհատնում, 
Ծածկվենք նաև շերտավոր մեր կարպետով այդ բրդե։ 
...Եվ անձրևի թակոցից խոր քնից ենք մենք զարթնում 
Եվ, մինչ երկինքը պարզվի, (այդ պատճառով իբր թե), 

Էլ չենք քնում՝ զրուցում, երազում ենք շշուկով, 
Առատ հնձից ենք խոսում, մրգահասից մեր այգու, 
Եվ ա՛յն մասին, թե արդյոք պիտի գնել ե՞զ, թե կով, 
Եվ ա՛յն մասին, որ պիտի մորըս առնել վերարկու... 

* 
Ձիգ տարիներ են անցել... 
Կրկին անձրևն է երգում, 
Սակայն արդեն քաղաքի գիշերային մայթերին։ 
Երգո՞ւմ է նա, ո՛չ, կարծես հին երազն է մորմոքում,
Հին երազը՝ նորացած, բայց և նույնքան մտերիմ։ 

Փոխվել է ո՜ղջը հիմա - և՛ դեմքերը գյուղակի, 
Ե՛վ դեպքերը, որոնք ինձ օրերի խենթ վազքի հետ 
Գյուղից քաղաք նետեցին ու քաղաքներ՝ քաղաքից,-
Ողջը փոխվել է հիմա, փոխվել ընդմի՛շտ, առհավե՜տ։ 

Նույնն է երա՜զը միայն, որ մնացել է հրկեզ. 

-Լոկ ունենալ կավաշեն ու հարդածածկ մի խրճիթ 
Եվ այդ համեստ ծածկի տակ ունենալ քե՜զ, միայն քե՛զ՝ 
Իբրև բերքի խոստումի,
_____________________ մրգահասի
_______________________________ ու խղճի...


25.VIII.1948թ. 19-20.X.1955թ. Երևան Մոսկվա


(«Նույն Ճամփով» շարքից)

Առաջվա պես


Ուր ես ` չկաս,
Չէ որ կայիր…
Ախ ,թե մեկ էլ
Մի օր գայիր
Ու ժպտայիր~
Առաջվա պես,
Առաջվա պես,
Հավատայիր:

(«Ութնյակներ»  շարքից)

ԱՆԾԱՆՈԹՈՒՀՈՒՆ


Անծանոթ եմ քեզ, բայց գիտեմ վաղո՜ւց... 

Այդ քե՛զ համար են ազգերը կռվել՝ 
Այդ քե՛զ համար է Տրոյան վառվել։ 
Այդ դո՛ւ լույս տվիր կույր Հոմերոսին, 
Սֆինքսի գաղտնիքը ժպտալով առար, 
Ու մարաթոնյան վազքի հերոսին 
Այդ դո՛ւ, թերևըս, թևերիդ տարար։ 
Քե՛զ համար ընկավ մեր չքնաղ Արան։ 
Նորից քե՛զ համար 
Մի այրող ամառ 
Մեր Արտավազդին գերության տարան... 

Հին ծանոթներ ենք - քեզ գիտեմ վաղո՜ւց։ 

Դրախտը կորցըրած՝ այդ քեզ է գտել 
Մեր նախահայրը՝ ինձ նման մանուկ... 
Երկար դարերի ճամփեքով բանուկ 
Դու եկել ահա և ինձ ես հասել 
Եվ ստիպում ես ինձ գոռալ՝ ասե՛լ, 
Որ դու այրում ես՝ Տրոյայի՛ պես, 
Ուզում ես գերել՝ մեր Արայի՛ պես, 
Ինչպես Հոմերին՝ դու լույս ես տալիս, 
Բայց շլացուցիչ քո լույս ու փայլից 
Ես կուրանում եմ 
Ու մոռանում եմ, 
Որ դու աչքերով ինձ հույս ես տալիս, 
Ժպտում ես, սակայն և խույս ես տալիս, 
Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ,- ես չեմ հասկանում։ 
Թե դու ուզում ես, որ, ինչպես մանուկ,
Մեր նախահոր պես միտքըս սքողած, 
Իմ հանգստության դրախտը թողած՝ 
Ես քո հետքերով ու քո ետևից,
Ամե՜ն ինչ լքած՝ բռնեմ քո թևից 
Ու գնա՛մ, գնա՛մ, ուր դու կգնաս, 
Մտնեմ ա՛յն դռնով, որ դու կբանաս, 
Խմեմ հարբենամ՝ ինչով դու հարբես, 
Տանջվեմ ու տոկամ իմ նախահոր պես,- 

Ես համաձայն եմ։
                         Ի՜նձ ինչ դրախտը,
Երևի նույնն է և թոռան բախտը...

20.X.1955թ.
Մոսկվա
  («Նույն Ճամփով» շարքից)

Սիրտս նման է


Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես…

Նման է կարծես նա մի թութակի ,
Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում.
- Ես քեզ եմ ուզում…

Նման է կարծես նա մի ջութակի ,
Որ միա՜կ լարով յոթ լարից շատ է
Ազդում ու հուզում..

Նման է կարծես մի ջինջ վտակի,
Որ տարբե՜ր հունով, բայց դեպի քեզ է`
Շարունակ վազում…

Նման է կարծես մի պատատուկի ,
Որ գոտու նման փաթաթվում է քեզ
Եվ շա՜տ է սազում…

Նման է կարծես մի խոր հատակի,
Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև
Եվ միայն քե՜զ է իր խորքը սուզում…

(«Նույն Ճամփով» շարքից)

ԻՆՉ ՄՆԱՑ


Աչքերըս միշտ լույսի սովոր՝ 
Ես հիմա տանջվում եմ խավարից. 
Ես՝ վարժված ոստանիկ կյանքի՝ 
Զրկված եմ և մոտիկ գավառից։ 
Երեկվա իմ վարդավառից 
Ի՞նչ մնաց - այս շապի՜կըս թաց, 
Կախվելու մի պարա՜ն մնաց 
Իմ սիրո հարուստ ավարից։

[1956թ.]

(«Նույն Ճամփով» շարքից)

Մի մոռացիր


Մի մոռացիր, որ շատ հաճախ , ցանկալիս,
Երբ հույս ցանում ու հավատ ես շաղ տալիս,
Չի ~~~~~~ կանաչում:

Հիշիր, որ միշտ
Ուշանում է ցանկալին,
Իսկ երբեմն էլ, իր ոտքով է երբ գալիս,
Չեն~ ճանաչում…



(«Նույն Ճամփով» շարքից)

Երազանքի գինը


Մենք ամեն ինչ արեցինք
Շտապելով ու փութով,
Բան չտեսանք, սիրելի՛ս,
Բայց հուսացինք, թե շուտով
Սերն ամեն ինչ կհաղթի,
Լավ կընթանա ամեն ինչ...
Չէ՜, սնեցինք մեզ սուտով...
Դու տեսնում ես, իմ անգի՜ն,
Երազանքը մեր փարթամ
Հիմա դարձել է անշուք,
Հիմա դարձել է տարտամ,
Նա մի ստվեր է թվում,
Բայց մի ստվեր՝ ետևում,
Որից պրծու՜մ էլ չկա -
Մեզ է անվերջ հետևում...


(«Նույն Ճամփով» շարքից)

ԵՍ ԱՅՆՊԵՍ ՀԵՇՏ ԷԻ ՏԱՐՎՈՒՄ


Ես այնպես հեշտ էի տարվում, 
Ես այնպես հեշտ էի վառվում,- 
Իմ թելած ասեղի վրա 
Հուլունքի պես էին շարվում։ 
Եվ հանկարծ... ես՝ վաղո՜ւց հանգած,
Վառվեցի և ի՜նչ - քո սառցից... 
Հե՜յ գիտի. ծովերից անցա 
Ու հանկարծ... խեղդվեցի առվում։

17.III.1956թ. Մոսկվա
(«Նույն Ճամփով» շարքից)


ԻՆՉՊԵ՞Ս ՉԶԱՐՄԱՆԱՍ


Բախտ էր մեզ համար՝ խաղալ ջրերում
Ու երջանկություն՝ ցեխոտել իրար,
Թեպետև տանը մեզ չէին ներում
Մեր այդ մանկական հաճույքի համար:

Ճիշտ է, մենք իրար ցեխոտում էինք
Եվ դրա համար ծեծ էինք ուտում:
Բայց նրանք ինչպե՞ս, ո՞նց չգիտեին,
Որ մեր շորն էինք միայն ցեխոտում:

Հետո, հիշո՜ւմ ես, մաքո՜ւր շապկի տակ
Պղտորվեց զուլալ մանկական հոգին՝
Աղարտվեց մեր հին երազը հստակ,
Չկշտամբեցին սակայն ոչ մեկիս...

06.V.1946թ. 21.VII.1953թ. Երևան Նավչալու

(«Նույն Ճամփով» շարքից)

ՉԵՄ ՈՒՇԱՑԵԼ


Ուշացե՞լ եմ: Թո՛ղ որ այդպես, թո՜ղ որ, անգի՛ն,
Անծանոթ եմ աղջըկական քո նազանքին.

Անտեղյակ եմ, թե ինչպես ես դու ժպտացել,
Տասնըվեցըդ երբ որ նոր է դեռ լրացել:

Թո՛ղ որ ես չեմ ստացողը քո առաջին
Աղջըկական ո՛չ համբույրի, այլ լոկ պաչի՜.

Որ չգիտեմ, թե ինչպես ես դու կարոտել,
Երբ որ քսան-քսանհինգն ես թողել ետև:

Թո՛ղ որ, անգի՜ն, հանդիպել եմ ես քեզ այնժամ,
Երբ դու արդեն անկարող ես ապրել բաժան.

Քո անցյալից, անցած կյանքից, որ առանց ինձ
Դու ապրել ես կա՛մ այլոց հետ, կա՛մ առանձին:

Թո՛ղ որ այդպես,- ուշացել եմ թող գարունից,
Բայց ավելի քիչ չի թովում աշունը ինձ:

Ինչո՞վ է լավ արշալույսը մայրամուտից,
Աշնան հասմիկն ինչո՞վ է վատ գարնան պուտից:

Չէ՜, ավելի՛ն. երբ աշխարհում օրն է մարում,
Ծաղիկները շատ ավելի սուր են բուրում...

24.XII.1953թ. Մոսկվա

(«Նույն Ճամփով» շարքից)


ԵԿ ՀՊԱՐՏ ՄՆԱՆՔ


Մեզ վիճակվեց - և մենք հանդիպեցինք կյանքում:
Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով:
Եվ մենք՝ երկու ցավի, երկու դավի ճանկում՝ 
Բռնկվեցինք մի նոր, չկրկնվող սիրով:

Ու վիճակվեց... ապրել մեկըս մեկից բաժան,
Մեկըս մեկի համար, առանց մեկըս մեկի,
Քեզ՝ չազատվել երբեք այս կարոտից դաժան,
Ինձ՝ չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ...

Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի:
Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում,
Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ...

Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ,
Արի չտրտնջանք մեր անուրախ կյանքում
Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա -

Եթե վիճակվել է... չվիճակվել իրար...


15.VIII.1956թ. Չանախչի
(«Նույն Ճամփով» շարքից)

ԿԱՄ ՀԵՌԱՑԻՐ, ԿԱՄ ԱՐԻ


Ի՜նչ ես տանջում. կամ թո՛ւյլ եղիր,
կամ արի՛-
Կամ հեռացի՛ր, ընդմիշտ գնա՜,
կամ արի՛:
Թե չէ՝ այդպես դու նման ես
չփլված,
Բայց ուր որ է գլխիս թափվող
կամարի։
(«Նույն Ճամփով» շարքից)

ԽԱԲԿԱՆՔ


Իրիկունն է իջնում: Արևը հանգչում է,
Գիշերվա մութ շունչն է խստանում:
Մթան հետ գալիս ես, հայացքով կանչում ես
Եվ վայելք ու սեր ես խոստանում:

Լույսերը վառվում են: Դու լույսըս մարում ես
(Ուզում ես, որ նստենք մթան մեջ),
Մերթ տալիս անունըս, մերթ կրկին լռում ես,
Տիրաբար շրջում ես իմ տան մեջ:

Գալիս է գիշերը: Փակում եմ փեղկերը
(Չմրսես գիշերվա պաղ հովում):
Կարծես թե մեր հանդեպ իր գործած մեղքերը
Զղջալով ՝ ինքը կյանքն է քավում...

Չէ՛, սո՜ւտ է. մենա՛կ եմ, առա՛նց քեզ, առանձի՛ն,
Եվ այս էլ խաբկանք է մի ոսկե,
Որով դու խաբվելով ապրում ես առանց ինձ,
Եվ ես էլ... չեմ մեռնում առանց քեզ:
[1948թ.]
 («Նույն Ճամփով» շարքից)

Ո՞Վ ԳԻՏԻ


Դու այնքան չքնաղ, այնքան սիրուն ես,
Այնպես գերում ես, այնպես կախարդում.
Դու խայտանք բերող մատաղ գարուն ես,
Որ ամեն ինչ է իր ճամփին հարթում:

Չգիտեմ՝ իրոք դո՞ւ ես գեղեցիկ,
Թե սիրո համար լավ է և վատը,
Ինչպես որ սուրբ էր հին եկեղեցի՞ն:
Թե՞ սուրբ է եղել միայն հավատը...

15.IV.1948թ. Երևան


 («Նույն Ճամփով» շարքից)

ԻՆՉՔԱՆ ԷԼ ԹԱՆԿ ԼԻՆԻ


Ես գիտեմ. կհանդիպենք դեռ,
Եվ դու էլ ինձ կանես հարցում.
«Էլ մի՞թե քո սրտում չկա
Իմ հանդեպ ոչ մի զգացում»: 
Չեմ դիմել ատամնաբույժի,
Բայց հարցիդ պատասխանն ունեմ.
«Ինչքան էլ թանկ բան է ատամը,
Ցավելիս հանում են - գցում»...

22.IV.1956թ. Մոսկվա

 («Նույն Ճամփով» շարքից)

ԶՈՒՐ ԵՍ ՀԱՄԲԵՐՈՒՄ


Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Միայն չկա քո պատկերը խոնարհ,
Եվ օրը այսօր շատ է համբերում:

Տխուր է օրը բոլորի՞ համար,
Թե՞ ես եմ այսպես դժվար կարոտել.
Տերևաթափ է ամենո՞ւր հիմա,
Թե՞ միայն ես եմ թևաթափ քո դեմ:

Եվ ո՞ւր ես հիմա, տխո՞ւր ես, տրտո՞ւմ,
Դո՞ւ էլ ես հիշում այն օրը խոնավ,
Երբ աշնան ցրտին վառվեց իմ սրտում
Մի տաքուկ արև՝ քո տեսքով խոնարհ.

Երբ բախտը թվաց այնքա՜ն ձեռնասուն,
Երջանկությունը՝ այնքա՜ն ընտանի,
Լռությունն անգամ երբ դարձավ խոսուն,
Պահանջե՛ց, խնդրե՛ց, հայցե՛ց ընտանիք...

...Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Բայց չկա՛, չկա՜ պատկերըդ խոնարհ,
Եվ չի՛ էլ լինի,- զուր եմ համբերում...

 («Նույն Ճամփով» շարքից)

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԲԱԽՏ


Զարմանալի բախտ էր մեր բախտն այս աշխարհում.
Կո՞ւյր ասեմ, թե աչքերն ամուր քողով ծածկած...
Մենք բաց աչքով նայում էինք դեպի հեռուն
Եվ փակ աչքով հեռու վանում ամեն կասկած:

Խնդության պես մի բան կար միշտ այն խաղերում,
Որ՝ տանջվելով՝ խաղում էինք ամեն անգամ,
Երբ բաց աչքով մեզ էր նայում անսիրտ հեռուն
Եվ սպառնում մեր հրդեհը տեսնել հանգած...

Հիմա արդեն բաժանված ենք: Էլ ո՛չ մի հարց,
Էլ ո՛չ մի խաղ, ո՛չ մի կասկած մեզ չի տանջում,
Բաց աչքերով մեզ նայելիս՝ ի՜նչ վերադարձ,
Բայց աչքը փակ մենք իրար ենք դեռ անրջում...
 («Նույն Ճամփով» շարքից)



ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ


Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ,
Ու թարթիչներըդ թող բնավ չթարթըվեն:
Շա՜տ անգամ եմ ես կամեցել դառնալ գերիդ,
Իսկ դրա տեղ քո կռնակն ես ինձ ցույց տվել:

Հազիվ հիմա դու մոտեցել ես քո կամքով,
Դու եկել ես և, փոխարկված զույգ ձեռքերի,
Վզովս ընկել, փաթաթվել ես ծով քնքշանքով
Ու ժպտում ես թովի՜չ այնքան, այնքան գերի՜չ:

Եթե սիրում ես երևալ հանկարծակի,
Ինչպե՞ս քեզ հետ ժամադըրվել և ի՞նչ ճամփով:
Երևալըդ թե նման է հուր-կայծակի,
Ինչպե՞ս խնդրել, որ չլինի երկինքն ամպոտ:

Եթե թողնում, մեզ լքում ես նրա համար,
Որ երազված լինի նաև քո այցը նոր,
Էլ ի՞նչ իմաստ, ինչի՞ համար խնդրել հիմա,
Որ մի քիչ էլ մնաս ու տաս սեր ու ցնորք:

Գնա-արի, եկ ու գնա, հիշիր սակայն,
Որ քեզ կարոտ, իրար կարոտ սիրող մի զույգ
Տառապանքի ու ցավի մեջ ամեն վայրկյան
Կրկին դարձիդ են սպասում անարտասուք... 

20.X.1955թ.
Մոսկվա


 («Նույն Ճամփով» շարքից)

ԱՌԱՆՑ ՔԵԶ


Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն,
Ու ես՝ նորից քեզնից բաժան:
Ժամացույցն է ինձ հետ տնքում,
Վայրկյանները թվում են ժամ:
Թվում է, թե անտես մի ձեռք,
Ծանըր, ինչպես ձուլված կապար,
Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել
Ու ճմլում է անգթաբար:
Ու ցավում է...
Բայց սպասի՛ր.
Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատվում:
Լավ է լինել և ցաված սիրտ,
Բայց ոչ անսեր, անսեր-տրտում:
Չեմ գանգատվում: Քաղցր է այնպես
Դժվար սիրուդ խայտանքն զգալ,
Մութ բիբերիդ փայլով հարբել,
Հարբել - և էլ խելքի չգալ.
Զգալ, որ դու իմն ես հեռվում
Ցավով, սիրով, կարոտներով,
Որ նույն հրով դու ես վառվում,
Հովանում ես նույն հովերով.
Զգալ, որ ես տրվել եմ քեզ
Քո ցանկությանն իսկ հակառակ.
Զգալ այնպե՛ս, որ սեր չերգես՝
Եվ կենդանի սիրտը երբեք
Չդառնա լավ կամ վատ քառյակ...

[1955թ.]

(«Նույն Ճամփով» շարքից)