Պարույր Սևակ


ԱՌԱՆՑ ՔԵԶ


Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն,
Ու ես՝ նորից քեզնից բաժան:
Ժամացույցն է ինձ հետ տնքում,
Վայրկյանները թվում են ժամ:
Թվում է, թե անտես մի ձեռք,
Ծանըր, ինչպես ձուլված կապար,
Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել
Ու ճմլում է անգթաբար:
Ու ցավում է...
Բայց սպասի՛ր.
Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատվում:
Լավ է լինել և ցաված սիրտ,
Բայց ոչ անսեր, անսեր-տրտում:
Չեմ գանգատվում: Քաղցր է այնպես
Դժվար սիրուդ խայտանքն զգալ,
Մութ բիբերիդ փայլով հարբել,
Հարբել - և էլ խելքի չգալ.
Զգալ, որ դու իմն ես հեռվում
Ցավով, սիրով, կարոտներով,
Որ նույն հրով դու ես վառվում,
Հովանում ես նույն հովերով.
Զգալ, որ ես տրվել եմ քեզ
Քո ցանկությանն իսկ հակառակ.
Զգալ այնպե՛ս, որ սեր չերգես՝
Եվ կենդանի սիրտը երբեք
Չդառնա լավ կամ վատ քառյակ...

[1955թ.]

(«Նույն Ճամփով» շարքից)

ԱՆՊԱՅՄԱՆ ՊԱՅՄԱՆ


Մտքեր խա՞կ, թե՞ հասուն,-
Ո՞ւմ է պետք երգի մեջ:

(Մի կտոր հանածո ոգի է հարկավոր,
Մի պատառ կախարդանք,
Մոգության մի պճեղ,
Մի բացվող փակագիծ,
Անհայտի մի լուծում)...

Շրջում են «ինչու»-ներ՝ էակներ սապատված,
Որ չունեն օթևան ու չունեն դեռ անուն:
Հոգու մեջ տալ անկյուն ու լեզվով մկըրտել
Սապատված մի «ինչու» - 
Ու երգը կհնչի՜...

Հույզեր մե՞ծ, թե՞ ճղճիմ,-
Իսկ ո՞վ է վճռելու:

(Մի կտոր արնածոր տաք միս է հարկավոր՝
Սեփական ձեռքերով իրենից պոկոտած,
Մի սարսուռ օդեղեն,
Մի սարսում ընդերքի)...

Մթության երանգներն առատ են ավելի,
Քան բոլոր մնացած գույները գումարված:
Խուսափուկ խլիրտի քղանցքից գեթ կառչել,
Ստվերի վետվետուն քայլվածքը ճանաչել,-
Ու երգը չի՜ կարող չհնչել ինքնակամ...

Ի՞նչ անել և ինչպե՞ս.
Հա՞ստ մանել, թե՞ բարակ:

(Լի օրվա երակին պատվաստել կիրակի՛,
Վեճ մղել ծովի՛ հետ,
Ամաչել կրակի՛ց,
Չուշանա՜լ, չշտապե՜լ),-
Եվ այնժամ, օ, հարկավ
Իր պոչին կտնկվի ձվաձև առարկան,
Եվ արփին ափիդ մեջ կդառնա ձվածեղ...

07.X.1961թ.
Երևան
(«ԹՌՈՒՑԻԿ ԵՐԳԵՐ» շարքից)


ԱՐՎԵՍՏ


Քամին է երգում ինչ-որ եղանակ,
Որ Բեթհովենին պատիվ կբերեր:

Մութ հորիզոնին աղոտ այգալույս
Մի ռեմբրանդյան նորահայտ նկար:

Շեքսպիրին է կյանքը ձեռ առնում՝
Իր ողբերգական դըրամաներով... 

Իսկ մե՜նք՝ ե՛ս ու դո՛ւ... արվեստ ենք խաղում
Եվ... մի այնպիսի՜ համոզվածությամբ,

Որ Սերվանտեսի հերոսն էլ չուներ...

20.III.1959թ.
Մոսկվա

(«ԹՌՈՒՑԻԿ ԵՐԳԵՐ» շարքից)

ՎԱՐՔ ՄԵԾԱՑ


Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:

Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
Հասարակ հորից ու մորից ծնված՝
Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:

Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,
Որ նախընտրում էր քնել տակառում:
Սերում են նրանք և ա՛յն պատանուց,
Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:

Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,
Որ սատանային հոգին են ծախում,
Միայն թե անե՛ն մտածածն իրենց,
Ի՜նչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ:

Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,
Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,
Վախ են ներշնչում պետություններին
Մինչև իսկ իրենց կամքի հակառակ:

Արքաների հետ խոսում են «դու»-ով,
Եթե, իհարկե, լսում են նրանց,
Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է, չե՛ն լռի,
Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ:

Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝
Հայտարարվում է և օրենքից դուրս:
Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.
Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ...

09.X.1961թ.
Երևան

(«ԹՌՈՒՑԻԿ ԵՐԳԵՐ» շարքից)

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿՅԱՆՔԸ


Արարատի պես -
Ոտքերը՝ հովտի ջերմությամբ վառած,
Կատարը՝ սառած:

Տիեզերական հրթիռի նման -
Բոցը՝ դեպի ետ,
Գլուխը՝ առաջ:

Շրթերի վրա՝ համրաձայն բառեր,
Իսկ սրտում՝ դղիրդ,
Իսկ հոգում՝ շառաչ...

. . . . . . . . . . . . . . . . . . .

Թո՛ղ նրա կյանքը մինչև իսկ լինի
Մի շուտասելուկ և կամ հանելուկ,
Միայն թե դառնան խոսքերն էլ... առած...

16.III.1959թ.
Մոսկվա

(«ԹՌՈՒՑԻԿ ԵՐԳԵՐ» շարքից)

ԻՆՉՊԵ՞Ս ԹԵ ԲԱԽՏ ՉԿԱ...


Առանց հայելու էլ ես ինձ տեսնել գիտեմ
Ծառաբնի՛ վրա, քո ափի՛ մեջ:
Եվ այդ վայրկյաններին ես ինձ դուր եմ գալիս,
Ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան:

Պտտեցնում եմ մատս և... փոխարեն թելի
Մատիս փաթաթվում է երկնի կապույտն ինքը:
Ոտներիս հետ հողն է սիրաբանում,
Եվ խաղողի վազն է ընձյուղ տալիս
Վառվող ծխամորճիս կրակի մեջ...

Ինչպե՞ս թե բախտ չկա, էլ նա ո՞նց է լինում...

Եվ սխալ է, որ մենք վայրկյաններով
Ժամն ենք չափում: ճիշտը հակառակն է գուցե՝
Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար...

Ա՜խ այդ վայրկյանները, որ գալիս են ուշ–ուշ,
Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ,
Որ մի ազգ են փրկում բազկով և կամ խոսքով...

Ու ես մտածում եմ, որ հիրավի
Ժամացույցից պիտի շինել շաքար
Ու լուծելով ջրում՝ ըմպել կում-կում,
Իբրև անքնություն փարատող դեղ:

Եվ հայելուց... պիտի կոշի՜կ կարել,
Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի...

Իսկ սեփական անձի արտացոլման համար
Ձեզ հայելի պե՞տք է:
Ինձ հայելի պետք չէ:
Ռետինի պես ձգվող վայրկյաններ կան,
Երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելու էլ՝
Ծառաբնի՛ վրա,
Քո ափի՛ մեջ,
Նաև ինքնահավան ինքնահոսիս ծայրի՛ն...

30.IX.1961թ.
Երևան
(«ԹՌՈՒՑԻԿ ԵՐԳԵՐ» շարքից)


ԱՐՇԱԼՈՒՅՍԻՑ ԱՌԱՋ


Արշալույսից առաջ քունն ավելի խորն է:

Նահանջած են լինում մղձավանջներն արդեն:
Օդը երազներ է տեղափոխում,
Դեռ ձև ու կերպ չառած նոր երազներ պես-պես՝
Ծնված տըրամվայի զրընգոցից մրսկան, 
Ողջույնի տեղ հնչող երեխայի լացից,
Թարմ բուրմունքից հացի,
Որ լուռ թևավորվում
Եվ փակ մեքենայում էլ չի՜ տեղավորվում:

Հիմա հավատում են երազներին 
Շատ քչերը կյանքում:
Ես նրանց մեջ չկամ:
Եվ քանի որ չկամ՝
Ինձ խղճում եմ
(Նախանձելի բան չէ խելքի գալը)...

...Արշալույսից առաջ քունն ավելի խորն է,
Բայց մոտիկ է նաև արթնացումը:
-Կբացվի նոր մի օր՝
Ինչպես աչքակապը
(Մանուկ հասակում են պահմտոցի խաղում):
Կբացվի նոր մի օր՝
Ինչպես վիրակապը
(Երեկվա խոր վերքն է սպիացել արդեն):
Ու եթե խոր վերքն է սպիացել արդեն,
Արժի՞ արդյոք հիմա,
Արժի՞ ասել արդյոք,
Որ վերքերը, ճիշտ է, լավանում են,
Բայց դրանցից միշտ էլ կրճատվում է մաշկը... 

13.XI.1961թ.
Երևան

(«ԹՌՈՒՑԻԿ ԵՐԳԵՐ» շարքից)

ՄԻԱՅՆԱԿ ԾԱՌԸ


Պոկված անտառից՝
Մենակ ու մռայլ,
Մի ծառ է ցցվել բարձունքի վրա:

Ինչպե՜ս չի սիրում անտառը նրան,
Ինչպե՜ս է ծաղրում,
Քրքըջում վրան,
Ի՜նչ է թե հսկան 
Այս թզուկների կամքին ու կյանքին
Չի՛ կարողանում իրեն ենթարկել,
Ի՜նչ է թե նրանք չե՛ն կարողանում
Իրենց նեղվածքում սրան բանտարկել...

Եվ չի՛ հասկանում անտառը հիմար,
Թե ծառն այդ ինչ է անտառի համար.

Կաղնի՜ն՝
Անտառի կանաչ շանթարգե՜լ...

21.IV.1959թ.
Մոսկվա

ՈՍԿԻՆ ՎԵՐՍՏԻՆ ՈՍԿԻ Է ՄՆՈՒՄ


Շրթերիս վրա խոսքեր են դողում՝
Խոսքեր արտառո՛ց,
Իմաստազրկվա՛ծ,
Հնացա՜ծ խոսքեր.
Հին-հին գրքերի, մատյանների մեջ,
Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր:

Ուզում եմ ասել.
Գթասի՛րտ եղեք,
Եղեք ողորմա՜ծ,
Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ:

Ու երբ չգործած մեղքերի համար
Մարդը հայցում է մեղքի թողություն
Ու ներողություն՝
Ոչնչի՜ համար,-
Գոնե գթասիրտ-ողորմած եղեք,
Անսրտության մեջ մի՛ եղեք համառ...

Շրթերիս վրա խոսքեր են դողում՝
Խոսքեր արտառո՛ց,
Իմաստազրկվա՛ծ¸
Հնացա՜ծ խոսքեր.
Հին-հին գրքերի, մատյանների մեջ,
Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր:
Հնացա՜ծ խոսքեր,
Հնացա՜ծ,
Ինչպես ոսկին է հիմա,
Որով առ ու ծախ արդեն չեն անում,
Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ
Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ.

Ոսկին վերըստին ոսկի՜ է մնում...

01.IX.1958թ.
Մոսկվա

ԱՐՄԱՏՆԵՐԸ ՈՒ ՄԱՏՆԵՐԸ


Ա՜յ թե ճանաչել,
Ա՜յ թե իմանալ ընդերքն ու հողը,
Բայց ո՛չ թե ինչ-որ երկրաբանի պես՝ 
Ծակելով հողի կողը կամ ողը.
Եվ ո՛չ էլ իբրև ինչ-որ հնաբան՝ 
Գործի դնելով բրիչ, բահ ու բան.
Եվ ո՛չ էլ անգամ՝ 
Ինչպես ես գիտեմ իմ հինգ մատները:

Ա՜յ թե ճանաչել ընդերքն ու հողը, 
Ինչպես, երևի, հողն են ճանաչում 
Լոկ արմատնե՜րը: 

28.IV.1959թ.
Մոսկվա

ՄԻԱՆԳԱՄԻՑ


Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, 
Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին:

Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան, 
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք, 
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք:

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, 
Հենց այսպես է, ինչպես որ կա: 
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, 
Թե ես ի՞նչ եմ գերադասում, 
Ի՞նչ եմ ուզում 
Ու երազում,
Ես կասեի.
-Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց... 

28.I.1962թ.
Երևան

ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻ՞ՆՉ


Ձորից թռչելիս,
Ժայռից ցատկելիս,
Որպես կենդանի - շնչող արարած,
Նա խեղանդամվում
Ու տնքտնքոցով քարշ տալով ոտը՝
Փոշի է հանում ճանապարհներին...

-Իսկ մենք պարզապես կոչում ենք... քամի՛.
Եվ ուրիշ ոչի՜նչ:

Նա էլ, մարդու պես, 
Ունի ամոթի զգացումը նույն,
Դրա համար էլ
Հագուստ է գործում խոտից ու թփից,
Որպեսզի ծածկի իր մերկությունը...

-Մենք ընդամենը կոչում ենք... առո՛ւ,
Եվ ուրիշ ոչի՜նչ:

Առասպելական հսկա մարջաններ, 
Որ վզնոց դարձած՝
Զուգում են վիզը պատըշգամբների, 
Մի բան էլ ավե՜լ - 
Ունեն համ ու հոտ...

-Իսկ մենք կոչում ենք... պղպե՛ղ կամ տաքդե՛ղ.
Եվ ուրիշ ոչի՜նչ:

Զուգված ավազի դեղին կապրոնով
Եվ անձեռագործ նեյլոնով կանաչ՝
Հնչեցնում է նա իր ջինջ սոպրանոն...

-Իսկ մենք պարզապես կոչում ենք... աղբյո՛ւր.
Եվ ուրիշ ոչի՜նչ:

Մի մե՜ծ, երփներանգ յուղաներկ կտավ,
Որ ժամեր հետո փոխվում է հանկարծ
Սև ու միագույն խորանկարի...

Եվ ուրիշ ոչի՜նչ:

Հրա՜շք իսկական,
Կոչում ենք... գլուխ:

Լեցուն գաղտնարա՜ն,
Անվանում ենք... սիրտ:

Մի քայլող աշխա՜րհ,
Մարդ ենք հորջորջում...

Եվ... վա՜յ ինձ ու ձեզ. 
Այսքանից հետո
Մենք մեզ կոչում ենք նաև... բանաստե՜ղծ... 

18.XII.1959թ.
Թիֆլիս


ԴԻՄԱՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ


Քո կյանքը ապարդյուն անցավ.-
Անօգո՛ւտ, իզո՜ւր տեղ կորար, 
Ինչպես որ բաց ծովի վրա
Տեղացող անձրևը վարար.
Շահեցիր լոկ ծաղր ու ծանակ՝
Միայնակ ցուցարարի պես.
Ո՛չ հասար, ո՛չ էլ ետ դարձար՝
Անհասցե փակ ծրարի պես... 

[1956թ.]

ԼԱՑ ԷԼ ԿԱ, ԼԱՑ ԷԼ


Մեկը լալիս է նորածընի պես՝
Ճչում է, սակայն... արցունքներ չկան:

Մեկն էլ բերանից ծպտուն չի հանում,
Բայց արցունքներն են շիթ-շիթ լճանում:

Մեկն էլ, ինձ նման (գուցե նաև՝ քե՞զ),
Բարձր ճչալու սովոր չէ բնավ,
Եվ արցունքներն էլ աչքից չեն հորդում,
Այլ հոսում են ներս
Ու կիտվում դանդաղ
Չեչաքարի պես ծակծկված սրտում: 

14.X.1959թ.
Չանախչի



ՑԱՎՆ Է ՀԱՃԱԽ ԱՌԱՋ ՄՂՈՒՄ


Անհարմար է բոբիկ քայլել,
Այս կոշիկն էլ շատ է նեղում:
Ինչպե՞ս քայլել առանց ուղու,
Այս ճամփան էլ շատ է շեղում:
Դոփել տեղո՞ւմ: Բայց դրանից
Ո՛չ կոշիկըդ կլայնանա,
Ո՛չ էլ ցավը կմեղմանա...
Ցա՜վն է հաճախ առաջ մղում: 

[1956թ.]



ՍԵՎ ԿԱՏՈՒ


Իմ սևության համար դու արևի՛ն դիմիր,
Պայծառության համար՝ ի՛նձ միմիայն,
Իսկ ես պիտի դիմեմ այն հորթ-արջառներին,
Որ չեն դարձել դեռ եզ,
Սակայն պիտի՛ դառնան:
Եվ ասածիս վրա շատ էլ մի՛ միտք արա:
Միտք անելու համար ճակատ չեն համբուրում:
Ճակատն առհասարակ հո համբույրի տեղ չէ.
Մի փորձադաշտ է նա, ուր ցանում են կնճիռ:

Ու երբ միտք եմ անում, որ բյուր դարեր առաջ
Ես քայլեր եմ փոխել շա՜տ ավելի հարմար՝
Չորս թաթերի՛ս վրա,
Պոչի՜ս ուղեկցությամբ,
Ու չեմ փնտրել բառե՜ր-
այդ պահերին
Ինձ ողբում եմ՝ օտար մեռելի պես,
Հետո էլեկտրական ածելիով
Սափրվում եմ մաքուր ու դուրս գալիս,
Որ հմայքը չափեմ օտար կանանց,
Խոտի աճման համար հարկ վճարեմ աչքով,
Փողոցները կտրեմ՝ առանց «անցումներ»-ի,
Ինքնագլուխ - ազատ սև կատվի՛ պես:

Խեղճ սև կատուները ունեն շա՜տ վատ համբավ.
Մարդ ու մեքենավար նրանց հայհոյում են:
Շատ կուզեի գոնե չհավատալ,
Թե իմ կատվանման անցումներից 
Պատահել է գեթ մի ավտովթար... 

30.IX.1961թ.
Երևան


ԱՆՏԱՌԻ ՎԵՊԸ


Ծերունի թեղին ու ջահել թխկին,
Թեքվելով իրար
Եվ արև տալով
Իրենց ստվերում դողացող ծաղկին՝
Զրույց են անում,
Մի զրույց անծա՜յր:

Կանաչ բացատից, 
Ուր տաք է, պայծառ,
Ոտներս ինձ կրկին թավուտ են տանում:

Ականջս անտառի խոսք ու զրույցին՝
Ես քարանում եմ,
Օ, ո՛չ... կոճղանո՜ւմ:

Դարավոր կաղնին
Ասես մի ինչ-որ երգ է մռմռում կանաչ քթի տակ,
Մի նախնադարյան՝
Բոլորի՜ կողմից մոռացված մի երգ,
Մի ե՛րգ,
Որ գուցե չէր էլ հասցրել կոչվել երգ,
Մի ե՛րգ՝
Նախամարդկային ինչ-որ բառերով,
Որ տաշված էին,
Բայց ընդամենը քարե կացնի չափ,
Որ տաշված էին,
Եվ բնա՜վ մաշված...

Վիպասանում է անտառը կարծես,
Ասքեր է հիշում,
Որոնք աշխարհում
Երբեք չեն հագել բառե նեղ շապիկ
Ու քայլ չեն փոխել տառե ոտքերով:

Վիպասանում է անտառը կարծես,
Մի վեպ է պատմում,
Մի վեպ հնօրյա՛,
Մի վաղընջակա՛ն - անհա՜յտ առասպել,
Մի ավանդությո՛ւն՝
Արշավի մասին սառցադաշտերի,
Նրանց սպիտակ ահեղ վաշտերի
Նահանջի մասին,
Նահա՛նջ,
Որ անշուշտ նահանջ չէր կոչվում.
Կա ուրի՛շ մի բառ,
Որ ջրհեղեղի հին իմաստն ուներ...

Ու լուռ լսում են անտառի որդիք,
Լսում են պապին՝
Աչքերը չռած,
Դունչերը ծռած,
Եվ մամոնտների ահեղ ոտքի տակ
Չեն տեսնում նրա՛ն,
Որ մինչև անգամ դեռ չունի անուն,
Եվ հետո՛,
Հետո՛,
Շա՜տ ու շա՜տ հետո
Պիտի «մա՛րդ» կոչվի...

Խռոված քամին՝ 
Հետաքըրքրված կաղնու վիպումով,
Խռովվածությունն արդեն մոռացած,
Բերնին մի տերև՝
Հիմա քարացած
Ականջ է դնում:

Իսկ իմ հոգու մեջ
Զարթնում է հանկարծ անհա՛յտ մի թախիծ,
Մի հազարամյա անանո՜ւն կարոտ,
Որ բազո՜ւմ դարեր քնած է եղել,
Ինչպես մետաղը՝
Որձաքարի մեջ,
Ինչպես կրակը՝
Ատոմի գրկում...

Ու թվում է ինձ.
Ծառերի խորունկ ճեղքերն էլ արդեն
Ճեղքեր չեն բնավ,
Այլ սեպագըրեր անհայտ մի լեզվի:

Ու թվում է ինձ.
Այնտեղ, ուր շուքից
Գետակի ջուրն է ասես սևանում,
Իրենց ոտերն են հիմա լվանում
Ո՛չ ժայռեր փռչոտ,
Այլ վայրենինե՜ր,
Այն էլ՝ մի ցեղից,
Որ չունի անգամ վերջին մոհիկան:

Ու թվում է ինձ.
Այս լիճը փոքրիկ
Ո՛չ թե պարզապես լճակ է, որ կա,
Այլ հենց մոհիկա՜ն՝
Վերջի՛ն մոհիկանն այն սառցադաշտի,
Որ դարեր առաջ եղել է այստեղ...

Ու թվում է ինձ,
Որ այսպես՝
Կանգնած կանաչ բացատում,
Ուր որ է ես էլ, ուժով մի կախարդ,
Արմա՛տ կձգեմ,
Կհագնեմ սաղա՜րթ... 

29.IV.1959թ.
Մոսկվա


ԳԻՇԵՐՆ ՈՒ ԵՍ


Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտըվություն:
Իսկ ես չունե՞մ:

...Ու ջնջում եմ
Էլեկտրական լամպագըրի այն խորհուրդը,
Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում»
(Փող ունենամ՝
Կհասկանամ 
Առանց և այդ լամպագըրի)...

...Ու բացում եմ 
Փակ դռները գիշերային խանութների.
Ընդամենը հարկավոր է ծխելու բան,
Որ կուզեի ինձ վաճառեր
Ա՛յն աղջիկը,
Որի աչքերն ունեն ինչ-որ անորոշ գույն,
Որի անունն անհայտ է ինձ,
Որի սիրտը փակ է իմ դեմ՝
Ինչպես խանութն այս լեփլեցուն, 
Եվ ի՞նչ ճաշակ ունի արդյոք,
Ես չգիտեմ, 
Բայց կուզեի, 
Շա՜տ կուզեի, 
Որ նա սիրել կարողանար
Նաև... տգեղ տղամարդու...

Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտվություն:
Իսկ ես չունե՞մ:

...Եվ ասում եմ ա՛յն խոսքերը, 
Որ երբևէ չէի կարող ասել կյանքում...

...Բաց եմ անում
Եվ արգելված - հայհոյական բառերն ամեն՝
Իրենց թաքուն պոեզիայով, 
Որ կուտակվել է դարեդար...

... Ներս եմ մտնում ա՛յն դռներից, 
Որ միշտ փակ են եղել իմ դեմ
Ու միշտ բաց են նրա՛նց առաջ,
Որոնց եղածն ու չեղածը ես լա՜վ գիտեմ,
Բայց չեմ ասի նաև այսօր,
Այսօ՛ր, 
Երբ ես կարծես ունեմ թույլտվություն...

...Ներս եմ մտնում
Եվ խոսքերիս ա՛յն իրավունքն եմ ես տալիս, 
Որ կինն ունի՝
Երբ այդ կինը
Ոչ թե արդեն էլ չի սիրում իր ամուսնուն,
Այլև շա՜տ լավ է հասկացել, 
Թե չի սիրում ինչի՛ համար:
Ա՛յն կինը, որ գիտի մի բան
Եվ չգիտե ևըս մի բան.
Նա չգիտի, 
Որ աշխարհում
Կարելի է ապրել նաև առանց սիրո,
Եվ լա՛վ գիտի,
Որ երբևէ, 
Ի՜նչ էլ լինի ու չլինի՝
Անկարող է դավաճանել...

Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտըվություն:
Իսկ ես չունե՜մ... 

26.V.1959թ.
Մոսկվա

14.X.1959թ.
Չանախչի

(«ԹՌՈՒՑԻԿ ԵՐԳԵՐ» շարքից)


Դու


Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում`
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում...

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում`
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում...

Դո՛ւ`
երկու տա՜ռ,
Դո՛ւ`
հասարա՜կ մի դերանուն...

02.VII.1958թ.
Մոսկվա



(«Նույն  հասցեով» շարքից)


ՔՈ ՊԱՏՃԱՌՈՎ


Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:

Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:

Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:

Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել:

Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:

Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս` հպարտությո՜ւնս հաղթողի...

23.III.1959թ.
Մոսկվա


(«Նույն հասցեով» շարքից)