Պարույր Սևակ


ԿՈՐՑՐԵՑԻ ԵՎ ԳՏԱ


Կորցըրեցի և գտա...

Եվ սկսվում եմ կարծես
Ու գալիս եմ այնտեղից,
Ուր շողերը տակավին բազմագույն են,
                և որտեղ
Քամիներն են գոյանում...

Կորցրեցի և գտա...

Ու ձեռքերըս համրացած
Սկսում են նորից-նոր հնչեղություն ստանալ...

Եվ հավատում եմ նորից,
Որ այս անգամ ես ու դու
Կկառուցենք վերջնական բաբելոնյան աշտարակ՝
Միշտ խոսելով նո՛ւյն լեզվով...

Ու չեմ անցնում այլևըս քնի կողքով:
Ես հիմա,
Արդեն հոգնած, բայց հանգիստ՝
Մե՛կ վայրկյանում կքնեմ արշալույսի ձեռքերին,
Մանկան նման անխռով...

Ու դեռ եթե չեմ քնում,
Ապա լոկ այն պատճառով,
Որ զգում եմ, թե հիմա ես կարող եմ և կանեմ
Ա՛յն, ինչ անվերջ կամեցել և ուզել եմ ո՜ղջ կյանքում.
Խոսել առանց որևէ բաղաձայնի՝
                ղողանջել
Համատարած - համասփյուռ ձայնավորո՛վ միմիայն...

Ու ժպտում եմ ես կրկին,
Ու բարի եմ ես այնքան,
Որ կարող եմ նմանվել այն արագիլ թռչունին,
Որին հարց են երբ տվել,
Թե ինչո՞ւ է նա կանգնում իր մի ոտին շարունակ,
Պատասխանել է այնպես,
Կարծես թե ես եմ հուշել.
-«Որպեսզի բեռն աշխարհի թեթևանա գեթ մի քիչ»...

Եվ այս բոլորը՝
        միայն
Երկու բառի շնորհիվ.
-«Կորցըրեցի» և «գտա»...

16.IV.1961թ.
Մոսկվա

(«Նույն հասցեով» շարքից)


ԵՐԲ ԱՉՔԵՐՆ ԵՆ ՍԱՌՈՒՄ...


Մենակություն բառից դողդողուն է օդը իմ սենյակի:
ՈՒ ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...

...Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ ա՛յ-ա՛յ մարդ է գալու:
Բայց դա եթե սուտ չէ,
Ապա բարություն է,
Որ ծնվել է միայն խեղճությունից:
Իմոնք էլ են սառում:
Սակայն դու չե՜ս գալու:
Դու չե՜ս կարող: Գիտե՜մ:
Եվ օդը սենյակիս
Պիտի շարունակի մենակություն բառից անվերջ դողալ՝
Հարուցելով իմ մեջ այն միտքը հին,
Թե վիհերը գուցե նրա համար են լոկ.
Որ մարդ ներքև նետվի:

Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ,
Որ մարդ ներքև նետվի՝
Այդ դեպքում ես
Ինչպե՞ս անեմ.
Կու՛ժ չեմ,
Կուժկոտրու՜կ եմ.
Չե՛մ կոտըրվում, միայն փետըրվու՜մ եմ,
Եվ դրանից արդեն ես հոգնել եմ,
Ինչպես թուղթն է հոգնել իմ ջանքերից՝
Հեռվից հեռու ասել քեզ երկու բառ,
Որ կարող է նու՛յնքան ինձ թարգմանել,
Որքան թարգմանում է ինքնաթիռին հավը...

Սուտ կա, որ ճիշտ արժե:
ՈՒ ես հավատում եմ մեր հնարած ստին,
Թե չենք կորցնի իրար:

Վախ կա, որ մահ արժե:
ՈՒ ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը,
Եվ կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն:

ՈՒ վերջապես, քայլ կա, որ հենց թռիչք արժե:
Եվ ինձ դուրս եմ քաշում իմ մտքերի միջից,
Ինչպես առողջ ակռան բերանից են քաշում:

Բայց հոգնել եմ արդեն
Եվ հոգնել եմ այնքան,
Որ չեմ զգում ոչի՜նչ,
Ցա՛վ չեմ զգում անգամ:

Ա՜յ թե հնար լիներ չզգալ նաև,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը... 

(«Նույն հասցեով» շարքից)


Նամակ


Նա՞ է գրում ինձ 
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ 
Ինքս էլ չգիտեմ. 
"Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... 
Ձմե՛ռ ու ամա՜ռ, 
Աշո՛ւն ու գարո՜ւն... 
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, 
Այն հինգերորդը..." 

Նա՞ է գրում ինձ 
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ 
Ինքս ել չգիտեմ. 
"Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ 
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, 
Որով անցել ես ամռան օրերին, 
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով 
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` 
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, 
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` 
Ճանկռում են դեմքդ, 
Աչքիդ սպառնում: 
Ես քայլում էի աղջամուղջի մեջ, 
Ու քայլում էի նաև ... մտացիր: 
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- 
Մի՞թե նույնը չէ: 
Ու ես հասկացա, 
Որ երբ հուզված ենք` 
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, 
Երբ անվստահ ենք` 
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. 
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը 
Գուցե ամոթի՞ց 
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) 
Գուցե կարոտի՞ց 
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): 
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար 
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ 
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն 
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ... 

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- 
Ինքս էլ չգիտեմ. 
"Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, 
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին: 

Գարունը անցավ` ես քեզ չտեսա, 
Ամառը անցավ` ես քեզ չտեսա, 
Աշունը անցավ` չտեսա ես քեզ, 
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ... 

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը, 
Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ...

(«Նույն հասցեով» շարքից)

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՐԵՆ


Դու լսում ես ինձ այնպե՜ս սիրալիր,
Բայց նաև այնպե՜ս-այնպե՜ս անտարբեր,
Ինչպես լսում են աղմուկն անձրևի:
Խոսքերըս ցածր են՝
    աղոթքի նման,
Խոսքերըս բարձր են՝
    աղոթքի նման,
Որ չի հասնում տեղ
Ու չի կատարվում:
Շաղված աչքերիդ ժպիտի վրա
Գնում-գալիս է քնած մի աստված,
Շուրթերիդ երկու մեծ փակագըծում՝
Մի մեծ առեղծված, որ լուծում չունի...
Իսկ ես խոսում եմ, խոսում եմ, խոսում,
Բայց հիմա ես էլ... ե՛ս ինձ չեմ լսում.
Աչքերիդ շաղված ժպիտի վրա
Արթնացնում եմ մի քնած աստըծու,
Շուրթերիդ երկու մեծ փակագըծում
Մի հին առեղծված առանց քեզ լուծում:
Իսկ դու՝ անտեղյակ, ժպտում ես կրկին
Սիրալի՜ր այնպես,
Բայց և... անտարբե՛ր: 

28.II.1963թ.
Երևան
(«Նույն հասցեով» շարքից)


ՀԱՆԳՍՏԱՑՐՈՒ ԻՆՁ


Հանգստացրո՛ւ ինձ,
Հանգստացրո՜ւ...

Оգնի՛ր, որ ցավըս...
Չի՜ անցնի ցավըս...
Գուցե պետք էլ չէ, որ անցնի ցավը:
Նա էլ է ծնունդ,
Ինչ-որ երեխա
Եվ... իր ապրելու իրավունքն ունի...
Օգնի՛ր, որ ցավիս ետևո՛ւմ պահվեմ.
Հանգստացրո՛ւ ինձ,
Հանգստացրո՜ւ...

Ինչի՞ համար է այս երկմտանքը:
Չէ՞ որ տանջվել եմ ես ազնվորե՜ն:
Թո՛ղ որ ամեն բան բաց պատկերված չէ,
Սակայն ամե՜ն բան պատկերացված է:
Ինչ-որ հնարքով կողպի՛ր մտքերըս.
Հանգստացրո՛ւ ինձ,
Հանգստացրո՜ւ...

Անչափ կարոտ եմ շատ պա՛րզ խոսքերի՝
Տափա՜կ-կրկընվա՜ծ,
Շատ գործածվելուց ողո՜րկ-լպրծո՜ւն,
Բայց նաև միա՛կ - չփոխարինվո՛ղ
Շատ պա՜րզ խոսքերի:
Թո՛ղ որ այցելեն ինձ այդ խոսքերը:
Եվ այնժամ գուցե ես ժպտամ նորից
Եվ իմ ժպիտով ինձ հանգստացնեմ:
Սակայն մինչև այդ ի՜նչ խոսքով կուզես
Հանգստացրո՛ւ ինձ՝
Հանգստացրո՜ւ...

Հանգստացրո՛ւ ինձ՝
Չգիտե՜մ ինչով:
Գուցե՝ ոչնչով:
Էլ չկա՜ հրաշք:
Իսկ դու կարող ես հրաշք ստեղծել
Թաքուն երազված կետկետուն քայլիդ հնչուն նազանքով՝
Իմ շրջակայքում,
Փոշով խավապատ հայելու վրա՝
Քո փորագրիչ - նկարիչ մատի մի խզբզանքով,
Որ նման լինի անհայտ մի լեզվի նշանագրի:
Իսկ սա մի՜շտ ունի թալիսմանի ուժ...

Տո՛ւր ինձ մի խորհուրդ,
Խորհուրդ այնպիսի՛,
Որ ո՛չ մի բառով չի բռնադատվում:
Էլեկտրագրի՛ր մի գալարագիծ կամ լուսալիք,
Ինչպես անում են ճշգրիտ կոչված սարքերը միայն:
Թարգմանությունը մի՜շտ սպանում է:
Քե՛զ մի թարգմանիր.
Ի՛նձ հանգստացրու,
Հանգստացրո՜ւ...

Տիեզերքի մեջ բոլոր մարմիններն ունեն գնդի ձև՞:
Եվ հիմա չունեմ ես իմ մեջ ոչի՜նչ,
Որը չլինի հանգույցի՛ նման,
Կոճակի՛ նման,
Նաև կորիզի՜.
Սե՛րը,
Տանջա՛նքը,
Մտքերը՜ս բոլոր՝
Հանգույցի՛ նման,
Կոճակի՛ նման,
Նաև կորիզի՜:
Տափակացրո՛ւ.
Ինձ հանգստացրո՜ւ...

Ասա. «Հերի՜ք է»:
Եվ ասա. «Կա՛նգ առ»:
Ու ես կանգ կառնեմ,
Ինչպես կանգնում են
Տրամվայների մոտեցող-հասնող շնչառությունից,
Ինչպես կանգնում են փակ դռան հանդեպ:
Ու ես չե՛մ ուզում ոչի՜նչ ուզենալ.
Ո՛չ այն պատճառով,
Որ ուզենալը վիրավորիչ է,
Այլ ա՛յն պատճառով,
Որ պատճա՜ռ չկա բան ուզենալու:
Բայց, այսուհանդերձ, ինձնից էլ թաքուն,
Գուցե կուզեի մի պահ կանգ առնել,
Ինչպես կանգնում են
Ո՛չ թե մոտեցող տրամվայների շնչառությունից,
Փակ դռան առջև, 
Այլ այնպես,
Ինչպես կանգնում են նաև ծաղկի՜ հանդիման...

Դու այնպե՛ս ուզիր,
Որ ես չուզենա՜մ.
Հանգստացրո՛ւ ինձ,
Հանգստացրո՜ւ... 

04-05.IV.1961թ.

Մոսկվա


(«Նույն հասցեով» շարքից)

ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ


Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...

Թե կուզես՝ լռի՛ր:
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանըդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել - իզո՜ւր,
Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել - իզո՜ւր...
Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
Եվ սերն իսկական հենց այս է որ կա.

-Պատահաբար ես պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս... 

26.I.1962թ.
Երևան

(«Նույն հասցեով» շարքից)

Սա մտածում է, որ ինքը` դանակ


Սա մտածում է, որ ինքը` դանակ,
Աշխարհն էլ շատ է նման դմակի,
Բայց տանը, տեսե՛ք, ի՜նչ ձև է տալիս
Անստորագիր մի նոր նամակի.
«Այսինչ-այնինչը դմակ է ուտում
Եվ թշնամաբար չի էլ նկատում,
Որ այդ դմակը դիպել է մի օր
Մաքու անմաքուր կեղտոտ քամակին...»


Նրա ձեռքը բան չի ընկնում


Նրա ձեռքը բան չի ընկնում-
Եվ... չհավան է:
Սրա գլխում բան չի մնում-
Ամբարտավան է:
Տանտիրուհին անշնորհք է-
Միսն է այրել թեժ կրակին,
Մեղավորը ո՛չ թե ինքը,
Այլ... խեղճ թավան է:


Թե ասես. «Մատըս վարունգ է»


Թե ասես. «Մատըս վարունգ է»,
Աղ կառնի ու մոտ կվազի,
Թե ասես. «Աչքըս դուրս եկավ»,
«Տուր տանեմ խեղճ կատվիս» կասի:
Բայց փորձիր հիմար գտնվել`
Հունվարին մրսել ու հազալ,
Լեղաճաք կփախչի հեռու.
«Նման է թոքախտի հազի»:

Իսկ ա՜յս տիպը, հապա տեսեք


Իսկ ա՜յս տիպը, հապա տեսեք.
Ձվի մեջ էլ մազ է փնտրում,
Ոչ թե աչքիդ... ակնոցի՜դ մեջ
Վտանգավոր խազ է փնտրում:
Թե սկսես. «Հնում լավ էր...»,
Հո չի հարցնի, թե ինչն էր լավ,-
Նույնիսկ կիսատ քո խոսքի մեջ
Իր դարն ապրած ֆազ է փնտրում... 



Ձրի պատանք թե լինի


Ձրի պատանք թե լինի`
Ափալ-թափալ կմեռնի,
Ասես «ձուկ է», հավատա,
Օձ էլ լինի` կբռնի:
Եթե չունի ինքը շահ`
Չի հասկանա ոչ մի բառ,
Եթե մեջը շահ ունի`
Շան լեզուն էլ կըմբռնի:

Իսկ ինչո՞ւ, ինչի՞ համար


Իսկ ինչո՞ւ, ինչի՞ համար
Այս մեկին ուշք չեք դարձնում.
Մի ասեղ պիտի առնի`
Պողպատի փութն է հարցնում,
Իսկ կողքին թե մարդ չկա`
Էլ ի՜նչ հարց - ի՜նչ պատասխան,-
Թե հավը ձեռքից թռավ`
Անփետուր ճուտն է վերցնում: 

Սա տուն չի շինել


Սա տուն չի շինել`
Գիտի, թե սյունը տան մեջ է բուսել:
Նա, որ չի վազել`
Անցնե՜լ է ուզում, ոչ միայն հասնել:
-Խոսելը հեշտ է, հոսե՜լն է դժվար-
Հո՛ւն է հարկավոր,
Սյունը չի բուսնի,
Ինչքան էլ գոռաս.
«Տո՜ւն է հարկավոր»:


Սա, թե տեղն եկավ


Սա, թե տեղն եկավ`
Աջով գրածը ձախով կջնջի,
Սա, թե նեղն ընկավ`
Մոր սիրողին էլ «հայրիկ» կկանչի,
Սա, թե բեղը կա`
Միրուք կսարքի մազից էլ ձկան...
Ճիշտ է, դեղը կա,
Սակայն այս ցեղը բուժելու բան չի:

Ականջովը մեկ


Ականջովը մեկ
Թթու թան չարժե,
Կարծում է` պիտի
Եվ լեռներ շարժե,
Իսկ լեռներն, ինչ խոսք,
Չեն շարժվում տեղից,-
Նա կարող է լոկ
Աթոռներ շարժել:


Այս տի՞պը: Քո տանը լակում


Այս տի՞պը: Քո տանը լակում՝
Ուրիշի դռանն է հաչում,
Ուտում է իր կուտն ա՛յս բակում՝
Ձուն ածում է մեկ ուրիշ քուչում:
Դու, ի՞նչ է, չգիտես ինչո՞ւ:
Զգայուն առագաստ ունի.
Հասկանում, զգում է իսկույն,
Թե քամին ո՛ր կողմն է փչում:

Գողի հետ նա գառը աղում


Գողի հետ նա գառը աղում,
Տիրոջ հետ` իրեն է ճղում,
Գիշերը` լրբություն անում,
Ցերեկը` սրբություն խաղում:
Թե մեղուն աջ ոտքն է կծել`
Ձախով էլ կաղում է այնպես, 
Որ կարծեն` կռիվ էր մղում
Եվ հիմա... արյուն է հեղում:

Թե տեղը գա` այս մարդուկը


Թե տեղը գա` այս մարդուկը
Հորն ուրանում` «որբանում» է,
Թե տեղը գա` լրբանում է,
Թե տեղը գա` սրբանում է:
Թե «կոմունիստ» կոչված բանից
Նա որևէ նշույլ ունի,
Այն էլ ոչ թե սրտում, գլխում,
Այլ - շա՜տ ափսոս - գրպանում է:

Ի՜նչ ասեմ խելքդ


Ի՜նչ ասեմ խելքդ.
Ժամանակից շուտ մի խոսք ասացիր,
Քեզ, դրա համար,
Մեղավորների շարքը դասեցին:
Բա ո՞նց, մոռացա՞ր.
-Աքլորը կանչեց ժամանակից շուտ`
Մորթեցին, կերան,
Հետն էլ մատները մի լա՜վ լիզեցին:

Հիսուն տարի առաջ ծնվեր


Հիսուն տարի առաջ ծնվեր`
Նա կդառնար հաջող չարչի,
Բայց դե գիտի` չարչու դար չի:
Էհ, ի՞նչ անի, ինչի՞ց կառչի,-
Ու կարծիք է անվերջ ծախում,
Սակայն - ավա՜ղ - գնող չկա.
Դրանք քաղում է թերթերից,
Բաժանորդն էլ հիմար հո չի: