Պարույր Սևակ


Լավից դժգոհ


Լավից դժգոհ`
Լավը թողեց, գտավ վատ,
Մետաքս ուզեց`
Շալը թողեց, գտավ լաթ,
Ուզեց մեկից
Ե՛վ հաց, և՛ յուղ ունենալ,-
Ցորենի տեղ
Բռնեց ցանեց կտավհատ...

Ի՞նչ ես պահանջում


Ի՞նչ ես պահանջում
Այս խեղճ հայելուց,
Հո չես փոխվելու
Երկար նայելուց.
Եթե հագինըդ
Քուրջ է, ցնցոտի,
Քեզ ո՞նց հայելին
Ցույց տա վայելուչ:


Ուղտը չի տեսնում


Ուղտը չի տեսնում
Իր մեջքի կուզը,
Բամբակ է կարծում
Իրեն ընկույզը:
Այս ցավով նաև
Թվերն են հիվանդ.
Ծուռտիկ է հաշվում
«1»-ին «2»-ը:


Իմաստուն էր, բայց շատ ձգեց


Իմաստուն էր, բայց շատ ձգեց
Ու քաշքշեց այս պարանը,
Մոռանալով, որ պարան է -
Ճիշտ է, հաստ է, բայց գերա՞ն է:
Է՜հ, թող նույնիսկ գերա՜ն լինի,-
Միևնույն է, ո՛վ իմաստուն,
Պիտի հատվեր` թե պարան է,
Պիտի ջարդվեր` թե գերան է:

Ախ, գոնե


Ախ, գոնե անփակ
Բերանը փակի,
Որ «Լո՜ւյս է, լույս է»-ն
Ականջ չծակի:
Այս ծակ-ակտիվը
Ո՞նց չի հասկանում.
Առանց աքլոր էլ
Լույսը կծագի: 

Ամռան շոգին պաղ շվաքում


Ամռան շոգին պաղ շվաքում
Մրափող կուժը
Ի՜նչ իմանա արեգակի
Ահարկու ուժը,-
Արեգակը նրա աչքում
Հայրաբար բարի՜,
Արեգակը նրա համար
Նույնիսկ քնքո՜ւշ է...

Երեկ` ուրիշ եղանակ


Երեկ` ուրիշ եղանակ,
Այսօր այլ բան է երգում,
Սիրով ժխտում ինքն իրեն
Եվ ինքն իրեն է հերքում:
Արդարանա՞լ է ուզում,
Բայց թե մեկ է - չի՜ օգնի.
-Էշ նստելը` մի ամոթ,
Էշից իջնելը` երկու...

Բեղերը քեզ քիչ են թվում


Բեղերը քեզ քիչ են թվում -
Ուզում ես և լինի մորուք.
Հա՛մ ջահել մնալ ես ուզում,
Հա՛մ դառնալ իմաստուն ծերուկ,-
Դու շատի ետևից ընկած`
Քիչն էլ ես բաց թողնում ձեռքից...
Ա՜խ, հիմա՜ր, այդ ո՞վ է բռնել
Մի ձեռքով երկու ձմերուկ:

Չէիր կարող երեկ ասել


Չէիր կարող երեկ ասել,
Թե` սև հոնք կա աչքիդ վրա,
Մինչդեռ այսօ՜ր - քաղցր-մեղցըր,
Մեղրածոր է, տեսե՜ք նրան...
Զգուշավո՛ր իմ բարեկամ,
Զգո՜ւյշ, այդքան մի քաղցրացիր,
Մեկ էլ տեսար` ճանճերն ագահ
Վրա տվին ու քեզ կերան:


Քո կյանքը ապարդյուն անցավ


Քո կյանքը ապարդյուն անցավ -
Անօգուտ, իզուր տեղ կորար,
Ինչպես որ բաց ծովի վրա
Տեղացող անձրևը վարար:
Շահեցիր լոկ ծաղր ու ծանակ՝
Միայնակ ցուցարարի պես,
Ո՛չ հասար, ո՛չ էլ ետ դարձար՝
Անհասցե փակ ծրարի պես...


Նա այնքան ջահել է դեռ


Նա այնքան ջահել է դեռ,
Եռանդագին ու խանդավառ է,
Բլրաշատ այս դաշտը դեռ
Նրա աչքին մի հարթավայր է,
Չգիտի, որ ձավարը
Ցորեն է, բայց ծիլ չի տալիս,
Եվ, նայի՛ր, ինքնավստահ,
Մի անլուրջ ամբարտավան է:

Գարունն է գալիս, դիմավորեցե՜ք


Գարունն է գալիս, դիմավորեցե՜ք,-
Ահա և նրա պարզ «հեռագիրը»՝
Հին աշտարակին, մի ոտքի վրա
Տնկվել է նորից ծեր արագիլը:
Գարունն է գալիս: Վերադարձել է 
Եվ արագիլը օտարությունից,
Իսկ սրա հոգին չի բացակայել,
Չի չվել երբեք, բայց... տարագիր է:

Նա դուրս է տալիս


Նա դուրս է տալիս
Ծռտի ու պռտի,
Մեկ` խիստ պարզունակ
Ու մեկ էլ` խրթին:
Բայց կարևոր է
Գիտե՞ք, թե որը.
Լեզվին` մի բան է,
Այլ բան է` սրտին:

Ինքը մի նոր


Ինքը մի նոր,
Մի իսկական շնաձուկ է,
Բայց քո՛ մեջ է
Փնտրում հնի մնացուկը:
Եվ գտնում է...
Գիտե՞ք որտեղ - հենց այն բանում,
Որ խորշում ես շնաձկից,
Ինչպես... հնում:


Բավական է


Բավական է
Ասես «ջանիկ»`
Իրեն կզգա
Նա երջանիկ...
Վա՜յ քո խելքին,
Վա՜յ քո երգին,
Վանդակ ընկած
Դու դեղձանիկ...

Նա սուտ է փչում: Թե սուտը բռնես


Նա սուտ է փչում: Թե սուտը բռնես-
«Որսորդ եմ» կասի:
Անհամի մեկն է: Ասես` անհամ ես-
«Նոր սորտ եմ» կասի:
Մարդ է սպանել: Ու եթե բռնես
Հանցանքի տեղում`
Էլի՜ կգտնի արդարացումը.
«Հերսոտ եմ» կասի:


Հետըդ «ուռռա» բերեցիր


Հետըդ «ուռռա» բերեցիր
Եվ ի՜նչ - միայն «վայ» տարար,-
Ուռցըրածըդ` համարիչ,
Զուր ցրածըդ` հայտարար:
Ինքըդ հաշվիր, թվաբա՛ն,
Թե ի՛նչ մնաց քանորդում.
Մի մանրացո՜ղ կոտորակ...
Տե՜ղն է անբան շանորդուն:


Թե նա մի քիչ վատ է զգում


Թե նա մի քիչ վատ է զգում`
Թեթևակի հիվանդանում,
Վայնասուն է գցում իսկույն,
Ո՜նց է սուգ ու շիվան դնում:
Իսկ դու - կեցցե՜ս. Հրո երկիր,
Թե Սառուցյալ օվկիան ընկիր`
Միևնույնն է, զգում ես քեզ
Բարեհուսո հրվանդանում:


Գրաբար բառ է. այդ ի՞նչ ասել է


Գրաբար բառ է. այդ ի՞նչ ասել է
«Դաստիարակել»,-
Եվ հասկանում է նա էլ յուրովի`
«Ղաստի վարակել»:
Անծանոթ բառ է նաև «կրթելը»,
Բայց նա կրթում է,
Եվ ստացվում է նո՛ւյն բանը կրկին.
Շա՜տ լավ կրտում է:

Աչք մտնողը աչքի ընկավ


Աչք մտնողը աչքի ընկավ`
Աչք կհանի...
Աչքալույս տաս` աչքի լույսն ես -
Աչքով կանի.
Աչքիդ չընկավ` աչքի փուշն ես -
Այնուհետև`
Քեզ նայելու աչք էլ չունի
Չորսաչքանին: