Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ. Показать все сообщения

ԵՂԵՌՆԻ ՀԱՄԱԶԱՆԳ


ՂՈՂԱՆՋ ԸՆԴՀԱՏՎԱԾ
Եվրոպայից նա վերստին սիրով դարձավ
Իր Գուսանին և խազերին
Իր Անուշ-ի նոր մասերին,
Իր Վարդան-ի գոռ բասերին:
Հնչյուններից պիտի կերտեր մի հուշարձան,
Որ հավասար պիտի լիներ
Իր վեհությամբ Սասնա սարին.
Պիտի երգով ողորմի տար
Բաղդասարին, Սանասարին
Ու նզովեր Մսրա չարին.
Հորովելով Դավիթ տղան
Պիտի մենակ՝
Անեզ-անլուծ`
Գեղջուկի տեղ գութան քաշեր,
Հետո՝ զորքին հանգիստ թողած,
Մսրա տիրոջ սիրտը խաշեր.
Պիտի՛, պիտի՛…
Վարդապետի
Գիշերածալ վեղարի տակ
Բացվում էին լուսաթաթախ առավոտներ՝
Մեկը մեկից պայծառ ու տաք,
Մեկը մեկից վառ ու հստակ:
Կրծքի ներքո սիրտը թնդուն
Կարծես անվերջ նույնն էր պնդում՝
Երաժշտի՛ր:
Ամենակուլ խորշակի դեմ ու երաշտի՝
Երաժշտի՛ր :
Թշնամու դեմ ահեղացող,
Օղակի դեմ հար նեղացող,
Ընդդեմ նրա երգի, ձայնի , նրա շեշտի՝
Երաժշտի՛ր :
Մինչև մահդ հրաժեշտի՝
Երաժշտի՜ր:
Երաժշտում և դեռ պիտի
Հորդաբխուն երաժշտեր:
Վիշտ երգելով՝ ցրեր վշտեր,
Հույս երգելով՝ հավատ շեշտեր,
Սուտը հերքած՝ ճիշտը ճշտեր,
Բայց…մի ահեղ գիշերվա մեջ
Արյուն հագան կանաչ դաշտեր,
Եվ հույս, հավատ, կյանք ու անուրջ
Օր-ցերեկով հանկարծ դարձան մի վատ երազ.
Օդում կախվեց
Աշխարհակուլ մի պատերազմ…
ՂՈՂԱՆՋ ՏԱԳՆԱՊԻ
Օդում կախվեց աշխարհակուլ մի պատերազմ,
Իսկ գարո՜ւն էր…
Լեռնաշխարհի կատարներին
Ձյունը՝ կիսված պատառների,
Արատսվում էր գլուլ-գլուլ
Շրջանցելով լեռ ու բլուր՝
Առու դարձած
Հոսում էր ցած
Այնքա՜ն սիրած ու չտիրած բարձունքներից,
Եվ խառնելով պուտ-պուտ արցունքն արցունքներին՝
Հովիտներում լացն էր փոխում հեծկլտոցի
Ու գալարքով վիշապ օձի
Ձոր ու կիրճ էր իրեն գցում.
Դառնում էր գետ, մի գետ ելմա՜ն,
Ու չէր գտնում խոսքեր ներման՝
Ծանր խաբված կնոջ նման…
Ողջ աշխարհում՝
Մահ ու արյուն,
Իսկ գարո՜ւն էր…
Ծաղիկներն են աչքով անում այստեղ-այնտեղ,
Եվ ամեն թուփ, ամեն ցողուն
Դառնում է լար մի յուրովի, դառնում ստեղ՝
Երգուն քամու մատների տակ:
Օրը՝ օրին, և օդն արդեն
Մեղմ է այնպես, հողն այնպես տաք,
Ասես համայն աշխարհով մեկ
Մի մայր բարի, սիրագորով,
Մանուկ հողն է ջերմացըրել
Իր բերանի տաքուկ գոլով…
Մարտե՛ր,
Ջարդե՛ր,
Հո՜ւր ու հրդեհ,
Արնակոլոլ հազա՜ր սրտեր,
Իսկ գարո՜ւն էր…
Եվ շողակաթ առավոտներ
Ջինջ ցողով են թրջում ոտներ,
Թավ սաղարթով ծառեր զուգում
Ծաղիկներով ու կանաչով
Պճնում ոչ թե լոկ արոտներ,
Սարահարթներ,
Այլ մինչև իսկ ոտնահարված արահետներ…
Ամենուրեք քույրեր ու մայր
Հարազատի մահ են կոծում,
Իսկ մի թռչուն հիմա՜ր-հիմա՜ր
Ինչ-որ ուրախ երգի համար
Ողջ ժամանակ ձայնն է փորձում…
Ամեն ծառից՝ նոր մի տաղիկ,
Ամեն քարից՝ նոր մի խաղիկ.
Եվ դաշտերում՝ շաղն է շողում,
Ու ծաղիկներ են փողփողում,
Իսկ մի համեստ ծնկածաղիկ
Աշխատում է ոտքի ելնել՝
Մի կերպ շտկել ծռված ցողունն
Ու…ոչ մի կերպ չի հաջողում…
ՂՈՂԱՆՋ ՆԱԽՃԻՐԻ 
Ծնկածաղկի պես
Մեզ էլ չաջողվեց ոչ միայն նորից
Շտկել վեցդարյա ցողունը մեր կոր,
Այլ բարբարոսի նույն դաժան ձեռքով
Ցողունն այս անգամ արմատից հատվեց.
Հայկական հարցից Թուրքիան ազատվեց
Հայաստան երկրում հայ չթողնելու մի ահեղ ելքով,
Որ ոչ լսված էր, ոչ էլ տեսնըված
Մարդկային ցեղի երբևէ կրած անպատվության մեջ
Եվ մինչև անգամ իրենց` թուրքերի
Արյունով հունցված սև պատմության մեջ:
Մի ո՜ղջ ժողուուրդ մեկ-մեկ թրատել,
Մի ամբո՜ղջ անտառ արմատից հատել…
Եվ կույսեր, որոնց ծոցի մեջ լուսե
Լուսնի լույսն անգամ ծածուկ չէր հոսել,
Որ երկչոտ էին ինչպես եղջերուն,
Որ աննյութ էին ասես հորինված
Մի հովվերգական վեպի էջերում.
Աղջիկներ,
Որոնք անպարկեշտ բառից ու շոյիչ խոսքից
Երկնքի նման բռնկվում էին շիկնանքով ոսկի.
Ամոթխա՛ծ, մաքո՛ւր, լուսավո՛ր կույսեր,
Որ ֆրանսերեն անգիր գիտեին
Լամարթին, Վիյոն, Ալֆրեդ դը Մյուսե
Եվ անգլերեն
Խենթ Օֆելյայի տրտում երգն էին արցունքով ջրում,-
Օֆելյայի պես այժմ ցնորված՝
Խելագարվածի իրենց ճիչերում
Դարձյա՜լ մոռանալ չէին կարենում ա՛յն դժոխքը սև
Եվ բռնաբարող ա՛յն ասկյարներին,
Ա՛յն ենիչերուն,
Ա՛յն անասունին ասուն, բայց անբան,
Որի բութ գլխի կեղտոտ փռչերում
Եթե խլվլում-շարժվում էր մի բան,
Ապա մարդկային մի՛տքը չէր, օ, ո՛չ,
Այլ… միայն ոճի՜ր:
Մարդի՛կ, որ չունեն մարդկային ոչինչ,
Մարդի՛կ որ մա՜րդ չեն,
Այլ ավելի շուտ մարդակերպ կապիկ.
Որ յոթ տարին մեկ չեն տեսնում նույնիսկ օճառի երես,
Տասը տարին մեկ չեն փոխում շապիկ,
Եվ սուր բահ է պետք,
Որ մարմինների սև տարթը քերես,-
Հիմա ամենուր
Նորապսակի սուրբ առագաստ են պղծում անպատիժ,
Հայոց մայրերին անում անպատիվ…
Լլկըվողները թող գոռան «հրե՜շ»,
Սակայն ո՞վ գոչի ու լուծի վրե՛ժ,
Թե տղամարդիկ՝
Հեռու և մոտիկ՝
Դարձել են արդեն լեշ ու փորոտիք…
Եվ մարդի՛կ,
Որոնց բիրտ պճեղների քրտնքահոտից
Անգամ հոպոպը իր շունչը կտար,
Ճխլտում էին նույն այդ ոտներով
Մեր մանուկներին դեռ նորատոտիկ,
Մեր մանչուկներին՝ լույսի պես արդար,
Առավոտի պես մաքուր ու գերող,
Գարնան պես բուրող…
Եվ մարդիկ, որոնց աչքերը ճպռոտ
Հիշեցնում էին ոտաց ճանապարհ,
Եվ որոնց միտքը-դավաճանաբար-
Չէր կտրում այնքա՛ն, մինչևիսկ այնքա՛ն,
Որ այդ ճպռումից կարող են փրկվել,
Եթե…լվացվեն օրը մեկ անգամ,-
Միևնույն մարդիկ
Մեր սուրբ մայրերի հանճարներ սնած ծիծն էին փրթում
Եվ` չգոհացած սառն ու տաք զենքից՝
Մոր աչքի առջև
Քարերով էին փշրում ու ջարդում
Գանգերը նրա՛նց,
Ովքեր ստեղծում
Ու բանաստեղծում,
Հրաշքներ էին աստծու պես կերտում,
Եվ եթե աստծուց տարբերվում էին,
Ապա այնքանով,
Որ նա անգո էր, իրենք՝ իրական:
Եվ հիմա սակայն
Ձեռքն անասնական
Ջնջում էր և այդ տարբերությունը,
Ջնջում էր քարով.
Հայոց աշխարհի հայկական քարը
Ջարդում-փշրում էր հայոց քանքարը…
-Ո՛վ արդարություն,
Թող որ ես թքեմ ճակատին քո բաց,-
Գոչել էր մեկը քարերով ջարդված այդ հանճարներից,
Գոչել ո՛չ հիմա,
Այնժամ էր գոչել,
Երբ խուժանն այս նույն
Արյունով հարբած գազանի նման
Դրդվելով միայն վայրենուն հայտնի իր պատճառներից,
Ո՜րերորդ անգամ մոխիր էր թողնում
Մեր արտ ու այգուց, մեր տաճարներից:
Եվ հիմա՛,
Հիմա՜,
Երբ կոտորա՛ծ չէր, երբ ջա՛րդ չէր,
Այլ մա՜հ`
Մահ համատարա՛ծ և համազգայի՛ն,
Մահ ծերի՛,
Մանկա՛ն,
Խեղճի՛,
Հսկայի՛,
Երբ մահվան մրրիկ,
Երբ մահվան բուք էր,-
Այլևս որտե՞ղ, որտե՞ղ էր թուքը,
Որ արդարության ճակատը փակեր:
Ա՜խ չորացել էր հայոց աշխարհի բերանն ու բուկը:
Էլ ինչպէ՞ս թքել,
Եվ այդ ո՞վ թքեր,
Թե հայոց երկրում էլ մարդ չէր մնում,
Բովանդակ մի ազգ թե կուլ էր գնում
Թուրք յաթաղանի պաղբոց պողպատին,
Հայոց հայալիք Տիգրիս-Եփրատին,
Սև արաբների շեկ անապատին՝
Օ՜րը ցերեկով,
Ո՛չ թե աննկատ:
Եվ ունեցե՞լ էր արդարությունը երբևէ ճակատ:
Օ, ո՛չ, նա ուներ միմիայն քամա՛կ,
Քամա՛կ մի խելոք,
Որ շուռ էր տվել մի բնաջնջվող հինավուրց ազգի՝
Նախապես նրան զրկելով զարկող ու փրկող բազկից:
Ու թե կար ճակատ,
Դա ռուս-տաճկական այն ճակատն էր լոկ,
Որ մոտենում էր՝
Ասես լսելով
Կտրվողների,
Կոտորվողների
Ահավոր ճիչը,
Եվ – մեկ էլ հանկարծ – չգիտես ինչու,
Բռնում էր ճամփան արագ նահանջի՝
Թույլ տալով իջնի
Եվ զարկը վերջին,
Կարծես եղածը դեռևս քիչ էր…
Եվ սակայն նրանց մեղքն ի՞նչ էր, ի՞նչ էր,
Անաստվա՛ծ աստված,
Ինչո՞ւ էր արվում այնքան անօրեն
Եվ ահեղ մի դատ:
… Կար երկաթուղի,
Որ պիտի անցներ Բեռլինից-Բաղդադ:
Բայց ինչպե՞ս անցներ անապատներով այն արաբական,
Որտեղ կանաչը կայարանների դեմքը չի պատում,
Ու չկան շեներ, ավաններ ու տուն:
-Մեղքը հայի՛նն էր, որ հոժարակամ
Չէր գնում ապրի շեկ անապատում,
Չէր լքում բնիկ հայրական տունը,
Իր բազմադարյան շենն ու ավանը՝
Ամուր Կարինը, անառ Սասունը,
Իր ծոցվոր Մուշը, պտղած իր Վանը…
… Բովանդակ մի դար, դարուց ավելի՜,
Տենչանքն էր կիզում ռուսաց նավերին.
Իրենց ձնառատ ու պաղ հյուսիսում
Երազում էին, կարոտով հիշում
Լուսեղ արևելք, արևոտ հարավ,
Ու խենթ տռփանքի խոսք էին բանում
Այն Դարդանելին՝ պչրուհուն պառավ,
Որ չէր դիմանում
Առանց հոմանու,
Բայց սրանց- ինչո՞ւ- թողնում էր ծարավ,
Նազը՝ նազ, սակայն…հետո՞, ի՜նչ դառավ,-
Եվ ահա ռուսներն է՛լ չեն դիմանում:
Մեղքը հայի՜նն էր.
Նա թուրքի աչքին այլ բան չէր թվում,
Քան հաջող քամի
Եվ մի առագաստ, որ ինքն է պարզվում
Մոսկովի կայմին…
… Այս շարժիչների թանկ-էժան դարում
Նավթի փոխարեն – ի ցավ խեղճ հայի -
Դեռ Անգլիայում ջուր չէին վառում:
Բոլոր ծովերը ՝ նույն Անգլիային,
Մինչդեռ նավթի ծովն, ա՛յ, Մուսուլումն է:
- Եվ մեղքը ո՞ւմն է,-
Իհա՛րկե հայինն…
… Արդեն օսմանյան կավե հսկայի
Ծեփն է ճաքճքվում
Ու մեջքը ճկվում՝
Բանականության տաքուկ շողերից.
Ռումին ու բուլղար, սլովակ ու սերբ
Պոկվել են նրա կավե կողերից:
Նույն աններելի մտքին է հակվում,
Նույն ախտով նաև հայն է վարակվում՝
Իր մասն է ուզում իր իսկ հողերից,
Գրոշ է ուզում իր այն փողերից,
Որ հափշտակել
Եվ ճչալ ուզող բերանն են հետո քացիով փակել:
Ու դժգո՞հ է նա,
Եվ ա՞յդ է ուզում անխոս ակնարկել:
- Ուրեմն պարզ է. նա հանցագործ է,
Եվ պիտի ջնջվեն իր էգն ու որձը:
… Եղունգ են քերծում, պտղունց են մաշում,
Ժայռից վանք կերտում, քարից նուռ տաշում,
Դարպասի աչքին հոնք-կամար քաշում,
Արձան են ձուլում, շինում ապարանք:
-Եվ մեղավոր են այստեղ էլ նրանք…
…Հաշիշ չեն ծխում,
Խմում են գինի,
Ապրում անթալան և առաքինի,
Չեն պահում հարեմ,
Ոչ էլ ներքինի,
Եվ չունեն մոլլա,
Որ կապի չալմա.
Նրանց քեշիշը վեղարավոր է:
-Եվ… մեղավոր են…
… Ձեռքի հետքերը նրանց հայրերի
Կնիք են դրել այս նույն վայրերին՝
Իբրև սեպագիր
Կամ շաղախ ու կիր,
Իբրև շիրմաքար
Կամ որմնանկար,
Իբրև մագաղաթ
Կամ լեռծակ-ջրանցք…
- Եվ ո՞ւմն է մեղքը,-
Իհա՛րկե նրանց…
… Ինչպե՞ս չկտրել այն կոկորդը չար,
Որ ցավից հանկարծ կարող է ճչալ,
Կարող է հայցել փրկություն ու ճար…
… Պիտի ազատվել այն լիրբ աչքից էլ,
Որ երազանքից շողում է պայծառ
Եվ կամ մատնում է ապրած կսկիծը
Ու դրանով իսկ դառնում է պատճառ,
Որ օտարները … լացողին խղճան՝
Տեսնելով նրա աղի արցունքը…
…Ինչպե՞ս չջարդել հանցավոր ծունկը
Եվ այն մեղսակից համառ արմունկը,
Որոնց հենվելով՝ մարդը արնաքամ
-Եվ գազա՜նն անգամ-
Ուզում է դուրս գալ ժանտ գերությունից…
Ուրիշ ավելի հանցավոր բան կա՞:
- Դե եկ, մի՛ ելնի համբերությունից,
Դե եկ, թուրքօղլի՛, ցավից մի՜ վնգա…
… Կյանքում կան բաներ, որոնք չեն քերվում,
Ինչպես չի քերվում արյունը սրտից
Կամ գույնը վարդից:
Կյանքում կան բաներ, որոնք չեն ներվում
Ինչպես դրացուն,
Այնպես էլ համայն մի ժողովրդի:
Չի ներվում և այն,
Ինչը կոչվում է առավելություն…
- Եվ այդ ահռելի հանցանքի դիմաց
Դեռ պահանջում եք ներման վեհությո՞ւն…
…Նրանք գիտեին սիրել ու ատել,
Գիտեին խորհել ու համեմատել,
Խույս տալ ցավերից, դավերից ծպտյալ,
Ծարավել լույսին, արևին ժպտալ:
Թե անսահման էր նրանց տանջանքը,
Անծայր էր նույնքան և անրջանքը:
- Ահա՛ և նրանց ծանր հանցանքը…
…Ունեին նաև մեկ ուրիշ հանցանք,
Որ ահավոր էր:
- Գիտե՞ք, թե որը.
Երբ մարդ ոչ մի կերպ չի կարողանում
Ընդմիշտ մոռանալ մի հիմա՜ր անուն՝
Ի՛ր իսկ անունը և ազգանունը:
- Ի՜նչ հանդգնություն, դուք հասկանո՞ւմ եք…
Եվ նա ուզում է նույնիսկ չդատվե՞լ,
Խուսափել արդար կարգ ու կանոնի՞ց:
Ուրեմըն… պիտի ա՛յլ կերպ ազատվել
Այդ լիրբ անունից և ազգանունից:
Իսկ դա անունն էր մի ամբողջ երկրի,
Ո՜ղջ մի ազգ էր դա կրում ու պահում…
Եվ քաղաքակիրթ այն Եվրոպայում,
Ուր ով ծանոթ էր հայոց հին գրին,
Հայոց պատմությանն ու պատմագրին,
Դառնում էր դոկտոր ու պրոֆեսոր՝
Դեռ օրը նույնիսկ չդարձած կեսօր…
Եվ քաղաքակիրթ այն Եվրոպայում,
Ուր մարդկայնության փութանց նոպայում
Շատերի համար դարձել էր փեշակ
Մեզ երկի՜նք հանել՝
Հային անվանել
Ասիական մթնում գիտության մշակ,
Է՛լ ջահ, է՛լ կերոն, է՛լ միակ փարոս,
Իսկ թուրքին կոչել բիրտ ու բարբարոս՝
Իրենց համեմատ այնքա՛ն վայրենի,
Որ պետք է նրա հողը հայրենի
Վաճառքի հանել
Կամ մեջ-մեջ անել,
Որպեսզի… հողը չմնա խոպան,-
Հիմա լուսավոր այդ նույն Եվրոպան
Առանց շիկնանքի այնտեղ էր հասել,
Որ ժառանգներին Կարմիր սուլթանի
Դասեր էր տալիս՝
Եղեռնի՜ դասեր,
Դասեր նախճիրի՛, բարբարոսությա՜ն,
Իրեն պահելով…դերը բոզության:
Այդ նո՛ւյն Եվրոպան
Նման չէ՞ր հապա
Հարբած-արնախում այն թուրք զինվորին,
Որ ձանձրանալով զառերից նարդու
Կամ թուղթ խաղալուց,
Իր թուրը դրած հայ հղի կնոջ սուրբխորան փորին՝
Գրազ էր գալիս, թե ի՛նչ կբերի.
- Աղջի՞կ, թե տղա,-
Եվ մանկաբարձի նշտարի տեղակ
Թուրն էր կատարում կեսարյան հատում…
Իսկ նա կին չէր, ո՛չ, այլ Մայր Հայաստան,
Որի սրբազան ու տաք արգանդում
Մի լույս մանուկ էր սկսում խաղալ,
Մի վահագնակերպ-դավթադեմ տղա,
Որ հղացել էր փրկության լույսից
Ու սնվել էր մեր անմոռուկ հույսից՝
Այն ճանապարհին որ դարավոր էր
Ծանր ու խորդուբորդ:
Բայց Եվրոպան էլ ուներ ճանապարհ
Եվ որպես ճամփորդ
Նա…կռվացըրեց իրար հետ շներ,
Որ իր` ճամփորդի բանը հաջողի:
Իրոք, ի՜նչ էլ որ լիներ-չլիներ,
Բայց պակաս չկար շան պես հաչողի:
Եվ այս շնային գզվռտուքի մեջ
Շան թաթերի տակ քիչ մնաց կորչեր
Մի ո՜ղջ ժողովուրդ՝
Բնի՛կ,
Տեղական.
Մազ մնաց դառնար թղթե տեղեկանք
Մի ազգ, որ կուռքեր շատ էր ճանաչել,
Բայց որի… նույնիսկ տոտե՜մը շուն չէր,
Այլ եզը հերկող,
Այլ ջուրը երգող
Եվ ամպրոպածին փողը՝ եղեգան…
Ու երկրագնդի այն ծանոթ մասում,
Որին Հայաստան, Հայք էին ասում
Փարավոններից մինչ Պուանկարեն,
Հիմա Օսմանի թոռները բռի
Վիլհելմ կայսեր հետ ուզեցին քերել
Դարերով հնչող «Հայաստան» բառի
Բոլո՜ր տառերը,
Նրա ապագան,
Մշահոտ ներկան
Եվ մինչև անգամ… անցած դարերը:
Եվ համարյա թե իրոք քերեցին,
Իսկ Գլադըստոն-Ջորջ Լլոյդները
Չխանգարեցի՛ն…
ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ 
Խանգարե՞լ, ինչի՞ համար…
Գարուն էր: Չեկած ամառ՝
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի՛ պես…
- Գարուն ա, ձուն ա արել…
Գետերը մեր երերման
Հոսեցին՝ կրակի՛ պես…
-Արունը ջուր ա դառել…
Ձորերը շիրիմ դարձան,
Վիհերը՝ գերեզմանոց.
-Ջուրը մեր տունն ա տարել…
Ամեն քար՝ լուռ մահարձան,
Ամեն տուն՝ վառման հնոց.
-Բնավեր հավք ենք դառել…
Ինչքան բառ՝ ո՜ղջը մրմունջ,
Ինչքան երգ՝ ողջը լալով,
- Զուլում էր, զուլո՜ւմ լաո՛…
Թրի դեմ, սրի, հրի՝
Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ.
- Տնավե՜ր-բնավե՜ր լաճ…
Մեր հողը, մեր հայրենին,
Մեր երկիրն ամայացավ,
- Սև հագիր, սևսիրտ մարե…
Հինավուրց տոհմիկ մի ազգ
Չմեռա՜վ, այլ…մահացա՛վ.
- Գարուն ա, ձուն ա արել…
Գարուն էր: Ամառ եկավ,
Ձագ հանեց ձորում կաքավ,
Իսկ հայը զրկվեց ձագից,
Իր պոռթկուն թոնրի տաքից,
Իր մորից, հորից, յարից,
Իր բնից ու աշխարհից.
- Գարուն ա, ձուն ա արել…
…Ա՜խ ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարքում ով մոռանա՝
Ջուխտ աչքով թող քոռանա…
Գառնարած-հովիվ-նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից…
Կեսօրին էլ ո՞վ երգեր.
- Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում…
Հնձվորը արտում մորթվեց
Իր ձեռքի սուր մանգաղով…
Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր.
- Քաղվորին հաց եմ բերում,
Բերանը բաց եմ բերում,
Ձկնորսը Վանա ծովում
Չփրկվեց ճարպիկ լողով…
Աղջիկը զո՜ւր էր կանչում.
- Իմ ծամթել տամ լողվորչուն…
Երկրի մեջ մարդ չմնաց՝
Մարդ թաղեր մարդու նման…
Ա՜խ, մնար մեկը գոնե
Ու կանչեր.
- Դլե յամա՜ն…
Ա՜խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
- Աշխարքում ով մոռանա՝
Ջուխտ աչքով թող քոռանա…
…Ջահերը վառ մնացին
Ժամերգվող եկեղեցում,
Ժամհարին կախ տվեցին
Պարանից զանգակատան…
Ջաղացից աղուն բերող
Ալրոտված խեղճ գյուղացուն
Իր սայլը դագաղ դարձավ,
Ալյուրը՝ արնոտ պատան…
Մայրն ընկավ՝ ծիծը թողած
Իր թմբլիկ մանկան բերնում.
Ծծի տեղ ցից խրելով՝
Խեղդեցին մինուճարին…
Տատն ընկավ՝ ձեռքը մեկնած
Կչկչան հավի թառին.
Իր հիվանդ թոռան համար
Խորոտիկ ճուտ էր բռնում…
Կալի մեջ պապիկն ընկավ,
Իր ոսկե թեղն էր էրնում,
Որպեսզի տուրքը թուրքին
Օր առաջ շուտ վճարի…
Ով ծաղիկ հաց էր թխում՝
Խորովվեց թոնրի ծխում…
Ով հասել ուխտատեղի,
Վառել էր մոմը դեղին,
Մոմի դեմ իջել էր ծունր
Ու հայցում էր Աստըծուն,
Որ բաշխի մի լաճ տղա,-
Իր արյամբ մոմը մարեց՝
Չավարտած «Տե՜ր, քեզ մեղա՛»-ն…
- Գարուն ա, ձուն ա արել…
…Խոցեցին ու ջնջեցին,
Հատեցին հաստ ու բարակ,
Հոշեցին ու տանջեցին,
Փշրեցին, տվին կրակ.
Վաթեցին արյուն-արցունք,
Ներկեցին ձոր ու բարձունք,
Քանդեցին երկինք մի լուրթ,
Մորթեցին մի ժողովուրդ,
Հացառատ մի ողջ աշխարհ
Սարքեցին փշրանք-նշխար,
Սո՜ւրբ նշխար՝ շա՛ն բերանում,-
Ուզեցին մի հայ թողնել,
Եվ այն էլ…թանգարանում…
- Գարուն ա, ձուն ա արել…
ՂՈՂԱՆՋ ԱՔՍՈՐԻ
Իզո՜ւր աստծուն պաղատեցին…
Ալա՛ն-թալան,
Կես յաթաղան…
Ում որ պետք էր՝ փողոտեցին,
Գազանաբար ճղոտեցին,
Խողխողեցին սրածելով.
Քարափներից ջուրն ածելով՝
Դիակներով խեղդվողների
Ծանրացըրին հոսք ու հոսանք,
Չհարցնելով մանուկ ու ծեր:
Եվ ո՞վ կոծեր,
Կուրծքը ծեծեր.
-Էս ի՜նչ քյաֆուր դարի հասանք…
Մերկ ու բոբիկ, խեղճ ու անզոր՝
Անցան նրանք ավազներով արաբական անապատի,
Մի շիրմուղի, ուր ամեն քայլ դիակներով ուղենշվեց,
Եվ նորացավ նո՜ր Գողգոթան՝
Ահագնացած տասնապատիկ…
Մեր փրկության աղաղակներն անցան իզուր,
Իզո՜ւր հնչեց ողջ աշխարհով մի ահազանգ,
Որ լոկ դարձավ, վերջ ի վերջո, թառանչ մի սուր.
…Էս ի՜նչ քյաֆուր դարի հասանք…
…15 թիվ: Ապրիլ 10…
Ապրիլական արբշիռ բույրեր,
Գարնանային ծաղկածլում,
Կանաչների շքահանդես,-
Եվ ծաղկաբույր գիշերվա մեջ
Հեռուներից մոտենալով
Գաղտագողի-ծածուկ-անտես՝
Խորշակը նույն,
Որ շատ շուտով պիտի տաներ միլիոն հայեր,
Խորշակը նույն անցավ նաև
Պոլսո բոլո՜ր հայ թաղերով՝
Իր հրեղեն ոտների տակ
Խաշխշելով ու թաղելով
Վերջին հույսի շունչը մեր տաք…
Ահե՜ղ գիշեր,
Որ բորբ ներկվեց ո՛չ արևով.
Այլ մեր արյա՜մբ.
Ու կողոպտեց խորանները հայ կաճառի,
Խորանները հայ դպրության սուրբ տաճարի.
Բոլոր ճյուղերը կտրատեց
Հայ հանճարի
Ծաղկուն ծառի,
Ու մատյանից հայ մեղեդու
Ամենավա՜ռ էջը հատեց…
Եվ անուննե՜ր որոնք երեկ
Հնչում էին փաղաքշական մասնիկներով
Մերձավորի ու մտերիմ բարեկամի սիրող շրթից,
Ու հիրավի հպարտության տրոփ պոկում
Մի բովանդակ ժողովրդի լեցուն սրտից,-
Թե կյանք էին՝ հիմա հանկարծ դարձան անգո՝
Մի գիշերում, բարբարոսի կամք ու ջանքով
Ու մղումով անզսպելի
Փոխարկվեցին առասպելի.
Ապրող մարդուց հանկարծ դարձան
Մի մտովին կերվտած արձան…
Ա՜խ, Բերայի Բանկալթի թաղ…
Ա՜խ, Ղալաթիո եռատաճար եկեղեցի…
Քո դարավոր գմբեթի տակ
Իրիկնային ժամերգության սուրբ պահերին
Պատարագիչ Կոմիտասին չէ՞ որ երեկ
Լսում էին հիացմունքով Զոհրապ… Սևակ…
Քանքարալից հազար գլուխ՝
Փոքր ու ավագ,
Միահավաք
Հակվում էին հայ մեղեդու սրբության դեմ
Ու հղանում նոր մեղեդիք՝
Հնչյուններո՛վ, խոսքո՛վ, գրչո՛վ,
Արձանակերտ նրբին մրճո՛վ.
Երանգների պնակի՛ մեջ.
Հետո, մեկտեղ ակըմբվելով
Բանկալթիի այնքա՜ն ծանոթ
Ու սիրելի տնակի մեջ՝
Խնդրում էին վարդապետին՝
Երգել Կռունկ կամ Խնկի ծառ,
Երգել Չինար ես…
-Չինար ես՝ կեռանալ մի…
Սակայն ինպե՞ս չկեռանաս,
Երբ կացինն է բունըդ տաշում,
Երբ սղոցն է ճյուղքըդ մաշում,-
Դե՜, արի և
…Կեռանա՜լ մի:
Ի՞նչ,
- Մեր, դռնեն հեռանա՞լ մի…
Ա՜խ, ո՛ր շունը կհեռանար:
Իսկ եթե շուն, գայլ ու գազան
Կամ անխնա սրի քաշում,
Կամ աքսոր են բռնի քշում
Ամբողջ մի ազգ՝ սասա՜ն-սասա՜ն,-
Դե՜, արի և
… Հեռանա՛լ մի:
Ինչպե՞ս,
- Աստվա՜ծըդ կսիրես…
Բայց ո՞ւր է, ա՜խ, ո՞ւր է աստված,
Եթե կույր ու խուլ է աստված,
Եթե «Գթա»-ն զուր է աստված,
Նման աստծուն ինչպե՞ս սիրես…
Ի՞նչ:
- Հեռու ես՜ մոռանա՞լ մի…
Ո՞նց մոռանալ, ե՜կ մոռացիր,
Որ ապրիլյան այն ահավոր
Ու ոճրապարտ լուսաբացին
Բարբարոսի խուժդուժ ձեռքեր
Սուրբ խորաններ կողոպտեցին՝
Խորանները հայ կաճառի,
Հայ դպրության սուրբ տաճարի,
Հայ հանճարի
Ծաղկուն ծառի
Բոլոր ոստերն անգթորեն կտրատվեցին,
Սուրբ մատյանից հայ մեղեդու,
Բոլոր էջերն ամենավառ
Դարձան մոլի հողմին ավար.
Մի գիշերում պոկոտվեցին ու զատվեցին,-
Շեկ աքսորի սև փակուղուց չազատվեցին
Ո՛չ մի հանճար,
Ո՛չ մի տաղանդ,
Ո՛չ մի քանքար՝
Ով որ Պոլսում եղեռնական այդ գարնան կար…
Մարդիկ, որոնք կամքով վերին
Անցնում էին և պիտի որ անցնեին դեռ
Իրենց ճամփան անմահության ու սխրանքի,
Բոլո՜րը մեկ՝
Հիմա արդեն կտրում էին ուղին մահվան.
Ճանապարհը աքսորանքի…
Մի-մի քուրմեր
Լեցուն բանիվ ու մեղեդով մեհենական
Հիմա պիտի ըմբոշխնեին
Թույնն ու լեղին գեհենական
Դե՜, բերա՛ն բեր, որ չթքի
Եվ քարե սիրտ որ չճաքի:
Ու ձգվում էր ճանապարհը աքսորանքի:
Ձգվում էր նա հայ բրգացած դիակների ստորոտով,
Միջահատված մանուկների թաղում հայցող բլրի մոտով…
Մարտիրոսված հայ մայրերի կոնքերը սուրբ
Ուզում էին ամոթն իրենց փոշով ծածկել, Դեղին փոշո՜վ,
Ո՛չ թե փեշով,
Որ եւ չկար,
Ինչպես չկար ո՛չ սրբություն,
Ո՛չ էլ աստված…
Լլկանքի մեջ նահատակված անմեղ կույսեր
Ու լույս հարսեր,
Ջանում էին լանջերն իրենց ծածկել հողով անապատի,
Դեղին հողո՛վ,
Ո՛չ թե քողով,
Որ և չկար,
Ինչպես չկար ո՛չ սրբություն,
Ո՛չ էլ աստված…
Դե՜, շրթո՛ւնք բեր որ չանիծի,
Դե՜, բեր բռո՛ւնցք, պրկված կռո՛ւփ,
Որ չդառնա քինահարույց կրքի խոյանք
Ու մխրճվի երկնքի մեջ՝
Իբրև նզո՞վք,
Ո՛չ, ի՜նչ նզովք.
Իբրև աստծու և երկնքի լիրբ հասցեին
Մի առնական թունդ հայհոյանք…
Իսկ աքսորի ճանապարհը վախճան չուներ:
Ավերակված հայ շեներից,
Իբրև նշան կենդանության,
Ահազարհուր ոռնում էին անբուն շներ՝ Հիմարաբար չըմբռնելով,
Որ այսուհետ
Շունը մարդուց ավելի է գերադասված
Նրա՜նց կողմից,
Որ կոչվում են մարդ ու աստված…
Բեկված սնե՛ր,
Այրված շենե՛ր
Եվ մարդկանցից գերադասված անտուն շնե՛ր,
Որ երեկվա իրենց տիրոջ
Լուռ դիակն են նախ հոտոտում,
Ոռնում՝ կարծես այրվող ցավից,
Ոռնո՜ւմ, վնգո՜ւմ,
Մե՛կ օր, երկո՛ւ,
Հետո՝ մղված ծանր սովից՝
Երեկ իրենց կերակըրող ձեռն են ուտում,
Գռմռալով իրենց տիրոջ դին հոշոտում…
…Ճանապարհն այս դժոխային
Կարող էր և անվերջ տևել,
Բայց սարսափի օրն է մթնում,
Եվ քարվանը արդա՜ր-արդա՜ր,
Եվ քարվանը մահապարտյալ
Չանկըրըի բանտն է մտնում:
Բանտ թուրքակա՛ն
Եվ պատրաստված…հայի՜ համար.
Քստմնելի լլկանքների՛,
Անպատվությա՛ն,
Ոչ թե արդեն երազելի մահի՜ համար,-
Մի բախտ դժխեմ,
Մի անողորմ ճակատագիր՝
Հիմա արդեն ո՛չ անմարմին, ո՛չ էլ անգո,
Այլ զնդանի դռան առաջ պահակացած
Թուրք ասկյարի արյունկզակ կերպարանքով…
Եվ այդ պահին.
-Տէր, ողորմեա՛…
Առավել քան երբևիցե.
Եվ ավելի քան այլուրեք,
Այնքա՜ն տեղին, ժամանակի՛ն,
Ա՜խ, Վարդապե՛տ, գութ է հայցում
Տխրալալուկ ամբողջ մի ազգ
Քո սևասուգ սուրբ բերանով,
-Տէ՜ր ողորմեա՛…
Եվ զնդանում նեղ ու անձուկ
Պղպջում է մի լայն փղձուկ,
Մի տաք փղձուկ տղամարդկա՛նց,
Որ եղեգան իրենց փողով
Թունդ են հանել սիրտը դողով.
Որ սրտառուչ իրենց տողով
Ու երգերով իրենց թովիչ՝
Գարնա՛ն նման լոկ վրդովիչ,
Ծայր են տվել շիթ արցունքի՝
Ո՛չ թե ցավի կամ տրտմության,
Այլ հուզառատ հիացմունքի՜…
-Յաղագըս հարց, եղբարց, մերոց,
Որք են տարեալ ի գերութիւն,
-Տէ՜ր, ողորմեա՛…
Իսկ հայրերը արդեն չկա՜ն,
Եղբայրներին թուր ու ձգան,
Վերջ են տվել սար ու ձորում,
Ուր ջրի պես ու ջրի հետ
Տաք արյունն է նրանց ծորում…
-Շիջո՛ զհուր վառ հնոցի,
Փրկեա՜ զմեզ, ամենագո՛ւթ…
Բայց աղոթքից այդ ի՜նչ օգուտ,
Թե հնոցի
Ահեղ բոցին
Կուլ է տրված հայոց աշխարհն,
Ա՜զգը հայոց՝ ցախի պես խառն…
-Հայցեմք ի քեն արտասվելով
Եվ պաղատիմք զայս ասելով,
Տէ՜ր, ողորմեա՜…
Ի՞նչ էր պահում վաղը նրանց՝
Հանճարարվոր այս մեծ արանց,
Ի՞նչ մի վախճան բարբարոսի.
Անշուշտ՝ զոհի՜, ո՛չ հերոսի…
-Ընկալ զմեր աղաչանըս,
Լո՛ւր, գթառա՜տ, և ողորմեա՛…
Ա՜խ, թե լսեր ու գթառատ եթե լիներ՝
Գազանադեմ այս խուժանին նա կզինե՞ր
Ու շա՞ղ կտար դաշտ ու սարին՝
Ակնից – Արճեշ,
Վանից- Կարին…
- Ցո՛յց մեզ զքո ողորմութիւն,
Տուր աշխարհիս խաղաղութիւ՛ն…
Խաղաղությո՜ւն…
Եթե այսպես գնար քիչ է՛լ,
Մեկ էլ տեսար՝ խաղաղությունն իրո՛ք իջել,
Վեր է ածել շեն աշխարհը մի շիրմատան,
Ուր այլևս չեն էլ ճարվի ապրող մարդիկ,
Որ բյուրավոր հանգչողներին երանի տան…
-Տէ՜ր ողորմեա՛…
Ո՜չ, վարդապետ, ո՜չ չողորմա՚ց,
Իսկ քեզ պատժեց պատժով մի նոր՝
Չառավ հոգիդ,
Ինչպես առավ նրանց հոգին,
Որոնք մյուս օր՝
Շիկադեղին անապատի ավազի պես ծարա՜վ-ծարա՜վ,
Աստվածային աչքերում՝ սով,
Չսնվելով նույնիսկ հույսով,
Անգամ թրից կամ գնդակից չխոցվեցին,
Այլ պարզապես… այլ պարզապես… քարկոծվեցին…
…Ի՞նչ էր արդյոք այն պատճառը,
Որ քեզ զատեց
Եվ անջատեց
Քո բախտակից ու սրտամոտ ընկերների դժխեմ բախտից՝
Քարկոծվողի սուղ դրախտից
Քեզ նետելով մի լայն դժոխք,
Ուր ո՛չ մահ կար,
Ո՛չ կյանքի շողք:
Ա՜խ, նրանցից ինչի՞ համար քեզ զատեցին,
Քեզ- այդքա՜ն ուշ- ինչի՞ համար ազատեցին:
Եթե դա՜ էր ազատելը…
ՂՈՂԱՆՋ ՄԹԱԳՆՈՒՄԻ
Ա՜խ եթե դա էր…
Գթառատ Տերը
Թո՛ղ որ ազատի իր ազատելուց…
Ինչ է դաշնամուր և ինչ է ստեղ՝
Մոռացա՜ն նրա ճարտար մատերը…
Ինքը Բանկալթու իր տան մեջ, այստե՛ղ,
Եվ Չանկըրըի բանտի պատերը
Արդեն նրանից շատ-շատ են հեռու,
Բայց ուղեղի մեջ…բայց ուղեղի մեջ,
Կարծես թե կպած նրա թաղանթից՝
Մթան մի քուլա եռո՛ւմ էր-եռո՜ւմ,
Մերթ իբրև ինչ-որ անմարմին զեռուն,
Մերթ իբրև ջրի խաշող գոլորշի,-
Պտույտ էր տալիս ծանր ու բոլորշի,
Պտույտ էր տալիս
Ու պոկ չէր գալիս…
Երբ անցնում էր նա Բանկալթու մայթով`
Մի ձայն էր հնչում
Հաճախ ականջում.
Թվում էր՝ ձայնեց իր Սիամանթոն,
Թվում էր՝ իրեն Դանիելն է կանչում…
Իրիկնանալիս իր տան սրահում
Թվում էր՝ տեսավ զենք ու զրահում
Այն վարազադեմ տաճիկ ասկյարին,
Որ ձեռքը տարավ շիկացող քարին,
Ո՜ւ… ճչում էր նա,
Ճչում սոսկալի
Եվ իսկույն վառում մոմեր ու կանթեղ:
Վառում էր, նըստում: Ու մեկ էլ հանկարծ
Աչքերն էր շրջում այստեղից այնտեղ.
Արյո՜ւն էր թվում բոցը կանթեղի…
Ու փչում էր նա մոմեր ու կանթեղ…
Վեր-վեր էր թռչում հաճախ անտեղի,
Ավելի հաճախ… լինում էր այնտե՜ղ,
Լինում էր… այնտեղ՝ իր Հայաստանում՝
Կարինում, Մուշում, Վանա ոստանում…
Ինքը Պոլսո՛ մեջ,
Իսկ մի՜տքը` այնտե՛ղ…
…Ասում են՝
Այնտեղ՝
Հայաստան կոչված անհայ աշխարհում,
Կուժկոտրուկները, որոնց մոմագույն ծաղկաթերթերից
Փռվում էր չորս կողմ գինու թանձր բույր,
Հիմա
(Եվ ընդմի՞շտ)
Կարմիր են հագել
Ու գինու բույրը փոխարկել արյան մի ծանըր հոտի,
Որ գրգռում է քոչվոր քրդերի նախրի պնչերը:
Իսկ գեղեցկապաշտ բաղեղը կանաչ,
Որ չի ախորժում տգեղություններ,
Լուռ մագլցում է քարափներն ի վեր,
Որ իր սեփական կանաչ թևերով
Արյամբ ողողված ժայռերը ծածկի,
Շղարշի քերծեր,
Որոնց դուրս պրծած ցցերից քարե,
Ինչպես ժանիքից,
Թեպետ չուզելով, բայց ծածանվում է պատմաբան քամուց
Հայ հարս ու կանանց երբեմնի գունեղ տարազից մի մաս՝
Արևի՞ց արդյոք,
Թե՞ իրենց կրած անլուր սարսափից
Այժմ գունաթափ, այժմ ճերմակած,-
Թեպետ չուզելով, բայց ծածանվում է պատմաբան քամուց,
Իբրև պատվավոր ինքնասպանության սպիտակ դրոշ…
Իսկ այն ծերպերը,
Որտեղ մագլցել չի կարողանում բաղեղը նույնիսկ,
Ու տեղ չի գտնում քարաքոսն անգամ,
Կարմի՜ր ծերպերը՝
Մեկ՝ երկար, մեկ՝ կարճ սյուներով ճերմա՛կ,
Նման վիթխարի քարե բացօթյա մի երգեհոնի
Հայոց լեռների ամֆիթատրոնում,-
Իսկ այդ ծերպերը տնքում են խեղճ-խեղճ
Լսողությունից բոլորովի՜ն զուրկ,
Երգ ու նվագից բա՜ն չհասկացող
Բարբարոս քամու պաղ մատների տակ,
Երգեհոնի պես նույն տակտն են տնքում.
- Այս ի՞նչ պատահեց…
Այս ի՞նչ պատահեց…
Իսկ հիմար կկուն,
Որ իր թռչնային անթռիչք խելքով
Զգում է թեպետ, բայց չի հասկանում, թե ի՛նչ պատահեց,
Միամի՜տ կկուն
Ամեն գարնան հետ ընդմիջումներով եթեր կճամփի
Իր հայրենականչ ազդանշանը հեռագրային.
Կո՛ւ-կո՛ւ-կո՛ւ (լսե՜ք),
Կո՜ւ-կո՜ւ (ի՞նչ եղաք)…
Ա՜խ, իզո՜ւր կկուն կազդանշանի.
Ովքեր մեռել են՝ չեն լսի նրան,
Ովքեր կցրվեն աշխարհի վրա
Մի բուռ գարու պես՝ հավերի առաջ,
Մի կուց արյան պես՝ պղտոր ջրերում,
Թեկուզև որսան ազդանշանը՝ սրտերո՛վ իրենց,
Բայց չէ՞ որ, ավա՜ղ, չէ՞ որ կարող են լոկ պատասխանել
Կարոտից մարող սրտի բաբախմամբ,
Կսկիծից թացվող թարթումով կոպի,
Զայրույթից ուռչող երակի զարկով,
Սակայն ո՛չ երբեք
Ուրախ ու զվարթ վերադարձողի քայլով կենսաթինդ.
-Դո՜փ-դո՜փ (գալի՛ս ենք),
Դը՛փ-դը՛փ-դը՛փ (եկանք)…
-Դե, ե՜կ, Վարդապե՜տ,
Մի՛ խելագարվիր…
…Այնտեղ՝
Երկնաչու Սասնա լեռներում,
Ժայռեր ու ծերպեր մագլցելու մեջ
Ընկուզենիներն անգամ մրցում են իշայծյամի հետ՝
Նրանց ճյուղավոր եղջյուրների պես
Բուսնելով ժայռի մազոտ ճակատին…
Եվ այնտեղ`
Սասնա սարում ու ձորում՝
Ծառի տերևին,
Փշերի վրա,
Մանանայի պես գազպեն էր ծորում,
Որ շինականը գար ու հավաքեր:
Սակայն…երկնային մանանան փոխվեց
Երկրային ահեղ մի պատուհասով…
Եվ հիմա այնտեղ՝
Հին Ծովասարի քարերի վրա
Գառնարած Դավթի երկաթ տրեխի թողած հետքերում,
Ինչպես խաղալիք – փոքրիկ գուռի մեջ,
Անձրևաջուրն է քմծիծաղ տալիս
Պաղ կիսալուսնի ներում ակնարկող բառերի վրա…
Սասնա վիպական Մարութա վանքում
Ուխտավորի տեղ բուերն են տնքում՝
Այս փուչ աշխարհի բանը խորհելով…
Ընկույզի վրա ընկույզն է փտում.
- Հավաքո՜ղ չկա…
Ոչխարներ վայրի ու վայրենացած
Բարձրիկ սարերից անվախ իջնում ցած,
Հասնում են մինչև Մշո բաց հովիտ.
- Կրակո՜ղ չկա,
Նույնիսկ գո՜ղ չկա…
Խմորի տաշտում ցնկնում է կատուն.
- Նկատո՜ղ չկա…
Եվ տանու կովեր,
Թեպետ մոռացած գոմեր ու մսուր,
Ըստ սովորության
Տանջվում են սաստիկ
Իրենց սափորված լեփլեցուն կրծից.
- Որ կթո՜ղ չկա,-
Եվ խուլ բառաչով քարերի չեչոտ ափին են քսում.
- Որ խտո՜ւտ չգա…
Արջերն են լիզում Սասնա մանանան
Եվ փորկապ ընկած՝
Թավալ են տալիս հին տաճարների սուրբ խորաններում՝
Իրենց ոռնոցով Ձենով Օհանի տնազն անելով.
Էլ չե՜ն վախենում Սասնա ծռերի ուրվականներից…
-Դե ե՜կ, Վարդապե՛տ,
Եկ ու մի՛ ծռվիր…
…Լուսաստղն այնպես պայծառ է շողում Նեմրութի վրա,
Ասես աստըղ չէ,
Այլ մի պղնձե նոր կլայեկած թաս է հովվական,
Իսկ Կաթընծիրը
Օտարերկրացուն պարզապես ճերմակ մի ամպ է թվում…
Եվ հայի որդին,
Հրաշքո՛վ փրկված հայի խեղճ որդին
Օտար ճամփորդի իր անձնագըրով
Եթե երբևէ ոտքով համբուրի փեշը Սիփանա,
Թերևըս պիտի Վահագնի ճամփան
Նո՛ւյնպես շփոթի ճերմակ ամպի հետ…
- Դե ե՜կ, Վարդապետ,
Ու մի՛ ցնորվիր…
…Իջել է այնտեղ մի ծույլ լռություն սարդոստայնային,
Որ հորանջում է՝ ականջ դնելով,
Թե ե՞րբ կշտացած գայլերը գոնե պիտի զկրտան.
Ինչքան չլինի՝ ձայն է կենդանի:
Եվ որովհետև գայլը սակավ է հագեցած լինում,
Էլ ի՞նչ է մնում,
Թե ոչ մրափել
Քուն բերող «շարքու» նվագի ներքո,
Երբ բախտը բերի՝
Տարվա մեջ մի օր
Այս բնակազուրկ վիլայեթը գան
Զաբիթ-ոստիկան…
Տարին մեկ անգամ մրափ հարուցող նվոցը «շարքու».
Ո՛չ ծիրանի ծառ,
Ո՛չ Մոկաց Միրզա,
Եվ ո՛չ Փեսին գովք,
Չպիտի ծորա Հորովել-ն այստեղ,
Ո՛չ Լուսնակն անուշ,
Ո՛չ էլ Կալի երգ.
Հայաստան կոչված անհայ աշխարհում
Չպիտի՜ հնչի հայ պարեղանակ,
Հայ երգ
Ու Խաղիկ…
- Դե ե՜կ, Վարդապե՜տ,
Եկ ու մի՛ ցնդիր…
… Եվ գեշ գոմշի պես
Գիշերը պիտի ծանրորեն պառկի՝
Իր եղջյուրներին երկինքը պահած,
Ու լուռ որոճա մի կերպ կուլ տված նախճիր ու ոճիր,
Որ հեշտ չի մարսում անասո՛ւնն անգամ…
Մութի թանաքը
Պիտի ողջ գիշեր եղեռնի մասին եղերերգ գրի,
Բայց առավոտյան թանձըր թանաքը կջնջվի այնպես ,
Ինչպես…արյունը և Հարցը Հայոց…
Իսկ առավոտը…
Նա ամեն անգամ
Երեխայի պես աչքը կբացի միամտորեն,
Եվ ամեն անգամ այնպե՛ս կթվա,
Թե ոչի՜նչ-ոչի՜նչ կյանքում չի փոխվել.
Ուր որ է մայրը բակից ձայն կտա իր քնկոտ որդուն՝
Ցնփոր խնոցու շըմփ-շըրմփոցը մի պահ կտրելով…
Եվ գյուղի վրա նորից կալիքվի նախրի բառաչը,
Այգիների մեջ ծովի հառաչը ծաղիկ կթափի
Ջուրը՝
Մարգերի փխրուն թմբերը մկան պես ծակած՝
Լորտուի նման առաջ կսողա…
Մոտիկ արտերից,
Առը շուռ տալիս,
Խոփը կփայլի հայելու նման,
Եվ շողքը կընկնի դրացու հարսի շարմաղ երեսին՝
Նրան մի վայրկյան ահաբեկելով.
- Ամա՜ն, այ ամա՜ն,-
Այդ ո՞ր ջահելն է սիրտ անում նրա դեմքին շողք գցել,
Իսկ թե իր մարդը իմանա՞ հանկարծ՝
- Ամա՜ն, այ ամա՜ն,-
Իսկ թե իր մարդը իմանա՞ հանկարծ՝
Արյուն կթափվի…
Իսկ առավոտը,
Երբ ամեն անգամ աչքերը բացի,
Մի պահ խաբվելով երեխայի պես՝
Քիչ հետո արդեն նա իրեն կզգա հայի որբ մանչուկ.
Կուզենա կանչել,
Բայց ձա՛յն չի ելնի,
Կուզենա լացել՝
Արցունքնե՛ր չկան,
Կուզենա գոնե – վերջապես- մեռնել,
Բայց…մա՜հ էլ չկա.
Չէ՞ որ սերում է Փոքըր Մհերի <> սերմից…
-Դե ե՜կ Վարդապե՛տ,
Ու մի՛ խենթանա…
Մշո լայն դաշտում,
Ծայրից մինչև ծայր,
Անվերջ կսուրա կարոտյալ քամին
Եվ մեն-մի հատիկ երդիկ չի գտնի,
Որ դուրս պոռթկացող ծուխը խլելով՝
Վայրի կատվի պես քինոտ գզգզի կծիկը նրա…
- Դե ե՜կ Վարդապե՛տ,
Եկ ու մի՛ գժվիր…
Բյուրակն էր կանչում,
Օսմանցին եկավ
Եվ, թարգմանելով, Բինգյոլ անվանեց.
Տաս հազար աղբյուր,
Տաս հազար լճակ,
Եվ հիմա…հիմա
Այդ տաս հազարն էլ մարդ են երազում,
Որ գա ու թեքվի իրենց ակունքին,
Իրենց ափունքին,
Իրենց հայելում իրեն տեսնելով՝
Ծարավը կոտրի՝
«Օխա՜յ» ասելով,-
Թե չէ ի՜նչ աղբյուր,
Թե չէ ի՜նչ լճակ,
Թե չէ աղբյուր ես՝ լճակ կդառնաս,
Թե չէ լճակ ես՝ կդառնաս ճահիճ,
Կդառնաս տանը պառաված օրիորդ,
Մինչդեռ հարսնության առողջ բնազդը խտուտ է տալիս,
Մինչդեռ մայրական սուրբ հիվանդության
Նույնիսկ ծաղիկը ծեծելուց հետո
Քորը չի՜ անցնում…
Եփրատ էր կոչվում
Եվ…Մուրադ ասվեց.
Ջհանդամի գյո՜ռը, թող կոչվեր Մուրադ,
Միայն թե գետը գետություն աներ՝
Գերաններ տաներ
Եվ ոչ թե դիակ,
Առվույտի խրձեր, կոճղեր ափ հաներ,
Եվ ոչ թե գանգեր, ուսեր ու թիակ…
Միայն թե գետը գետություն աներ.
Գեղջուկը բաներ,
Տնկեր ու ցաներ,
Գետն էլ իր ջրով մեկը տասն աներ,
Խոր քարափների ամայության մեջ
Նրա ջրերով աղորիք բաներ…
Բայց հիմա… հիմա
Էլ ի՜նչ վար ու ցանք,
Էս ի՜նչ բան ու ջանք
Եվ էլ ի՜նչ ջրտուք,
Էլ ի՜նչ ջրաղաց:
Ինչպես մտքի մեջ հասուն աղջիկն է տեսնում մատանի,
Գետն էլ կամուրջ է միայն երազում:
Ու… խեղճ Եփրատը կամուրջ է տեսնում… լոկ երազի մեջ…
- Դե ե՜կ, Վարդապե՛տ,
Մի՛ խելազրկվիր…
- Քանի՞ ժողովուրդ Վանա լիճ ունի,-
Օտար գրքերում և օտար լեզվով
Օտար մարդիկ են այս հարցը տալիս,
Եվ ոչ թե Վանից զրկված վանեցին,
Որ հար՛ց չի տալիս, այլ հաստա՛տ ասում.
- Էս կյանքում՝ մեր Վան,
Էն կյանքում՝ դրախտ…
Ա՜խ, Բիայնայի ու Բզնունիքի,
Տուշպա և Վանա սրտաձև՜ ծովակ:
Վարագա սուրբ սար,
Սիփան ու Նեմրութ
Իրենց ստվերը – ուռկանի նման – նետում են այնտեղ
Եվ տառեխի տեղ
Որսում են գույներ, որ անո՛ւն չունեն,
Որ անո՜ւն չունեն…
Իսկ Այգեստանի բույրերից արբշիռ
Եվ Արտամետի հոտերից գինով՝
Խոր քուն է մտնում քամին Ոստանում,
Այն խնձորենու հոծ սաղարթի մեջ,
Որի պտուղը թափահարելիս
Լսում ես նորից
Ձույլ կորիզների իրար զարնումը՝
Դեղին սաթերի հատիկների պես:
Փրկված վանեցին այսուհետ միայն իր երազի մեջ
Կարող է լսել այդ ձայնը ծանոթ և օտարոտի…
- Եթե խելք ունես՝
Եկ մի՛ թռցըրու…
Նույն Այգեստանում
Ու նույն Ոստանում
Եթե զարթնում է գինովցած քամին,
Ապա զարթնում է ծոցվոր ծառերից կաթող մրգերի
Թմփոցից միայն,
Եվ գինովցածի մոլոր քայլվածքով լճափ է նետվում,
Որ նրա ջրով քիչ զգաստանա:
Ու տաքուկ քամու մոտիկությունից
Լիճը – կնոջ պես – սրսըփում է լուռ
Եվ, ամաչելով սուրբ Աղթամարից,
Մեղա է գալիս՝
Իր ալիքները ձեռքի պես մեկնած…
Ա՛խ, ալիքնե՜րն այդ,
Այդ ալիքնե՜րը…
Ձիգ ամիսներով ջուր ու օճառի երես չտեսած
Տավարարծն անգամ
Թե մերկանալով մտնի Վանա ծով,
Իրեն լավ թրջի ու դուրս գա ջրից՝
Կեղտի ո՜չ մի հետք,
Եվ մաշկը մեկեն թավիշ է դառնում՝
Անցուլ երինջի կռնակի նման…
Վանեցին ուրեմն օճառ չեր առնում
Եվ հարստացավ ա՞յդ դրամներով,
Թե՞ Շամիրամի դարավոր առուն
Այգիների մեջ,
Արտերի վրա,
Հանդում ու ձորում
Ոսկի էր փռում…
Ա՜խ, Վանա ծովակ…
Երբ մութն էր թառում Սիփանա գլխին,
Նեմրութի լանջին
Եվ ուղղահայաց քարափին Վանա,-
Ջնջելով անջինջ սեպագրերը,-
Ծովակի վրա երբ մութն էր թառում՝
Երկինքը համակ հեզ շուռ էր գալիս ջրերում ծավի,
Եվ ալիքների աշխույժ խայտանքը չէր թվում ծփանք.
Կարծես թե ջուրը
Իր կաթսան ընկած շեկլիկ աստղերի հրից էր եռում:
Բայց աստղե՞րն էին բոցկլտում այնտեղ,
Թե՞ ազատվելու հուսահատ ճիգով
Լող էին տալիս հազա՜ր ու հազա՜ր Վանա կատուներ՝
Վառվող աչքերով,
Թե՞ ցոլում էին հազա՜ր ու հազա՜ր քարեր թանկագին՝
Շարժելով Վանա ակնագործների նախանձը անկուշտ…
Իսկ ամենից վերջ՝
Երկնի ջատագով Մեծ Արջը իր մեծ փլավքամիչով
Ցած էր կռանում,
Անծայր ճողփյունով թաքուն ներսուզվում Վանա լճի մեջ,
Որ…թարմացընի նրա լազուրով
Գոռոզ երկնքի գույները խամրած,
Սակայն… քամիչի ծակոտիքներից
Լազուրը նորից թափվում էր ներքև,
Եվ Վանա լճի համեմատությամբ
Երկինքը դարձյալ խամրած էր մնում
Ու մի՜շտ կըմնա…
Ա՜խ, Վանա ծովակ,
Բայց ախր քե՜զ ինչ երկնքի խամրելն ու չխամրելը,
Եթե քո շուրջը և քո քաղաքում
Ծնրադըրել է խավարը խոժոռ՝
Աղոթարարի ջերմեռանդությամբ,
Որ չհամենա՛, այլ հարատևի՜
Իր շողահալած իշխանությունը:
Իսկ քո հեռավոր- մոտավոր քույրը՝
Լիճը Սևանա՜…
Վարդապետ իմ խե՜ղճ,
Բայց և բախտավո՛ր,
Բայց և բախտավոր, որ չգիտեիր,
Թե իր սեփական արյունի գնով
Սևանա լիճը լույսեր պիտի տա ծերպերի՛ն անգամ՝
Հարուցանելով քարայծյամների դժգոհությունը և փռշտոցը,
Բայց և ո՛չ մի կերպ չկարողանա
Լույս տալ մթնախեղդ քաղաքին Վանա,
Վանա ծովակի խավար ափերին,-
Նրա հեռավոր- մոտավոր քույրը՝
Իր թանկ արյունը լույսի վերածած լիճը Սևանա…
- Դե ե՜կ, Վարդապե՛տ, խեղճ ու բախտավոր,
Եթե կարող ես՝ եկ մի խևանա…
- Համայն աշխարհում
Այդ քանի՞ երկիր Արարատ ունի,-
Ո՛վ էլ որ չասի՝
Աստվածաշունչը իր մագաղաթե դեմքը դեմ կանի
Ու կասի՝ կարդա՛:
Այդ քանի՞ երկիր Արարատ ունի:
Իսկ Արարա՜տը…
Է՜հ, անունը կա- ամանում չկա…
Վարդապետ իմ խեղ՛ճ,
Բայց և բախտավո՛ր,
Բայց և բախտավո՛ր, որ չգիտեիր,
Թե հայ կորովի երիտասարդներ՝
Լեռնագնացներ բարձունքներ սիրող,
Մասիսի դիմաց կնստեն գնացք,
Որ գնան Կազբեկ,
Էլբըրուս գնան,
Լեռներ մագլցեն
Նույնիսկ հեռավոր սահմանի վրա հնդկառուսական,
Մինչդեռ Մասիսի լանջը կուսական
Մատնե՜ր է տենչում՝
Հայի տա՛ք մատներ,
Որ հպվե՛ն իրեն,
Իրեն գուրգուրե՛ն,
Իրեն ունենա՜ն…
Ու դեռ կան հայեր,
Որ հավատում են գոյությանն աստծո:
Թող գիտությունը նույնիսկ պապանձվի՛.
Աստծուն ժխտում է Արարա՜տն անգամ՝
Աստվածաշնչի սրբազան լեռը՝
Բախտո՛վ իր դժխեմ…
- Դե՜, մի՛ թռցըրու խելքդ Վարդապե՛տ…
Վարդապետ թշվա՜ռ, բայց և բախտավո՛ր.
Քո մտքով անցա՞վ, որ Մասիսն, այո՛,
Մեր նոր ու վերջին ոստանի առաջ,
Մեր հարենաքաղց աչքերի հանդեպ,
Կարծես թե դիտմամբ ու միտումնորեն
Մեզ անխղճաբար պիտի գրգռի՜.
Մեր փակված վերքը նորից-նոր բանա,
Մագնիսի նման անվերջ ձգելով՝
Գեթ մոտիկանա թույլ չտա բնավ…
- Դե ե՜կ, Վարդապե՛տ,
Ու մի՛ խենթանա…
Ի՞նչ կա ավելի ծանր ու խղճալի,
Քան թե կսկիծը որդեկորույս մոր:
Իսկ եթե դա էլ քիչ են համարո՞ւմ
Եվ սպանվածի դիակը դիտմա՛մբ,
Տնկում են թշվառ մոր աչքի առջև՝
Ո՛չ թե մի շաբաթ,
Այլ ձի՜գ տարիներ…
- Դե՜, եթե մայր ես, եկ մի՛ ցնորվիր…
Մեզ լավ է ծանոթ ծաղրուծանակը այս հոգեխարտիչ,
Դա ծանոթ է մեզ քանի՜ դար արդեն:
Մեր հայրենասեր թագավորներին և հերոսներին
Այսպես պարսկական դահիճներն էին մորթազերծ անում,
Մեջը լցնելով դարման ու չոր խոտ՝
Խրտվիլակ շինում
Ու բռնի դնում
Մորթազերծվածին պաշտողի առաջ,
Որ… սքանչանան իրենք իերենցով…
Արարատն- այսպե՛ս – դրել են ահա Երևանի դեմ…
- Դե ե՜կ, Վարդապե՛ տ…
ՂՈՂԱՆՋ ՑՆՈՐՄԱՆ
Եվ պատկերներից այս ահազարհուր, բայց և իրական
Նախ ցնորվեցին աչքե՜րը նրա
Եվ ապա մի՛տքը, մի՛տքը տիրական…
Վայրի աղմուկի,
Խոլ աղաղակի,
Ժխորի տեղակ
Մի գերեզմանվող լռություն տիրեց նրա հոգու մեջ.-
Գլուխը նրա,
Որ մի երկնային լուսատու էր ցարդ,
Հիմա փոխարկվեց մի մոլորակի.
Նույնն էր արտաքուստ,
Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս էր նույնը,
Եթե լուսատուն… էլ լո՜ւյս չէր տալիս…
… Նա չհասցրեց զոհել Վարդանին
Գոռ Ավարայրի ճակատամարտում,
Եվ ինքը զոհվեց.
Ա՜խ, ո՜ւր էր գոնե Վարդանի նման:
Մեր խաղ ու տաղի զորավարն ուժեղ
Վախճան ընդունեց` որպես նոր Մուշեղ,
Ում վերջին խոսքը նա գիտեր անգիր
Դեռ ճեմարանի առաջին տարուց.
- Բայց իբրև եհաս ինձ մահս վատթար,
Ո՛հ, թե՜ դիպեալ էր ի վերայ ձիոյ…
Մեր խարդախ բախտից՝
Նա չընկավ մարտում ու ձիու վրա,
Այլ զոհվեց անլուր դավաճանությամբ…
Մեր դժխեմ բախտից՝
Նա չհասցըրեց իր օպերայում
Թշվառ Անուշին խելացընորել,
Եվ ի՛նքը, ի՛նքը, ի՜նքը ցնորվեց…
Մեր դաժան բախտից՝
Սասնա ծռերին երգել չտված,
Նա ինքը դարձավ նոր Փոքըր Մհեր
Ու դեռ կենդանի՛, ո՜ղջ-ո՜ղջ զնդանվեց
Հոգեբուժարան- Ագռավաքարում…
…Ով մազապուրծ էր մահից, Վարդապե՛տ.
Քեզ կորցընելու ցավից ահավոր
Աչքերըս լիքը լաց ա… մրմնջաց,
Առանց խոսքերի և անեղանակ
Էրվում եմ, էրվում այրվելով երգեց,
Սակայն… անօգո՜ւտ:
Ով առուփախով, գաղթով էր փրկվել,
Անզորությունից կրկին մոռացած
Հայի անարդար Աստծո հանդեպ
Իր քենը արդար՝
Երկնքին նայեց լուռ պաղատանքով,
Սակայն… ապարդյո՜ւն:
Ինչ եկեղեցի որ չէր ավիրվել,
Եվ ամեն տաճար,
Որ ժամերգվում էր դեռ հայ աշխարհում,
Պատարագիչի դողդոջ շուրթերով
Պահպանիչ ասաց՝ կյանքիդ ի խնդիր,
Սակայն… չփրկե՛ց.
Հայացքըդ կրկին անկենդան մնաց,
Գլուխդ, որ ցարդ լուսատու էր մի,
Դարձավ մոլորակ՝ պաղած ու անլույս…
ՂՈՂԱՆՋ ԱՆԱՆՑ ՍՈՒԳԻ
Պոլսին մոտիկ Շիշլի դաշտում,
Երկու տարի զնդանվեց նա,
Որին մի ողջ ազգ էր պաշտում:
Բժշկո՜ւմ են…
Ի՞նչ են բուժում,
Ուղեղի՜ վերք,
Մթագնած մի՜տք,
Որ մնում է թանձըր մուժում…
Ովքեր նրա միտքը պաշտում
Եվ կորստին դեռ չեն հաշտվում,
Ուղարկում են նրան Փարիզ:
Փարի՜զ, Փարի՜զ…
Երկու տարի դեռ չի անցել,
Ինչ նա այդպես քեզ էր գալիս,
Որ իր ձայնով, սրինգ-փողով,
Որ իր մտքով, խելքով պայծառ
Գերեր մի ողջ Համաժողով:
Փարի՜զ, Փարի՜զ…
Հիմա դարձյա՛լ,
Վերստին է նա քեզ գալիս՝
Ո՛չ երգելու, նվագելու,
Ո՛չ հիացմունք հավաքելու,
Նա՝ մարմրող ու վիրավոր՝
Էլ թև չունի որ հաղթ սուրա,
Էլ հուր չունի որ հուրհուրա…
Ո՛չ «բռավո»
Ծափուն «ուռա».
Եվ ո՛չ էլ «բիս» :
Փարի՜զ, Փարի՜զ…
Գալիս է նա, որ միտք մուրա…
Փարի՜զ, Փարի՜զ…
Եղիր բարի՛,
Ի սեր աստծո գթա՛ծ եղիր,
Այս ծուռ ճամփից նրան շեղի՛ր
Ու բեր շիտակ ճանապարհի.
Այնպե՛ս արա, որ նա դարձյալ
Քեզ ողողի մտքով պայծառ,
Որ երգերով սիրտդ վառի,
Նվագի փող,
Շորոր պարի…
Բայց խեղճ Փարիզն ի՞նչ դեղ ճարի,
Ինչպե՞ս փրկի քո հանճարին,
Թե մեկնելիս նավի վրա,
Աշակերտներն իր սիրասուն
Ծաղկեփունջ են տալիս նրան,
Իսկ նա… նրանց բառ չի ասում,
Ոչ էլ ժպտում բարի՜-բարի՜,
Իսկ նա… փունջը չի հոտոտում,
Այլ- անտարբեր- ծովն է նետում՝
Պաղ հայացքը՝ սար ու քարին…
…Տարվա հետքով սողաց տարին,-
Բուժում չկա՜ քո հանճարին…
Տարվա հետքով տարին գնաց,-
Եվ խազերը մեր հինավուրց,
Որոնց ամբողջ տաժանակիր քսան տարի
Նա մայրական իր ջանքերով
Անխոնջորեն ոտքի հանած՝
Քայլելու էր վարժեցըրել,
Դրել ուղիղ ճանապարհի,-
Նույն խազերը հիմա դարձյալ
Քար կտրեցին ու կոնդացան.
Ինչ արված էր երկար ու ձիգ քսան տարում՝
Չար մի հողմով ցրիվ եկավ քար ու սարում…
Տարիների ոտնահետքով
Նոր տարիներ վրա հասան.
Մեկ- տասնըմեկ՝ դարձան քսա՛ն:
Տարվա հետքով տարին գնաց,
Իսկ նա՝ մեռած անթաղ մնաց:
Քսա՜ն տարի անթաղ մնաց
Մի սո՜ւրբ դիակ,
Սուրբ ու միա՛կ…
Տարվա շունչը տարվա հևքին՝
Մեկը մեկից սկիզբ առան,
Իսկ նա՝ նման Զմրուխտ հավքին,
Նման հավքին մեր Հազարան՝
Ո՛չ գնդակված,
Ո՛չ էլ մորթված,
Այլ ճակատի բութ հարվածից ուշակորույս.
Քսան տարի լուռ թպրտաց՝
Գոնե…
Գոնե չթողնելով հնարք ու հույս
Փարատելու մեր ցավը խոր,
Ավարտելու կոծն ու սուգը,
Մեր հոգու մեջ չորացնելու
Սանդեր փորող արտասուքը…
Քսա՜ն տարի մեռած-անթաղ.
Ե՛վ մահացած, և ողջանդամ
Մի սո՜ւրբ դիակ,
Սուրբ ու միա՛կ…

ԱՀԱԳՆԱՑՈՂ ԱՀԱԶԱՆԳ



ՂՈՂԱՆՋ ՎԵՐԱԾՆՄԱՆ
Ա՜խ, Վարդապե՛տ,
Մեռած դանդաղ,
Մեռած թեպետ,
Բայց և անթաղ,
Բայց և անփուտ մեր սրբություն.
Կարելի էր յաթաղանով,
Ջարդով,
Խարտով,
Դավով – անդավ
Բնաջնջել մի ո՛ղջ անտառ,-
Անմարդկային մի լրբությո՜ւն,-
Եվ այդ մտքից զարհուրելի
Չխենթանալ չէ՛ր կարելի:
Սակայն չարի խոփը դիպավ ժեռ քարերի,
Եվ ժանգոտած խոփը նրա չդիմացավ:
Դու՝ Փարիզյան Վիլ-Ժուիֆում,
Այդ չիմացար…
Դու չիմացար, որ աշխարհով
Կայծակեցին ահեղ շանթեր,
Եվ ազգը քո` որբ ու անտեր,
Բզի՜կ-բզի՜կ,
Ծվա՜տ-ծվա՜տ,
Լքված աստծուց և մարդկանցից,
Զրկված անգամ հուսո գանձից,
Ի դեմս ամեն բարեկամի
Լոկ տեսնելով ծախու կավատ,
Մինչև մրուր դատարկելով
Վհատության գավ ու գավաթ,-
Նույն ազգը քո հանկարծ-մեկեն
Վերստացավ նոր մի հավատ.
Հոգեվարքի իր մահիճում
Հոգեդարձը վերածնվեց,
Մի նոր կյանքի հույսով զինվեց…
Իմ ժողովո՛ւրդ հնամենի,
Ինչպե՞ս գտնել դեռ չստեղծված
Բառն այն, որով հնար լինի
Քեզ ճշտորեն անվանելու:
Դու՝
Պատմության մութ առեղծված,
Դու՝
Մարդկության բարդ հանելուկ,
Տեղն ու տեղդ՝ զարմանալի…
Քեզ որտեղի՞ց այն բանալին,
Որով կյանքի դուռն ես բացել,
Այն դարավոր
Հաստ դուռը, որ
Ճակատի դեմ քո լուսավոր
Փակվել է միշտ, շրխկացել:
Քեզ դարեդար հալածելով,
Խուժդուժորեն սրածելով՝
Սպանեցին,
Խաչ հանեցին,
Սակայն մնաց դեռ հայությունն.
Առանք կրկին մենք հարություն,
Եվ ո՛չ իբրև մի նոր Հիսուս,
Այլ… հայի՛ պես:
Դարեր ի վեր վառում են մեզ,
Այրում են մեզ,
Դարձնում մոխիր
Հնոցի մեջ խուլ չարության,
Խարույկի մեջ քեն ու ոխի,
Ու տաք մոխիրն անգամ թրջու՜մ…
Սակայն ոգին մեր հայության
Թե այրվեց էլ, ո՛չ, չի՜ կորչում.
Ելք է ճարում նո՛ր հարության,
Եվ… ո՛չ որպես փյունիկ թըռչուն,
Այլ… հայի՜ պես…
Սակայն ոգին մեր հայության
Ավելի ճիշտ՝ չի՜ մոխրանում,-
Միևնույնն է, թե չարության
Հուրը թեժ է կամ մարմանդ է.
Չի մոխրանում,
Այլ ճախր անում,
Սավառնում է ոգին հայի,
Եվ… ո՛չ իբրև հեքիաթային
Կախարդական սալամանդըր,
Այլ… ի՛ր նման՝
Հայ ոգո՜ւ պես…
Դիակներով ձորն է լցվում,
Դիակներով վիհն է խցվում,
Արյուն հագնում սարավանդը…
Հարվածում են մեզ մահացու,
Վերքի վրա նոր վերք բացում…
Ջարդեր հայտնի, դավեր ծածուկ,
Կործանումներ գունակ-գունակ…
Դժխեմ բախտի մատյանի մեջ
Սպառումի հազա՜ր սյունակ…
Իսկ մենք տոկուն ու կենսունակ,
Ինչի՞ նման,- դե եկ ասա…
Իսկ մենք՝ տոկուն ու կենսունակ
Հենց… որպես հա՜յ,
Հենց… որպես հայ…
Արցունքն՝ աչքին,
Վերքը՝ կրծքին,
Պատա՜ռ-պատա՜ռ, ծվատ թեպետ,
Քո ժողովուրդը, Վարդապե՛տ,
Զնդանումիդ քսան տարում
Ջանաց ասել մնաս բարև
Ամեն բանտի ու զնդանի,
Մտավ հզոր մի ընտանիք,
Ուր հույսը նույն
Դարձել էր սյուն,
Նույն երազը՝ ծածկող տանիք…
Մեր կեղեքման ու մեր տանջման,
Մեր վերահաս բնաջնջման
Ահեղ մտքից ցնորվելով,
Դու չիմացար, որ հորվելով՝
Հանձնվելով խավար հողին,
Չփտեցինք մենք հողի տակ,
Այլ վազի պես մեր խաղողի,
Երբ որ հասավ գարունը տաք,
Հողի մեջ էլ մեզ ուղղեցինք,
Գարնան շնչով ընձյուղեցինք
Ու կանգնեցինք՝ նորի՛ց շիտակ,
Իսկ գարո՜ւն էր,
Ի՜նչ գարուն էր…
Եվ դարավոր մեր արյունը
Պատանորեն տաք պղպջաց,
Հին ավիշը, նոր ավյունը
Կրկին եռաց մեր բնի մեջ,
Անցավ ջարդված ճյուղքի միջով,-
Ու մեր ծերուկ հոգին ճչաց
Նորածինի զնգուն ճիչով:
Չլիացանք փրկված քիչով.
Թե պաղ էինք, շուտ հալվեցինք
Ու շատացա՜նք, ծավալվեցի՜նք.
Եվ ուր կուզես՝ հայ մի անուն,
Որ մեր պատիվն է պահպանում,
Մեր մեծությունն է վեր հանում,
Դռներ բանում պանծացումի,
Հեռու տանում համբավը մեր…
Երեկ դեռ որբ ու սովագար՝
Մենք շողացինք անբավ գանձով.
Ծովից զրկված, մի ազգ անծով՝
Եվ տվեցինք մենք…ծովակալ
Արդեն վաղուց, վաղո՜ւց թեպետ
Կորցըրած զորք, սպարապետ,
Ոտնահարված՝ բանակներից,
Ապրած գրոհ, ջարդ ու արշավ,
Եվ… քո ավեր տնակներից
Ծնունդ առան բյուր զորապետ,
Գեներալներ ու հայ… մարշա՜լ…
Դարեր ի վեր
Մարմինը մեր,
Մարմինը մեր խեղճ ու տոկուն
Հիսուսի պես չարչարեցին,
Բայց քիչ էր դա.
Հասան հոգուն,
Նաև հոգուց մեզ զրկելու
Մի անհոգի ճար ճարեցին.
- Ո՛չ մի երգիչ՝ մեզ երգելու,
Մեր մահն անգամ ողբերգելու:
Ո՛չ մի երգիչ…
Եվ չարեցի՞ն:
Այն էլ ինչպէ՜ս, ի՜նչ արեցին…
Բայց – ո՛վ հրաշք – պետք չէր մի դար,
Ոչ էլ կես դար, որպեսզի մենք
Ծնունդ տայինք մեր… Չարենցին,
Որ… չծնվեց մորից արդար
Եվ ուժ չառավ նրա կաթից,
Այլ… դուրս թռավ մեր հեքիաթից՝
Իբրև եղբայր մի արժանի
Սիամանթո-Վարուժանի,
Կրտսեր եղբայր, կրտսեր զավակ,
Որ պիտի գա և այն անի,
Ինչ չարեցին միջնեկ-ավագ…
Մենք՝ մատնըված ջարդ ու գաղթի,
Անբախտներից անբախտ` կյանքում,
Բազմաստեղյան հոծ երկնքում
Մենք՝ զուրկ նույնիսկ աստղից բախտի,-
Հիմա փրկված չար ու անգութ
Սամում-խորշակ-ուրագանից,
Ողջ աշխարհին երեկ անհայտ
Մեր երկնասեր Բյուրականից
Ոչ թե անհայտ կամ դեռ հեռու
Աստղի ծինն ենք ազդարարում,
Այլև գտնում հազարաբյուր
Աստեղաբույլ-
Աստղասըփյուռ,-
Եվ գիտության հոգնած դեմքով
Անց է կենում թարմ մի զեփյուռ…
Նույն երկնի տակ, նորից այնտեղ՝
Արագածի ձնոտ լանջին,
Ուր չէր վառվել Լուսավորչի
Առասպելյա ոչ մի կանթեղ,
Վերին կամքով ոչ արարչի,
Այլ հայորդու
Մտքով արթուն
Փնջվում են արդ,
Դառնում կանթեղ
Կոսմիկական ճառագայթներ
Դու մեր անթաղ, բայց և անփուտ,
Տրոփասիրտ մեր սուրբ մումիա,
Թեկուզ մարած, բայց վառվելիք
Մեր հոգու ջահ հազարմոմյա,
Դու չիմացար և որտեղի՞ց իմանայիր,
Թե Մասիսի սուրբ փեշերից
Մինչև լանջը Հիմալայի,
Անունովդ հպարտացող մի կվարտետ՝
Քեզ յուրովի կրկընելով,
Քո հարկադիր կաշկանդումն է, որ կավարտեր՝
Սկիզբ տալով քո վերահաս արձակ կյանքին,
Հետզհետե ահագնացող անլռելի արձագանքին՝
Երկրից երկիր,
Սրտերից սիրտ,
Շուրթերից շուրթ՝
Արևաշատ հայրենիքիդ երկնքից լուրթ
Մինչև Կարպատ ու լանջերը Հիմալայի…
Դու՝ երազկոտ, և չիմացար,
Ա՜խ, որտեղի՞ց իմանայիր.
Որ այն, ինչ քո ազգամեծար
Ու մեծ հոգով դո՛ւ կամեցար՝
Որպես երա՜զ, մտքի շշո՜ւնջ,
Պիտի մի օր ստանա շո՛ւնչ,
Ստանա ձև՛…
Դու չիմացար,
Եվ որտեղի՞ց իմանայիր:
Մինչդեռ հիմա, հիմա… Նայի՛ր…
ՂՈՂԱՆՋ ՄԱՐՄՆԱՎՈՐՎԱԾ ԵՐԱԶԻ
Քանի՜ աչիկներ, մանչուկնե՜ր քանի,
Քանի՜ նորատի, պարման-պատանի
Աչքերը սևսաթ, դեմքերը սուտակ,
Ձեռքերին սրինգ, շեփոր ու ջութակ,
Դպրոցից գալիս դպրոց են գնում՝
Պայուսակներում ու թևերի տակ
Քո երգ ու տաղի պրակները տաք…
- Դե ե՜կ, Վարդապե՛տ, եկ ու հավատա՜:
Որպես նորորակ հոյակապ տաճար
Եվ մեր պատմության ու մեր քերթության
Օջախ մի անշեջ ու սուրբ մի կաճառ,
Մատենադարա՜նն ահա, Խազագե՛տ,
Մի շենք փառակազմ ու հրաշակերտ,
Ամենապարփակ մի շտեմարան,
Որտեղ պահվում է հունձքը մեր հոգու՝
Մեսրոպյան տառի կնիքը վրան,
Եվ նրա կողքին՝ մեկ այլ շինություն
Անցուդարձողի ուշք ու միտք գերող.
Հայոց Առաջի՜ն Կոնսերվատորիան՝
Քո ամենասուրբ անունը կրող…
- Դե ե՜կ, Վարդապե՛տ, ու խոսքեր ճարիր…
Մկրտված ոգով քո սուրբ հանճարի՝
Քանի՜ երգչուհի, քանի՜ հայ երգիչ,
Եվ քանի՜- քանի՜ հայ երաժիշտներ՝
Քոյասիրահար ու քեզապաշտներ,
Ելած քո ազգի բեղուն ընդերքից՝
Բեմերի վրա համայն աշխարհի
Մեր տաղ ու պարի
Թովչանքն են ցրում,
Բուրմունքը փռում
Մեր բան ու բառի:
Դե ե՜կ, Վարդապե՛տ, մի՛ ժպտա բարի…
Մեր երգի հունը լայնացընելով,
Համանվագի շարքեր ծնելով՝
Ճախրում են Նորքից մինչևիսկ Նյու-Յորք,
Սևանից մինչև գոռ Նիագարա
Քանի՜ երգաստեղծ ու նվագարար:
Ու նրանց ամեն նոր համերգի մեջ,
Ու նրանց իրե՛նց – և ամենքի՜ մեջ -
Դո՜ւ ես. հոր նման արյուն ես դարձել,
Փոխարկվել ջղի, նոր ձև ստացել:
Դո՜ւ ես, Նահապե՛տ, դու ես այն յան-ը,
Որ հայություն է հաղորդում նրանց
Իսկույն ճանաչվող հայ ազգանվանը.
Հայկական շունչն ու անտես այն ոգին,
Որ համակում է նրանց ամենքին,
Եվ որ աշխարհն է զգում-հասկանում,
Ինչպես Եվրոպա՛ն, այնպես էլ Ասիա՛ն.
Այն շունչն ազգային, մշտառկա ոգին,
Որ կյանքում նո՛ւյնպես ունի ազգանուն՝
Քո՜ անունը սուրբ, քո՛`Կոմիտասյա՜ն…
- Դե ե՛կ, մահացա՜ծ, ու մի համբառնա,
Դե արի՛, պանդո՜ւխտ, երկիր մի՛ դառնա…
ՂՈՂԱՆՋ ՎԵՐԱԴԱՐՁԻ
Ու վերադարձա՜վ…
Նրանից առաջ
Աշխարհասփյուռ – մազապուրծ հայեր,
Դիպվածն էր որոնց չար մահից պահել,
Որպեսզի հետո տա լաց ու հառաչ
Եվ – ի տրիտուր – իր հերթին տանջի՜,-
Աշխարհասփյուռ – մազապուրծ հայեր
Կրկին հայրենի հողն էին դառնում,
Մարած շեների կրակը խառնում,
Որ ծուխը փնչի,
Երդիկը շնչի
Սեգ Մասիսների աչքի հանդիման,
Փեշերի վրա Արագածների՝
Ի հանգստություն բյուր ընկածների:
Վերադառնում էր, գալիս էր հիմա
Նա՝ անթաղ զոհը նույն առուփախի,
Խելաբորբոքը նույն սառ ու պաղի,
Մեր պար ու խաղի,
Մեր երգ ու տաղի,
Այն միակ հույսը և ապավենը,
Մեր հինն ու նորը իրար շաղկապող
Ծիածանակերպ այն ժապավենը,
Որ հատվեց մի օր դանակով չարի,
Եվ որին ահա քսա՜ն ձիգ տարի
Նախ՝ վերափոխման ակնկալիքով
Եվ ապա տենչով հանգստանալու,
Սպասում էինք՝
Սիրով բանալու
Մեր վերքն՝ սպիով, ներկան՝ գալիքով.
- Գալուստիդ մեռնի քո կարոտ յարը
Ախպեր ջան, արի՜, դե արի երթա՛նք…
Նա՝
Հեռագնաց մեր կարոտյալը,
Նա՝
Մինուճարը, զավակը մեր թանկ,
Նա՝
Հեգ պանդուխտը մեր քսանամյա,
Վերադառնում էր, գալիս էր հիմա.
- …Քո գալո՛ւն մեռնեմ,
… Կարո՜տըս առնեմ…
Սև էր գնացել՝ բեղ մորուքը սև,
Վարդապետական սև սքեմ հագած:
Սև էր գնացել՝ եկավ ճերմակած…
… Ա՜խ շատը կուլ տամ, գոնե քիչն ասեմ,
Անաստված աստված, բա քո ինչն ասեմ.
Գնացել էր նա,
Հիմա բերեցին.
Գնաց՝ սեփական ոտքերի վրա,
Իսկ հիմա նրան
Մեր տաղերեցին
Ահա բերեցին… ձեռքերի՜ վրա…
- Վախ, մերդ մեռնի,
Ծաղկաթափ նռնի…
Գնաց այն պահին,
Երբ ահի՛,
Մահի՛
Շունչն էր մոլեգնում որպես չար խորշակ,
Երբ կուլ էր գնում ողջ ցեղը հայի,
Ու դեռ չէր փակվել մի գազանային
Մարդակերական անկուշտ ախորժակ,-
Երբ հիմա հեռվից դառնում էր նա տուն,
Մի տուն
Որ փրկված ամեհի հողմից՝
Շինվել էր կրկին և ամեն կողմից
Խաղողի վազով երեսն էր պատում:
-Գարուն է, արի,
Վա՜խ, քեզ ի՜նչ արին…
Ու վերադարձավ հողն իր հայրենի,
Որին առհավետ կորցըրած կարծեց,
Եվ հենց ա՛յդ, հենց ա՜յդ միտքը վայրենի
Որդի պես նրա ուղեղը կրծեց…
Ու վերադարձավ Արարատներին,
Արագածներին իր քառակատար,
Իր հող ու ջրին, անարատներին,
Իր տաճարներին ու պալատներին,
Իր արտին, այգուն և արոտներին,
Անցյալ,
Ապառնի,
Ու հարակատար
Բոլորանվեր ա՛յն կարոտներին,
Որ մնում էին հավետ անվթար,
Որ կիտվել էին քսանհի՜նգ տարի
Իր մթար սրտում,
Վթար մտքի մեջ՝
Ա՛յն դժբախտ օրից, երբ Մայր տաճարի
Գավիթը թողած, ցաված ու խռով
Նա գնաց Պոլիս
Եվ ապա… Փարիզ…
- Ա՜խ գալըդ լիներ,
Գնալ չլիներ…
Ու վերադարձավ մեր սուրբ հեռական…
Ահավոր մտքից ինքը խելագար՝
Չգիտեր թեկուզ, որ քսան տարում
Իր վերածնված ու նոր աշխարհում
Վառ ղողանջումը իր զնգուն զանգի
Արձագանքել էր խելագար թափով՝
Լացով հիացման,
Որոտուն ծափով
Ելել էր, հորդել և նոր մի ափով
Հասել, խառնըվել ուրիշ հոսանքի:
- Ումուդ ջան, նանին
Քո ցավը տանի…
Ու վերադարձավ,
Որ էլ չգնա,
Որ մրսած հոգին նորից տաքանա,
Ժողովրդական սիրո տաք օդով,
Որ չիմանալով, դառնա սեգ կոթող՝
Ողորկ գրանիտ ու բրոնզ հագած,
Եվ այնտեղ… նրա հերքը ճերմակած
Առաջվա նման – ընդմի՜շտ – մգանա,
Հայացքի մուժը այնտեղ չքանա
Աչքերը փայլեն իրենց հին ցոլքով,
Ու նորից ցրեն
Ու փռեն
Չորս կողմ
Մարդեղացումը աստվածայնության,
Եվ սուրբ բերանի մնջախաղ-երգով,
Շարժումով ձեռքի
Կրկին տա դասեր
Դասեր մեներգի
Բազմաձայնությա՜ն…
- Աչքերըդ պայծառ,
Բերանըդ՝ տաճար…
Նա վերադարձավ,
Եվ ո՜ղջ մի երկիր,
Ժողովո՜ւրդ մի ողջ սրտով վշտառու
Ելավ հերթ ի հերթ,
Եկավ շար ի շար՝
Իր խաղ ու պարի, իր տաղ ու երգի
Կախարդիչ մոգին հրաժեշտ տալու…
- Իմ կանաչ արև,
Ի՜նչ մնաս բարև…
ՂՈՂԱՆՋ ՀՐԱԺԵՇՏԻ
Արագածի, Արարատի
Հայացքի դեմ սգավոր,
Սև տուֆակերտ մի պալատի
Տրտմահանդես դահլիճում
Պառկած էր նա՝
Որպես անթագ, բայց հիրավի թագավոր,
Որ ունի գահ,
Բայց ոչ երբեք իր սեգ գահից վարիջնում:
Եվ գահազուրկ մի ժողովուրդ,
Որ, իբր արդար հատուցում,
Հեղափողել մի ողջ աշխարհ
Ու ջարդել էր հին գահեր,
Հիմա ուրիշ մի արքայի
Ծով հարգանք է մատուցում,-
Ու փղձուկն են հազիվ պահել
Կին, տղամարդ, ծեր, ջահել:
Քարացել են ակնածանքից
Սև երիզով դրոշներ,
Հա՜յ պետական դրոշները,
Լսո՞ւմ ես դու, Վարդապե՛տ:
Եվ մի ամբողջ մայրաքաղաք,
Մայրաքաղա՜ք, ո՛չ գաղութ,
Իր հոգու մեջ – վերջի՛ն անգամ -
Աշխատում է դրոշմել
Կերպարանքը քո սիրելի,
Քո դեմքը թանկ, որ թեպետ
Երգերիդ պես չի շողշողում,
Որ ցոլուն չէ ու ջղուտ,
Բայց գունատ է ո՛չ որբի պես,
Այլ մի արդար սրբի՜ պես…
Ու կանգնում են պատվո պահակ
Մասիս,
Սիփան,
Արագած՝
Ճերմակահեր գլուխն իրենց աճյունիդ դեմ վար հակած…
Ու կանգնում են պատվո պահակ
Հայոց պետեր,
Վարպետներ,
Հայ աշխարհի մեծերն ամեն,
Ամեն երեց ու ավագ…
Եվ քեզ ծնած մի ժողովուրդ՝
Հիմա դարձած քեզ զավակ,
Հրաժեշտի խոր տրտմությամբ միաժողով ու հավաք,
Կքված ցավից հայրակորույս,
Կիզված վշտի խոր տապից՝
Գալիս է լուռ, գալիս հերթով,
Որ հոգու մեջ խոր տպի
Մասունքներիդ սրբազան տեսքն ու դեմքը քո,
Դեմքը սուրբ…
ՂՈՂԱՆՋ ԹԱՂՄԱՆ ԵՎ ՀԱՐՈՒԹՅԱՆ
Թաղման թափորն անվերջ ձգվեց
Աբովյանից մինչ Պանթեոն,
Որտեղ արդեն, ամենից վաղ,
Հրազդանն էր նրան կոծում՝
Եղերամոր եղանակով:
Եվ մարդկային ծովի վրա հանդարտ ճոճվեց
Պսակներով առագաստված մի սուրբ նավակ…
Դարձել էին հուղարկավոր
Բազմահազար երևանցիք,
Եվ… ո՛չ միայն վերջին ու նոր մեր ոստանի
Բնակիչներն արտասվաթոր,
Եվ ո՛չ միայն մի ժողովուրդ,
Որ ապրում էր իր պետության սահմաններում,
Եվ ո՛չ միայն մի ժողովուրդ,
Որ փռված էր ողջ աշխարհի լայնքի վրա,
Այլև… բոլոր մեր զոհե՜րը միլիոնավոր,
Մեր բյուրավոր մեռելն՜րը,
Որ մինչևիսկ չարժանացան… թաղման ծեսի,-
Բոլո՛ր նրանք, որոնց բախտից ահազարհուր
Կորավ և սա՜,
Սա՝ զոհը մեր ամենամե՛ծ…
Հայաստանյան լեռներն էին հուղարկավոր
Եվ գերեվար լեռները մեր՝ Կարսից-Զեյթուն…
Բուրվառում էր հայրենաշունչ բուրիչ քամին…
Զանգակաձայն իր դուստրերից
Նա՛, որ ուներ Հայկից առած անուշ անուն,
Շիրիմ կոչված այն փոսի մոտ,
Որ հիրավի պիտի կոչվեր նոր Խոր Վիրապ,
Անմարդկային լռության մեջ սկիզբ տվեց
Պահիպատշաճ Չինար ես-ին.
-Կեռանա՜լ մի…
Ու կեռացան-խոնարհվեցին բյուր գլուխներ…
Արցունք կաթեց պսակներին,
Լսվեց փղձուկ համատարած՝
Իբրև երգի մի յուրատիպ նվագակցում…
Եվ չէր ճարվի բոլորի մեջ մի անձ գոնե,
Որ ակամա և մեկուսի չմտածեր.
-«Չի կեռանա».
Վկան, նաև առհավատչյան՝
Արարատն էր՝ երկնաձիգը,
Արագածն էր՝
Իր չորս անկոր կատարներով,
Ինչպես նաև այս երգը նույն,
Որ հայցում էր
-Հեռանա՜լ մի:
Հեռանում էր:
Բայց հեռանում
Ահավասիկ այս իրիկվա արևի պես.
Որ բնավ էլ մայր չի մտնում,
Այլ իր լույսով ողողելու
Ուրիշ ու նոր կողմեր գտնում:
Հեռանում էր:
Բայց հեռանում, որ մոտիկից հեռանալով՝
Հեռուներում լայն ծավալվի ու տարածվի,
Որ կիսատը նոր լրացվի
Եվ տարածված ու լրացված՝
Երբևիցե չմոռացվի:
Եվ իզուր էր երգը խընդրում.
-Մոռանա՛լ մի…
…Երբ սկսեց աճյունն իջնել
Շիրիմ կոչված այն փոսի մեջ,
Որ հիրավի պիտի կոչվէր նոր Խոր Վիրապ,
Նույն այդ պահին հայ երկնքից
Հանկարծակի անձրև՜ տեղաց.
Զարմանալի զուգադիպո՜ւմ.
Թե՞ իսկապես երկինքն անգամ
Ողբում էր քեզ՝
Խաղա՜ղ-տրտո՜ւմ-հանգըստարա՜ր իր անձրևով…
…Երբ սկսեց աճյունն իջնել
Շիրիմ կոչված այն փոսի մեջ,
Որ հիրավի պիտի կոչվեր նոր Խոր Վիրապ,
Այդ վայրկյանին ո՞վ չլսեց,
Որ բովանդակ աշխարհով մեկ
Փռված բոլոր եկեղեցիք հայահավատ
Իրենց բոլոր զանգակներով ու զանգերով
Դեպի երկինք ղողանջեցին.
-Դռներըդ բա՜ց…
Եվ հայկական տաճարների բյուր բեմերից
Կոմիտասյան Պատարագ-ով
Ժամերգեցին քե՜զ, Կոմիտա՛ս:
- Երբեմն էի լոյս, և այժըմ
Խավար եմ և ստվեր մահու…
Ո՛չ, այս անգամ սխալվեցի՜ր, պատարագի՛չ,
Նա լույս էր վառ ու լույս է արդ,
Ու կմնա միշտ լույս զվարթ,
Լույս՝ աչքերում հայ մանուկի,
Լույս՝ մտքի մեջ հայ պարմանու,
Հայ հարսների պտղած ծոցում,
Հայ թոռնօրոր նանիների
Ինքնամոռաց ժպիտի մեջ,-
Հայ այրերի ու հայ կանանց
Ջերմ սրտերում սիրատըրոփ:
Քեզ, Վարդապե՛տ,
Անփուտ հողին ի պահ տալիս
Իզո՜ւր էին պատարագում թաղման երգով.
-Ի վերինըն Երուսաղեմ…
Ո՛չ թե թաղման երգն էր պատշաճ,
Այլ հարության վառ մեղեդի՜ն.
-Փառք ի բարձո՜ւնս…
Օրհնեա՛լ ես դու…
Օրհնյա՜լ ես դու,
Եվ չես թաղվում ու հող դառնում,
Այլ թաղվելիս հարությո՜ւն ես կրկին առնում…
-Օրհնեա՛լ ես դու.
Գա՜ռն աստուծոյ…
Ա՜խ, գա՛ռն արդար, որ զոհ գնաց
Եվ անդանա՜կ զոհվեց չարին՝
Արհավիրքի այն սև տարին,
Երբ հայ երկրում հայ չմնաց…
- Ելն ի բարձունս… էառ աւար
Բաշխեալ պարգևս… որդւոց մարդկան…
Պարգև բաշխեց
Որդիներին իր տարաբախտ ժողովրդի
Եվ… մարդկությա՜ն:
Պարգև բաշխեց
Աստծո՛ նման՝ շռայլորե՜ն,
Եվ բաշխելով՝ հարստացա՛վ…
-Գովե՛մք զքեզ,
Բարեբանե՜մք…
Բայց դրվատման ի՞նչ խոսքերով
Բարեբանենք և քեզ գովենք,
Թե աղքատ է հանկարծ թվում
Բառարանը մեր հայկազյան…
Ի՞նչ խոսքերով բարեբանենք
Քե՜զ Վարդապե՛տ…
……………………
Դո՜ւ – Վարդապե՞տ…
Դու ամենայն Հայոց երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
Հայոց երգի
Անծիր հերկի
Ե՛վ ակոսն ու խորունկ առն ես,
Ե՛վ մատընտիր սերմը նրա,
Ե՛վ խոստումը գալիք բերքի…
Եվ ծիրանի մեր այն ծառն ես,
Որ ինչքան էլ ճղակոտոր՝
Շտկըվել է ու բար տվել,
Ու… մեր դարդը իրար տվել…
Եվ հայրենի այն ծիծառը,
Որ հավիտյան բույն է դրել
Մեր հոգու մեջ,
Մեր կիսավեր ու դեռ կանգուն տաճարների
Ու մեր երկնի գմբեթի տակ…
Դու՝ մեր տավիղ,
Եվ քո լարը
Մինչև անգամ և հատվելիս
Հայերեն է նորից ճնգում:
Դու՝ մեր սրտի ձայնալարը,
Մինչև անգամ վհատվելիս
Հայերեն ես դարձյալ տնքում…
Դու ես քարը
Եվ սրբատաշ մեր պատշարը.
Հացը օրվա
Եվ նեղ ժամի մեր պաշարը.
Մեր փակ հոգին, բաց աշխարհը,
Սրբագործված մեր նշխարը.
Եվ մեր ճարը՝
Օտարամուտ ախտի դիմաց.
Խնկածավալ մեր տաճարը՝
Օտարահոտ աղտի դիմաց.
Վերադարձի մեր պատճառը՝
Մեր հարկադիր գաղթի դիմաց.
Համահավաք մեր հանճարը՝
Ազգասըփյուռ բախտի դիմաց…
Դու մեր հաստատ Մասիս սարը՝
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
Ու բյուրակյան ակունքն ես մեր,
Մեր արնոտված հավքի լեզուն,
Մեր կարոտած ֆիդան յարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա՛ղը-նոտա՛ն-ձայնատա՛ռը
Ձայնասըփյո՜ւռը կենդանի
Ու ձայների թանգարա՛նը,-
Մեր հայկական երգարա՜նը…
Արտը մեզնից՝ դու ես մաճկալ,
Հարդը մեզնից՝ ցորենը դու,
Հարթը մեզնից՝ կատար դու սեգ.
Լուրթը մեզնից՝ երկինքը դու,
Շուրթը մեզնից՝ դու համբույրը,
Ցուրտը մեզնից՝ իսկ դու՝ կրակ,
Իսկ դու՝ օջախ,
Իսկ դու՝ թոնիր…
Եվ մեզանից արդ ընդունիր
Երախտիքի այս խաչբո՜ւռը,
Այս խաչբուռը՝ քո՛ իսկ հերկի:
Ընդունիր դո՜ւ, դո՛ւ՝ մեր երգի
Մշտահնչուն նվագարան.
Ընդունիր դո՛ւ՝ մեր ցաքուցիր
Մասունքների հավաքարա՜ր.
Դու՝ խազերի մեր քերական,
Դու՝ հոգևոր մեր շարական.
Դու՝ սրբազան մի ավազան,
Որ մեր հոգին ախտահանեց.
Դու՝ բիբլիական մի գավազան,
Որ ուր դիպավ՝ աղբյուր հանեց.
Դու մեր կարոտ ու մեր մորմոք,
Մեր տաղի քուրմ,
Մեր խաղի մոգ,
Մեր մշտահունչ ու մշտարթուն,
Անլռելի զանգակատո՜ւն…