Պարույր Սևակ

4

Պատերազմը նրա քունքերը արծաթեց.
Պատերազմը դարձրեց նրան փոքր ինչ կուզիկ...
 
Գերմանացուն գիտեր դեռ ա՛յն օրից ատել,
Երբ թուրք յաթաղանը իր հոր կյանքը հատեց
Վիլհելմ կայզեր ձեռքով...
Իբրև բալզամ բուժիչ
Կյանքը իր նոր, նորոգ, միակ հայրենիքում
Մխիթարիչ ձեռքով հին վերքն էր հարդարել...
 
Սակայն ահա նորից արհավիրքի միգում
Զարթնեց հին կսկիծը... Եվ արդարև
Ինչպե՞ս, ի՞նչ հրաշքով նա չհիշեր արյան
Այն շառաչը, բոցի ճարակումն այն վայրի,
Որ ժողովուրդ մի հին, բազմադարյան
Կործանումի մատնեց...
Անտաշ քարին
Մուրճը իջավ ուժգին և առավել հատու...
 
Մաքառումով անցավ արհավրալից տարին:
Անընդմեջ էր մի միտք.
-Որդուց նամակ գար տուն...
...
 
Նամա՜կ... իսկ մոր համար այդ ողջ աշխարհ էր մի-
Լեցուն տառապանքով, սարսուռներով, ահով...
Քարացել էր կարծես սպասումը շեմին
Փոքրիկ փոստատարի տեսքով ծանոթ...

Комментариев нет: