Պարույր Սևակ

Показаны сообщения с ярлыком ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ. Показать все сообщения

ՄԻՋՕՐԵԻ ՀԱՄԱԶԱՆԳ


ՂՈՂԱՆՋ ՈՒԽՏԱԳԱՆԱՑՈՒԹՅԱՆ
Աշունն էլի զբաղվում է ներկարարի իր փեշակով.
Նա օրն ի բուն աշխատում է,
Իսկ գյուղացին՝ հանգստանում,
Երբ աղունը տուն է գալիս
Ծանր սայլով կամ իշուկով,
Երբ աղվում է թթու-թուրշին,
Նորոգվում է ճոճկան քուրսին,
Ու չորացած ցան-փթիրը ամրոցի տեսք է ստանում:
Ամբողջ ամառ
Ջրի համար
Հոգի տվող հողը հիմա
Ծծողական թղթի նման
Կլանում է եղյամ ու թոն
Ու մեկ քրտնում, մեկ մրսում է:
Փխրուն գետինն աշնան ցրտի պա՜րզ գաղտնիքով
Նորից իրեն, մումիայի պես, զմռսում է:
Ընկուզենին ու խնձորին
Իրենց խաշամն են ծալծլում հանդ ու ձորին՝
Նորահարսի փոթ-փոթ շորի
Ալիքավոր դարսի նման:
Լոկ փշատն է կարմրատակված կախվել ճութ-ճութ՝
Մեղվի գնդված պարսի նման:
Վերի-վերի, պարապ-սարապ ջահելի պես՝
Չի կարենում քամին մի տեղ տիտիկ անել.
Դես է վազում-դեն է թռնում,
Մերթ ուզում է ծերպի խորքը մտիկ անել,
Մերթ ծառի հետ կոխ է բռնում,
Քիթը կոխում ուր պատահի՝
Սափորի մեջ,
Հարս ու կանանց խորհրդավոր փեշերի տակ:
Լեռնաշխարհում աղբյուր-վտակ
Իրենց սնդիկ մարմնի վրա նորից հագնում են ապակի,
Մինչ տներում՝ ներսի տաքից՝
Ապակիներն ուրախությամբ լաց են լինում աննպատակ:
Ղավուրման է ամեն թոնրի
Աղ ներծծում ու ճարպ հալում:
Ամեն կողմից կանչում խաշի,
Հարիսա են անվերջ հարում:
Այստեղ՝ ծնունդ,
Այնտեղ՝ կնունք,
Աչքալույսի ժպտուն օղի:
Ամեն մատուռ՝ հավաքավայր,
Եվ ամեն վանք՝ ուխտատեղի:
Ու վանք տանող ամեն ճամփա ու սայլուղի
Նախշըվում են տեսակ-տեսակ ոտնահետքով,
Տրեխավոր, մաշիկավոր, բոբիկ ոտքով
Վանք են գնում
Հեռու-մոտիկ ամեն գյուղից:
Տան առաջնեկ գառը՝ կապված էշի վզից,
Առաջ վազում, կախ է ընկնում, շուրջը նայում,
Ու տանջվում է այն հարկադիր ու կեղծ հազից,
Որ անկասկած պիտի հնչեր իբրև մայուն…
Այնինչ ջորու մեջքին կապված
Զնգզնգացող սև կաթսայից՝
Ինչպես ասպետն իր զրահից՝
Մի զառ խորոզ,
Գոռո՜զ-գոռո՜զ,
Իր կատարն է մեկ դուրս հանում,
Մեկ՝ ներս տանում,
Եվ թափ տալով իր թևերը հրանման՝
Չհրկիզող կայծերի խուրձ
Ու բոցեր է ցրում իր շուրջ:
Եվ սայլերն են առաջ սողում՝
Լծից պոչուկ բեռնավորված
Աղմըկարար ճիժ ու պիժով,
Աման-չաման-կուլա-կժով,
Աչքերն ածուխ աղջիկների անծուխ բոցով,
Նորածընի օրորոցով:
Ու դալարուկ ճիպոտն ահա
Իր ազդեցիկ սուլ սուլոցով
Մինչև եզան մեջքը դաղի՝
Նախ երկնքի կապույտ երեսն է կտրատում՝
Երկրից ճայթած կայծակի պես:
Ոմանք՝ ուրախ,
Ոմանք` տրտում,
Սա՝ տխրադեմ-որբ ձագի պես,
Նա՝ ժպտերես ու բախտավոր,
Սա՝ կարմրաթուշ,
Նա՝ ախտավոր,
Եվ բոլորը՝ ուխտը սրտում -
Թը՛փ հա թրը՜փ,
Զը՛նգ հա զրը՜նգ,
Ճը՛ռ հա ճռի՜նչ-
Հասնում են վանք՝
Ուխտատեղի:
Եվ մոմերի ու կանթեղի
Բուրումնալից բոցն է ճթթում,
Ծաղկի նման փունջ-փունջ փթթում,
Ծաղկի նման վառ ու դեղին:
«Տե՜ր» են կանչում մի-մի բերան,
Մի-մի ծունըր աղոթք անում,
Մատղացուի ոտ ու վզից
Արձակում են կապ ու պարան,
Եվ գավիթի սալարկը պաղ
Զոհի արյամբ է տաքանում…
Եվ հնչում է դհոլ-զուռնան,
Որ վանքերը հնամենի,
Մատուռները մեկեն դառնան
Խրախճանքի արբշիռ ու ցոփ հրապարակ:
ՂՈՂԱՆՋ ԽԱՂԿԱՊԻ
Ու տեղներից վեր են թռչում
Թիկունքը լայն-մեջքը բարակ
Բոյը թիլ-թիլ,
Բեղը ծիլ-ծիլ
Ջահել տղերք,
Տղամարդիկ մացառմորուք,
Կուրծքը՝ փռչոտ,
Դեմքերն՝ այրված,
Աչքերն՝ այրող,
Հագած-կապած՝
Որը քաթան կամ շալ-շապիկ,
Որը չուխա կամ արխալուղ,
Բրդե գոտիկ, արծաթ քամար,
Իսկ զոլավոր և կամ պուտ-պուտ գուլպաներին՝
Խռոմ սապոգ, մազե քոշեր,
Սև կարիճի պոչի նման կեռքիթ տըրեխ:
Վեր են ցատկում գալիս շարվում իրար կողքի,
Եվ թուխ-թանաք և պատ-կտրիճ տղամարդիկ
Պարսպվում են ու բըրգանում:
Սկսվում է բոլորպարը:
Ծանըր քայլքով,
Անեղանակ-աներգ-անծափ,
Բայց համաչափ,
Երկու շրջան բոլորում են, պտույտ տալիս
Ինչ-որ զգույշ ու կարկամած,
Հետո քայլքը արագացնում կամաց-կամաց:
Պարագլուխ ձայնեղ տղան խաղ է կապում.
-Փեշդ եմ ընկել, Աստվածածի՛ն…
Խումբը բռնում վերջին բառից ու ձգում է,
-Աստվածածի՜ն…
Իսկ հողեղեն Աստվածածնի անմատչելի կախարդանքով
Աղջիկները ծուլ-ծուլ տալիս,
Մոտ են գալիս,
Բայց չեն մտնում պարաշրջան:
Իր խաղկապն է խաղասացը առաջ տանում.
-Ա՛խ, ջանեջա՜ն,
Բարով հասնեմ իմ սիրածին…
Խումբը բռնում վերջին բառից ու ձգում է.
-Իմ սիրածի՜ն…
Լայնանում է պարաշրջանն ամեն րոպե,
Դհոլն անվերջ շարունակում է տրոփել,
Հանգույցներ է տալիս զուռնան՝
Եղանակն է կոտորակվում,
Իսկ դհոլը` սպառնալով՝
Այնուհանդերձ չի տրաքվում:
Հետո նվագն արագ-արագ,
Փշուր-փշուր կուտակվում է,
Ձիգ է տալիս,
Վրա տալիս,
Եվ թե մեկ էր՝ չորստակվում է.
-Ա՜խ, թե չառնեմ,
Ես կմեռնեմ…
Ու կոպտալի թակութակից
Մինչև անգամ փուչ դհոլի անմազ դեմքն է փշաքաղվում,
Իսկ զուռնայի ծակուտակից
Արցունքներն են կարծես շաղվում…
Պարեկների ողկույզ-ողկույզ մազերի մեջ
Մոլորվում է մեղվի նման բզբզացող աշնան քամին
Կամ պլլըվում նայողների վիզ ու լանջին՝ չխայթելով.
- Քամին զանա,
Ծոցըդ բանա…
Հարս ու աղջիկ, ջահել կանայք
Դեռ չեմուչում, նազ են անում
Ու չեն մտնում պարաշրջան.
-Ե՜կ, ջանեջա՛ն…
Հետո արդեն չեն դիմանում
Ոսկորների ու հոդերի տանջող ցավին,
Ու հնչում է մի ձևացո՞ղ,
Թե՞ ամաչկոտ թուլ-թուլ ծիծաղ:
Իսկ երբ տեղից մեկը պոկվում
Ու թռչում է պարաշրջան,
- Ա՜յ, ջանեջան…
Մյուսներն էլ՝
Լորերի պես քլթիկ-մլթիկ՝
Հետևում են ողջ երամով:
Եվ արևի համ ունեցող,
Չորեքդիմաց ծամ ունեցող,
Մեջքակոտոր, ծնկածալիկ,
Ծոցվոր,
Բոցվոր,
Խնկածաղիկ,
Խունջիկ-մունջիկ
Հարս ու աղջիկ՝
Սիրո հրշեջ-սիրո հրձիգ՝
Տասի համար անգութ դահիճ,
Մեկի համար խոնարհ ծառա,-
Ճակատներին բոլոր «շահի»
Ու մեջքերին ոսկե քամար,
Արեգակից շատ ավելի
Կարմրատակած իրենց շողքից,-
Շաղ են գալիս ծլընգոցով,
Հետո շարվում իրար կողքի՝
Ինչպես անտես թելի վրա
Հազարերանգ հուլունքի ծոր:
Պարաշրջանն է լայնանում,
Եվ փոխեփոխ՝
Հանգույց-հանգույց, օղակ-օղակ՝
Երգ են կապում աղջիկ-տղա :
- Ի՜նչ ես կտոր-կտոր գալիս,
Ականջ արա բան եմ ասում,-
Պարագլխի ձայնն է հոսում:
Խումբը խլում ու ձգում է.
- Ա՜յ յարե ջան:
- Երբ խոսելու տեղն է գալիս,
Խոսկան տղի թութակ լեզուն…-
Մի աղջիկ է շուտ սկսում:
Օգնություն է խումբը տալիս.
- Ա՜խ, մարե ջան…
- …Խոսկան տղի թութակ լեզուն
Սերից էրված խաղ է ասում,-
Տղան նրա խոսքն է կիսում:
- …Չէ՛, բերնի մեջ լեզուն ասես
Կոտրվում է բանալու պես,-
Ծամկտրածն է տղին կիզում:
Խումբը՝
- Հա՜-հա՜, հե՛-հե՛, հա՜-հա՜,-
Քրքջում է:
Ու թռչում է:
Իսկ ջահելը թեպետ դաղվում,
Բայց և ուշքն է գլխին ժողվում,
Ու երբ նորից հերթն է գալիս,
Պատասխան է մի կերպ տալիս.
- Էրված սրտով եկել եմ ուխտ,
Որ պաղ սրտիդ անեմ մեկ թուղթ…
- Սեղան պաչեմ մեկ-մեկ ու ջուխտ,
Որ չբռնի ինձ գիր ու թուղթ…
- Օրոր-շորոր ով քեզ տեսավ՝
Հաց ու ջրից կկտրվի…
- Հերի՜ք փչես, ա՛յ շան փեսա,
Դալար շի՜վ եմ` չե՛մ կոտըրվի…
- … Հաց ու ջրից կկտրվի,
Կգա ձեր տուն՝ դառնա մշակ…
- … Դալար շի՜վ եմ` չե՛մ կոտըրվի,
Սուտ խոսելն ես շինել փեշակ…
Խումբը նորից է խառնըվում
Իր գոչերով
Ու կոչերով.
-Դե, թը՜ռ-թըռի՛,
Հո՜պտա-տըմբա՛:
Եվ դհոլչին ու զուռնաչին
Նվագում են թունդ Թռնոց-ին:
Եղանակը ծալծլվում է
Դարսվում իրար՝ ալիքի պես,
Եվ փրփուրը կայտառության
Պղպըջում է ջահելների գժված սրտում:
Նույնիսկ պարին չմասնակցող
Նախանձ կանանց բերանի մեջ
Սև ծամոնը՝
Օգտվելով հիացմունքի ազդու պահից,
Հանգստանում-շունչ է քաշում՝
Ատամների հետքով կնքված իրավունքով:
Սրա վզի «նապոլեոն»-ի,
Նրա մեջքի արծաթ գոտու
Շողքն է ընկնում վանքի պատին
Կամ դհոլչու նեղ ճակատին,
Հետո չքվում չաղ զուռնաչու չռված աչքում:
Կրակ կըտրած կաղ դհոլչին
Հսկայական իր կոպալով
Եղանակը ետ է կծկում.
Ու զուռնաչու թշերն ուռած
Փուքսի նման իջնում են ցած.
Եվ աչքերը, որ խմիչքից ու զոռ տալուց
Լայնացել են ու կարմըրել՝
Գութան քաշող եզան հսկա աչքերի պես,
Հիմա նորից
Ստանում են մարդկայինի տեսք ու շնորհք…
Իսկ գավիթի պարապից դուրս`
Դարձյա՛լ նվազ, պարեր ու տաղ,
Մանրիկ ժպիտ, զնգուն ծիծաղ,
Շիվ տված սեր,
Ծլած հույսեր,
Երազների,
Մուրազների
Լուռ թևածում,
Կարոտներից ծանրած հոգու թեթևացում:
Այստեղ
Հորթուկ զույգ պատանի
Կոխ են բռնել`
Ավագների հրահրոցով.
Այնտեղ`
Թաքուն`
Մի մատանի
Սիրած տղի ձեռքով դողդոջ
Չափսի գալիս սիրած յարի մատի վրա
Ու վառում է մատն իր բոցով:
Այստեղ`
Ծերեր, որ մանկացած
Վեգ են խաղում կամ ներկած ձու:
Այնտեղ`
Ջադու պառավների
Ասեկոսե ու մերկացում:
Նոր ժամանած ուխտավորներ
Վանքի ներսում, վանքի առաջ,
Դեռ չզոհված հորթի տրտինգ,
Ու երինջի վերջին բառաչ,
Դեռ չմորթված աքլորների
Անժամանակ զիլ ծուղրուղու:
Իսկ այս կողմում`
Լարախաղաց
Ու վազվզող մի ծաղրածու,
Եվ մի քամի, որ չգիտես`
Ծաղրածուին կապկո՞ւմ է, թե՞ տնազ անում.
Գլխիկոնծի-գլխիկոնծի`
Գժուկի պես թավալվում է, փոշի հանում,
Հետո, հանկարծ, թափ է տալիս կեղտ ու փոշին
Կիրակնօրյա հագուստներին տղամարդկանց
Կամ ձեռքերն է շուտ մաքրելու սուտ փորձ անում`
Ջահել կանանց ազդրերին քըսմըսելով…
Վանքի շուքն է մեկ երկարում-մեկ կարճանում Ասես կրիա մի վիթխարի`
Մերթ շոգելով-մերթ մրսելով`
Իր գլուխն է սև զրահից դանդաղ հանում
Ու ներս տանում:
Իսկ լեռները`
Նույնպես իրենց ստվերներով,
Որ ձգվում են հետզհետե,
Ասուլիսի թունդ սիրահար կանանց նման
Մոտենում են լուռ, թաթերին,
Նայում պիշ-պիշ…
Եվ մինչ խարույկ-օջախների
Անբոց շեղջերն են մարմըրում,
Մատղացուի նման զոհված արեգակի արյամբ բոսոր
Երկնի ամպերն են կարմըրում:
Մութն այլևս չի ընկրկում բամբ ձայներից,
Որ մնջում են` չուզենալով,
Կամաց-կամաց:
Եվ լռություն մի վիթխարի,
Նախ դողեդող ու կարկամած,
Հետո քիչ-քիչ սիրտ առնելով`
Մոտենում է, ծանր թառում
Շշմած վանքին ու ձանձրացած սար ու քարին:
Եվ ոչ մեկը,
Բացի գուցե մի անմարմին-ներողամիտ հրեշտակից,
Եվ ոչ մեկը չի նկատում,
Որ կարճմորուս մի անծանոթ,
Բերանքսիվայր պառկած կտրին դիմացի տան,
Ողջ ժամանակ աչքը`նրանց
Եվ ականջը`եղանակին,
Անափ սրտում`հիացմունքի ծփան մի ծով,
Սեղմ շրթերին` երանելի-շաղված ժպիտ,
Նրանց երգ ու նվագին է ականջ դնում ինքնամոռաց,
Եվ մատիտը ու թուղթն առած`
Նկարո՞ւմ է,
Թե՞ գրում է
Ինչ-որ նախշեր ծուռտիկ ու ծուռ`
Նման կարծես այն գրերին,
Որ գրբացն է թուղթ անելիս միշտ գծմըծում:
Ո՞ր գյուղացու,
Ո՞ր միամիտ-աստվածավախ շինականի մտքով կանցներ,
Թե հոգևոր
Ու կարգավոր
Մի վարդապետ բեղ-մորուքով
Վանք է եկել` վանք չի մտել.
Վանք է եկել, բայց ո՛չ ուխտի,
Ո՛չ քարոզի կամ օրհնության,
Այլ հեթանոս ու կռապաշտ
Դատարկ-մատարկ խաղ լսելու,
Որ կապում են աղջիկ-տղա,
Լակոտ-լուկուտ,
-Մե՜ղա քեզ, տէ՛ր…
ՂՈՂԱՆՋ ՁՄԵՌՆԱՄՈՒՏԻ
Աշունն անվերջ խորանում ու խորանում է,
Արագածն ու Մասիսներն են արդեն ձնել:
Մինչ տանիքին արքադն արդյոք չորանո՞ւմ է,
Թե՞ թացանում շաղոտ-ցողոտ առավոտից
Եվ իրիկվա եղյամաշունչ խոնավ օդից,
Նույն այդ պահին նկուղներում ու մառանում
Կախանները սրսըփալով
Սեղմըվում են,
Կպչում իրար՝
Իրենց ճխտուն՝ առանց այն էլ նեղ շարանում:
Այնպես հաստ է սերակալում մածունն արդեն,
Որ գդալը պիտի խրես բահի նման,
Բայց իր տեսքով հիմա ամեն մածնաման
Տեսնողի մեջ իսկույն սարսուռ է հարուցում:
Իսկ զարս-կարագն անգամ հարուստ տան խնոցու
Երեկ` հսկա դդմի նման,
Այսօր` դառնում հազիվ մի ձու,
Փոքրանում է` անհետանալ շտապելով:
Եվ մանրամաղ ուշ անձրևներ վար թափելով`
Պատրաստվում է երկինքն արդեն
Ձնով նախշել գետինը պաղ:
Բարակում են, դառնում ճապաղ
Ծիծղուն աղբյուր, ցատկան վտակ:
Օրստօրե` պատերի տակ
Էլ ո՛չ նարդի չխկացընել,
Ո՛չ էլ խաղալ վեգ ու դամա.
Արդեն կարգին ցուրտ է հիմա:
Եվ ներկարար աշնան հետքով
Ինքը ձմեռն է մոտենում
Ինքնավստահ, ծանրաբարո
Վարագուրված երկինքներից
Դանդաղորեն իջնում է ցած,
Անցնում, գալիս սար ու քարով,
Նստում ծանըր ու պնդանում
Եվ անշտապ մի լրջությամբ
Զբաղվում է սա էլ արդեն… նկարչությա՜մբ,
Նկարչությա՛մբ,
Որ մեկ գույն է լոկ ընդունում:
Երբ արևը ցույց է տալիս իրեն մեկ-մեկ`
Սակավ, ինչպես թույլ ժպիտը
Հիվանդ դեմքին մի աղքատի,
Սկսում են սառույց ու ձյուն դառնալ կաթիլ,
Սկսում են, բայց և իսկույն
Իրենց սխալն իրենք զգում,
Շար են շարվում սրա-նրա տան ճակատին,
Ջրհորդանի շիլ երկաթին,
Եվ – թե՞ ինչպես՝ չե՛ս նկատի -
Ամենուրեք
Ու հատկապես եկեղեցու բարձր պատից
Կախ է ընկնում սառցի լուլան`
Մեկը մեկից երկար ու լայն`
Երեխեքի ախորժակը բաց անելով:
Կախ է ընկնում և- ըստ տատի -
Ճերմակ Դևի դիտմամբ չռված մատների պես
Երեխեքին ահ է տալիս` չանչ հանելով,
Որ փայտ-քարով ցած չգցեն,
Վերցնեն ծծեն,
Թե չէ` կապույտ հազ կկպչեն…
Երդիկներն են, որ ամեն օր լուսածագին
Թոնիրների ծուխն են անվերջ երկինք փնչում,
Իսկապես որ կարծես շնչում
Խոր քուն մտած Սև Դևի պես:
Ու երբ ձմռան անծայրածիր սպիտակին
Մարդիկ իրենց մժեղային սևն են խառնում`
Տաք տներից ելնում են դուրս ու, խևի պես,
Ո՞ւր են գնում-ո՞ւր են դառնում` չես ըմբռնում,
Եվ իրենց իսկ շունչն է իսկույն եղյամ դառնում
Իրենց փռչոտ-թավ բեղերին,
Որ սարյակի թևերի պես
Մեկնվում են տարբեր կողմեր,-
Հենց ա՛յդ պահին,
Նո՛ւյն ժամանակ
Սառնամանիքն է ինքնակամ կարգվում հսկիչ,
Ու պահակ են դառնում անվարձ
Ամեն տեսակ պաղ-պաղ հողմեր…
Իսկ աղքատի դատարկ գոմում
Մսրան պատի քարերն ամբողջ
Այնպես առատ են եղյամում,
Որ աղասէր ու դեռ անփորձ
Հորթ ու երինջ
Եղյամը ջինջ
Մոլորությամբ կարծելով աղ`
Լիզմըզում են ու ի՜նչ, ավա՛ղ,
Լեզուն քաշել են շտապում
Ծանոթացած
Այն սրտփորիկ-կեռակտուց զգացումին,
Որ այդպես էլ չեն իմանա,
Թե կոչվում է հիասթափում…
Տարվա այս ուշ եղանակին,
Երբ դեռ վաղուց` աշնան տաքին
Հարկավորը աղել,
Մաղել,
Ավելցուկը հորում թաղել,
Սարքավորել,
Կարգավորել,
Կժի ճաքին,
Շորի ծակին
Կիր են դրել ու կարկատան,
Երբ տանիքի ծուռվիզ դեզի
Անգամ տեսքից մարդ է մրսում,
Մինչդեռ այդ նույն դեզի ներսում,
Ձյուն-սառցի տակ
Այնպես է տաք,
Ինչպես մարմինն անթև ճուտի,
Կարծես վաղուց` ամռան մուտին,
Դրսում գերել,
Այստեղ բերել
Ու պահում են ձմռան համար
Մի պատառիկ ջերմին ամառ
Եվ մի բաժին անուշ գարուն`
Ծիածանի գույներ պահում իր խոտերով,
Իր զմռսված ծաղիկների ծով հոտերով,
Տարվա այս ուշ եղանակին,
Երբ կոշտապատ ձեռք ու բազուկ
Հանգստանում փոքրիշատե
Ու դառնում են մի քիչ նազուկ,
Տարվա այս ուշ եղանակին,
Երբ բահը թանկ, եղանն անգին,
Լուծը երկար, սամին թզուկ`
Մի անկյունում,
Իրար գլխի,
Պարապ-սարապ`
Վերևից են նայում հիմա խեղճ թիակին,
Որով անվերջ պետք է բակի
Ու կտուրի ձյունը սրբել,-
Տարվա այս ուշ եղանակին
Էլ գյուղացուն ի՞նչ է մնում,
Թե ոչ երգե՛լ, պարե՛լ, հարբե՛լ,
Ժամանակն է սուրբ պսակի,
Մեկ-տասնըմեկ հարսանիքի…
ՂՈՂԱՆՋ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ
Արդար լույսը դեռ նոր բացված`
Թագվորահոր տան տանիքին
Զուռնան զլում է Սահարի
Եվ հեռավոր ու թաղական,
Ազգ-ազգական,
Գյուղ-գեղովի
Հավաքվում են կամաց-կամաց
Ուրախության մի ժողովի,
Որին թող որ Աստծու կամքով
Արժանանա ամեն օջախ:
Ու զուռնայի փողն է դառնում
Թե՛ աջ ու ձախ,
Թե՛ վար ու վեր,
Մարդիկ օղուն գինին խառնում
Ու մոռացած դարդ ու ցավեր`
Հանձնվում են ուրախության:
Ե՛վըս մի փարչ չափից ավել,
Ե՛վըս մի գավ թունդից ըմպում`
Ու սիրտն ի սեր անկախության
Գլխի դեմ է ապստամբում:
Իբրև ազդու քաջալերանք`
Գոռ դհոլն է անվերջ դմբում,
Ու կորչում է ամեն վարանք.
Պար են մտնում արդեն նրանք`
Մինչև մի պապ կամ մի նանի,
Մոլությունից նրանց հանի.
- Տո՛, կսպասե՜ն հարսի հերանք…
Եվ աղմուկով, ուրախ-զվարթ աղաղակով,
Գլուխները նվագից ու խմիչքից տաք,
Իրար խառնած խոսքեր քնքուշ ու բիրտ կատակ`
Թագվորահոր տան լի բակով,
Կալատակով,
Հոծ ամբոխը հարսնահյուրի
Գյուղամիջով հեղեղում է խնամոնց տուն:
Դհոլ-զուռնի խենթ նվագն է անվերջ թնդում:
Եվ դհոլչու ու զուռնաչու առջևն ընկած
Կրակ կտրած երիտասարդ մի թխադեմ`
Թագավորի սրտամոտիկ մակարներից
Լող է տալիս գետնի վրա` զույգ ոտներով,
Մինչ ձեռները օդի մեջ են թիավարում:
Մերթ՝ պպըզում,
Ասես հոգնած է՛լ չպիտի տեղից ելնի,
Վեր է ոստնում մի պահ հետո
Եվ մի ոտը կեռած օդում`
Տնկվում է նա մյուսի վրա,
Ապա արդեն երկու ոտով
Քայլ է անում մանր ու մոտիկ,
Վազ է տալիս արագ-արագ,
Վազ է տալիս ոչ թե առաջ,
Այլ նույն տեղում դոփդոփելով,
Հետո քայլը զգուշորեն այնպես փոխում,
Իր ոտները չի կամենում ասես թրջել
Աներևույթ ջուր ու ցեխում:
Ու մի վայրկյան նայում է դուրս
Ձմեռային արփին քնկոտ,
Ասես զարթնած այդ զուռնայի ձայնից վայրի
Եվ ապակու ինչ որ բեկոր`
Ափսոսանքով ջարդված մի շիշ կամ աղաման,
Պսպղում է կեղտաջրում`
Ցերեկային ու երկրային աստղի նման:
Պար է պարում հիմա արդեն
Մի շորորուն-զրինգ պառավ`
Թագավորի մի մորաքույր կամ քեռակին,
Եվ կարծես թե յուղ են ածում
Ուրախության թեժ կրակին.
Ծափ ու ծիծաղ,
Սուր-սուր խոսքեր,
Որ չեն պահում վիրավորանք…
Ա՜խ, Վարդապե՛տ,
Այսպես սրանք
Երգ ու տաղով,
Պար ու խաղով
Պիտի հասնեն խնամոնց տուն,
Պիտի այնտեղ ուրախ կոնծեն,
Պիտի ուզեն հարսի խոնչեն,
Պիտի պաչեն պառավներին
Ու հագուրդ տան ծարավներին
Վառ օղիով, գինին` ավել:
Ա՜խ, Վարդապե՛տ, այնտեղ նրանք,
Ըստ ընդունված սովորույթի`
Դեռ կսարքեն անմեղ դավեր.
Կգողանան թմփլիկ հավեր,
Աքաղաղներ զառ ու գիրուկ,
Կթռցընեն ճաշի պնակ,
Կքաշքըշեն իրար ականջ, բեղ ու մորուք`
Իբրև զվարթ ուրախության անմեղ հանաք,-
Ու դեռ կերգե՛ն, կերգե՛ն, կերգե՛ն,
Կայրեն հոգի, սիրտ կմըրկեն…
Էհ, Վարդապե՛տ, ո՞վ չգիտի,
Էլ ուր մնաց դու՛ չիմանաս,
Որ հարսնահոր տնից պիտի
Դուրս գան սրանք ուրախ-խնդուն,
Ճափա ընկնեն դեպի ժամտուն,-
Ոմանք`
Արդեն ետևառաջ «ութ գծելով»,
Ոմանք`
Կանանց կռնակներին պագշոտորեն աչք գցելով,-
Պիտի գնան գյուղի ժամտուն,
Լսեն փոշոտ-մաշված խոսքեր գրաբարի`
Հասկանալով իմաստը լոկ երկու բառի.
- Տե՞ր ես,որդեա՛կ…
Հազա՜ր անգամ տեսած մի ծես,
Սուրբ է թեպետ,
Բայց, Վարդապե՛տ,
Նույնքան ծանոթ ու տաղտկալի.
Վառվող մոմեր ու խնկի ծուխ,
Որոնց հոտից հաճախ կարծես
Մարդու քիթ է խտուտ գալիս,
Ուխտ պահանջող-երդում կնքող Ավետարան,
Որ մագաղաթ իր շուրթերն է իրար տալիս,
Բախտավորին օրհնանք դառնում,
Իսկ դժբախտին` ցմահ դարան…
Հարսանեկան բազմությունը տաք ալիքով
Հիմա արդեն, տե՛ս, հորդում է գավթից ժամի`
Ճանապարհին կանգ առնելով դռների քով
Սեղան հանած մոտ ու հեռու բարեկամի:
Կարկըտում է ամբողջ թափով,
Կարկըտում է կոպալը, տե՛ս,
Եվ հավքերի երամի պես
Թռչկոտում են թղթե փողեր:
Զուռնան գծում մանրիկ օղեր
Ու ճարմանդով ելևէջի
Կապ է գցում, իրար հինում`
Եղանակից շղթա շինում…
Եվ ընկնելով
Հանկարծակի բարիացած քամու վիզը`
Քայլ է անում նաև խեղդված-կոնդված ձյունը:
Տեղ են հասնում:
Կրակվում են հրացաններ`
Դեպի երկինք,
Որ կես մի ժամ
Ազատվել է մութ ամպերի ձեռքից դաժան:
Կրակվում են հրացաններ,
Եվ այդ անմեղ-անչարամիտ մահափորձից
Մեծահոգի երկինքն անքեն
Ո՛չ դատի է տալիս նրանց,
Ո՛չ էլ նույնիսկ պահում վրեժ,
Այլ ժպտում է կապո՜ւյտ-կապո՜յւտ
Ու ծիծաղում մեծավարի.
Կրակոցը կարծես նրան
Պատճառել է միայն խտուտ:
Հարսանքատուն մտցընելիս
Թագավորի ու թագուհու գլխին
Վերից
Ցած է տեղում չամիչ-փշատ,
Նողուլ-նաբաթ,
Չիր ու չոր թութ՝
Կարկտախառն հորդ անձրևի խշխշոցով,
Եվ սերկևիլ, տանձ ու խնձոր`
Զատկին ներկած ձվերի պես գունակ-գունակ:
Դռան շեմին
Թագավորի ու թագուհու ոտքերի տակ
Փշրվում է բոլոր ափսե մի սպիտակ,
Ինչպես լուսնի երկվորյակը`
Խաղաղ լճում ներկված քարից,
Որ ցավ ու չոռ, անբախտություն հետը տանի…
Դե, Վարդապե՛տ, հիմա նրանք
Բաժակների չրխկոցին
Պիտի խառնեն հարսանեկան
Քեզ սիրելի ու դուրեկան
Փունջ-փունջ երգերը ծաղկոցի
Քիչը` ծանոթ,
Շատը` նոր գյուտ,
Եվ բոլորը` ուշագըրավ:
Եվ իսկապես հարսանքատան
Ծխոտ-մրոտ օճորքի տակ
Անկրկնելի եղանակով
Գովերգվում է թագվորի մահուդ չուխան
Գուլպան պուտ-պուտ,
Քիրման գոտին,
Շապիկը շալ,
Ձին հրեղեն`
Ինքն էլ վրեն.
- Աստծո՜ւ բարին
Մեր թագվորին,
Մեր թագվորին`թագն ի գլուխ:
Իսկ բքաշունչ ձմռան քամին
Չարանում է իր մտքի մեջ ու կատաղում,
Ինչ է թե, տե՛ս,
Հարսանքատան դուռն են ահա իր դեմ փակել,
Ու րոպեն մեկ սկսում է դուռը թակել
Կամ ավլելով ձյան շեղջերը տանիքներից`
Բաց երդիկից ներս է մաղում,
Բուռ-բուռ շաղում`
Կարծես դիտմամբ ուտելիքն է անվերջ աղում,
Որ ամեն ինչ… չուտվելու չափ աղի լինի:
Օճորքի տակ հարսանքատան
Երգում են դեռ Գովքը փեսին:
Այնուհետև – այդպե՛ս – արդեն երգ են դառնում
Ու թագուհու բույրին իրենց հոտն են խառնում
Ճերմակ շուշան, ոսկեծաղիկ
Եվ վարդենիս,
Որոնց նման.
- Անուշ բուրեր քո թագուհին:
Կոշտ կոպալն ու վայրի զուռնան`
Քնքուշ երգից ամաչելով`
Ետ են քաշվել ու տեղ տվել,
Որ կարկաչեն դափ ու դուդուկ.
- Պնդուկի ծառ կապեր պնդուկ,
Էնոր նման պտկեք և դուք:
Բարեբանող երգը հիմա
Օրորվում է,
Շորորվում է
Այգու նման մի պտղաբեր.
- Խաղողի ուռ կոճակ կապեր,
Պտղեք դուք էլ Էնոր նման:
Ու երգողի ձայնը ծորուն
Երգի ծայրը ետ ոլորում,
Ավարտում է` հանգույց տալով…
Ու տեսնում են դեմքերն իրենց
Օղի-գինով մի բաժակում,
Եվ կոնծելով նույն պահին հենց`
Ավերում են դեմքերն իրենց
Ու հետևից շուտ ճաշակում
Կես թաս շորվա,
Մի ֆունտ գեր միս,
Եվ այնպիսի՜ ախորժակով,
Խեղճերն ասես սրբի նման
Պաս են պահել մի ողջ ամիս:
Դափ-դուդուկից հիմա արդեն ծայր է առնում
Նուրբ ու նազուկ մի Ձեռնախաղ`
Հարուցելով հիացագին «վա՜յ-վա՜յ… ա՛խ-ա՛խ»:
Հասակակից հարս-աղջկա հրմշտոցից սրտապնդած`
Չեմուչումով վեր է կենում
Մի թուխ-վարսեղ-հասուն աղջիկ,
Ու նազում է մի ամաչկոտ թուլ-թուլ ծիծաղ:
Շագանակե իր աչքերը պատսպարած թարթիչներով`
Նա թափանցիկ իր ականջին
Պահ է տալիս անհնազանդ մի սև խոպոպ
Եվ կեսմարած քայլ է անում
Դեպի կենտրոն՝ պարաշրջան:
Եղանակը մոտենում է ու հեռանում:
Եվ որսալով մոտեցումը եղանակի`
Իր ամոթն է անմիջապես նա մոռանում
Ու դալարուկ մեջքը իսկույն կեռ-մեռ անում,
Սահ է սահում,
Այնպե՜ս սահուն,
Որ մի վայրկյան… ամենքի հետ`
Դուդուկահարն ինքն էլ նույնիսկ շունչն է պահում…
Դյուրագրգիռ դափն է հանկարծ ընդոստ զարկում,
Ու դառնում է նվագն ահա է՛լ ավելի լարաթրթիռ,
Ձեռքերն ասես թե խրտնելով, վեր թևարկում,
Հետո, կարծես ապահովված`
Ետ են գալիս թառում սրտին:
Իսկ ոտքերից մեկը`
Կարծես գորովանքով` ապտակում է
Պաչ պահանջող գժուկ գորգին
Մերթ կրունկով ու մեկ թաթով
Մանրիկ-մանրիկ տկտկում է,
Մինչդեռ մյուսը ինքն իր կարգին
Սահում է լուռ, սակայն հուզված,
Կարծես շոյում մաքուր խուզված
Խիտ մազերը նույն այդ գորգի:
Պարո՜ւմ է նա,
Եվ աչքերն են դառնում տամուկ:
Պարո՜ւմ է նա,
Եվ հագուստը խայտաճամուկ
Մերթ ծալեծալ, փոթ-փոթ գալիս,
Մատնիչորեն ցույց է տալիս
Իր թաքցըրած ձևերը պերճ ու խելքահան,
Մերթ էլ կիտված ծալքերն ահա
Ետ են դարսվում,
Բացվում-պարզվում
Եվ վավաշոտ տղամարդկանց
Հայացքների նետերի դեմ
Կրկին դառնում մի յուրովի ազնիվ վահան:
Պարո՛ւմ է նա,
Վառո՛ւմ է նա,
Եվ բոլորը` մեծ թե պուճուր,
Մոռանում են հասակն իրենց,
Դուրս են ելնում տարիքներից,-
Եվ չափ տվող թունդ ծափերի ալիքներից
Արձանի պես անշարժացած նորահարսի
Քողն է ուռչում ու կուչ գալիս,
Ու նորատի հարսնաքրոջ
Զառ լաչակն է բաց-խուփ անում,
Ամեն անգամ մերթ` թաքցընում փոսիկն այտի,
Մերթ` դունչիկի ոսպանման խալը բանում:
Ծափ է տալիս մինչև անգամ նորափեսան`
Մոռանալով, որ ուրիշի պսակ չէ սա,
Մոռանալով, որ ինքն այստեղ
Ոչ մակար է, ոչ էլ քավոր:
Իսկ նա… կարծես չի էլ լսում,
Ոտն է հազիվ գորգին քսում
Եվ շարժումով մի հարկավոր`
Թե՛ նազելի, թե՛ հարգևոր,
Պտըտվում է կրունկներին,
Որից նրա շորը ճամուկ
Քիչ ուռչում է թեթև քամուց,
Հետո` կարծես ամաչելով`
Նորից կպչում սրունքներին:
Եվ խելքամաղ ջահել տղերք,
Տղամարդիկ սիրակեղեք
Իրենց մատնող-դավաճանող աչքերն ահա
Թարթիչների սուտլիկ-մուտլիկ խաղով կոծկում
Եվ թուլակամ շրթունքներն են բռնի կոճկում…
Ա՜խ, Վարդապե՛տ, հիշո՞ւմ ես դու
Գարնանային այն օրն անցած,
Դաշտում դաղձ ու սիբեխ քաղող
Այն հարսներին, աղջիկներին,
Փախուստը քո դեպի պաղ խուց…
Վաղուց էր դա,
Վաղո՜ւց, վաղո՜ւց,
Հիշո՞ւմ ես դու,
Ա՜խ, Վարդապե՛տ,
Ո՞նց չհիշել,
Երբ ողջ գիշեր
Մի տանջալից ծանըր երազ քեզ տվայտեց,
Քեզ փարվելով` նաև խայթեց,
Խայթեց` ինչ-որ անուշ ցավով,
Անո՜ւշ-անո՜ւշ, ինչպես հիմա`
Այս վայրկյանին…
Նույն վայրկյանին
Մի թուխ կտրիճ` մեջքին քամար,
Հագին չուխա մեջքապնդուկ,
Հնոցի պես բոց աչքերին
Ածուխի պես սև-սև կամար,
Հայացքը` լուրջ, դեմքը` հանդուգն,-
Արջի նման մեջ է գալիս,
Ծանրամարմին պտույտ տալիս,
Բայց… կոպալի տեղին հարված -
Նա` նվագին հավասարված,
Արջից հանկարծ վագր է դառնում`
Թեթև ցատկով վեր է թըռնում
Ու թեև նա ոչ մի բանից
Ո՛չ կախվում է, ո՛չ էլ բռնում,
Բայց մնում է վեր` օդի մեջ:
Ու պարուհու
Սև հոնքերի երկաչքանի կոր կամրջով
Անց է կենում
Մոլորաքայլ մնջախաղի մի մտածում:
Հետո կամուրջն իր հոնքերի
Կշեռքի է նա վերածում
Եվ թույլ տալիս իր աչքերին
Որ վեր ու վար նժար ճոճեն.
Մնջախաղով կշռում է նա
Նրա բախտը`
Իր «հա»-ն ու «չէ»-ն…
Ու քայլում է աղջիկն այնպես զգուշորեն,
Քայլ է փոխում կարծես ոչ թե գետնի վրա,
Այլ սառույցի.
Ամա՜ն, հանկարծ չսայթաքի ու չընկնի վայր,-
Ցավը` ոչինչ, փակ տեղերը բաց կլինեն`
Կդառնա խաղք ու խայտառակ:
Նույն այդ պահին
Տղան այնպես է կտկտում,
Այնպե՛ս արագ,
Կարծես սրա ոտների տակ, ընդհակառակն`
Արդեն ոչ թե սահուն սառույց,
Այլ լոկ կրա՜կ,
Խարույկի մեծ շեղջ է փռած,
Եվ որպեսզի չայրի իրեն`
Աշխատում է քիչ դիպցընել ոտքը գետնին
Ու շատ մնալ օդում` թռած…
Կոտրատվում է աղջիկն էլի ու նազ անում,
Եվ ժպիտը`
Գարնանային երիժնակի ցողունի պես,
Որքան քաղցր է ու հյութալի – նույնքան` փշոտ:
Ու տեսնելով, որ աղջիկը չի հեզանում,
Պարեկ տղան, ցավը դեմքին, ցատկում է օդ,
Փլվում, գետինն է սասանում:
Ոտներն արդեն հաճախ-հաճախ
Թեք են տալիս մեկ աջ մեկ ձախ,
Մինչ իրանը` գոտկատեղից`
Չի էլ շարժվում անգամ տեղից:
Իսկ ձեռքե՜րը… մի կատարյալ,
Մի կատարյալ… ի՞նչ… գալարա՜նք.
Առաջ ու ետ, վերև-ներքև`
Բան են որսում ասես նրանք,
Մերթ` բարկացած ու կատաղի,
Մերթ էլ հանկարծ տատամսում են ու վարանում,
Կարծես արդեն մթան մեջ են բան որոնում:
Նորից` ընդոստ.
- Տաշի-տուշի…
Հետո` հուշիկ.
- Հոպտտա-տմբա…
Եվ դառնում է պարն ավել առույգ ու ժիր:
Ու պարեկի շալե թումբանն
Իր իսկ հանած հողմի առաջ
Փռփռում է` կարծես դառած
Դարբնոցի մեծ փուքսը կաշվե:
Հետզհետե մեծ ու փոքր ավելի են մոտիկանում,
Իրար սեղմված` պարողներին մտիկ անում,
Հետո սրտի ամբողջ տապով
Ծափ են տալիս պարի չափով
Ու պարն անվերջ տաքացընում.
- Սը՛-սը՜, Սը՛-սը՜…
Իրենց դմբո էրիկներից դժգոհ կանայք
Մտքների մեջ կամ բացայայտ հոգոց հանում
Ու ձեռքերն են ցավով տանում
Իրենց կրծքին… ինչի՞ց ուռչող:
Մինչ պարեկը
Ձմռան պաղած հողն է – թը՛կ-թը՛կ – այնպես դոփում,
Մեխ է կարծես այնտեղ խփում
Իր ոտքերո՜վ, ոչ թե մուրճով.
Մինչ պարեկի ուսերը, տե՛ս, պար են պարում
Իր իրանից ու ոտքերից ասես անկախ ու ինքնավար,
Հոնքերն, ահա՛, պար են գալիս իրենց համար`
Կամ շինելով, կամ քանդելով երկու կամար,
Պար են գալիս աչքերն` անջատ,
Դաստակը` ջոկ,
Թաթն` առանձին,
Ծունկը` ծալված,
Իրանը` ձիգ,
Գլուխն` ուղիղ,
Իսկ վիզը` թեք.
Բոլորն` անջատ ու առանձին,
Բայց և այնպես` բոլորը մեկ,-
Նույն ժամանակ
Շիվ աղջկա թևիկները, աղավնու պես,
Մերթ տեսնում ես` քիչ է մնում թառեն գետնին,
Ասես սրսուռ կուտի վրա,
Մերթ էլ տեսար` վեր են սուրում,
Ճախր են տալիս,
Հետո, ինչպես բույնի չորս կողմ,
Գլխի շուրջն են պտույտ գալիս,
Ու վերջում էլ,
Երբ նազելի մի շարժումով կանգ են առնում,
Խոնարհաբար գլուխ տալիս`
Իբրև նշան ներողության,
Որ դադարում են պարելուց,-
Ձեռքերն այնժամ հեզ ու հլու`
Երկու հոգնած աղավնու պես`
Թևը ծալած կուչ են գալիս,
Որ անհանգիստ-վայրիվերող կրծքի վրա
Հանգստանան,
Մինչդեռ տղան վերջին անգամ
Ոտքի վրա օղակ տալով`
Ցատկում է վեր,
Յոթ-ութ վայրկյան օդում մնում արձանացած
Եվ, քարի պես, ընկնում է ցած`
Ընկած տեղը ծնկի գալով…
Ու հնչում է կենաց մի նոր`
Թագվորահոր,
Թագվորամոր
Կա-չկայի, ծետ ու պետի:
Ա՜խ, Վարդապե՛տ, հիմա պիտի
Պատկառելի մի նոր տաղով
Կանչեն փեսի պապ ու տատին,
Հորն ու մորը,
Քուր-ախպորը`
Ամեն մեկին մի տուն խաղով.
- Որ գան նստեն, դարպաս անեն,
Ծնրիկ զարկեն սուրբ սեղանին,
Հրամմեն բարին մեր թագվորին…
Հետո արդեն մի բաղաձայն կատակասեր,
Սկսելով զավեշտական իր խաղն ասել`
Գովքի դիմաց պիտի չուզի, այլ պահանջի՜
Փեսահորից`
Սել մի սեղան…
Փեսախպոից`
Խոյ մի խորվու…
Փեսաքուրից`
Գուլպա յոթ ջուխտ`
Իմանալով, որ կստանա
Իր խռպաձայն երգի դիմաց,
Երկու ճնճուղ,
Մեկ գարեհաց…
Հետո պիտի կարգով հնչեն
Կարգի դրված հազար կենաց
Ավանդական ու կրկնվող՝
Համեղ թեպետ,
Բայց չփոխվող ճաշերի պես հոգնեցուցիչ,
Որ և սրանք պիտի կուլ տան
Թունդ օղիով, գինով անուշ
Ու հետադարձ ճամփան փակեն
Խաշլամայի պատառներով:
Դեռ, Վարդապե՛տ, դու կտեսնես
Ալիք-ալիք ծփան Շորոր,
Ապա Նազպար,
Եվ, հակառակ իր իսկ կամքին,
Մի կաքավող աղջիկ կամ կին,
Ա՜խ, Վարդապե՛տ,
Մինչև անգամ վարդապետին կուսակրոն
Հիշել կտա… պիղծ մի ջաննաթ`
Մեր անալի դրախտի տեղ,
Հիշել կտա պիղծ մի ջաննաթ`
Խարդավանքով անգո չարի:
Հետո… ապա…
Դեռ կա Դարձպար,
Կա Թռնոցի, կա Քոչարի,
Երբ սկզբում կռնաբռնուկ`
Քիչ ծալվելով,
Շատ տարվելով,
Հետո արդեն թևատըրուկ`
Շեշտով հատու և կտըրուկ
Դեպի առաջ քիչ են տարվում,
Այլ մոտեմոտ ծնկածալվում,
Ասես իրար ուժ գումարած,
Մի սի՛րտ, մի կա՛մք, մի մա՛րդ դառած`
Աչքի համար անտես մի պատ
Պիտի քանդեն իրենց ուսով.
Հետո, հանկարծ, ամբողջ ուժով,
Ասես իրար խիստ կարոտած՝
Պիտի ամուր գրկեն իրար
Մեջք ու իրան
Եվ թի՜ռ` թռչեն մեջքագրկուկ:
Եվ ժամանակ առ ժամանակ`
Իր կոպալի զարկերի հետ
Խաղացնելով ողկույզի պես գռուզ բաշը,
Խմած գինուց ու եռանդից կարմրատակած`
Աքլորի պես կծղրտա գեր դհոլչին.
- Այ շաբաաաաաա՜շ – հա,-
Ու փութաջան թքոտելով թուման-տասնոց`
Կկպցնի իր ճակատին
Կամ կխրի գդակի տակ`
Կեսը կախած իր ծոծրակի,
Իր հոնքերի, դեմքի վրա`
Թղթե գունեղ ծոպքերի պես:
Եվ կըտևի դա մինչև լույս,
Մինչև բարի աղոթարան,
Երբ որ Պարոն աքլորն, իզո՛ւր,
Երբ որ Տիկին հավերն, իզո՜ւր,
Ուժ պիտի տան կոկորդներին`
Հայտարարեն լույսը բացված,
Ու չլսեն իրենց ձայնը անգամ իրենք`
Դհոլ-զուռնի զորությանը կուլ գնալով…
Ա՛խ, միամի՜տ իմ պապերի
Մանկաբարո ուրախություն,
Որ տևում էր յո՜թ օր-գիշեր,
Որ անցնում էր երգ ու պարով,
Կռիվներով գինեհարույց,
Ու հաշտությամբ գինեմիջնորդ…
Ա՛խ, միամի՜տ իմ պապերի
Մանկաբարո ուրախություն
Սերմի առթիվ` դեռ չցրված,
Մանկան առթիվ` դեռ չծնված…
Ա՛խ, անգիտա՜կ իմ պապերի
Բնապարգև հարստություն
Հազար երգ ու եղանակի,
Որ չունեին տեր-տնօրեն
Ու զուրկ էին հեղինակից.
Անհատնելի մի գանձանակ,
Որ շաղ տալիս անփութորեն,
Ցրում էին հայ գյուղացիք
Իրենց մաքուր շրթունքն ի վար`
Ինչպես որ միշտ և ամենուր,
Այս անգամ էլ հարսանեկան
Ուրախության այս առիթով`
Ցանկանալով սե՛ր, միությո՛ւն, երջանկությո՛ւն,
Բոլորովին մոռանալով այդ վայրկյանին,
Որ հեշտորեն չի կատարվում ամեն մաղթանք,
Որ կարող է նաև լինել…
ՂՈՂԱՆՋ ՄՐՄՈՒՌԻ
Իսկ թե լիներ – Աստվա՜ծ չանի -
Իսկ թե հանկարծ այնպե՜ս լիներ,
Որ այգու պես անուշ բուրող նորահարսի առագաստում
Գառի նման մշմըշալով
Ամեն գիշեր հանգիստ քներ
Ընդամենը մի տասներեք գարուն տեսած նորափեսան`
Մեջքը հարսին, դեմքը պատին,-
Այնժամ պիտի հարսն ի՞նչ աներ:
Ա՜խ, թե ինչպես բութ մանգաղին անվերջ քսվող անյուղ հեսան,
Քար էլ լիներ` խարտվե՛ր պիտի,
Փոշի՜-փոշի՜ պիտի մաշվեր,
Եվ ձեռն ի ծոց ու վիզը ծուռ`
Մի խուլ անկյուն պիտի քաշվեր,
Գրտնակի պես լիք ու լխտիկ իր թևերը հոշոտելով,
Անիծելով իր բախտը սև,
Երազելով գգվանք ու սեր
Պիտի երգեր ողի՜կ-ողի՜կ.
- Իմա՜լ էնեմ, իմա՜լ չենեմ,
Յար պստիկ ա, շիվարե՜լ եմ…
Իսկ թե` լիներ, այնպե՛ս լիներ,
Որ ընջավոր
Ու փնջավոր`
Ծամո՛վ մի կին,
Որ կարճըլիկ
Ու կարճուլիկ`
Համո՛վ մեկին
Օր ծերության դարձըներ կին
Մի անատամ կծու խոջա -
Քիթը` բարդան, ոտքը` քոթուկ,
Աչքը` ճպիռ, վիզը` ճոճան…
Իսկ թե` լիներ, այնպե՛ս լիներ,
Որ լի տունն իր վանդակ շիներ
Ու այդ ոսկե նեղ վանդակում
Փակեր կաքավ մի կլորիկ`
Մի սիրավոր
Եվ վիրավոր
Եվ սևավոր
Անբախտ լորիկ,-
Իսկ թե ահա այսպե՛ս լիներ,
Այդ օր մահու քավթառի հետ
Նույն չոր բարձին
Լերկ գլխի դեմ վարսեղ գլուխն ինչպե՞ս դներ,
Ծմակի պես պաղ այդ ծոցում ինչպե՞ս քներ,
Կրակ կողերն ինչպե՞ս հպեր լուլա-սառցին,
Ինչպե՞ս, ինչպե՞ս մալուլ երգով ծունկ չծեծեր,
Ծամկտրածը իր մարեին ո՞նց չանիծեր,
Ինչպե՞ս չասեր, որ նա արեց իր բախտն ավեր,
Ջահել սրտում կրակի պես վառեց ցավեր,
Արար-աշխարք լիքը լավեր`
Ինչո՞ւ թողեց կտրիճ քաջին,
Ինչո՞ւ տվեց քավթառ խոջին.
- Իմ կեղտ էնոր մեղրի միջին,
Էնոր ոսկուն նստեն հավեր,
Քա մարե՜ ջան, քա տնավե՜ր…
Իսկ թե տային ո՛չ թե հարուստ բայց ծեր խոջի,
Այլ հենց մի լավ` սրտով սիրած ջահել քաջի,
Մինչև անգամ չոր քարի տեղ խսիր տային,
Չոր գետնի տեղ տային նաև մաշված կարպետ,
Է՜հ, Վարդապե՛տ,
Ի՜նչ է, պիտի բախտավորված հա խնդայի՞ն:
Չէ՜, Վարդապե՛տ,
Աղքատության ճանկը չընկնի մինչև անգամ քո թշնամին…
Հարսանիքի դհոլ-զուռնան դեռ չլռած,
Եվ պահունի շորերն անգամ սնդուկի մեջ դեռ չդրած`
Պանդխտության անգութ քամին,
Հարսի ծոցից նորափեսին փրցընելով
Եվ քարեքար ու սարեսար թռցընելով`
Իր սիրածի անուշ համին
Բաժանումի դառնությունն է արդեն խառնում.
Գնում է նա
Եվ… մի՛ տարի, երկո՛ւ, երե՛ք… ետ չի դառնում:
Եվ կարոտից ու տանջանքից,
Անկարելի անրջանքից
Մարմինն ասես վերք է դառնում համատարած
Ու նվո՛ւմ է, տնքո՜ւմ, ցավո՜ւմ:
Սերն է մխում կուրացուցիչ-դառըն ծխով,
Ինչպես ծառից հենց նոր ջարդված-խարույկ դառած
Թաց ոստերը` անթթվածին քարանձավում…
Անկողինն է հարսին այրում կրակի պես,
Օրն է մթնում, իսկ իր սերը տուն չի գալիս:
Եվ
- Էս անտեր բարձի վրա
Առանց յարի քո՜ւն չի գալիս…
Ու վերքերը դառնում են երգ,
Ու երգերը դառնում են վերք,
Ու սրտերը ծանըր մի քար,
Երբ զինվոր են տանում յարին.
- Ա՜խ, երթար ու էլ ե՛տ չգար
Քեզի սոլդաթ գրած տարին…
Երբ չեն տալիս յարը յարին,
- Որ ախ էնեմ, կուգա արի՜ն…
Երբ խախտում են խոսք ու երդում.
- Տաք արի՜նն է մեջս լերդում…
Երբ…
Վարդապե՛տ, ի՞նչ էիր դու,
Մորից ծընված հող հո չէի՞ր,
Որ լուռ ու մունջ ներծըծեիր
Անձրև ու ջուր,
Եղյամ ու ձյուն,
Կարկուտ ու ցող
Թե լինեիր մինչև անգամ անլեզու հող,
Այս ամենը ինչպե՞ս և ո՞ր հոգիդ տաներ:
Չէ՞ որ հոգիդ պիտի մի օր
Պոռթկա՛ր,
Որպես մի արտեզյան խորունկ ջրհոր,
Ժայթքե՛ր,
Չորս դին ցրեր ցայտքեր,
Ծիածանված շատրվանե՜ր…

ԾԱՎԱԼՎՈՂ ՀԱՄԱԶԱՆԳ


ՂՈՂԱՆՋ ՀՐԱՇԱԳՈՐԾՄԱՆ 
Թե մինչև հիմա որտեղ որ երգն էր
Այնտեղ էլ նա էր:
Այսուհետ արդեն որտեղ որ նա էր՝
Այնտեղ էր երգը:
Առաջին անգամ լայն դահլիճների
Բեմից էր լսում ինքն իրեն հայը,
Եվ բոլորովին ուրիշ էր հնչում
Իր իսկ «Տույ-տույ»-ը,
«Վայ լե-լե վայ»-ը
Նո՛ւյն արտն էր հուռթի,
Նո՛ւյն սերմը ցանված,
Բայց… խորն էր հերկը,
Ու բեղուն բերքը:
Հայ ելևէջի վայրի տարերքը,
Հեղեղ մեղեդին,
Տարափ պարերգը
Էլ չէին արդեն հնչում ու կորչում,
Ինչպես հողմերը՝ դաշտերում լեռնոտ,
Ցատկան ջրերը՝ ձորում ու կիրճում-
Անօգո՜ւտ այնպես,
Այնպես ապարդյո՛ւն:
Հայ ելևէջի հոսքը վարարուն
Մի կախարդ ձեռքով մտել էր խոր հուն,
Գտել էր անշեջ ու որոշ հասցե
Հասնում էր սրտին՝ ում էլ պատկաներ,
Մոտիկ դրացո՞ւ,
Ռուսի՛, վրացու՛,
Թե՞ օտարաձայն հեռավորների՝
Լեհի՛,
Ֆրանկի՛,
Ավըստրիացո՛ւ:
Այսպես՝ կալակիտ ցորենն է դառնում
Ընտիր սերմնացու,
Սպառած քարը՝ սեղան խորանի
Ու պատի վրա ջուր խմող այծյամ:
Այսպես՝ դաշտերի ծաղկունքը ցանցիր
Պսակ են դառնում հարսների ձեռքով
Հարսների լանջին:
Այսպես՝ եղյամն է ապակիներին
Լուսամուտների շրջանակի մեջ
Հանճարեղագույն բնանկարի կերպարանք առնում:
Եվ հույսը – այսպե՛ս- հավատ է դառնում…
Նա մելամաղձոտ հայ եղանակին
Հայկական ուրախ հորդան էր կցում,
Եվ կարծես արփին ծագում էր հանկարծ
Ցրում մուժ ու մեգ:
Նա վիրաբույժի հմուտ ձեռքերով
Ինչ-որ կույր աղիք կտրում էր գցում,
Եվ մարմինն ասես ծնվում էր նորից,
Դառնում մորեմեկ:
Նա… ի՞նչ էր անում:
Լոկ այն էր անում,
Ինչ- որ անում է ավազն ամանին՝
Մաքրում է ժանգից.
Ինչ-որ անում է ջուրը մանչուկին՝
Դունչիկն է սրբում.
Ինչ-որ անում է մայրը մանուկին՝
Ինն ամիս կրում իր կողերի մեջ
Ու գերմարդկային – մայրական ցավով
Ավելացնում է թիվը աստղերի՛,-
Մի սովորակա՜ն… անսովո՜ր հրաշք:
ՂՈՂԱՆՋ ՀԱՂԹՈՒԹՅԱՆ
Եվ արտերի փոխանակ
Հորովելը գեղջուկի
Դահլիճներում է հնչում.
- Ձի՜գ տուր քաշի՛, ա՛յ եզ ջան…
Բաց երկընքի փոխանակ
Շրթունքները պանդուխտի
Բեմերից են մրմընջում.
- Հո՜ւր են ձգե մեջ իմ ջան:
Գյուղակների փոխանակ
Քաղաքներում է ծորում.
- Սուփրեն կալում գցած ա:
Հյուղակների փոխարեն
Սրահներում է բուրում.
- Խնձոր ունեմ, կծած ա:
…Իսկ մեր խնձորն իսկապես
Արնածոր ու վիրավոր՝
Հազա՜ր տեղից էր կրծած.
Առևանգած իրարից՝
Մեր խնձորը դարավոր
Հազա՛ր ձեռքից էր պրծած:
Հազա՛ր եղունգ ու ճիրան,
Հազա՛ր մագիլ էր խրվել
Նրա փխրուն կողերում:
Տիղմաբեր ու թմբատար
Հազա՛ր հեղեղ էր ցրվել
Նրան սնող հողերում:
Ոսոխներից բարբարոս
Շատերն անգամ հավիտյան
Կորել էին աշխարհից,
Չքվել էին` թողնելով
Լոկ պաղ մոխիր կամ մատյան
Բևեռագիր ու քարից:
Բայց մնում էր մեզ վրա
Հետքը նրանց ժանիքի`
Նրանց արնոտ կնիքի:
Խառնըվել էր մեր երգին
Օտարի շունչն անմաքուր,
Օտար երգի ելևէջ.
Աղ էր ցանվել մեր վերքին,
Ավազ լցվել մեր բերքին
Եվ ջուր` արդար կաթի մեջ:
Ականջ էր պետք, որ ջոկի,
Ու ձեռք էր պետք, որ պոկի
Օտարամուտ ամեն քող:
Պետք էր կոկորդ ու ոգի,
Որ տաղ դարձած մեր հոգին
Համերգանար ամեն կողմ:
Մարդուն երբ ցավ են տալիս`
Հետն էլ արցունք է գալիս,
Որ կսկիծը քիչ մարի:
Վերք է տրվում՝ և դե՛ղ կա,
Ելք է ճարվում` թե նե՛ղ գա,-
Այսպես է կարգն աշխարհի:
Ու եկար դու` վիթխարի՛,
Եվ մեր հայոց աշխարհի
Անտերացած հայելուց
Բիծ ու փոշին, խա՜վ առ խա՜վ,
Բարեխընամ մի ձեռքով
Կարծես հանկարծ սրբեցին.-
Եվ մեզ այնտեղ նայելուց
Աչքերը մեր հարբեցին.
Մե՞նք ենք` այսքա՛ն վայելուչ,
Այսպես կոկի՛կ, հարդարվա՛ծ,
Գոհարներո՜վ զարդարվա՛ծ:
Չկշտացա՜նք նայելուց…
Այսպես հանկարծ և անձայն`
Մեր հեքիաթի համաձայն`
Միայն փոխվում է այգին,
Երբ որ այգում այդ անջուր
Կախարդիչ երգն է հնչում
Մեր Հազարան զառ հավքի:
Եվ ամենքըս մեր աչքին
Երևացինք աշակերտ,
Իսկ դու` երգի դասարան:
Եվ ամենքըս մեր աչքին`
Թոշնած-խամրած ծաղկաթերթ,
Իսկ դու` բլբուլ Հազարան:
Եվ այն օրից, Վարդապե՛տ,
Դու ծայր տվիր հրաշքի՛ն,
Եվ հաղթական մի շքերթ
Ձգվեց հեռո՜ւ և հեռո՜ւ
Էջմիածնի կավակերտ
Ու սրբատաշ պատերից:
Դու` սքեմիդ սևերում,
Մինչդեռ քո լույս մատերից
Ծորանք առան շող շիթեր:
Եվ ինչ երկար դարերով
Քո ժողովուրդն էր կիտել
Նմո՜ւշ-նմո՜ւշ, հա՛տ առ հա՛տ,
Դու լիաբուռ-լիառատ
Շա՜ղ տվեցիր աշխարհում,
Որպես մի նոր վաշխառու,
Որ տվածի փոխարեն
Բարձըր շահ է պահանջում`
Հիացմունքի շող արև,
Գոռոզության նահանջո՛ւմ:
Եվ այն, ինչ հայ գյուղացին ձիգ էր տվել դարերով
Ապարանի կամ Լոռվա հերկում, կալում, խոզանում,
Հիմա արդեն, Վարդապե՛տ,
Ծավալվում էր քո՜ շրթից,
Ծավալվում էր… Լոզանում:
Հայ պատանու վիրավոր սրտի մրմունջն էր հևում,
Բայց քո՜ բերնից, Վարդապե՛տ,
Այն էլ հեռու… Ժնևում:
Կոմսուհիներ, բարոններ,
Տիտղոսավոր տեր-տիկին
Քո մատներից լսելով մեր Նազպար-ը, Շուշիկի-ն`
Նետում էին ակամա գոռոզության ու շիկ-ի
Ամեն դիմակ ու կեղծամ
Եվ, մանկորեն հիացած,
Իրենց մտքում, պատրանքով,
Տեսնում… պարող մի այծյամ:
Հեռվից-հեռու, մոտ ի մոտ
Մեր կարոտն էր սավառնում,
Ու մեր սրտի խոսքը տոթ
Շիկանում էր քո բերնում,
Սակայն ո՛չ թե խաղողի մի ծանրածոց այգու մեջ,
Ո՛չ էլ կտրից հայկական,
Ո՛չ էլ արտից, այլ… Բեռնում:
Մի գիշերում դու ձայնով նվաճեցիր Վիեննան`
Ստիպելով, որ բոլորն օտար երգով հիանան:
Լոկ ծիրանի մի փողով
Ու շարժումով մատներիդ
Տեր-տնօրեն դու դարձար խորթ ու խոժոռ Ցյուրիխում`
Ստիպելով, որ զգան, թե ինչպես է մեր գինին
Տաքանալով մեր երգից` սարքում զվարթ կերուխում:
Նրբաճաշակ-բարեսուն
Երեսառած Փարիզում
Բեմին բուսնեց ու ճոճվեց տղամարդկանց պարի սյուն,
Սակայն… լոկ քո՛ երգերով,
Քո՛ նվագով – ո՜չ մի խումբ:
Ու խենթացած ծափ տվեց Փարիզն ինչպես ձեռքերով,
Այնպես նաև բաց ու խուփ
Թարթիչներով` զարմացա՜ծ…
Ասես մեկեն թարմացած`
Ներընդունած կազդուրիչ ինչ-որ առողջ շիթ արյան,
Քեզ լսելով, Վարդապե՛տ, ջահելացա՛վ Իտալիան,
Երբ դու հասար Վենետիկ:
Ու մոռացած խստապահ ծես ու կանոն, սնոտիք,
Ու մոռացած հավատի կապ ու կապանք, կաղապար՝
Ամե՛ն մոլի ուղղափառ,
Բողոքակա՛ն, կաթոլի՛կ,
Լուռ զգացին, որ իրենք մարդ են կյանքում ու եղբայր,
Երբ մեկ դարձավ փոթորիկ,
Մեկ էլ ծփաց մեղմաբար
Հայ հոգևոր երգը ծով,
Որ քո՜ շրթից, Վարդապե՛տ,
Ալի՜ք-ալի՜ք, փերթ առ փերթ
Ծավալվում էր,
Թավալվում
Ելնող-ընկնող կոր գծով:
Ու Եվրոպան, որ գիտեր միայն ինչ-որ Արևելք`
Միաշերտ ու միաշուրթ,
Դժոխքի պես մոտակա,
Դրախտի պես հեռավոր,-
Հիմա արդեն Եվրոպան
Գտավ մի նոր ժողովուրդ
Եվ հասկացավ, որ ունի
Նա մի անցյալ դարավոր,
Երակներում հոսք ու եռք
Բազմադարյան
Տոթ արյան,
Եվ երկիրն այդ նորագյուտ
Նոր անունով մկրտեց`
Արևելքի Իտալիա՛…
ՂՈՂԱՆՋ ՄԻՋԱԿՈՒԹՅԱՆ 
Աշուն է նորից:
Սարից ու ձորից
Գալիս է կարծես մայրության բուրմունք
Ու համ պտուղի:
Ողկույզներն իրենց ճարահատ լացով
Խնդրում են դառնալ գինու քաղցր ծոր
Եվ կամ պուտ օղի:
Քամու շնորհիվ ծառերի զառ-վառ
Խաշամն է թռչում թավալ առ թավալ,
Այնպե՛ս, որ հեռվից անծանոթ մեկին
Մի վայրկյան նույնիսկ կարող է թվալ,
Թե փասյանների երամն է ծառից
Պոկվում ու հետո իրարից զատվում:
Կանաչ եղեգնի սրերն անպատյան
Դեղնում են`
Ասես ժանգով են պատվում:
Լաչառ փշերը` արդեն չորացած,
Արդյոք ո՞ւմ վրա, ինչո՞ւ չարացած`
Զգալ են տալիս անցուդարձողին,
Որ իրենք են տերն այս անփորձ հողի:
Իսկ մեջքակոտրուկ մեղու և պիծակ
Համերգ են տալիս անփող ու ձրի
Բնության հսկա անբեմ տաճարում,
Եվ ամբողջ օրը ինչ-որ մեծերի
Դուր գալ ցանկացող ճպուռներն անվերջ
Քարոզչի նման ճառո՛ւմ են, ճառո՜ւմ:
Իսկ չորամամուռ չեչոտ ժայռերի,
Քարերի վրա
Արև են կորզում մողես գորշավուն
Ու կանաչ խլեզ`
Յուրաքանչյուրը,
Իբրև Աստըծո սուր ծաղրուծանակ,
Մի ցամաքային ու քարաբնակ
Խեղճ կոկորդիլոս:
Ասպետությունից բոլորովին զուրկ
Ամպերն անքանակ
Գրոհ են տալիս բանակ առ բանակ
Մեն ու մենավոր արեգակի դեմ,
Որ կարծես իբրև փոքր ազգի հերոս
Բյուր գաճաճների հոծ ամբոխի մեջ
Կռիվ է մղում ողջ օրը` մենակ
Ու երեկոյան… նահատակվում է իբրև մարտիրոս…
Այնպե՜ս դուրեկան,
Այնպե՜ս փայփայիչ
Աշուն էր կրկին, երբ Եվրոպայից
Առոք ու փառոք ետ դարձավ նա տուն`
Եվրոպան հաղթած:
Բայց թափ չէր տվել դեռ ճամփի փոշին,
Ճակատից ճամփի քրտինքն էր կաթում,
Դեռ չէր իսկ փոխել հագուստ ու կոշիկ,
Երբ ոտքերի տակ ճահիճը ճոճվեց,
Վտառը վխտաց:
Նա, որ գալիս էր Եվրոպան հաղթած,
Հիմա հաղթության արևը սրտում,
Վաստակած բազկով, հոգով տոնական,
Հերոսի նման դառնում է իր տուն,
Եվ հանկա՜րծ
Այնտեղ… ուժը չի պատում
Իր հրով հալել պաղը տնական,
Եվ հանկա՜րծ
Այնտեղ… զգում է իրեն
Իր գալո՜ւց առաջ ջարդված
Ու պարտված…
Ամբաստանության ամեհի քամին
Լցնում է նրա աչքերը փոշով,
Ու բանսարկության մացառն իր փշով
Հոգի բզկըտում, խոցում է մարմին,
Քանզի ոսոխ է փտածը թարմին
Եվ հասարակը` ազնվազարմին,
Քանզի չի պրծել ու չի վերջանա
Նրանց դարավոր վիճարկությունը:
Կարկին-քանոնով,
Կարգ ու կանոնով
Արտակարգի դեմ գրոհ էր տալիս
Նույն ինքը… Նորին Միջակությունը:
Միջակությո՜ւնը:
Նա աչքեր ունի՜,
Սակայն… ծոծրակին
Եվ տեսնում է նա,
Բայց ո՛չ թե պայծառ բոցը ճրագի,
Այլ նրա գցած ստվերը միայն,
Եվ ոչ թե գլուխ
Մի առաջամուխ,
Այլ պոչը, ագին:
Նա ունի՜ ականջ,
Բայց ո՛չ թե նոր կանչ,
Այլ անցած կանչի
Թույլ արձագանքը լսելու համար:
Ունի՜ քաղցրություն,
Բայց հիվանդագին-վաղահաս մրգի,
Որ ցած է ընկնում` դեռ չեկած ամառ:
Գո՜ւյն է ճանաչում, բայց միշտ էլ համառ
Սիրահարված է քսմսվող ներկի՛ն…
Միջակությո՜ւնը…
Թե թռչուն է նա` ապա թութակ է.
Այն է կրկընում, ինչին վարժել են:
Թե կենդանի է` կապիկ է միայն.
Անում է լոկ այն, ինչին մարզել են:
Եթե ուժեղ է` ապա ջորո՛ւ պես.
Ուժն իրենը չէ,
Այլ ծնողների զորեղությունն է,
Ա՛յն ծնողների, որ – ավա՜ղ – նրան
Մի՛ բան չեն տվել
Հասարա՜կ մի բան`
Ծնող դառնալու կարողությունը:
Հուզվել էր ահա
Ու տագնապում էր Միջակությունը:
Արյունապակաս-պաղած խեղճերին
Տենդի ջերմ թվաց այն տաքությունը,
Որ անջատվում է սրտից վառվռուն
Եվ ահագնանում ցրտից շուրջբոլոր:
Ու մարդիկ, որոնց հագինն էր լոկ նոր,
Իսկ հոգին հին էր ու կարկատանված,
Կենարար հովին, զովարար քամուն
Նայեցին իբրև ահեղ թշնամու,
Որ գուցե հանկարծ իր շնչով պոկի
Ու փուլ տա նրանց կարկատուն հոգին:
Եվ մարդիկ, որոնց խոսքերն էին նոր,
Իսկ միտքը` մաշված,
Ինչպես դրամը առուծախի մեջ,
Գոռ հրդեհ տեսան
Լուսարար մտքի վառ օջախի մեջ
Ու սրտապատառ աղմուկ գցեցին.
-Հասե՜ք, ջո՛ւր ճարե՛ք,
Օգնեցե՜ք, մարե՜ք…
Ո՛վ Միջակության անխախտ բնություն,
Դու` մտքի միայն թվաբանություն
Եվ հանրահաշվի երդըվյալ ոսոխ,
Դու` անծայր երկնի լազուրի տեղակ
Գնվող-վաճառվող մատչելի լեղակ,
Բոլո՜ր դարերի դու մե՜ծ հաջողակ,
Անցողիկ փառքի, էժան բախտի գող,
Եվ ամենազոր… քո ա՛յն գաղտնիքով,
Որ քաջ է հայտնի նաև մեծերին,
Բայց որոնք մեծ են այնքանով նաև,
Որ գիտեն թեև,
Բայց այդ գաղտնիքից
Չե՜ն կարողանում երբեք օգտվել…
Ո՛վ Միջակություն,
Ո՛վ երանելի ցմահ խակություն,
Ծերություն հոգո՛ւ, մտքի մանկությո՛ւն,
Գոհ տիպարը քո սուր ծամածռվեց,
Ինչպես բութ ցավից կամ փռշտոցից,
Եվ խեղճ գյուտն ահա Մեսրոպ Մաշտոցի
Բոլո՜ր տառերով ի սպաս դրվեց
Սուտ-Հիսուսների անփակ բերանին,
Եվ օտար աչքի չեղած շյուղն անգամ
Վերածվեց հսկա բարդու գերանի.
Է՛լ սրբագործված օրենքի խախտում,
Է՛լ արատավոր մտքեր ու երգեր,
Է՛լ ստվեր տեսնել լուսե դրախտում,
Կամ – մեղա՜ Աստծո, դրա՛խտը հերքել,-
Հազա՜ր մի տեսակ մահացու մեղքեր,
Առագաստավոր ենթադըրությո՜ւն,
Ոխ ու քե՛ն, նախա՛նձ, խենթ ատելությո՛ւն
Կիտվեցին անգիր, բարդվեցին գրով
Նույն սուտ-սրբերի անսուրբ ձեռքերով:
Եվ նույնիսկ նրա օդը շնչելիք
Ապականեցին շուրջբոլոր այնպես,
Որ նա շնչելիս – օդի փոխանակ -
Մանրած ապակու փշրանք էր կարծես
Բռնի կուլ տալիս…
Եվ սիրտը նրա ցավից կուչ եկավ,
Ինչպես գյուղացու սիրտն է կծկըվում,
Երբ ամռան կեսին կարկուտ է գալիս…
Հացըդ, Վարդապե՛տ,
Հացըդ դառնացավ թալկաթփի պես,
Եվ գունաթափվեց
Ու պաղ քրտինքով ճակատդ պատվեց՝
Վանքի ծեփի պես:
Հայացքը նրանց, ում պիտի որ դու
Ըստ հին օրինաց եղբայր կոչեիր,
Կամ աջդ տայիր, կամ աջ պաչեիր,
Հայացքը նրանց դաղում էր հիմա
Եվ այրում էր քեզ՝ եղնջի նման…
Այս անմիաբան Միաբանության պաղ պատերի մեջ,
Չար ու փոքրոգի, խղճուկ ու չնչին այս վատերի մեջ,
Էլ ինչպե՞ս պիտի դու քեզ զգայիր.
Մասյաց վիհն ընկած մի նոր հսկայի՞,
Թե՞ չհասկացված մի հին սրբի պես:
Չէ՜, փոխվել էին ժամանակները.
Պիտի զգայիր… միայն որբի՜ պես…
ՂՈՂԱՆՋ ՀԱՐՑՄԱՆ 
Նա որբ էր ծնվել ու սնվել կյանքում,
Եվ ոնց սկսվեց՝ այնպես էլ գնաց.
Անձնական կյանքում նա միշտ որբ մնաց՝
Որբ օթևանող հինավուրց վանքում:
Այդպես էլ մնաց անտուն ու անտեղ.
Լոկ խոնավ մի խուց, թղթեր ու կանթեղ:
Այդպես էլ մնաց մենիկ ու մենակ.
Հոգին՝ աննեցուկ, ինքը՝ անհենակ:
Ամենից առաջ՝ նա հայր էր ծնվել…
Այդպես էլ կյանքում չունեցավ բալիկ,
Որ տան անկյունում օրորոց դրվեր,
Կամարից կախվեր հուռութ-խաղալիք,
Եվ ինքն էլ հանկարծ նանիկ-նայ ասեր,
Իսկ երբ մեծանար՝ տը՛պ-տը՛պ-տը՛պ վազե՜ր
Ու հոր թղթերը խառներ-խզբզեր,
Անվերջ բլբըլար,
Եվ շիվը դալար
Աննկատ լցվեր ու նոր բուն դառնար,
Երջանիկ մի օր տեղ ու տուն դառնար:
Նա ուներ մատնե՛ր,
Տաքուկ ու նրբին, աղերսո՜ղ մատներ՝
Շոյելո՛ւ համար, ցավը մեղմելո՛ւ,
Գրելո՛ւ համար, կրծքին սեղմելո՛ւ:
Սական որտեղի՞ց և ինչպե՞ս գտներ
Մի ժիրիկ մանչուկ,
Հետն էլ՝ թևանցուկ
Գանգուրիկ
Քուրիկ…
Նա ուներ շրթե՛ր
Այրող կարոտից դողացո՜ղ շրթեր՝
Պաչելո՛ւ համար ու համբուրելո՜ւ,
Եվ… պիտի կյանքում անհագ մի պապակ
Հա՜ նրան դրդեր
Օտար թաթիկից շոյանք մուրալու,
Թմբլիկ թուշիկից հայցելու մի պագ…
Եվ ուներ նա սի՜րտ՝ սիրելո՛ւ համար,
Մի սիրտ՝ գերվելով տիրելու համար,
Մի սիրտ՝ սե՜ր համակ,
Մի սիրտ՝ սիրո ծո՛վ,
Իսկ ինքը սիրուց հավիտյան ցամաք:
Ինքը՝ սիրուց սո՜վ,
Ինքը մենակյաց ու կուսակըրոն
Ինքն իրեն ծյուրող մի սիրո կերոն,
Որ վառվում է հար խորանի խորքում
Անմարդաբնակ դափ-դատարկ վանքի
Եվ լուսարարի աչքին ու հոգուն
Իր մուխն է տալիս, լույսը՝ ոչ ոքի…
Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում,
Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում:
Դեռ վնաս չունի,
Թե աստվածն անգո չեղյալ Մովսեսին
Գերադասել էր ու նախընտըրել
Միջնորդ իր միջև ու ժողովրդի՝
Միաժամանակ խեղճ ու կրակին ծնելով կակազ.
Ե՜կ ու թարգմանիր քո թլվատ լեզվով
Պատգամներն աստծո, մտքերը խրթին:
Դեռ կարելի էր ավել ու պակաս
Չեղյալի համար անգոյին ներել:
Բայց… Միլտոններին վերցնել ու զրկել տեսողությունի՞ց,
Բեթհովեններին՝ լսողությունի՞ց,
Կոմիտասներին թույլ չտա՞լ սիրել…
Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում,
Որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում:
Ինչո՞ւ, և դարձյա՛լ, և կրկի՛ն ինչո՞ւ,
Եվ ի՞նչ է ուզում դրանով ասել
Իր ո՞ւժն է շեշտում, կարողությո՞ւնը:
Եկեք նախապես, առհավե՜տ ու մի՛շտ
Ընդունենք կյանքի զորեղությունը,
Միայն թե երբե՛ք էլ այնպես չանի,
Որ աշխարհ գալիք նոր մի Կոմիտաս
Իր անմեղ սերը սրտում զնդանի՝
Իբրև դատվածի,
Դատապարտվածի՝
Լերդ-լերդ արյունով ծեփելով բանտի դուռն ու պատերը…
…Ո՞վ էր այդ թաքուն մեղավոր սիրո
Ահավոր դժբախտ-երջանիկ տերը,
Վարդապե՜տ ասա՛,
Զգա քեզ ազա՜տ.
Քեզ հիմա ո՛չ ոք չի բանադըրի,
Ո՜ղջ մի ժողովուրդ քեզ կունկընդըրի:
Վարդապե՜տ ասա՛,
Զգա քեզ ազա՜տ.
Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր,
Ո՞ւմ է սուրբը պետք, եկ դու մարդացի՛ր:
Ինքըդ թեժ կրակ՝ մի՞թե, Վարդապե՛տ
Բովանդակ կյանքում հար սառել ես դու
Կուսակրոնի քո սևերի տակ:
Վա՜խ, դա կլիներ ծանըր մեղանչում
Կյանքի՛ դեմ, գարնա՛ն,
Պտղաքաղությա՛ն:
Թե՞ հաղթահարել և առել ես դու
Քո սիրասարսուռ տաք թևերի տակ
Խումար-Շողեր-իդ կամ Սոնա յար-իդ՝
Իբրև կյանքի դեմ գործած մեղքերիդ
Միակ թողություն:
Ասա՛, Վարդապե՜տ,
Ո՞վ էր քո սերը,
Բախտի պես թաքուն
Քո սիրո տերը:
Չէ՛, նա չէ՛ր կարող չլինել կյանքում,
Նա պիտի՛ լիներ: Բայց ո՞վ է եղել:
Ինչպե՞ս իմանալ, որտեղի՞ց պեղել:
Ասա՛, Վարդապե՜տ, մի՛ պահիր թաքուն.
Մի՛ խոստովանիր, այլ հպարտացի՜ր,
Ո՞ւմ է սուրբը պետք, եկ դու մարդացի՛ր:
Ո՞վ էր նա, ի՞նչ էր անունը նրա.
Սոնա՞ էր արդյոք, Խումա՞ր էր, Շողե՞ր,
Ականջին ուներ սրտաձև օղե՞ր,
Խա՞լ ուներ արդյոք, ո՞ր այտի վրա:
Ուներ Տիրամոր աչքեր ու հոնքե՞ր,
Տիրամոր ունկեր,
Տիրամոր ծունկեր,
Տիրամոր հասակ,
Մազերը՝ պսակ,
Շապիկը՝ կապույտ, շորը՝ ոսկեկար,-
Դարերից եկող մի մանրանկար,
Որ կարծես և՛ կար, և՛ բնավ չկար,
Որ թեպետ ուներ
Չխամրող գույներ…
Թե՞ ոչի՜նչ չուներ, այլ ուներ լոկ քե՛զ
Այլ ուներ լոկ քե՛զ-մի ամբո՜ղջ աշխարհ,
Եվ աղաչում էր, որ դու չլքես՝
Դառնաս օրվա հա՜ց և ոչ թե… նշխար:
Ու աղերսում էր՝ առանց նայելու,
Ու նվաղելով՝ տրվում թևերիդ…
Զառ վառը նրա ո՞նց էր վայելում
Վարդապետական ճնշող սևերիդ…
Եվ մի՞թե քեզնից նա չպահանջեց,
Եթե պահանջեց,
Ինչո՞ւ նահանջեց՝
Լացով ու հայցով ինչո՞ւ չտանջեց,
Ա՜խ, ինչո՞ւ անվերջ չհանեց հոգիդ,
Որ ուրիշ հագուստ նա տեսներ հագիդ,
Որ ազատվեիր սքեմից քո սև,
Որ դրսից նո՛ւյնպես լինեիր լուսեղ՝
Վանքից աշխարհի գիրկը դառնայիր,
Ամենամարդըդ նո՛ր մարդանայիր…
Հա՜յր սուրբ, ինքդ ասա՛.
Ո՞վ էր քո սերը,
Նրբին ու տոկուն,
Բախտի պես թաքուն,
Երջանիկ-անբախտ քո սիրո տերը:
Ո՞վ էր քո շաղոտ-շողոտ Շողեր-ը,
Քո Շողակաթը-Շողիկը-Շողը,
Որ ընդունում էր սրտում իր լռիկ
Անլուր ցավերիդ այրող դողերը,
Ինչպես շանթերն է իր մեջ ընդունում
Այս տարողունակ-բարեգութ հողը:
Ո՞վ էր, որտեղի՞ց, ինչպե՞ս էր գալիս,
Յուրայիններին անվերջ խաբելով,
Տնեցոց առաջ լեզու թափելով,
Սիրտը հևիհև կարոտից մարած,
Ահն ու երկյուղը,
Վախն ու սարսափը
Փայտփորի նման հոգու մեջ թառած,-
Ո՞րտեղ էր գալիս, որ իր ափերով
Դալուկ ճակատիդ ամպերը վանի,
Որ չար աշխարհից մի պահ քեզ հանի
Ու տանի-և ո՞ւր- թըշվառն ո՞ր տանի…
Թշվառն ի՞նչ աներ, ի՞նչ հող տար գլխին,
Նա ինչպե՞ս դառնար քեզ համար նեցուկ
Իր թույլ ձեռքերով ու սիրով ծածուկ,
Ինչպե՞ս օգներ քեզ, ինչպե՞ս պաշտպաներ,
Երբ տգիտության հազա՜ր դեսպաններ,
Քուրմեր մթության,
Անվերջ, չո՛րս կողմից, առա՜նց գթության,
Ամեն օր մի նոր առիթ հայթայթում,
Հարվածում էին, խոցում քեզ, խայթում.
Երբ քո շուրջբոլոր հին ոխն էր պայթում,
Ճայթում նոր քենը,
Ցայտում նախանձը.
Երբ քո ոսկեհատ սրսուռ ցորնի տեղ
Սերմ էին հաշվում բոված աղանձը,-
Մի անբախտ Շողեր իր սիրով ծածուկ
Էլ ինչպե՞ս օգներ, դառնար քեզ նեցուկ…
ՂՈՂԱՆՋ ՎԱՅՐԱՏՄԱՆ 
Մտքերով տարված խորհուն քայլելիս
Դավադըրաբար ոտք էին տալիս,
Թիռ-թավալգըլոր անվի ճաղերում
Քինախնդրորեն փայտ ու ձող խրում:
Բայց նա՝ Առաքյալ,
Պիտի՛ որ կյանքում
Չկարողանար երբեք ընդհատել
Իր ճանապարհը առաքելական:
Բայց նա՝ Ուսուցիչ,
Ի՜նչ էլ որ լիներ,
Պիտի՛ որ դառնար մեռած խազերի
Առաջին դպիր,
Միակ քերական,
Թաղվածը պեղեր,
Շաղվածը թեղեր,
Բերեր մեկտեղեր
Մեր խաղ ու տաղի մոտիկ-հեռական…
Նա՛,
Որ ծնվել էր ապրելու կյանքով մի ընկերական,
Ուրախանալու միայն ազգովին,
Տրտմելու դարձյա՛լ ամբողջ համայնքով,-
Հիմա ստիպված ապրում էր մենակ՝
Մենավո՛ր ծառի խշշոցով տխուր,
Մենավոր ծառի ամբողջ հմայքով:
Միայնա՜կ մի ծառ,
Պտղատո՛ւ,
Հսկա՛,
Որին առիթով և կամ անպատճառ
Անվերջ փայտլեխում ու քարում էին,
Պտղի պտկումին խանգարում էին
Մե՛կ օր, տասնըմե՛կ,
Բայց… քանի՞ տարի,
Եվ մի՞թե ցմահ…
Եվ ինչպես կոպը վտանգի դեպքում
Աչքերն է ծածկում բնազդով բարի,
Այդպես, Վարդապե՛տ, այդպես էլ հիմա,
Կտրելով իրենց խորդուբորդ ուղին,
Ոտներդ են ահա տալիս զարտուղի՝
Էջմիածնից քեզ հեռացընում,
Տանում և մի օր… Պոլիս հասցընում:
ՂՈՂԱՆՋ ՊՈԼՍԱԿԱՆ
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Նախ՝ հունական մի հետերա,
Ապա՝ տիկին Բյուզանդիոնի,
Այնուհետև՝ տաճկած խանում,-
Իսկ իմ նախնին՝ կռվից դարձող
Կնակարոտ մի վետերան,
Որ լեռնակույտ տենչանքի հետ
Մշտախայտանք ծով խանդ ունի,
Եվ ինքն իրեն շվայտելով,
Ցոփ վատնելով
Ու հատնելով՝
Արդեն քանի՜ և քանի՜ դար
Քեզնից բնավ չի կշտանում…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Դու՝ հետերա-տիկին-խանում,
Դու՝ պչրուհի մի կախարդիչ,
Արմավալանջ, նոճեթարթիչ,
Մարմարայի պարեգոտով,
Բոսֆորական կապույտ գոտով,
Մահիկահոնք, արևաչյա,
Մի ըզգլխիչ սիրավաճառ՝
Դեմքով բարի, իսկ սիրտը չար,
Որ հնազանդ մեր ընտանուց մեզ սառեցնում,
Իր մատներին՝ ուզածի պես՝ մեզ պարեցնում,
Շղթայում էր ոչինչ չարժող մի ժպիտով,
Մի ժպիտով,
Որ շատ շուտով
Պիտի բաշխեր ուրի՜շ մեկին,-
Շա՛տ հասկացող,
Քի՛չ զգացող՝
Անսե՜ր, անկի՜րք-լոկ շահադե՛տ,
Լոկ հաշվարա՛ր-խելո՜ք մի կին,
Որ ո՛չ կարգին մոտն էր տանում,
Ո՛չ էլ գոնե կարգին վանում,
Եվ… մեզանից ամենամեծ հաջողակին,
Որ կարող էր Բյուզանդիոնում դառնալ կեսար,
Դարձընում էր շա՜տ-շա՜տ… միայն խեղճ տնփեսա…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Հազարավոր հայ պապերիս
Նախ՝ բորբոքել շինծու խանդով,
Հետո՝ փորձված հոմանու պես
Տրված նրանց խենթ ափերին
Ու հրայրքի տենդ-տապերին՝
Հյութերն ամեն և արյունը,
Քրտինքը ծով և ավյունը
Քամել ես դու քո արգանդով,
Իսկ երբ նրանք հենց ժառանգից են խոսք բացել,
Դո՛ւ, որ գիտես կատվի նման ցնկնել դյուրին,
Փոխարկվել ես իսկույն ջորու՝
Չորացել ես ու ամլացել…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Քանի՜ անփուտ ու սերտ կորիզ
Քո հողերում մենք ենք թաղել,
Մինչդեռ պտուղն ո՞վ է քաղել:
Քանի՜-քանի՜ հայ սերունդներ
Ցանել են սերմ, ցրել հունդեր
Ու հասցըրել բերք ու բարիք,
Ողջն՝ ուրիշի՜ն, իսկ մեզ՝ կարի՜ք…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Շքեղ ու ճոխ, չքնաղ ու պերճ,
Արծաթակուռ ու ոսկերիզ:
Շուք ենք տվել քեզ դարերով՝
Մեր սրբատաշ սուրբ քարերով,
Մեր անասեղ նուրբ կարերով,
Մեր աչքերի փայլ ու ցոլքով,
Մեր մատների ծով շնորհքով,
Չճարվելիք-չեղած ճարով,-
Մեր քանքարով ու հանճարով
Պճնել ենք քեզ,
Զուգե՜լ-զուգե՜լ
Եվ… ամեն ինչ այլոց ձգել…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Մետաղաթել դու մի հանգույց՝
Մեր պատմության պարանոցին
Բախտի ձեռքով պնդված մանկուց.
Դու՝ անջինջ գիր օրհասական,
Մենք՝ մի ճակատ խեղճ ու դալուկ.
Դու՝ նոր սֆինքս փոքրասիական,
Դու՝ դարավոր մի հանելուկ,
Մենք՝ դարավոր մի առեղծված.
Դու՝ էն գլխից սրբապղծված,
Եղծվա՛ծ,
Կեղծվա՛ծ
Մի չար տաճար,
Իսկ մենք՝ դարձյալ հավատացյալ…
Պոլի՜ս, Պոլի՜ս…
Դու՝ դիվասիրտ-հրեշտակադեմ,
Ներսից՝ գեհեն,
Դրսից՝ եդեմ,
Կերտված ձեռքով մարդակերպար սատանայի…
…Նոր էր պըրծել հայ ջարդը նոր՝
Ադանայի,
Ու 30 000 հոգի հող էր մտել,
Բայց չէր փտել.
Ելդըզ քյոշքի տերն արնախում ու սևանուն
Սալոնիկում իր ձեռքերն էր դեռ լվանում՝
Գահը զիջած զավակներին իր արժանի,
Որ նորաձև եվրոպական տարազի տակ
Առժամանակ ծածկում էին ճանկ ու ժանիք.
Գրավաճառ խանութների ցուցափեղկում
Բուրում էին դեռ հեթանոս արբշիռ բույրեր՝
Կախարդ ձեռքով ամենազոր Վարուժանի
Խառնըվելով Գողգոթայի ծաղիկների հոտին անթով.
Դեռ հրահան իր մատներով Սիամանթոն
Շանթագըրել էր կամենում Կարմիր լուրեր,
Ու Թեքեյանն էր հղանում մի Հարություն հրաշալի,-
Երբ Կոմիտասն այստեղ եկավ՝
Բո՞ւյն գտնելու,
Թե՞… արթմնի քուն մտնելու…
Այդ գիշերը, ա՜խ, թող ձգվեր, երկարանար,
Այդ գիշերը թող քարանա՛ր,
Որ չբացվեր բախտորոշիչ օրն այն դժնի,
Ու քեզ հաներ
Պոլիս տաներ…
ՂՈՂԱՆՋ ՆՎԱՃՄԱՆ
Թզուկ ծառերը հեշտ են չորանում
Տաք ու պաղ քամուց,
Քերծվածքից անգամ,
Ճղակոտրումից:
Վիթխարի մայրին կրկին նորանում,
Շիտակվում է շուտ՝
Մինչևիսկ անգութ ճղակտրումից.
Խորունկ նոր վերքին գտնում է նոր ճար՝
Ապաքինվելով բուժիչ այն խեժով,
Որ ուրիշ դեպքում կոչվում է… հանճար:
Եվ ահա նորից նրա թարմ վերքի
Բերանն է գոցվում,
Ու բացվում նրա բերանփակ հոգին,
Ու բացվում այնպե՛ս,
Որ բնաշխարհի զովի ու շոգի
Հարություն տվող շունչն է զգացվում
Պոլսո թաղերում հայրենապապակ:
Բացվում է նրա հոգին բերանփակ
Ադրիականի ու Մարմարայի հեռու ափերին,
Եվ ինքնամոռաց-ցնծուն ծափերի
Որոտից մի պահ
Ծովերն իսկ հպարտ
Ուռչում են թեպետ, զարկվում ափերին.
Բայց… մի այնպիսի՛ հարվածով զգույշ,
Բայց այնպե՛ս անձայն, համրացած այնպե՛ս,
Ինչպես… նկարին Այվազովսկու…
Մի հայ վարդապետ՝
Ո՛չ միայն անզեն,
Մինչևիսկ առանց խաչ ու արծաթի.
Եկել էր՝ նորից Պոլիսն առնելու.
Եվ անառ Պոլիսն իսկապես առավ,
Բայց ոչ թե իբրև գյոռբագյոռ Ֆաթիհն՝
Ահեղ հորդայի սանձը ձեռներում,
Զենքով ու զորքով,
Բարբարոս ձեռքով
Կրակի մատնած հյուսիս ու հարավ:
Նա անառ Պոլիսն իսկապես առավ,
Վերագրավեց, միայն թե… երգո՜վ.
Մի երգչախմբով ամենասասան.
Որ նա՝ գողթնեցուց սերված երգասան.
Խորին խորհրդով կոչել էր Գուսան.
Մի երգչախմբով, ուր ձուլվել էին
Շուրջ երեք հարյուր պարման ու կուսան.
Մի խումբ վիթխարի՝
Մասյաց մայիսյան եղեգնուտի պես
Բազմասոսափուն.
Վանա լճի պես ծփան ու ծափուն,
Արաքսից առույգ, Եփրատից հոսուն,
Բայց Արագածից շեշտված ու հավաք,-
Շուրջ 300
Հնազանդ, խոնարհ ու հլու զավակ,
Հնազանդ, խոնարհ ու հլու մեկի՛ն,
Որ դաժան կյանքի ահեղ տաժանքով
Իր հայր դառնալու իրավունքն անգին
Փոխել էր դրա լոկ երազանքով,
Եվ հիմա…
Հանկարծ շուրջ 300 սիրելի զավակ՝
Հո՛ր շնչով շնչող,
Հո՛ր ձայնով հնչող.
Մի սի՛րտ, մի հոգի՛, մի կա՛մք, մի արյո՛ւն:
Շուրջ 300՛…
Իսկ ինչո՞ւ երեք:
Հա՛յր սուրբ, վե՜ց էր պետք,
Այո՜, Վարդապե՛տ,
Պետք էր 600՛,
Որ… մեր վեցդարյա ահեղ որբության ամե՛ն մի տարուց
Վեց հարյուր տարի անվերջ շամփուրված,
Փայփայանքից զուրկ ու չհամբուրված
Մեր ժողովրդի մրմուռից գոչեր
Ամե՛ն տարվա դեմ մի՛ անմեղ բերան.
Եվ… ա՛յն քաղաքում, որ շեները մեր
Իր լեզվով ասած դարձըրեց վերան՝
Ջարդելով սյուներ, ձեղուն ու գերան,
Եվ… ա՛յն քաղաքում, որ վեց դար արբեց
Մեր գինով, արյամբ և արտասուքով,
Մեր հագուստի հետ, մեր մաշկն էլ գռփեց,
Պղծեց ա՛յն, ինչ որ մենք էինք պաշտում՝
Մեր սուրբ սուփրայով կոշիկը սրբեց,
Ոտքերը լվաց մեր հացի տաշտում…
Շուրջ 300՛ պարման ու կուսան՝
Մի համահավաք-բազմամի Գուսան,
Որ առանց մի պուտ արյուն թափելու
Եվ առանց դավի, առանց խաբելու,
Մի դաշնամուրով ու սրինգ փողով,
Վեց հարյուր շուրթով ու ձեռքով մի զույգ,
Թե հարուցելով լաց ու արտասուք՝
Ապա հուզելով, ո՛չ ահ ու դողով,
Թե հարուցելով կանչ ու աղաղակ՝
Ապա ցնծությամբ, ո՛չ թե երկյուղով,-
Առա՛վ-նվաճե՛ց-գերե՛ց մի քաղաք,
Որ մի քաղա՜ք չէր, ո՛չ էլ տերություն,
Այլ միանգամից երկու մայրցամաք՝
Մի երկկողմանի յանոսյան դիմակ -
Կիսով ասիական ու եվրոպական
Մեկին՝ միջնաբերդ,
Իսկ մյուսին՝ մատույց,
Այստեղ՝ ապական,
Իսկ այնտեղ՝ այտույց…
Եվ նա՛, որ երեկ տիրեց Եվրոպան
Ու հիմա դարձել Ասիան էր գերում,
Նա՛, որ ընկել էր մի հուռթի խոպան
Եվ իր քրտինքով ջրած հերկերում
Ե՛վ խոփ էր ինքը, և՛ լուծ, և՛ ճոպան,
Սերմնացան այնպես՝ ինչպես որ տափան,-
Հիմա թերևըս նա զուր էր ուզում
Պոլսում բաց անել երաժշտանոց.
Չէ՞ որ նա ինքը մի մարդ էր թեպետ,
Հազարի նման մի հայ վարդապետ,
Մի մարդ էր,
Սակայն կարծես մի մարդ էր բազմահատորյա,
Մի մարդ էր,
Սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա՝
Երգիչ, նվագող,
Խաղեր հավաքող,
Որքան խմբավար՝
Նույնքան ուսուցիչ,
Որքան հնագետ՝
Մեռած խաղերի գաղտնիքը լուծող,
Նույնքան պատմաբան՝
Դարավոր երգի մայրուղին գծող.
Եվ մի երգահան, և մի տաղաստեղծ,
Որի քրտինքի ամեն մի կաթիլ
Դառնում էր նոր երգ ու նոր եղանակ.
Ե՛վ աստվածային մեր Պատարագի մի նոր հեղինակ,
Ե՛վ զավեշտական օպերետայի ուրախ խաղաստեղծ,-
Մի մարդ,
Որ սակայն կարծես թե մարդ էր բազմահատորյա
Մի մարդ,
Որ սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա…
Եվ ահա նրա կախարդ ձեռքի տակ
Ծերուկ խազերը դառնում են կարծես անլեզու մանուկ,
Որ կամաց-կամաց իր թոթովախոս լեզուն է բանում,
Թո՛ղ որ դեռևըս ինչ-որ տեղերում թլիկ է տալիս,
Բայց կանցնի և՛ս մեկ-երկու տարի. -
Էլ հա՜մրը որտեղ, էլ ի՜նչ փակբերան
Մարմին է դառնում Անուշ օպերան,
Որ էլ հարց չտա հեգնող Ֆիգարոն,
Թե ո՞ւր են հապա Մոսին ու Սարոն…
Մարմին է առնում Անուշ օպերան.
Եվ ժողովրդի
Ընդերքից հուռթի
Միևնույն տարում լույս աշխարհ եկած
Նույն ժողովրդի
Կարեվեր սրտի
Հոգսերից, ցավից, հույսերից երգած,
Նույն հողը հերկած
Սերմնացան երկու
Մեկտեղ են բերում բերքը պանծալի՝
Սիրով գումարում հանճար հանճարի…
Մինչ ինքը այստեղ՝
Արդյոք Բերայի Բանկալթի թաղո՞ւմ.
Արդյոք Իշխանաց կղզո՞ւմ ման գալիս,
Թե՞ քաղաքամերձ չքնաղ Հայգյուղում,-
Մինչ ինքը այստեղ՝
Իր միտքը լողում
Թողնում է Բերա-Բանկալթի-Պոլիս
Ու հասնում նորից
Ո՞ւր… Էջմիածի՛ն:
Ա՜խ, նրանք այնտեղ հաճախ, շա՜տ հաճախ
Խուց էին մտնում լոկ լուսաբացին,
Իսկ ամբողջ գիշե՜ր…
Եվ ամբողջ գիշեր
Ծերուկ մոկացին…
Ինչպե՞ս չհիշել
Որքան էլ թվա անցած ու հեռու:
Նա ճեմարանի պահակն էր ծերուկ՝
Անտուն ու անտեղ այդ Նախո քեռին:
Նրա մացառփուշ խառնակ հոնքերի
Տեղ-տեղ փլուզված կամարի վրա
Դարսդարսված էին կնճիռներ մռայլ՝
Ամեն մեկն ասես կամարին վայել
Մի-մի ձեղնափայտ, փոքր ու մեծ գերան,
Ու թե ծռմռված վերից ու տակից,
Ապա ճակատի պաղից ու տաքից:
Եվ ամեն անգամ, երբ Նախո քեռին
Իր իսկ մտքերի քամուց սարսվելով՝
Կամարն էր ցնցում քանդված հոնքերի,
Գերաններն անվերջ վեր ու վար թռչում,
Հա՜ ճոճվում էին, բայց չէին փլչում…
Թաղել էր քեռին՝ ինչ ուներ կյանքում,
Թողել հայրենի Սասուն-Մոկս-Շատախ.
Եվ հիմա՝ զրկված տեղից ու տնից,
Մենակ չորգլուխ՝ պահակ էր վանքում:
Եվ ամեն գիշեր սոսինձ սաների
Կպչուն խնդրանքով և աղաչանքով
Խեղճ Նախո քեռին կամա-ակամա
Դառնում էր կրկին Սասուն-Մոկս-Շատախ՝
Միշտ սկսելով
- Է՜հ, լաո՛, մատա՜ղ…
Ու նույն աննվազ խոր հառաչանքով
Ամեն օր պատմում Սասնա մի ծռից
Քուռկիկ Ջալալուց, Կեծակե թրից,
Ագռավաքարից
Ու Ծովասարից:
Դիցաբանելով վիպում էր քեռին,
Բայց և վիպածին խորունկ հավատում՝
Ապրում նրանց հետ, նրանց պես դատում,
Նրանց աչքերով սիրում ու ատում:
Վիպում էր քեռին ու երգում տեղ-տեղ.
-Դառնամ զողորմին…
Ազգին ու տոհմին…
Ու նորից վիպում ու երգում հերթով
Իր ծերունական խզված կոկորդով.
- Էնոր լե ծծե՜ր՝ լուսնակ էր ջուխտակ
Մեզի լույս տալու…
Էնոր լե ճակա՜տ մեյդան էր, լաո՛,
Քուռկիկ Ջալալու…
Եվ Նախո քեռու միամիտ մտքով
Ինչպե՞ս անց կենար,
Թե ինչքան գնար՝
Այնքան ավելի հաճախ կհիշեր
Այն խելոք սանից, որ հետո թեպետ
Հագավ սև սքեմ, դարձավ վարդապետ,
Բայց ուշք ու միտքը տվեց երգերի:
Նախոյի մտքով ինչպե՞ս անց կենար,
Թե միշտ հիշվելիս՝ ինքը խեղճ քեռին
Կկանգներ կողքին ինչ-որ… Վագների:
Այո՛, Վարդապետ, վիզը ծռելով
Այդ խեղճ ու կրակ անգրագետ քեռին
Կողքից էր նայում գոռոզ Վագներին
Եվ պահանջո՞ւմ էր,
Թե՞ աղաչում էր,
Որ դու քո զորեղ Սասնա ծռեր-ով
Խրատես նրա Նիբելունգներ-ին.
Ձեռքի դեմ՝ բազուկ,
Շուրթի դեմ՝ բերան,
Օպերայի դեմ՝
Քո նոր օպերան…
Քո ժողովուրդը՝ արյան ծովերում,
Նորոգվող վերքի անլուր ցավերում,
Իսկ նրա որդիք՝ պատմության մուժից
Գոռ գոչում էին իրենց հաղթ ուժից,
Կենաց ու մահու պայքարից արդար:
Այստեղ էր ահա, որ Դավթի կողքին
Գալիս էր կանգնում մի Կարմիր Վարդան
Ու հանում էր քեզ Պոլսո Բերայից,
Դեպի Ավարայր ու Տղմուտ կանչում,-
Եվ քո ականջում
Խմբերգն էր հնչում
Այն հերոսական նոր օպերայից,
Որ այս անգամ էլ կոչվում էր Վարդան…
ՂՈՂԱՆՋ ՄՐՑԱՎԱՐՏԻ
Եվ մեկ անգամ հաղթարշավով
Արդեն անցած կես Եվրոպան,
Այնուհետև նվաճելով սիրտն Ասիայի,
Խլացնելով նեյնիմական ու սազային
Երգացավի ծանըր նոպան`
Հիմա նորից հրավիրվեց նա Եվրոպա.
Կանչվեց Բեռլին, հետո` Փարիզ:
Ականավոր երաժիշտներ ողջ աշխարհից`
Չմահավա՛ն, բարձրաճաշա՛կ, անմիաբա՛ն,
Միջազգային Ընկերության Համաժողո՛վ:
Եվ սյունազարդ սրահներում լուսաողող
Յուրաքանչյուր ժողովրդի երգ ու խաղից`
Զեկուցումներ,
Յուրաքանչյուր ժողովրդի պար ու տաղից`
Երգ-ցուցումներ:
Իսկ բովանդակ ու բազմազգի Արևելքից`
Մե՛կը միայն…
Ուրիշները, սրտի դողով,
Զեկուցման հետ բեմ են հանում
Նվագախո՛ւմբ, պարե՛կ, երգի՛չ:
Իսկ սա՜… ինքը մեկնաբանում,
Ինքն էլ ձեռքը ծոցն է տանում,
Ծոցն է տանում
Ու… դուրս հանում
Օրկեստրի տեղ միայն մի… պարզ ծիրանի փող
Եվ, փոխանակ մենակատար անհատների,
Ինքն է հանձնում իր շուրթերին ու մատներին,
Ու… մի փոքրիկ, փայտե մի փող
Մերթ հնչում է օրկեստրային ամբողջ թափով,
Մերթ` դայլայլում ու գեղգեղում,
Մերթ ժայթքում է ու մեկ զեղում,
Մերթ կուտակում ու բարդում է,
Մերթ` խենթ հոսքը մատով նեղում,
Ուզածի պես հունից շեղում
Ու վերջում էլ ավարտում է
Ինքը` ինչ որ հանգույց կապով,
Իսկ դահլիճը` ընդոստ ծափով:
Հետո` փողը ծոցն է տանում
Ու վերստին մեկնաբանում,
Եվ մի վայրկյան տալով դադար,
Նորից դառնում մենակատար`
Ինքն է երգում սրտի ձայնով…
Ա՜խ, Վարդապե՛տ, նորից այնօր
Մտքերից` մեգ, աչքերից մուժ դու ցրեցիր,
Աշխարհում մեզ դու պարզերես դարձըրեցիր,
Իսկ ինքըդ քեզ`
Կրկի՛ն հաղթող մենամարտիկ,
Որ ծափերի տարափի տակ
Ցած է իջնում բեմից մարտի,
Ցած է իջնում,
Որպեսզի նո՛ւյն այդ ձեռքերով,
Իբրև հերոս -
Դեռ կենդանի՜-
Վեր բարձրանա… պատվանդանի…